«ԱԼՖԱ» ԴԱՍԸՆԹԱՑ

Ի՞նչ է քրիստոնեական հավատքը…
Ինչու՞ ենք լույս աշխարհ գալիս և ո՞րն է մեր կյանքի իմաստը…

Այս և նմանօրինակ հարցերի շուրջ է կառուցված 15 զրույց-քննարկումներից բաղկացած «Ալֆա» դասընթացը: Ջերմ և անկաշկանդ մթնոլորտում անցկացվող քննարկումները և տեսակետների փոխանակումն էլ ավելի հետաքրքիր են դարձնում հանդիպումները: 11 շաբաթյա այս «շրջագայությունը», ինչպես նաև դասընթացի կեսին Ծաղկաձորում անցկացվող երկօրյա արտագնա սեմինարը՝ հագեցած հետաքրքիր միջոցառումներով, անմոռանալի հետք կթողնեն Ձեր ողջ կյանքում:

Դասընթացը կազմված է Հայ Առաքելական եկեղեցու դավանանքի հիման վրա:

Այն անցկացնում է Արարատյան Հայրապետական Թեմի եկեղեցասեր երիտասարդաց միությունների համակարգող և «Արարատ» երիտասարդաց միության հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը: Դասընթացի ավարտին կտրվի վկայական:

Դասընթացին կարող են մասնակցել 17-25 տարեկան բոլոր ցանկացողները:

Առաջիկա դասընթացը կմեկնարկի ս.թ. ապրիլի 3-ին, ժամը 18:30:-ին՝ «Ազգային Առաջնորդության Ինստիտուտ» ՀԿ-ում: Հասցե Վարդանանց փակուղի 8, 4-րդ հարկ, 413 սենյակ:

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է մարտի 31-ը:

Մանրամասների համար զանգահարել (010) 54-57-18, (094) 41-77-86 հեռախոսահամարներով, կամ գրել info@nli.am էլեկտրոնային հասցեին:

Աղբյուրը`  youthcanal.do.am

Մրցույթներ միջպետական համաձայնագրերի շրջանակներում

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը միջպետական համաձայնագրերի շրջանակներում հայտարարում է մրցույթներ 2014-2015 ուսումնական տարում  Բուլղարիայի,  Ռումինիայի,  Լեհաստանի,  Վրաստանի,  Հորդանանի,   Չինաստանի,  Ռուսաստանի Դաշնության  բարձրագույն ուսումնական հաստատություններում  բուհական և հետբուհական կրթություն ստանալու համար:

Աղբյուրը` edu.am

Ինտելեկտուալ մրցույթ

ՀԵՀ Տավուշի մարզային կենտրոնը ապրիլի 3-ին՝ ժամը 13:00-ին, կազմակերպում է «Ինտելեկտուալ մրցույթ»: Մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է կազմեն 5 հոգուց բաղկացած խմբեր և լրացնեն հայտը: Մրցույթին մասնակցել կարող են 14-30 տարեկան անձինք:

Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած թիմերի անդամները կստանան պատվոգրեր, իսկ առավելագույն միավորները հավաքած թիմի անդամները՝ պատվոգրեր և «Գիտելիքների շտեմարաններ»:

Հայտերն ընդունվում են ՀԵՀ Տավուշի մարզային կենտրոնում (հասցե՝ ք. Իջևան, Անկախության 9 (նախկին Ջրմուղկոյուղու հարևանությամբ) կամ էլ. փոստով՝ hehtavush@gmail.com:

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է մարտի 30-ը:

«Գնահատում և վարձատրություն. փոփոխման ռազմավարություն» խորագրով ուսումնական ծրագիր

Միացյալ Թագավորության (UK) Միջազգային Հանրային Կառավարման գրասենյակը հրավիրում է մասնակցելու 2014 թվականի սեպտեմբերի 15-ից 26-ը Լոնդոնում կայանալիք «Գնահատում և վարձատրություն. փոփոխման ռազմավարություն» խորագրով ուսումնական ծրագրին:

Ծրագրին կարող են մասնակցել կենտրոնական կամ տեղական ինքնակառավարման մարմինների, առողջապահության, սոցիալական, կրթական կամ արդարադատության ոլորտներում աշխատանքային փորձ ունեցող անձինք:

Ծրագրի մասնակցության արժեքի, ժամանակացույցի, և այլ մանրամասների վերաբերյալ տեղեկատվություն կարելի է ստանալ` այցելելով www.public-admin.co.uk կայքէջը:

Գերմանիայի Բունդեսթագի Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ ծրագիրը

Գերմանիայի Բունդեսթագը` Բեռլինի Ազատ համալսարանի, Հումբոլդտի համալսարանի և Տեխնիկական համալսարանի հետ միասին, երիտասարդ, քաղաքականությամբ հետաքրքրվող համալսարանական շրջանավարտներին 5 ամսով հրավիրում է Բեռլին՝ մասնակցելու Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ ծրագրին: Շուրջ 15 շաբաթների ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու գերմանական խորհրդարանական համակարգին և գործնական փորձ ձեռք բերելու խորհրդարանական աշխատանքի բնագավառում: Բացի այդ, կրթաթոշակակիրները ամառային ուսումնական կիսամյակի ընթացքում կհանդիսանան Հումբոլդտի համալսարանի ունկնդիրներ և հնարավորություն կունենան մասնակցելու Ազատ համալսարանի և Տեխնիկական համալսարանի դասախոսություններին և ուսումնական միջոցառումներին:

Ծրագիրը նպատակ ունի խթանել և ամրացնել մասնակից երկրների հարաբերությունները Գերմանիայի հետ:

Ծրագիրը տևում է 2015թ. մարտի 1-ից մինչև հուլիսի 31-ը:

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2014թ. հունիսի 30-ը:

Մասնակցության նախադրյալները`

·     հայկական քաղաքացիություն

·     հաջողությամբ ավարտված համալսարանական կրթություն (բակալավր, դիպլոմ, մագիստրոս, պետական քննություն կամ ասպիրանտուրա): Բարձրագույն կրթության մասին ապացույցը հիմնավորված դեպքերում կարող է ներկայացվել մինչև 2014թ. դեկտեմբերի 31-ը:

·     գերմաներենի շատ լավ իմացություն

·     մասնագիտական նպատակներ` պետական ծառայություն կամ այլ գործունեություն սեփական երկրի հասարակական ոլորտում (լրատվամիջոցներ, կուսակցություններ, միություններ, բուհեր և այլն)

·     տարիքային սահմանափակումը՝ դիմել կարող են այն անձինք, ովքեր ծնվել են 1985 թվականի մարտի 1-ից հետո:

Խնդրում ենք ուղարկել լիարժեք մրցույթային փաստաթղթերը էլեկտրոնային փոստով` մեկ փաստաթղթով, որի անունը պետք է բաղկացած լինի Ձեր ազգանունից և անունից (օրինակ` Poghosyan-Poghos), հետևյալ էլեկտրոնային հասցեին`

info@eriwan.diplo.de

Հարցերի դեպքում կարող եք դիմել՝

Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանություն

Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ

Հայաստան, Երևան 0025, Չարենցի փ. 29

Հեռ.` (00374 10) 52 32 79

Ֆաքս` (00374 10) 52 47 81

Աղբյուրը` www.eriwan.diplo.de