Բարեգործական ներկայացում

2013թ. ապրիլի 29-ին Իջևանի մշակույթի տանը տեղի ունեցավ «Խցանում հյուրանոցում» կատակերգության բեմականացումը` Ֆ.Վոբերի «Համաձայնագիրը» պիեսի հիման վրա: Այն կազմակերպել էր «Գոհար-Շող» համույթը:

Ներկայացումն ուներ բարեգործական բնույթ. ամբողջ հասույթը հատկացվելու է սահմանամերձ Չինարի գյուղի դպրոցի համար մարզագույք և համակարգչային տեխնիկա ձեռքբերելուն:

 

Դահլիճը մարդաշատ էր: Ներկա էին նաև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի բազմաթիվ ուսանողներ և մի շարք դասախոսներ, ովքեր մեծ հաճույքով միացել էին բարեգործական ծրագրին:

Այսպիսի միջոցառումները շատ կարևոր են ու ողջունելի և կլինեն շարունակական:

Ուսանողական գիտական ընկերության նոր նվիրատվությունը

2013թ. ապրիլի 29-ին «Գրքի բանկ» կազմակերպության կողմից ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական գիտական ընկերությանը տրամադրված շուրջ 500 գրքերից 60-ը նվիրաբերվեց մասնաճյուղի գրադարանին, մի քանի գիրք էլ` Բնական գիտությունների ֆակուլտետի ամբիոններին:

Օտար լեզուների ամբիոնին տրվեցին Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի անգլերեն քարտեզներ, Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնին` ՀՀ պատմամշակութային կոթողների քարտեզ:

Կրթության որակի ապահովման և գնահատման բաժնին նվիրաբերվեց թվային տեսախցիկի 8 GB հիշողությամբ SD կրիչ` լուսաբանման աշխատանքներն ավելի լավ կազմակերպելու համար:

ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության պլանավորման միջազգային ինստիտուտը իրականացնում է կրթության պլանավորման և կառավարման վերապատրաստման դասընթացներ:

Այն տեղի կունենա Փարիզում` 2014թ. հունվարի 6-ից մինչև հունիսի 27-ը:

Դասընթացին կնախորդի առցանց ուսուցումը, որը կմեկնարկի 2013թ. հոկտեմբերի 21-ին:
ՅՈՒՆԵՍԿՕ-ն խրախուսում է կանանց մասնակցությունը նշված ծրագրին: Մասնակցության հետ կապված բոլոր ծախսերը հոգում են մասնակիցները:
Ցանկացողները մինչև ս.թ. մայիսի 31-ը կարող են դիմել առցանց` ներկայացնելով համապատասխան գործատուի կամ ղեկավարի աջակցական նամակը:

Մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ www.iiep.unesco.org   կայքից:

Աղբյուրը` www.edu.am

Մարզի աշակերտները մրցեցին ԵՊՀ ԻՄ-ում

  2013թ. ապրիլի 27-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ դպրոցականների ինտելեկտուալ խաղ, որը կազմակերպել էին Մինչհամալսարանական կրթության և մասնագիտական կողմնորոշման բաժինն ու Ուսանողական գիտական ընկերությունը:

Մասնակցում էին Տավուշի մարզի 11 դպրոցների (Բերդի վարժարան, Իջևանի և Բերդի ավագ, Այրումի, Ազատամուտի, Աչաջրի, Դովեղի, Թեղուտի, Խաշթառակի, Բերդավանի, Գետահովիտի միջնակարգ դպրոցներ) 12-րդ դասարանի աշակերտներից կազմված 5-հոգանոց թիմեր:

Ինտելեկտուալ խաղին ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի տնօրենը, ֆակուլտետների դեկանները, ՄԿՄԿ բաժնի վարիչը, ՈՒԳԸ-ի նախագահը, դասախոսներ, ուսանողներ:

Խաղը վարում էր Մելինե Մելիքյանը: Այն ընթացավ երկու փուլով: Երկրորդ փուլ անցան առավելագույն միավորներ հավաքած 5 թիմեր:

1-ին տեղը գրավեց Բերդավանի, 2-րդ տեղը` Խաշթառակի միջնակարգ դպրոցը:

Ելույթ ունեցավ մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը: Նա շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին,  դպրոցների տնօրեններին և ուսուցիչներին, շնորհավորեց հաղթողներին: Նա խոսեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և նրա մասնագիտությունների մասին, խորհուրդ տվեց ընտրել ճիշտ մասնագիտություն և լավ սովորել:

1-ին և 2-րդ տեղերը գրաված թիմերը ստացան պատվոգրեր ու մրցանակներ: Մյուս թիմերը ստացան շնորհակալագրեր: Մրցանակ տրվեց նաև Իջևանի ավագ դպրոցին, որը պատասխանել էր մրցանակային հարցին:

 

Մեր ուսանողները հանրապետական գիտաժողովում

2013թ. ապրիլի 25-ին Հովհաննես Թումանյանի անվան Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում տեղի ունեցավ 4-րդ հանրապետական ուսանողական գիտաժողովը, որին մասնակցում էին ՀՀ տարբեր բուհերի ուսանողներ:

Գիտաժողովի հանդիսավոր բացման և լիագումար նիստի ժամանակ ելույթ ունեցան ՎՊՄԻ ուսումնագիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Սուսաննա Թումանյանը, գիտելիքի և գիտության կենտրոնի ղեկավար Արթուր Մելիքյանը, զեկուցումով հանդես եկան ՎՊՄԻ-ի ուսանող Գրիգոր Մկրտումյանը և ԵՊՀ ԻՄ-ի ուսանող Մարիամ Բուդուրյանը:

Այնուհետև գիտաժողովի աշխատանքները շարունակվեցին 12 բաժանմունքներում: Ընդհանուր զեկուցումների թիվը 116 էր:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից գիտաժողովին մասնակցում էր 8 ուսանող՝ Սլավիկ Ալավերդյանը (ԿՄ/Ֆ 4-րդ), Աննա Ադամյանը, Նաթելա Օրդինյանը, Մարիամ Բուդուրյանը, Լիլիթ Բաբլումյանը (Մ/Հ 4-րդ), Մերի Ամիրզյանը, Մալվինա Էվինյանը (Բ/Բ 3-րդ), Մարգարիտա Սաֆարյանը (ՖԼ/Գ 1-ին):

Վերջում մասնակիցներին տրվեցին հավաստագրեր:

Գիտաժողովի ընթացքում կարդացված լավագույն զեկուցումները կտպագրվեն առանձին ժողովածուի տեսքով: