Մեկնարկել է «Էրազմուս Մունդուս» ծրագրի «BACKIS» նախագիծը

Մեկնարկել է «Էրազմուս Մունդուս» ծրագրի «BACKIS» նախագիծը, որի նպատակն է խթանել համագործակցությունը բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև, ընդլայնել ուսանողների, դասախոսների և հետազոտողների փոխանակումներն ու  աջակցել շարժունությանը հատկապես ոչ ԵՄ անդամ երկրներից դեպի ԵՄ անդամ երկրներ:

Նախագծի դիմումների ընդունման գործընթացը սկսվել է ս.թ. դեկտեմբերի 2-ից և կտևի մինչև 2014 թ-ի փետրվարի 17-ը:

Մանրամասն տեղեկությունների համար այցելել http://www.wbackis.univ-montp2.fr/  էլեկտրոնային կայք-էջ կամ դիմել ԵՊՀ միջազգային  համագործակցության վարչություն (Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական  մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ):

Աղբյուրը` http://www.ysu.am

ԵՊՀ 95-ամյակին նվիրված հոբելյանական գիտական նստաշրջան

2014 թ-ի մայիսի 16-ին ԵՊՀ-ն նշելու է հիմնադրման 95-րդ տարին: Այս կապակցությամբ Մայր բուհի ՈՒԳԸ-ն կազմակերպում է  ԵՊՀ 95-ամյակին նվիրված հոբելյանական գիտական նստաշրջանը, որը տեղի կունենա 2014 թ-ի ապրիլի 28-30-ը:

Նստաշրջանի ընթացքում ԵՊՀ յուրաքանչյուր ֆակուլտետում գործելու է մասնագիտական բաժանմունք՝ Աշխարհագրություն և երկրաբանություն, Աստվածաբանություն, Արևելագիտություն, Ժուռնալիստիկա, Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա, Իրավագիտություն, Կենսաբանություն, Հայ բանասիրություն (մանկավարժություն), Մաթեմատիկա և մեխանիկա, Միջազգային հարաբերություններ, Պատմություն, Ռադիոֆիզիկա, Ռոմանագերմանական բանասիրություն, Ռուս բանասիրություն, Սոցիոլոգիա, Տնտեսագիտություն, Փիլիսոփայություն և հոգեբանություն, Քիմիա, Ֆիզիկա: Զեկուցումների թեմատիկան ազատ է:

Գիտական նստաշրջանին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել մասնակցության հայտը և մինչև ապրիլի 1-ն այն ուղարկել ՈՒԳԸ էլ. փոստի հասցեին`sss@ysu.am:

Ներկայացվելիք զեկուցման ամբողջական տարբերակն անհրաժեշտ է մինչև ապրիլի 10-ը էլեկտրոնային տարբերակով և համապատասխան  ամբիոնի երաշխավորագրով  ներկայացնել ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահին կամ ուղարկել ՈՒԳԸ էլ. փոստի հասցեին (երաշխավորագրի սքանավորված տարբերակով):

Համապատասխան ֆակուլտետների գիտական խորհրդի երաշխավորությամբ գիտական նստաշրջանի լավագույն զեկուցումները կտպագրվեն ԵՊՀ ՈՒԳԸ «Գիտական հոդվածների ժողովածու»-ի հոբելյանական համարներում:

ՈՒԳԸ ժողովածուում տպագրվող գիտական հոդվածի չափորոշիչներին կարող եք ծանոթանալ այստեղ: Այդ չափորոշիչներին ամենևին չհամապատասխանող կամ սահմանված վերջնաժամկետներից հետո ուղարկված զեկուցումները չեն ընդունվելու:
Աղբյուրը` ysu.am

Գիտական աշխատանք կատարելու հմտությունների ուսուցում

ԵՊՀ ուսանողական գիտական ընկերությունը (ՈՒԳԸ) 2014 թ-ի մարտի 14-ից 16-ը ԵՊՀ Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազայում կազմակերպում է «Գիտական աշխատանք կատարելու հմտությունների ուսուցում» խորագրով երկամյա ծրագրի ամփոփիչ գիտապրակտիկ դասընթացը` նախատեսված բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների համար:
Այն վարելու են ԵՊՀ առաջատար մասնագետները և Դուբնայից հրավիրված փորձագետը:

 Դասընթացի ամբողջական ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ:

 Այս դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել  մասնակցության հայտը  և ներկայացնել ակադեմիական միջավայրում հայտատուի հետ առնչություն ունեցող որևէ դասախոսի կամ գիտական ղեկավարի կողմից առնվազն մեկ երաշխավորագիր (երաշխավորագիրն ուղարկվում է ոչ թե հայտատուի, այլ երաշխավորող անձի կողմից անմիջապես ՈՒԳԸ էլ. փոստի հասցեին):

Հայտը հարկավոր է մինչև փետրվարի 25-ը ուղարկել ՈՒԳԸ էլ. փոստի հասցեին՝ sss@ysu.am:

Ներկայացված հայտերի հիման վրա ընտրվելու է ծրագրի ընդամենը 30 մասնակից:

Սիրու՞մ ես լուսանկարել կամ նկարել … Այս մրցույթը հենց քե՛զ համար է:

Սիրու՞մ ես լուսանկարել կամ նկարել:
Ցանկանու՞մ ես սիրածդ զբաղմունքի համար նաև հետաքրքիր մրցանակներ ստանալ:
Այս մրցույթը հենց քե՛զ համար է:

«Հասարակություն առանց Բռնության» ՀԿ–ն հայտարարում է նկարների/լուսանկարների մրցույթ «Հայ և թուրք երիտասարդ կանայք հանուն հարատև խաղաղության վերականգնման՝ արվեստի և երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում՝ «Կանայք հանուն հակամարտությունների լուծման և խաղաղության» խորագրով:

Մրցույթին կարող են մասնակցել 18 տարեկանից բարձր բոլոր աղջիկները և կանայք՝ արտահայտելով հակամարտությունների լուծման և խաղաղության հաստատման գործընթացում կանանց դերի վերաբերյալ իրենց մեկնաբանությունը կտավի կամ լուսանկարչական ապարատի միջոցով:

Մրցանակներ
1-ին մրցանակ – 300 ԱՄՆ դոլար
2-րդ մրցանակ – 200 ԱՄՆ դոլար:

Մրցանակաբաշխությունը տեղի կունենա Վրաստանի Թբիլիսի քաղաքում:

Մրցույթի վերջնաժամկետը փետրվարի 22-ն է:

Մանրամասները՝ http://swv.am

Աղբյուրը՝ http://swv.am

2013 թ-ի ամփոփ տվյալների համաձայն՝ «Ինտերֆաքս» խմբի վարկանշային ցանկում ԵՊՀ-ն զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը

«Ինտերֆաքս» միջազգային տեղեկատվական խումբը 2013 թ-ին հրապարակել է հետխորհրդային երկրների (ԱՊՀ, Բալթյան երկրներ և Վրաստան) բարձրագույն ուսումնական հաստատությունների վարկանշային աղյուսակը:

Բուհերի վարկանիշների կազմման մեթոդաբանությունում կիրառվել են առաջատար համալսարանների համաշխարհային վարկանիշը մշակող բրիտանական «QS» (Quacquarelli Symonds)  գործակալության մեթոդաբանական մոտեցումները:  Վարկանիշի կառուցվածքը բաղկացած է երեք բաղադրիչներից` բուհի կրթական, գիտահետազոտական և միջազգային գործունեություն: Վարկանիշավորվել են հետխորհրդային տարածքի առավել հայտնի և ճանաչված  405 համալսարաններ:

Վարկանիշային աղյուսակը գլխավորում է Մոսկվայի պետական համալսարանը, 2-րդ տեղում է Բելառուսի պետական համալսարանը,  3-րդ տեղում` Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանը: Կիևի համալսարանը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը, իսկ Վիլնյուսի համալսարանը նշված ցանկում 5-րդն է:

Երևանի պետական համալսարանը վարկանիշային աղյուսակում 11-րդ տեղում է: Մեր տարածաշրջանի բուհերից Թբիլիսիի պետական համալսարանը զբաղեցնում է  51-րդ տեղը, իսկ Բաքվի պետական համալսարանը՝ 61-րդը:

«Ինտերֆաքս»-ը (Interfax Information Services Group) ԱՊՀ տարածաշրջանում խոշորագույն լրատվական, տեղեկատվական և վերլուծական խմբերից մեկն է և տարբեր ոլորտներում իրականացնում է ռեյտինգավորման, ֆինանսական վերլուծությունների և տվյալների որոնման և ներկայացման ծրագրեր:

Հրապարակված ռեյտինգների մասին առավել մանրամասն ներկայացված է այստեղ:

Աղբյուրը` www.ysu.am