ԵՊՀ ԻՄ-ում ներկայացվեց «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Առաջնորդության զարգացման ծրագիրը

1. գլխավոր 2019թ. նոյեմբերի 15-ին «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի ներկայացուցիչները՝ հավաքագրման և ներգրավման ղեկավար Գոռ Նազարյանը և հավաքագրման համակարգող Անժելա Ավագյանը, ԵՊՀ ԻՄ-ի ուսանողներին ներկայացրին «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Առաջնորդության զարգացման ծրագիրը:

Ուսանողներին մասնավորապես ներկայացվեցին ծրագրի նպատակը, մասնակցելու նվազագույն պահանջները, առավելություննները, պայմանները, դիմելու կարգը, այնուհետև ծրագրի ներկայացուցիչները պատասխանեցին ուսանողներին հետաքրքրող հարցերին:  

Նշվեց, որ «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամն իրականացնում է Առաջնորդության զարգացման երկամյա ծրագիր՝ հանուն կրթական հավասարության և երիտասարդների առաջնորդական, մասնագիտական կարողությունների զարգացման:

Ծրագրի նպատակն է յուրաքանչյուր երեխայի (անկախ իր սոցիալ-տնտեսական իրավիճակից) տրամադրել հավասար և գերազանց հանրակրթական կրթություն ստանալու հնարավարություն: «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի անձնակազմը վստահ է, որ Հայաստանի բոլոր երեխաներն ունեն մեծ ներուժ, որի  բացահայտման և ճիշտ ուղղորդման շնորհիվ կարող ենք ունենալ սոցիալական փոփոխություն:

Ծրագրին մասնակցելու նվազագույն պահանջներն են՝

  • 2020 թ. հուլիս ամսվա դրությամբ բակալավրի աստիճանի առկայություն
  • Հայերենի իմացություն:

Ծրագրին մասնակցելու առավելություններն են՝

  • Մասնագիտական աճի հնարավորություն
  • Մանկավարժի որակավորում
  • Մարզային համայնքների զարգացմանը նպաստելու հնարավորություն
  • Ֆինանսական աջակցություն
  • Նորարար մտքերը և նախագծերը իրականացնելու հարթակ
  • Առաջնորդության հմտությունների զարգացման հնարավորություն
  • Գաղափարակից մարդկանց հետ կապերի հաստատում
  • Կարիերայի զարգացման հնարավորություն:

«Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի Առաջնորդության զարգացման երկամյա ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ լրացնելով հետևյալ առցանց հայտադիմումը:

Ծրագրի պայմանների կամ հայտադիմումի վերաբերյալ ցանկացած հավելյալ ինֆորմացիայի համար կարող եք զանգահարել 041 530-039  հեռախոսահամարով կամ գրել էլեկտրոնային նամակ anzhela.avagyan@teachforarmenia.org հասցեին:

Բոլոր լուսանկարները տե´ս Պատկերասրահում:

 

«ՏՄՄ» 3-րդ կուրսի ուսանողները մանկավարժական պասիվ պրակտիկա են անցնում Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում

glxavor

 2019-2020 ուսումնական տարվա 1-ին կիսամյակում (սկսած սեպտեմբերի 13-ից) Իջևանի Սպարտակ Սարգսյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցում իրականացվում է Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրի 3-րդ կուրսի մանկավարժական պասիվ պրակտիկան:

Պրակտիկայի նպատակը ուսանողների մասնագիտական կոմպետենցիաների զարգացումն է, մասնագիտական և կազմակերպչական կարողությունների ձեռքբերումը կոնկրետ գործունեության ընթացքում, ինչպես նաև ուսումնական նախագծերի, ինքնուրույն հետազոտական աշխատանքների համար ուսումնական ռեսուրսների հավաքագրումն ու ընդհանրացումը:

Մանկավարժական  պրակտիկայի ընթացքում պրակտիկանտների խնդիրը դասապրոցեսներն  ավելի  արդյունավետ  իրականացնելու միջոցների բացահայտումն է: 

Ուսանողները սովորում են գնահատել դասապրոցեսում հնարավոր կոնֆլիկտային իրավիճակները, վերհանել աշակերտների ուսումնառության ընթացքում առաջացող դժվարությունները, փորձում են իրենց յուրացրած մանկավարժական մեթոդները կիրառել գործնական խնդիրների լուծման ժամանակ:

Դպրոց գնալուց առաջ և պրակտիկայի ընթացքում  ուսանողները  հանդիպումներ  են ունեցել Մասնագիտական կողմնորոշման և պրակտիկայի կազմակերպման բաժնի վարիչ Լ.Բեգինյանի, Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոսներ, պրակտիկայի ղեկավար-պատասխանատու Վ.Մելիքսեթյանի, պրակտիկայի մանկավարժ-խորհրդատու Լ.Հարությունյանի և   պրակտիկայի հոգեբան Ա.Քամալյանի հետ:

Պրակտիկայի ընթացքում ուսանողները մասնակցում են բոլոր դասերին, գրում դասապլան, մեկնաբանում ուսուցչի կատարած մեթոդական հնարները: Բանիմաց և հմուտ դասվարներն իրենց փորձը ներկայացնում են ուսանողներին, նրանց նախապատրաստում դաս վարելուն:

Ուսանողները պրակտիկայի շրջանակներում նաև հանդիպել են դպրոցի  ուսումնական գծով փոխտնօրենի հետ: Դասավանդողի երկարամյա փորձ ունեցող մանկավարժը, զրուցելով պրակտիկանտների հետ, խոսել է դասավանդման գործընթացում առկա խնդիրների, ներկայիս աշակերտին հուզող հարցերի, ինչպես ուսումնառության, այնպես էլ հոգեբանական անհրաժեշտ մեթոդական բաղկացուցիչների մասին:

Պրակտիկայի  ընթացքում  ուսանողները  ձեռք են բերում դասը վարելու  մեթոդների, միջոցների, տեխնոլոգիաների վերաբերյալ գիտելիքներ, որոնք  մանկավարժական  հետագա  առաջնթացի  ու  կատարելագործման հնարավորություն  կտան:

Բոլոր լուսանկարները տե´ս Պատկերասրահում:

 

Կայացավ կանանց և աղջիկների՝ շախմատի մասնաճյուղային առաջնությունը

1.գլխավոր 2019թ. նոյեմբերի 14-ին ԵՊՀ ԻՄ-ի գրադարանում տեղի ունեցավ կանանց և աղջիկների՝ շախմատի մասնաճյուղային առաջնությունը, որին մասնակցեցին տարբեր մասնագիտությունների 6 ուսանողուհիներ:

Այն կազմակերպվել էր Ուսանողական գիտական ընկերության կողմից, մրցավարներն էին ՈՒԳԸ անդամ, «ԻԿՄ» 4-րդ կուրսի ուսանող Գերասիմ Ալավերդյանը և «ԻԿՄ» 3-րդ կուրսի ուսանող Արայիկ Շահնազարյանը:

Առաջնությունն ընթացավ շրջանաձև մրցակարգով (5 տուր):

«ՏՄՄ» 3-րդ կուրսի ուսանողուհի Հասմիկ Ալիխանյանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը:

2-րդ հորիզոնականը զբաղեցրեց «ՏՄՄ» 2-րդ կուրսի ուսանողուհի Զինա Ոսկանյանը:

Մրցաշարում հաղթեց «ԻԿՄ» 4-րդ կուրսի ուսանողուհի Սյուզաննա Միրզոյանը՝  ցուցաբերելով բացարձակ արդյունք (5 հաղթանակ):

Մրցանակային տեղեր զբաղեցնողները պարգևատրվեցին պատվոգրերով, իսկ կազմակերպիչները՝ շնորհակալագրերով:

Կանանց և աղջիկների՝ շախմատի մասնաճյուղային առաջնության փոխանցիկ գավաթը մնաց  Ս.Միրզոյանի մոտ:

Պարգևները հանձնեցին  Ա.Շահնազարյանը և Գ.Ալավերդյանը:

Բոլոր լուսանկարները տե´ս Պատկերասրահում:

Կայացավ «Համատեղի՛ր ուսումդ աշխատանքի հետ» խորագրով դաս-քննարկում

1. գլխավոր

 2019թ. նոյեմբերի 13-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցելեցին «Ռոսգոսստրախ Արմենիա» ԱՓԲԸ Իջևանի մասնաճյուղի ներկայացուցիչները՝ մասնաճյուղի տնօրեն Գրիգոր Թամրազյանը, Անձնակազմի հավաքագրման բաժնի ղեկավար Լուսինե Գևորգյանը, վաճառքների մարզային պատասխանատուներ Դավիթ Ջավախյանը և Հովհաննես Գասպարյանը:

Այցելության նպատակն էր ԵՊՀ ԻՄ-ի ուսանողների համար «Համատեղի՛ր ուսումդ աշխատանքի հետ» խորագրով դաս-քննարկում անցկացնելը:

Քննարկմանը մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի ուսանողներ, շրջանավարտներ և աշխատակիցեր:

«Ռոսգոսստրախ Արմենիա» ԱՓԲԸ գործունեությունը մարզերում ընդլայնելու ծրագրի շրջանակներում ընկերության ներկայացուցիչները ուսանողներին ծանոթացրին իրենց կողմից առաջարկվող հնարավորություններին, թե ինչպես սովորելուն զուգընթաց աշխատանքային փորձ, համապատասխան գիտելիքներ ձեռք բերել և գումար վաստակել:

Դաս-քննարկման ընթացքում ուսանողներին մասնավորապես ներկայացվեցին ընկերության պատմությունը, առաքելությունը, այժմյան գործունեությունը, երիտասարդական նախագծերը («ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ» անվանական կրթաթոշակ, մրցույթ ուսանողների համար, վարպետաց դասեր, ուսումնական պրակտիկա և ստաժավորում, «Ապագայի գործակալ» նախագիծը):

Ուսանողներին ծանոթացրին ապահովագրական խորհրդատուի գործառույթներին, ներկայացրին կարիերայի աճի հնարավորությունները (գրասենյակային վաճառքի մենեջեր, գործակալական խմբի ղեկավար, մասնաճյուղի տնօրեն, Վաճառքի ստորաբաժանման ղեկավար, այլ հաստիքներ), մարզում իրենց կողմից առաջարկվող թափուր հաստիքները (գործակալական խմբի համակարգող /Նոյեմբերյան, Բերդ/, վթարային մասնագետ /Նոյեմբերյան/, ապահովագրական խորհրդատու /Իջևան, Նոյեմբերյան, Բերդ, Դիլիջան/):

Այնուհետև քննարկման մասնակիցներն ընկերության ներկայացուցիչներից ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները, ուսանողները լրացրին ապահովագրական խորհրդատուի հարցաթերթ:

«ՀԼԳ» կրթական ծրագրի առկա ուսուցման III կուրսի ուսանողներն այցելեցին Գյումրու պատմամշակութային վայրեր ու տուն-թանգարաններ

glxavor

2019թ. նոյեմբերի 12-ին ԵՊՀ ԻՄ-ի «Հայոց լեզու և գրականություն» կրթական ծրագրի առկա ուսուցման III կուրսի ուսանողները 2019-2020 ուստարվա ուսումնական պլանով նախատեսված արտադրական պրակտիկայի շրջանակներում այցելեցին Գյումրու պատմամշակութային վայրեր ու մի քանի տուն-թանգարաններ: Պրակտիկայի ղեկավարն էր բ.գ.թ., դոցենտ Վ.Աղաբաբյանը:

Արտադրական պրակտիկայի հիմնական նպատակն է գործնական աշխատանքների հիման վրա ուսանողների տեսական գիտելիքների ամրապնդումը, իրենց մասնագիտության բնագավառում գործնական հմտությունների ու կարողությունների, ինքնուրույն մասնագիտական փորձի ձեռքբերումը:

Ուսանողներն այցելեցին մի շարք տուն-թանգարաններ: Գյումրու Հովհաննես Շիրազի տուն-թանգարանում ուսանողները բացահայտեցին մայրասեր գրողի կյանքի հետաքրքիր, ինչ-որ տեղ` հումորով լի դրվագները: Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում մասնավորապես ներկայացվեցին Վարպետի անձնական իրերը, անցյալ դարասկզբի հայ օջախին բնորոշ կենցաղային գծերն ու տան կահավորանքի առանձնահատկությունները:

Ուսանողներն ամրապնդեցին իրենց գիտելիքները՝ վերհիշելով գրողների կյանքը, գրական և հասարակական գործունեությունը` չբավարարվելով միայն գրական հանճարների բացահայտումով: Գյումրեցի տաղանդների բացահայտումը շարունակվեց հաջորդ` դերասան Մհեր Մկրտչյանի տուն-թանգարանում, որտեղ ներկայացվեց շնորհաշատ դերասանի անձնական կյանքի պատմությունը, ֆիլմերում և թատրոնում կերտված դերերի մասին հետաքրքիր փաստեր: Այցելությունը Գյումրի եզրափակվեց փոքրիկ զբոսանքով, որի ընթացքում ուսանողները տեսան քաղաքի հին ու նոր կառույցները, ֆիլմերից հայտնի բակերն ու պատշգամբները: