Կայացավ «Համատեղի՛ր ուսումդ աշխատանքի հետ» խորագրով դաս-քննարկում

1. գլխավոր

 2019թ. նոյեմբերի 13-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցելեցին «Ռոսգոսստրախ Արմենիա» ԱՓԲԸ Իջևանի մասնաճյուղի ներկայացուցիչները՝ մասնաճյուղի տնօրեն Գրիգոր Թամրազյանը, Անձնակազմի հավաքագրման բաժնի ղեկավար Լուսինե Գևորգյանը, վաճառքների մարզային պատասխանատուներ Դավիթ Ջավախյանը և Հովհաննես Գասպարյանը:

Այցելության նպատակն էր ԵՊՀ ԻՄ-ի ուսանողների համար «Համատեղի՛ր ուսումդ աշխատանքի հետ» խորագրով դաս-քննարկում անցկացնելը:

Քննարկմանը մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի ուսանողներ, շրջանավարտներ և աշխատակիցեր:

«Ռոսգոսստրախ Արմենիա» ԱՓԲԸ գործունեությունը մարզերում ընդլայնելու ծրագրի շրջանակներում ընկերության ներկայացուցիչները ուսանողներին ծանոթացրին իրենց կողմից առաջարկվող հնարավորություններին, թե ինչպես սովորելուն զուգընթաց աշխատանքային փորձ, համապատասխան գիտելիքներ ձեռք բերել և գումար վաստակել:

Դաս-քննարկման ընթացքում ուսանողներին մասնավորապես ներկայացվեցին ընկերության պատմությունը, առաքելությունը, այժմյան գործունեությունը, երիտասարդական նախագծերը («ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ» անվանական կրթաթոշակ, մրցույթ ուսանողների համար, վարպետաց դասեր, ուսումնական պրակտիկա և ստաժավորում, «Ապագայի գործակալ» նախագիծը):

Ուսանողներին ծանոթացրին ապահովագրական խորհրդատուի գործառույթներին, ներկայացրին կարիերայի աճի հնարավորությունները (գրասենյակային վաճառքի մենեջեր, գործակալական խմբի ղեկավար, մասնաճյուղի տնօրեն, Վաճառքի ստորաբաժանման ղեկավար, այլ հաստիքներ), մարզում իրենց կողմից առաջարկվող թափուր հաստիքները (գործակալական խմբի համակարգող /Նոյեմբերյան, Բերդ/, վթարային մասնագետ /Նոյեմբերյան/, ապահովագրական խորհրդատու /Իջևան, Նոյեմբերյան, Բերդ, Դիլիջան/):

Այնուհետև քննարկման մասնակիցներն ընկերության ներկայացուցիչներից ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները, ուսանողները լրացրին ապահովագրական խորհրդատուի հարցաթերթ:

«ՀԼԳ» կրթական ծրագրի առկա ուսուցման III կուրսի ուսանողներն այցելեցին Գյումրու պատմամշակութային վայրեր ու տուն-թանգարաններ

glxavor

2019թ. նոյեմբերի 12-ին ԵՊՀ ԻՄ-ի «Հայոց լեզու և գրականություն» կրթական ծրագրի առկա ուսուցման III կուրսի ուսանողները 2019-2020 ուստարվա ուսումնական պլանով նախատեսված արտադրական պրակտիկայի շրջանակներում այցելեցին Գյումրու պատմամշակութային վայրեր ու մի քանի տուն-թանգարաններ: Պրակտիկայի ղեկավարն էր բ.գ.թ., դոցենտ Վ.Աղաբաբյանը:

Արտադրական պրակտիկայի հիմնական նպատակն է գործնական աշխատանքների հիման վրա ուսանողների տեսական գիտելիքների ամրապնդումը, իրենց մասնագիտության բնագավառում գործնական հմտությունների ու կարողությունների, ինքնուրույն մասնագիտական փորձի ձեռքբերումը:

Ուսանողներն այցելեցին մի շարք տուն-թանգարաններ: Գյումրու Հովհաննես Շիրազի տուն-թանգարանում ուսանողները բացահայտեցին մայրասեր գրողի կյանքի հետաքրքիր, ինչ-որ տեղ` հումորով լի դրվագները: Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում մասնավորապես ներկայացվեցին Վարպետի անձնական իրերը, անցյալ դարասկզբի հայ օջախին բնորոշ կենցաղային գծերն ու տան կահավորանքի առանձնահատկությունները:

Ուսանողներն ամրապնդեցին իրենց գիտելիքները՝ վերհիշելով գրողների կյանքը, գրական և հասարակական գործունեությունը` չբավարարվելով միայն գրական հանճարների բացահայտումով: Գյումրեցի տաղանդների բացահայտումը շարունակվեց հաջորդ` դերասան Մհեր Մկրտչյանի տուն-թանգարանում, որտեղ ներկայացվեց շնորհաշատ դերասանի անձնական կյանքի պատմությունը, ֆիլմերում և թատրոնում կերտված դերերի մասին հետաքրքիր փաստեր: Այցելությունը Գյումրի եզրափակվեց փոքրիկ զբոսանքով, որի ընթացքում ուսանողները տեսան քաղաքի հին ու նոր կառույցները, ֆիլմերից հայտնի բակերն ու պատշգամբները:

Կայացավ պրակտիկայի ղեկավարների հետ տնօրենի հանդիպումը

1. գլխավոր

 2019թ. նոյեմբերի 9-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ պրակտիկայի ղեկավարների հետ մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանի հանդիպումը, որին ներկա էին դեկանները, Հեռակա ուսուցման բաժնի վարիչը, ամբիոնների վարիչներ, կրթական ծրագրերի ղեկավարներ:

Այն կազմակերպվել էր Մասնագիտական կողմնորոշման և պրակտիկայի կազմակերպման բաժնի կողմից և նպատակ ուներ քննարկելու պրակտիկաների արդյունավետ կազմակերպմանը և իրականացմանը վերաբերող հարցեր:

Հանդիպման ընթացքում վերհանվեցին 2019-2020 ուսումնական տարվա պրակտիկաների ընթացքին, հիմնական ուղղություններին, ԵՊՀ ԻՄ-ի և համապատասխան կազմակեր­պություն-ձեռնարկությունների միջև կնքված պայմանագրերին, պրակտիկաների ծրագրերով նախատեսվող աշխա­տանքներին, պրակտիկանտների առջև դրվող պահանջներին, պրակտիկաների միջոցով կրթական ծրագրերի վերջնարդյունքների ապահովմանը վերաբերող խնդիրներ:

Ելնելով պրակտիկայի տեսակներից և տվյալ մասնագիտության կրթական ծրագրի առանձնահատկություններից՝ ղեկավարները ներկայացրին իրենց ծրագրերը՝ անդրադառնալով նպատակներին, խնդիրներին, գործողություններին՝ ուղղված առարկայական դասընթացներից ստացած գիտելիքների ամրապնդմանը և խորացմանը, կրթական ծրագրերում նշված անհրաժեշտ գործնական հմտությունների և կարողությունների ձեռքբերմանը:

Քննարկումների ընթացքում պարոն Ա.Մակարյանը ներկայացրեց պրակտիկաների վերաբերյալ իր մոտեցումները, հստակեցվեցին պրակտիկաների կազմակերպման ուղղությամբ կատարվելիք աշխա­տանք­ները, Հեռակա ուսուցման բաժնի վարիչ Մ.Զուրաբյանը հանդես եկավ պրակտիկայի խնդիրներին համալիր լուծումներ տալու առաջարկով:

Ընթացքի մեջ է «ՏՄՄ» կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանողների մանկավարժական ակտիվ պրակտիկան

1. գլխավոր

 2019-20 ուստարվա I կիսամյակում Իջևանի թիվ 5 հիմնական դպրոցում իրականացվում է Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանողների  մանկավարժական ակտիվ (ամփոփիչ-գնահատողական) պրակտիկան՝ կազմված 2 փուլից՝ 3-ական շաբաթով:

Առաջին փուլն իրականացվել է սեպտեմբերի 9-30-ը, երկրորդ փուլն անցկացվում է նոյեմբերի 4-25-ը:

Ծրագրով նախատեսված է մանկավարժական պրակտիկան իրականացնել շարունակականության և հաջորդականության սկզբունքներով, մասնագիտական կոմպետենտության աստիճանական զարգացման մեխանիզմով բակալավրի կրթական ծրագրի մանկավարժական բոլոր մասնագիտությունների գծով:

Ամփոփիչ-գնահատողական պրակտիկայի նպատակն  է վարել տվյալ օրվա բոլոր դասաժամերը՝ ըստ նախապես կազմված դասապլանների, ձևավորել յուրացված տեսական նյութը գործնականում կիրառելու կարողություն:

Մանկավարժական պրակտիկայի խնդիրն է բացահայտել, թե ինչ միջոցներով են դասապրոցեսներն ավելի արդյունավետ իրականացվում, ժամանակակից պայմաններում ուսուցման որ մեթոդներն են առավել կիրառելի, կարևորագույն խնդիր է նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈՒ) երեխաների հետ աշխատանքի առանձնահատկությունների հաշվառումը, ինչպես նաև համակուրսեցիների վարած դասերի քննարկումը և վերլուծությունը:

Նախքան  դպրոց գնալը, ինչպես նաև պրակտիկայի ընթացքում  ուսանողները  հանդիպումներ  են ունեցել Մասնագիտական կողմնորոշման և պրակտիկայի կազմակերպման բաժնի վարիչ Լ.Բեգինյանի, Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոսներ, պրակտիկայի ղեկավար-պատասխանատու Վ.Մելիքսեթյանի, պրակտիկայի մանկավարժ-խորհրդատու Ա.Մարտիրոսյանի   և   պրակտիկայի հոգեբան Ա.Քամալյանի հետ:

Պրակտիկայի սկզբում ուսանողները կցվել  են 1-3-րդ դասարաններին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, թե մինչև այդ որ դասարաններում  են  անցել պրակտիկան: Այնուհետև դասվարներն իրենց փորձը փոխանցել  են ուսանողներին՝ վերջիններիս նախապատրաստելով որպես  ուսուցիչ  դասարան  մտնելուն:

Պրակտիկանտները՝  թվով  39  ուսանող, տարբեր խմբերով  անցնում  են ակտիվ պրակտիկա տարբեր դասարաններում, նախապես կազմում դասի պլան, առանձնացնում դասի նպատակը, խնդիրները, պլանավորում  դասի  ընթացքը:

Պրակտիկան շատ հագեցած է և  գոհացնող ուսանողների համար: Մանկավարժական ակտիվ պրակտիկայի ընթացքում  ուսանողները շարունակում են իրենց անհատական թղթապանակների վարումը, որոնցում ներառված  է պրակտիկայի ընթացքում յուրաքանչյուրի կատարած աշխատանքը, և որոնց հիման վրա կիրականացվի գնահատում:

Բոլոր լուսանկարները տե´ս այստեղ:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

1. գլխավոր

 2019թ. նոյեմբերի 8-ին Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այցելեց Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ:

ԵՊՀ ԻՄ-ում տեղի ունեցավ բուհի ուսանողության, պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ նախագահ Ա.Սարգսյանի հանդիպումը, որին ներկա էին մասնաճյուղի աշխատակիցները՝ տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանի գլխավորությամբ, Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, մարզի տարբեր ոլորտների, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Հանդիպման ընթացքում պարոն Ա.Սարգսյանը պատասխանեց ուսանողներին հուզող հարցերին, նրանց հետ զրույցում փորձեց պարզել, թե ինչ հետաքրքրություններ, մտահղացումներ ու կարիքներ ունեն:

Նախագահը նշեց, որ մարզի զարգացման, շրջանավարտների աշխատանքի հարցն առավել արդյունավետ լուծելու համար նպատակահարմար կարող է լինել մասնագիտությունների ներդրումը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, անասնապահությունը, անասնաբուժությունը, անտառային տնտեսության կառավարումը և այլն:

Պարոն Սարգսյանը ուսանողներին տվեց արժեքավոր խորհուրդներ՝ հայրենիքը ճանաչելու և սիրելու, սկզբունքային լինելու, ժամանակն արդյունավետ օգտագործելու վերաբերյալ:

Դիմելով ուսանողներին՝ նա մասնավորապես նշեց. «Կարևոր է, որ ձեզանից յուրաքանչյուրը լինի բազմակողմանի կրթված: Եթե դուք սովորում եք մաթեմատիկա և որոշեք, որ միայն դա եք սովորելու, լինեք սահմանափակ անձնավորություն, չեք կատարի այն, ինչ մենք՝ որպես ազգ, որպես ժողովուրդ, որպես պետություն, ձեզանից սպասում ենք: Մենք սպասում ենք, որ դուք նախ և առաջ լինեք բազմակողմանի զարգացած և ազնիվ, բարոյական մարդ: Շատ էական է, որ լինեք հայրենասեր, ունենաք պրոֆեսիոնալ բարձր որակներ, որ լավ կրթություն ստանաք: Ձեր կյանքի ամենաթանկ բաներից մեկը ժամանակն է: Ափսոս կլինի, որ գաք համալսարան ու չսովորեք, այդ դեպքում դուք ինքներդ ձեզ կխաբեք: Այդ ժամանակը հետ չի գալու»:

Նախագահը նաև ուսանողներին ներկայացրեց մարզի սահմանամերձ համայնքներից, այնտեղ ապրող տոկուն, ստեղծագործ ու աշխատասեր մարդկանցից իր ստացած ջերմ ու դրական տպավորությունները. «Հայաստանը միայն Երևանը չէ: Շատ էական է, որպեսզի ինքներդ էլ գիտակցեք, որ կարելի է ապրել մեծ քաղաքից դուրս, բայց ապրել ժամանակակից կյանքով: Կարելի է զբաղվել անասնապահությամբ, գյուղատնտեսությամբ, օգտագործել ժամանակակից տեխնոլոգիաները, ստեղծել մրցունակ արտադրանք և ունենալ հոյակապ կյանք՝ այս հոյակապ վայրում: Մեր նպատակը պետք է լինի թե՛ գյուղում, թե՛ քաղաքում կյանքի որակը նույնը դարձնելը, որպեսզի այն, ինչ հնարավոր է ստանալ Երևանում, հնարավոր լինի ստանալ նաև այստեղ»:

Ընդունելով ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանի առաջարկը և հետևելով ձևավորված ավանդույթին՝ ՀՀ նախագահը տիկնոջ հետ մասնաճյուղի այգում ծառ տնկեց:

Այնուհետև նախագահ Սարգսյանը, տիկին Նունե Սարգսյանը և հյուրերը դիտեցին ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների և շրջանավարտների բազմաժանր աշխատանքների բացօթյա ցուցադրությունը:

Ա.Մակարյանը տնօրենության անունից ՀՀ նախագահին նվիրեց մասնաճյուղի շրջանավարտների ավարտական աշխատանքներից «Տիրամայրը մանուկի հետ» մանրանկարը (ուսանող՝ Արինա Դավթյան, ղեկավար՝ Լ.Ֆլջյան):