Կայացավ “Miss language” լեզուների մրցույթը՝ նվիրված ԵՊՀ ԻՄ-ի 25-ամյակին

1. գլխավոր

 2019թ. նոյեմբերի 28-ին ԵՊՀ ԻՄ-ի 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում մասնաճյուղում կայացավ Miss language” լեզուների մրցույթը, որը կազմակերպել էր Հումանիտար գիտությունների ֆակուլտետի ուսանողական խորհուրդը:

Միջոցառմանը ներկա էին Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Կ.Պողոսյանը, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, տարբեր ֆակուլտետների ուսանողներ:

“Miss language” մրցույթին մասնակցում էին Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Անգլերեն լեզու և գրականություն», «Ֆրանսերեն լեզու և գրականություն», «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտությունների 11 ուսանողներ:

Մրցույթի ընթացքում մասնակիցները ներկայացրին տարբեր լեզուներով (հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն և չինարեն) բանաստեղծություններ, գրական երկերի հատվածներ և երգեր:

“Miss language” մրցույթում հաղթող ճանաչվեց «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության առաջին կուրսի ուսանողուհի Նունե Վարդումյանը:

 2-րդ տեղը գրավեց «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Մերի Պետրոսյանը:

3-րդ հորիզոնականը զբաղեցրեց «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության առաջին կուրսի ուսանողուհի Լուսյա Շախպարյանը:

Փոխանցիկ թագը ստացավ «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողուհի Ինգա Ասլանյանը՝ մրցույթում մի քանի լեզվով գեղեցիկ ներկայանալու համար:

Բոլոր լուսանկարները տե՛ս Պատկերասրահում:

Կայացավ տղամարդկանց՝ շախմատի մասնաճյուղային առաջնությունը

1. գլխավոր

 2019թ. նոյեմբերի 28-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գրադարանում տեղի ունեցավ տղամարդկանց՝ շախմատի մասնաճյուղային առաջնությունը, որին մասնակցեցին 9 ուսանող և աշխատակից:

Այն կազմակերպվել էր ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական գիտական ընկերության, մասնավորապես՝ «ԻԿՄ» 4-րդ կուրսի ուսանող Գերասիմ Ալավերդյանի և «ԻԿՄ» 3-րդ կուրսի ուսանող Արայիկ Շահնազարյանի կողմից:

Առաջնությունը կայացավ շվեյցարական մրցակարգով (5 տուր), իսկ խաղի համար յուրաքանչյուրին տրվեց 15 րոպե խաղաժամանակ:

Այն ընթացավ թեժ մրցակցության պայմաններում. միայն վերջին տուրից հետո պարզ դարձան մրցանակային տեղեր զբաղեցնողները:

3-րդ հորիզոնականը զբաղեցրեց «ԻԿՄ» 3-րդ կուրսի ուսանող Արայիկ Շահնազարյանը:

2-րդ հորիզոնականը գրավեց «ՔԿԳ» 3-րդ կուրսի ուսանող Տիգրան Գասպարյանը:

Մրցաշարի հաղթող ճանաչվեց «ԻԿՄ» 4-րդ կուրսի ուսանող Գերասիմ Ալավերդյանը՝  ցուցաբերելով բացարձակ արդյունք (5 հաղթանակ):

Մրցանակային տեղեր զբաղեցնողները պարգևատրվեցին պատվոգրերով, իսկ կազմակերպիչները՝ շնորհակալագրերով:

Տղամարդկանց՝ շախմատի մասնաճյուղային առաջնության փոխանցիկ գավաթն անցավ Գերասիմ Ալավերդյանին:

Պարգևները հանձնեց մասնաճյուղի ՈՒԳԸ փոխնախագահ, «Պատմություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող Շիրակ Գասպարյանը:

Բոլոր լուսանկարները տե՛ս Պատկերասրահում:

Բանավեճի առաջնության 1/4 եզրափակչի առաջին խաղում հաղթեց “Mysterious ANIs” թիմը

1. գլխավոր

 2019թ. նոյեմբերի 27-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ բանավեճի առաջնության 1/4 եզրափակչի առաջին խաղը, որին մասնակցում էին «Ալֆա» և “Mysterious ANIs” թիմերը:

Խաղի դատավորներն էին Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դասախոս, գրադարանի վարիչ Վլադիմիր Պողոսյանը, Կիրառական արվեստի ֆակուլտետի ՈՒԽ նախագահ Իրինա Փիրումյանը և ԵՊՀ ԻՄ ՈՒԳԸ փոխնախագահ Շիրակ Գասպարյանը (գլխավոր դատավոր): 

Բանավեճը «Բժշկական փորձերում կենդանիների օգտագործումն արդարացված է» թեմայով էր:

Կողմ դիրքորոշմամբ հանդես էր գալիս «Ալֆա» թիմը, իսկ դեմ դիրքորոշմամբ՝ “Mysterious ANIs” թիմը: 

Թեժ մրցակցության պայմաններում 55-72 հաշվով հաղթող ճանաչվեց “Mysterious ANIs” թիմը:

Շնորհավորում ենք հաղթող թիմին՝ ակնկալելով ակտիվ մասնակցություն մյուս փուլերում:

Բանավեճի ներբուհական առաջնության մասին ՈՒԳԸ փոխնախագահ Շիրակ Գասպարյանի տված հարցազրույցը տե՛ս հետևյալ հղումով

Համալսարանականները մասնակցեցին «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» երկօրյա համաժողովին

glxavor

 2019թ. նոյեմբերի 23-24-ը ԵՊՀ ԻՄ-ի մի խումբ ուսանողներ և աշխատակիցներ մասնակցեցին Գյումրիում երրորդ անգամ անցկացվող «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» խորագրով երկօրյա համաժողովին, որը կազմակերպել էին Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը ՀՀ կառավարության, Շիրակի մարզպետարանի, Գյումրու քաղաքապետարանի և Եվրոպական միության ու Գերմանիայի տենտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության կողմից համաֆինանսավորվող և ԳՄՀԸ կողմից իրականացվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի հետ համատեղ:

Համաժողովը նպատակ ուներ ՀՀ բոլոր մարզերի երիտասարդներին, տեղական ինքնակառավարման մարմինների և մարզային ուսումնական հաստատությունների պատասխանատուներին, ինչպես նաև մասնավոր հատվածի ու միջազգային կառույցների ներկայացուցիչներին մեկ միջավայրում համախմբել, բարձր տեխնոլոգիաների, ճարտարագիտության և հարակից ոլորտների բարձրագույն կրթության, բիզնեսի զարգացման ու ենթակառուցվածքային խթանիչ միջավայրի ձևավորմանն ուղղված գործընթացները և առկա մարտահրավերները քննարկել, մարզային հաջողված փորձերը ներկայացնել և իրականացնել փորձի փոխանակում` հիմք ընդունելով բարձր տեխնոլոգիաները՝ որպես մարզերի հզորացման երաշխիք:

«Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ 2019» համաժողովի առանցքային թեմա էր ընտրվել մարզային բարձր տեխնոլոգիական կրթական մոդելների մշակումը՝ միջազգային գործընկերների և բուհերի հետ համագործակցությամբ:

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը համաժողովի շրջանակներում իր հարկի տակ հյուրընկալեց ՀՀ մարզերի շուրջ 200 երիտասարդների (այդ թվում՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողներին և աշխատակիցներին՝  ԳՏՏԿ-ի Վեբ, Անդրոիդ և Մոբայլ  ծրագրավորման դասընթացի մասնակիցներին):

Համաժողովի առաջին օրը բացման խոսքով հանդես եկան ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար պարոն Հակոբ Արշակյանը, ԳՏՏԿ գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը, Ձեռնարկատիրությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, պետական և մասնավոր սեկտորից տարբեր ներկայացուցիչներ: Այնուհետև տեղի ունեցավ 3 պանելային քննարկում հետևյալ թեմաներով՝  «Երիտասարդ մասնագետները առաջատար տեխնոլոգիական ընկերություններում՝ հնարավորություններ և մարտահրավերներ», «Բարձր տեխնոլոգիաները մարզերում` առաջնահերթություններ և մարտահրավերներ», «Բարձրագույն կրթությունը որպես մարզերի տեխնոլոգիական զարգացման հիմնական գրավական»: Պաշտոնական հատվածից հետո ֆորումի մասնակիցները ներկա գտնվեցին «Բամբիռ» ռոք խմբի համերգին:

Երկրորդ օրը ուսանողները մասնակցեցին  “Think Tank” ֆորմատով ծրագրի, որի ընթացքում տրվեցին տեխնիկական առաջադրանքներ GG և  Webb Fontaine  ընկերությունների կողմից, որոնք ստացան մասնագիտական լուծումներ: Նրանք մասնակցեցին նաև հետևյալ թեմաներով սեմինար-քննարկումների՝

  • «Գաղափարների փաթեթավորում և վաճառք» (Աշոտ Խուդգարյան),
  • «Արհեստական բանականությունը որպես նորարարության հիմք» (Արեգ Գևորգյան),
  • «Մարքեթինգ ռազմավարություն ստարտափերի համար» (Նանա Մարդոյան),
  • «Դիզայն» (Արա Ասլանյան),
  • «Կանայք բարձր տեխնոլոգիաներում» (Քնարիկ Գրիգորյան),                 
  • «Բիզնես կանվաս» (Փիրուզա Հարությունյան):

Վերջում մասնակիցները ստացան հավաստագրեր: Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի ծրագրերի պատասխանատու Բելլա Հարությունյանը, հավաստագրերը հանձնելով ԳՏՏԿ Տավուշի կրթական ծրագրերի ղեկավար Լիանա Ներսիսյանին, նշեց, որ համագործակցությունը լինելու է շարունակական:

Համաժողովից հետո համալսարանականները շրջեցին Գյումրիում, այցելեցին պատմամշակութային վայրեր, այնուհետև վերադարձան Իջևան՝ փորձի ու գիտելիքների նոր պաշարով:   

Մեկնարկեց Բանավեճի ներբուհական առաջնությունը

1. գլխավոր 2019թ. նոյեմբերի 22-ին մասնաճյուղի ՈՒԳԸ-ն տվեց Բանավեճի ներբուհական առաջնության մեկնարկը:

Առաջնությանը կմասնակցի ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի 6 թիմ:

Մասնաճյուղ էր այցելել «Ռեֆորմ» բանավեճի ակումբի համակարգող Մելինե Գևորգյանը, ով հանդիպման մասնակիցներին հանգամանորեն ներկայացրեց բանավեճի բրիտանական դասական ձևաչափը, կանոնները, ինչպես նաև բանավեճի ասպարեզում իր ունեցած փորձը, պատասխանեց ուսանողներին հետաքրքրող հարցերին:

Հանդիպման ընթացքում վիճակահանության միջոցով ընտրվեցին թիմերի զույգերը, դեմ և կողմ դիրքորոշումները, հայտարարվեցին խաղերի անցկացման օրերը:

Յուրաքանչյուր խաղում բանավեճի թեման կհայտարարվի տվյալ զույգի խաղից 3 օր առաջ, որպեսզի բոլոր թիմերը պատրաստվելու համար ունենան հավասար ժամանակ: