Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամը հրավիրում է

Հետազոտական դրամաշնորհ՝ «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» ծրագրի շրջանակում

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամը (ՀՌԿԿ-Հայաստան) հրավիրում է տեղական ինքնակառավարման հարցերով հետաքրքրված երիտասարդ հետազոտողներին դիմելու «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» («ՀաՄաՏեղ») ծրագրի շրջանակում անցկացվող փոքր դրամաշնորհային ծրագրին: Վերջինս նպատակ ունի զարգացնել դրամաշնորհառուների հետազոտական կարողությունները և օգտագործել նրանց հետազոտության արդյունքները ՏԻՄ-երում ՀՀ քաղաքացիների ակտիվ և իրազեկ մասնակցությունը խրախուսելու համար: 2016 և 2017 թթ.-երի դրամաշնորհառուների հետազոտական աշխատանքների արդյունքները զետեղված են ՀՌԿԿ-Հայաստանի կայքում
 
Ծրագիրը բաց է հանրային կառավարման, քաղաքագիտության, տնտեսագիտության, սոցիոլոգիայի և հարակից այլ մասնագիտությունների երիտասարդ հետազոտողների, այդ թվում՝ մագիստրատուրայի ուսանողների և ասպիրանտների համար: Դիմորդները պետք է ունենան գիտական գրավոր շարադրանքի փորձ: Անգլերենի և վիճակագրական վերլուծության ծրագրային փաթեթների (օրինակ՝ STATA, SPSS) իմացությունը խիստ ցանկալի է:

Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել ինքնակենսագրական (CVև հետազոտական նախագիծ՝ հայերեն կամ անգլերեն լեզվով (առավելագույնը 4 էջ):

Ներկայացված հետազոտական ծրագրերը կարող են տևել առավելագույնը 4 ամիս: Ընտրված երեք դրամաշնորհառուներից յուրաքանչյուրը կստանա համախառն 200.000 ՀՀ դրամ՝ կատարած հետազոտական աշխատանքի համար:
 
Հետազոտական նախագիծը կարող է վերաբերել հետևյալ թեմաներից որևէ մեկին՝ 
  • համայնքների խոշորացում. մարտահրավերներ ու հաջողություններ 
  • հանրային ծառայությունների մատուցում տեղական մակարդակում
  • տեղական ընտրություններ 
  • տեղական իշխանությունների թափանցիկությունն ու հաշվետվողականությունը 
  • հանրային մասնակցության գործոնները տեղական ինքնակառավարմանը 
  • էլեկտրոնային կառավարումը տեղական մակարդակում
 
Դիմորդներն ազատ են նախագծեր ներկայացնել ՀՀ հանրային կառավարմանը վերաբերող այլ հարցերի շուրջ ևս: 
 
Միաժամանակ հետազոտական նախագծերը պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին: 
 
Մասնավորապես, նախագծերը պետք է. 
  • վերաբերեն կոնկրետ խնդրի (վերացական/ընդարձակ թեմաներով հայտերը չեն քննարկվի) 
  • ունենան «աշխատանքային» վերնագիր 
  • հստակորեն ներկայացնեն հետազոտական խնդիր(ներ)ը՝ ներառյալ հետազոտական հարցը և հիպոթեզը (առավելագույնը 1 էջ) 
  • քննարկեն գիտական գրականության առնվազն 3 միավոր՝ բացատրելով, թե ներկայացվող հետազոտական խնդիրն ինչպես է առնչվում այդ գրականությանը (առավելագույնը 1 էջ) 
  • նկարագրեն հետազոտության մեթոդաբանությունը (առավելագույնը 1 էջ) 
  • ներկայացնեն հետազոտական աշխատանքի ժամանակացույց 
Դիմորդներն իրենց հետազոտական նախագծերում կարող են առաջարկել թե՛ որակական, և թե՛ քանակական մեթոդներ: Որպես քանակական հետազոտության աղբյուր, ՀՌԿԿ- Հայաստանը խրախուսում է օգտագործել «ՀաՄաՏեղ» ծրագրի շրջանակներում 2015 թվականին հավաքագրված տվյալները (կարող եք գտնել այստեղ): 
Մրցույթով ընտրվածները կարող են մասնակցել տվյալների վերլուծության դասընթացի, օգտվել ՀՌԿԿ-Հայաստանի, Համայնքների ֆինանսիստների միավորման անձնակազմերի խորհրդատվությունից, օգտագործել առկա հետազոտական ռեսուրսները և տվյալադարանները, ինչպես նաև ստանալ աջակցություն հետազոտության արդյունքները հանրայնացնելիս: 
 
Ակնկալվող արդյունքները
Ծրագրի ավարտին հետազոտողները պետք է ներկայացնեն վերլուծական նյութ (10 էջի սահմաններում): Հետազոտության արդյունքները և առաջարկությունները կներկայացվեն ՀՌԿԿ-Հայաստան գրասենյակում, ինչպես նաև շահագրգիռ կողմերին, օրինակ՝ ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը, տեղական ինքնակառավարման մարմինների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին, համայնքների ղեկավարներին և այլոց:  
 
Դիմելու կարգը
 
Փետրվարի 22–ին ժամը 15:00ին ՀՌԿԿ-Հայաստանի գրասենյակում տեղի կունենա տեղեկատվական հանդիպում՝ դիմորդների հնարավոր հարցերին պատասխանելու համար: 
 
Եթե հետաքրքրված եք դրամաշնորհային ծրագրով, ապա խնդրում ենք մինչև սույն թվականի մարտի 11-ը ուղարկել Ձեր ինքնակենսագրականը (CV) և հետազոտական նախագիծը fellowship@crrc.am էլեկտրոնային հասցեով՝ նամակի թեմայի տողում նշելով «ՀաՄաՏեղ» փոքր դրամաշնորհ: Մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել Մարիամ Առաքելյանին նշված էլեկտրոնային հասցեով կամ զանգահարելով (+374-10) 57 48 68 (ext 104) հեռախոսահամարով: 
 
«ՀաՄաՏեղ» ծրագրի մասին 
«ՀաՄաՏեղ» ծրագիրն իրականացվում է Համայնքների ֆինանսիստների միավորման (ՀՖՄ) առաջնորդությամբ՝ Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոնի (ՏՀԶՎԿ), Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ), Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) և ՀՌԿԿ-Հայաստանի հետ համատեղ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ: Ծրագրին մանրամասն ծանոթանալու համար հետևեք այս հղմանը
 
ՀՌԿԿ-Հայաստանի մասին 
Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամը անկախ հետազոտական կենտրոն է, որն իր գործունեությունն սկսել է 2003 թվականին: Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի և Երևանի պետական համալսարանի ծանրակշիռ աջակցությամբ՝ 2013թ. հուլիսին ՀՌԿԿ-Հայաստանը ստացել է անկախ հիմնադրամի կարգավիճակ՝ հետամուտ լինելով Հայաստանում հասարակագիտության և հանրային քաղաքականության ոլորտներում հետազոտությունները խթանելու իր հիմնական առաքելությանը: 

Մրցույթի հրավեր

Մրցույթի հրավեր

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն և Բելառուսի Հանրապետության գիտության և տեխնոլոգիաների պետական կոմիտեն, նպատակ ունենալով նպաստել կիրառական հետազոտությունների ոլորտում երկկողմ համագործակցության զարգացմանը, հայտարարում են կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված գիտական նախագծերի աջակցության «ՀՀ ԿԳՆ ԳՊԿ – ԲՀ ԳՏՊԿ – 2018»
ՄՐՑՈՒՅԹ:

Մրցույթը նախատեսված է գիտական և գիտատեխնիկական գործունեության «Բնական գիտություններ», «Ճարտարագիտություն և տեխնոլոգիա» բնագավառներին համապատասխանող նախագծերի համար:

Հայտերն ընդունվում են 2018 թ. մարտի 1-ից մինչև 2018 թ. ապրիլի 2-ը ներառյալ:

Մրցույթի մասնակցության հայտն անհրաժեշտ է Գիտության պետական կոմիտե ներկայացնել խմբի հայաստանյան կողմի ղեկավարի գրավոր դիմումով՝ աշխատանքային օրերին, ժամը 10:00 -13:00 և 14:00 – 17:00, ք. Երևան, Օրբելի եղբայրների 22, 8-րդ հարկ, 803 սենյակ:

Մանրամասների համար կարող եք զանգահարել 210 140 (+105) հեռախոսահամարով:

Մրցույթի հրավերի փաթեթը`
http://scs.am/files/mrcuyti-hraver-gpk-bh-gtkp-2018.doc:

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի
տեղեկատվության և հասարակայնության հետ
կապերի բաժին
Հեռ` 210 140 +109

Շրջանավարտների և կարիերայի կենտրոնը տեղեկացնում է

ԵՊՀ ԻՄ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը տեղեկացնում է հետևյալ թափուր աշխատատեղերի մասին`

Մրցույթ օտարերկրյա համալսարաններում անվճար ուսանելու համար

Մրցույթ օտարերկրյա համալսարաններում անվճար ուսանելու համար

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը միջպետական համաձայնագրերի շրջանակում 2018-2019 ուստարվա համար հայտարարում է մրցույթ` Չինաստանի Ժողովրդական Հանրապետության, Վրաստանի, Բուլղարիայի, Լեհաստանի, Ռումինիայի հանրապետությունների և Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու համար:

Նշված երկրների բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու համար հատկացվել են հետևյալ կրթաթոշակային տեղերը.

  • Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով` 10 կրթաթոշակային տեղ,
  • Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրոսական կրթություն ստանալու նպատակով՝ 10 կրթաթոշակային տեղ,
  • Բուլղարիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ 4 տեղ /2 բակալավրիատ, 2 մագիստրատուրա/,
  • Լեհաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում (բացառությամբ՝ բժշկության և արվեստի մասնագիտությունների/ 6 կրթաթոշակային տեղ /4 տեղ` բակալավրիատ և մագիստրատուրա, 2 տեղ` ասպիրանտուրա),
  • Ռումինիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում 8 տեղ՝ /3 բակալավրիատ, 3 մագիստրատուրա, 2  ասպիրանտուրա/
  • Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն կրթություն ստանալու նպատակով՝ 25 կրթաթոշակային տեղ:

Փաստաթղթերն ընդունվում են 2018 թվականի փետրվարի 27-ից մինչև մարտի 12-ը ներառյալ:

Մրցույթին մասնակցել ցանկացողները փաստաթղթերը կարող են ներկայացնել ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչություն/ արտաքին կապերի բաժին, (հասցեն՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 311 և 313 սենյակներ,  հեռ. +37410-58-04-03; +374 10-56-23-64)։

Քննությունները տեղի կունենան 2018 թվականի մարտի 14-ից 21-ն ընկած ժամանակահատվածում Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում:

Մրցույթը կկազմակերպվի երկու փուլով՝ մասնագիտական քննություն և հարցազրույց:

Մրցույթների հայտարարությունները տեղադրված են ՀՀ ԿԳՆ պաշտոնական կայքում:

Արական սեռի ՀՀ քաղաքացիների՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման տրամադրման հետ կապված հարաբերությունները՝ կարգավորվում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով:

Միջազգային համաձայնագրերի հիման վրա օտարերկրյա պետության բարձրագույն ուսումնական հաստատություն ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից գործուղված քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում չի տրամադրվում:

Աղբյուրը՝ http://armscoop.com

ԱՐՎԵՍՏԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ֆինանսական օգնություն

ԱՐՎԵՍՏԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ֆինանսական օգնություն

Արվեստ Հայաստան հիմնադրամը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում ժամանակակից արվեստի ոլորտում աշխատող արվեստագետներին՝ ի նպաստ Հայաստանում ժամանակակից արվեստի ոլորտի զարգացման:

Արվեստի նախագծերի ֆինանսական օգնությունը հասցեագրված է արվեստագետներին եւ արվեստային խմբերին, ովքեր ժամանակակից արվեստի ոլորտում աշխատում են տարբեր միջոցներով՝ ներառյալ մեդիա, թվանշային, լուսանկարչություն, աուդիո-վիզուալ, պերֆորմանս եւ հանրային արվեստներ: Ծրագիրը բաց է ինչպես ուսանողների, այնպես էլ կայացած արվեստագետների համար:

Դրամաշնորհները հանդիսանում են հետազոտական աշխատանքի եւ արվեստի գործի ստեղծման ծախսերի հատուցման ձև: Ընդ որում նախագծերի հետազոտական փուլը կարող է ավարտված լինել մինչ Դրամաշնորհի մրցույթին դիմելը, իսկ արվեստի գործի ստեղծումը սույն ծրագրով Դրամաշնորհ ստացած նախագծի ավարտից առաջ պարտադիր պայման է:

Ծրագրի նպատակները

աջակցել արվեստի նոր գործերի ստեղծմանը, ոգևորել արվեստագետներին՝ հետամուտ լինելու իրենց արվեստային գործունեությանն ու մասնագիտական զարգացմանը, նպաստել Հայաստանի ժամանակակից արվեստի դաշտի աշխուժացմանը:

Մասնակցությունը

Ֆինանսական օգնության ծրագրին կարող են դիմել անհատ արվեստագետներ եւ արվեստային խմբեր (համատեղ աշխատող երկու եւ ավելի արվեստագետներ): 

Մասնակցության պայմանները.

լինել հայաստանաբնակ կամ ներկայացնել հայկական սփյուռքը,
ստեղծել արվեստի գործը Հայաստանում, չհանդիսանալ Արվեստի նախագծերի ֆինանսական օգնության ծրագրի շահառու/ներ նույն օրացույցային տարում,
նախկինում ԱՀ հիմնադրամի շահառու/ներ հանդիսանալու դեպքում տրամադրած լինել ծրագրի պայմանները բավարարող հաշվետություն:

Արվեստի նախագծերի ֆինանսական օգնության չափը

Առաջարկվող ֆինանսական օգնությունը համարժեք է 4.500 ԱՄՆ դոլարին: Այնուհանդերձ, տրամադրվող գումարը կարող է լինել ավելի բարձր կամ ցածր` ըստ արվեստագետի ակնկալած գումարի, որը կախված է նախագծի պահանջներից:

Դիմորդը կարող է ստանալ պահանջվող գումարը ոչ ամբողջությամբ: ԱՀ Հիմնադրամն իրեն իրավունք է վերապահում որոշելու ֆինանսական օգնության վերջնական չափը:

Ֆինանսական օգնությունը տրվում է հետազոտական աշխատանքի եւ արվեստի գործի ստեղծման նպատակով: Արվեստի նախագծով հետազոտական աշխատանքի ֆինանսավորմանը դիմելիս անհրաժեշտ է ներկայացնել, թե ինչով այդ աշխատանքը կնպաստի ստեղծվող արվեստի գործի գաղափարի, ինչպես նաեւ արվեստագետի արվեստային գործունեության զարգացմանը:

Հայտադիմումը կարող է ներառել կամ չներառել հետազոտական աշխատանքի բաղադրիչ, մինչդեռ պարտադիր նախապայման է արվեստի գործի ստեղծումը:

Դիմումների ընթացքը

Հիմնադրամի Խորհրդի անդամները հավասարապես գնահատում են ԱՀ Հիմնադրամի ֆինանսավորմանը ներկայացված բոլոր հայտադիմումները:

Առաջին փուլում Հիմնադրամի աշխատակազմն ուսումնասիրում է հայտադիմումները, կից փաստաթղթերը եւ հաստատում դրանց վավերականությունը:

Երկրորդ փուլում Հիմնադրամի Խորհրդի անդամները կստանան բոլոր վավերական հայտադիմումները, դրանց կից փաստաթղթերը, այլ հնարավոր փաստաթղթեր: Խորհրդի անդամները կքննարկեն դիմումները ֆիզիկական եւ առցանց հանդիպումների ընթացքում՝ ընտրելով հաջողակ հայտադիմումներն ըստ Գնահատման չափանիշների (տես ստորեւ) եւ ֆինանսավորման հնարավորությունների: Հընթացս Խորհրդի անդամները կարող են պահանջել հավելյալ տեղեկություններ:

Բոլոր դիմորդները կտեղեկանան արդյունքների մասին` համաձայն սույն կանոնակարգի 24-րդ կետով նախատեսված գրաֆիկի:

Հայտադիմումների գրաֆիկը

Բաց մրցույթ #3
հունվարի 10 — մարտի 12, 2018 (23:55 AMT)

Լրացված հայտադիմումները (հայերենով կամ անգլերենով) ուղարկվում են հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ grants@foundationaa.com:

Աղբյուրը՝ http://foundationaa.com