«Գնահատումը Moodle կրթական վիրտուալ միջավայրում» թեմայով վերապատրաստման դասընթաց

1. գլխավոր

2024 թ. փետրվարի 21-22-ը ԵՊՀ ԻՄ կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժինը կազմակերպել էր «Գնահատումը Moodle կրթական վիրտուալ միջավայրում» թեմայով վերապատրաստման դասընթացը, որը վարեց Մասնագիտական կրթության որակի ապահովման բաժնի վարիչ, Ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի ասիստենտ Մարիետա Ճաղարյանը:

Դասընթացը, որին մասնակցում էին բուհի երկու տասնյակ դասախոսներ, նպատակ ուներ աջակցելու դասախոսներին ԵՊՀ ուսուցման կառավարման «E-learning» առցանց հարթակում («Moodle»), բացի դասընթացների տեղադրումից, կազմակերպելու և իրականացնելու ուսանողների ձեռքբերումների ընթացիկ ստուգումներ և գնահատումներ՝ կիրառելով համակարգի տված լայն հնարավորությունները:

Մ. Ճաղարյանը ներկայացրեց, որ «E-learning» համակարգի կիրառությունը ուսումնական գործընթացում հեշտացնում է դասախոս-ուսանող համագործակցությունը, այն տեղափոխում է միասնական ընդհանուր էլեկտրոնային հարթակ, հնարավորություն է տալիս ուսանողներին աշխատանքային մեկ տիրույթում ձեռք բերել ուսումնական անհրաժեշտ նյութերը, ստանալ խորհրդատվություն, կատարել առաջադրանքներ և ձևավորել կարողություններ ու հմտություններ, նաև կուտակել միավորներ:

Ընդգծվեց, որ «Moodle» հարթակը բավականին ճկուն գործիք է դասախոսի համար՝ յուրաքանչյուր դասընթացի շրջանակներում իր գործունեությունը ամբողջական, բազմակողմանի և բովանդակալից ներկայացնելու, ուսանողներին ուսումնառության գործընթացի մեջ ակտիվ ներգրավելու և նրանց դասընթացի արդյունավետ իրականացման շարժիչ ուժը դարձնելու համար:

Վերապատրաստման ժամանակ նախ քննարկումների միջոցով պարզաբանվեցին այն խնդիրներն ու խոչընդոտները, որոնց հանդիպում են դասախոսները «E-Learning» համակարգում աշխատելիս, ապա դասընթացի մասնակիցներին ներկայացվեցին գնահատում իրականացնելու համար համակարգի կողմից տրամադրվող հնարավորություններն ու ռեսուրսները, մասնավորապես՝ ամենաշատ կիրառելի երկու գործիքները՝ «Հանձնարարություն» և «Վիկտորինա»:

Դասընթացավարը մանրամասն անդրադարձավ այդ գործիքների հետ աշխատելու հիմնական սկզբունքներին և առանձնահատկություններին, ապա ներկայացրեց «Հանձնարարություն» և «Վիկտորինա» ռեսուրսները դասընթացում ներդնելու, դրանք ուսանողներին հասանելի դարձնելու, նրանց հետ հետադարձ կապն ապահովելու և գնահատում իրականացնելու քայլերը:

Մասնակիցները գործնականորեն իրենց դասընթացներում ներդրեցին գնահատման ուսումնասիրված ռեսուրսները և քննարկեցին արդյունքները:

Մասնագիտական պրակտիկա «Վիքիմեդիա Հայաստան»-ի հետ

glxavor 2024 թ. փետրվարի 8-9-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ էին այցելել «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության աշխատակիցները՝ որակյալ բովանդակության պատասխանատու Մհեր Բեքարյանը և միջոցառումների համակարգող Դավիթ Սարգսյանը: Այցելության նպատակն էր աջակցել ԵՊՀ ԻՄ չորս կրթական ծրագրերի ուսանողների մասնագիտական պրակտիկայի կազմակերպմանը:

Հյուրերը նախ հանդիպեցին տնօրենի պաշտոնակատար Ա. Մակարյանի հետ և քննարկեցին երկկողմ համագործակցության ծրագրերն ու հեռանկարները:

2024 թ. փետրվարի 8-ից ԵՊՀ ԻՄ-ում մեկնարկել են «Պատմություն», «Հայոց լեզու և գրականություն», «Անգլերեն լեզու և գրականություն», «Ֆրանսերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրերի 4-րդ կուրսերի ուսանողների մասնագիտական պրակտիկաները, որոնք իրականացվելու են «Վիքիմեդիա Հայաստան»-ի հետ կնքված համագործակցության հուշագրի շրջանակներում: Դրանք ղեկավարում են Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դոցենտ, պ.գ.թ. Ն. Գրիգորյանը, Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Վ. Աղաբաբյանը, Օտար լեզուների ամբիոնի ասիստենտ Է. Թեմրազյանը և նույն ամբիոնի դասախոս Մ. Աղբալյանը:

Իրականացվող պրակտիկայի նպատակն է Վիքիպեդիայում հոդվածներ խմբագրելու միջոցով զարգացնել ուսանողների մասնագիտական հմտությունները, բարելավել հայերենով պատմության և գրականության թեմաներով համացանցում առկա հոդվածները և ստեղծել նորերը:

Պրակտիկայի ընթացքում ուսանողները ներգրավվելու են խմբային աշխատանքներում, հավաքագրելու և համակարգելու են Հայաստանի ու հայ ժողովրդի պատմության, գրականության, համաշխարհային պատմության և գրականության մասին տեղեկություններ, իրականացնելու են սկզբնաղբյուրների հետ աշխատանքներ, թարգմանություններ:

ԵՊՀ ԻՄ-ում տեղի ունեցած հանդիպման ընթացքում «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության աշխատակիցները կարևորեցին մեր ուսանողների և դասախոսների կողմից կատարվող աշխատանքները, այնուհետև համակարգչային սրահում փետրվարի 8-ին և 9-ին ուսանողները, ըստ խմբերի, ծանոթացան Վիքիպեդիայի հայերեն տիրույթում հոդվածներ տեղադրելու և խմբագրելու նրբություններին:

Գիտական խորհրդի նիստ

1․ գլխավորԵՊՀ Իջևանի մասնաճյուղում Ա. Հ. Մակարյանի նախագահությամբ կայացավ Գիտական խորհրդի՝ 2024 թ. առաջին նիստը, որի ընթացքում ներկայացվեցին ԵՊՀ ԻՄ կրթական ստորաբաժանումների ղեկավարների (ֆակուլտետների դեկանների)՝ 2022-2023 ուստարվա հաշվետվությունները՝ ըստ ԵՊՀ ԻՄ 2022-2026 թթ․ ռազմավարական ծրագրի, ԵՊՀ ԻՄ-ում դասավանդման որակի և արդյունավետության վերաբերյալ 2022-2023 ուստարվա ուսանողական հարցումների արդյունքները:

Առաջարկված փոփոխություններով հանդերձ՝ նիստում հաստատվեց ԵՊՀ ԻՄ-ում դասագրքերի և ուսումնամեթոդական այլ գրականության հրատարկման երաշխավորման գործընթացի կանոնակարգը, քննարկվեց Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի ասիստենտ, պ.գ.թ. Արա Կամոյի Ազատյանին ԵՊՀ գիտական խորհրդում դոցենտի գիտական կոչում ստանալու համար երաշխավորելու և միջնորդելու մասին հարցը:

ԵՊՀ ԻՄ ֆակուլտետների (Բնական գիտությունների, Տնտեսագիտության, Կիրառական արվեստի, Հումանիտար գիտությունների) դեկանները ֆակուլտետների կողմից մշակված գործողությունների պլաններին համապատասխան ներկայացրին հաշվետու ուստարում իրականացված աշխատանքների արդյունքները:

Իրենց հաշվետվություններում դեկանները մասնավորապես անդրադարձան գործողությունների իրականացման արդյունքում արձանագրված հիմնական հաջողություններին կամ ձեռքբերումներին, դրանք ի նպաստ ֆակուլտետի գործունեության արդյունավետության հետագա բարելավմանն օգտագործելուն, անհաջողություններին կամ դժվարություններին, դրանց առաջացման հիմնական պատճառներին և հաղթահարման ուղղությամբ իրականացվելիք քայլերին:

Ըստ ԵՊՀ ԻՄ 2022-2026 թթ․ ռազմավարական ծրագրի՝ չորս ֆակուլտետների դեկանների ներկայացրած 2022-2023 ուստարվա հաշվետվություններն ընդունվեցին ի գիտություն, և փակ, գաղտնի քվեարկության արդյունքների համաձայն՝ տվյալ ուստարում ֆակուլտետներում նրանց իրականացրած գործունեությունը գնահատվեց բավարար:

ԵՊՀ ԻՄ-ում դասավանդման որակի և արդյունավետության վերաբերյալ 2022-2023 ուստարվա ուսանողական հարցումների արդյունքները ներկայացնելիս նշվեց, որ Ուսումնամեթոդական վարչությունը ֆակուլտետների հետ համատեղ դրանք կազմակերպել է համաձայն գործող կարգի, հարցաշարի և ժամանակացույցի: Առաջին կիսամյակի հարցումներն առկա ուսուցմամբ սովորողների համար իրականացվել են փետրվարի 7-22-ը, հեռակա ուսուցմամբ սովորողների համար՝ մարտի 10-25-ը, իսկ երկրորդ կիսամյակի հարցումները՝ հուլիսի 1-ից մինչև սեպտեմբերի 7-ը (առկա և հեռակա ուսուցմամբ սովորողների համար): Թե՛ առկա, թե՛ հեռակա ուսուցման համակարգերում հարցումներն իրականացվել են առցանց եղանակով, համալսարանական էլեկտրոնային հասցեների միջոցով:

Հարցաշարի առաջին երկու հարցերը, որոնք վերաբերում են կոռուպցիոն երևույթներին, մասնաճյուղում տոկոս չեն կազմում: Երրորդ հարցը վերաբերում է կրթական ծրագրերի ղեկավարների աշխատանքին: Առկա ուսուցման համակարգում հարցին պատասխանել է 223 ուսանող, որից 191-ը (90%) արդյունավետ է համարել կրթական ծրագրերի ղեկավարների աշխատանքը, իսկ հեռակա ուսուցման համակարգում հարցին պատասխանել է 57 ուսանող, որից 55-ը (97%) նույնպես համարել է արդյունավետ:

Մյուս հարցերը վերաբերում էին ֆակուլտետների, դեկանատների, մասնագիտական ամբիոնների և դասախոսների կողմից կրթության կազմակերպման և իրականացման աշխատանքների գնահատմանը:

Հարցման արդյունքներն ուղարկվել են ֆակուլտետներ և մասնագիտական ամբիոններ՝ նիստերում քննարկելու, արտահայտված կարծիք-առաջարկների, խնդիրների լուծման վերաբերյալ առաջարկությունների փաթեթ ներկայացնելու նպատակով:

Ըստ վերջին հարցի շուրջ անցկացված փակ, գաղտնի քվեարկության արդյունքների (միաձայն՝ 29 կողմ ձայնով)՝ որոշվեց դոցենտի գիտական կոչում ստանալու համար երաշխավորել Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի ասիստենտ, պ.գ.թ. Ա. Ազատյանին, միջնորդել ԵՊՀ գիտական խորհրդին՝ նրան շնորհել դոցենտի գիտական կոչում և համապատասխան առաջարկով դիմել ՀՀ ԲՈԿ:

«Տարվա ուսանող 2023» միջազգային մրցույթի 5 անվանակարգում մեր ուսանողն արժանացել է դիպլոմների

1. IMG_8861 Օրերս ամփոփվել են 2023 թ. դեկտեմբերի 30-ին Ռուսաստանի Նիժնի Նովգորոդ քաղաքում անցկացված «Տարվա ուսանող 2023» միջազգային մրցույթի արդյունքները, որոնց համաձայն՝ ԵՊՀ ԻՄ բնական գիտությունների ֆակուլտետի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանող Սահակ Գեղամի Գուլակյանը 5 անվանակարգում արժանացել է դիպլոմների:

«Տարվա ուսանող 2023» միջազգային մրցույթին մասնակցել են Հայաստանի, Տաջիկստանի, Ղազախստանի և Ռուսաստանի բուհերի բակալավրատի, մագիստրատուրայի և ասպիրատուրայի ուսանողներ:

Միջազգային մրցույթը, ինչպես նշում են կազմակերպիչները, ակտուալ և նշանակալից իրադարձություն է, որի նպատակն է ճանաչել և աջակցել տաղանդավոր ուսանողներին ամբողջ աշխարհում: Այն թույլ է տալիս ընդգծել և ոգեշնչել երիտասարդ առաջնորդներին, ովքեր կկարողանան լուծել արագ փոփոխվող տեխնոլոգիաների, սոցիալական և բնապահպանական  խնդիրները և ստեղծել պայծառ ապագա:

«Տարվա ուսանող 2023» միջազգային մրցույթն անցկացվել է 17 անվանակարգում: Ընդհանուր թվով 47 մասնակիցներ արժանացել  են 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի 80 մրցանակի:

Հայաստանից «Տարվա ուսանող 2023» միջազգային  մրցույթին մասնակցել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի բնական գիտությունների ֆակուլտետի ուսանող Սահակ Գուլակյանը՝ 5 անվանակարգում ստանալով տարբեր կարգի դիպլոմներ:

«Երիտասարդ նորարար» անվանակարգում Ս. Գուլակյանն արժանացել է 1-ին կարգի դափնեկրի դիպլոմի, «Տարվա էկոլոգիական պաշտպան» անվանակարգում՝ հաղթողի 2-րդ կարգի դիպլոմի, «Տարվա միջազգային ուսանող», «Երիտասարդ հետազոտող» և «Տարվա բեկում» անվանակարգերում՝ հաղթողի 3-րդ կարգի դիպլոմի:

Միջազգային մրցույթին նախապատրաստվելու գործում Սահակ Գուլակյանին ցուցաբերված մասնագիտական աջակցության և տարբեր անվանակարգերում դիպլոմներ ստանալու համար շնորհակալագրերի է արժանացել գիտական ղեկավար, ԵՊՀ ԻՄ ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դոցենտ, ֆ.մ.գ.թ. Ալեքսան Մարգարյանը:

Մասնաճյուղի ղեկավարության և ամբողջ անձնակազմի անունից սիրով շնորհավորում ենք Սահակ Գուլակյանին՝ նրան մաղթելով նորանոր ձեռքբերումներ ու հաջողություններ ուսման մեջ և կյանքում, նախաձեռնողականություն և նպատակասլացություն, ամենայն բարիք:

Մրցույթի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://students.interclover.ru/econ/student.html:

Տեղի ունեցավ «Ընդհանուր մանկավարժություն» մասնագիտության մագիստրոսական թեզերի պաշտպանությունը

1․ գլխավոր 2024 թ. փետրվարի 3-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ «Ընդհանուր մանկավարժություն» մասնագիտության «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրի ավարտական կուրսի մագիստրոսական թեզերի պաշտպանությունը:

ԵՊՀ ԻՄ տնօրենի պաշտոնակատար Ա. Մակարյանը պաշտպանությունից առաջ ողջունեց ապագա մագիստրոսներին և հանձնաժողովի անդամներին՝ նրանց ցանկանալով հաջող և արդյունավետ պաշտպանություն:

Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը նախագահում էր Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի մանկավարժության և լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, մ․գ․թ․, դոցենտ Լուիզա Միլիտոսյանը:

Աշխատանքներն իրականացվել էին համաձայն ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում հեռակա ուսուցման մագիստրոսական թեզի պատրաստման և գնահատման կարգի։ 

Ըստ արդյունքների՝ պաշտպանությանը մասնակցող 13 ուսանողներից 8-ը գնահատվել է «գերազանց», 5-ը՝ «լավ»:

Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի կարծիքով՝ պաշտպանությունը կազմակերպված էր բարձր մակարդակով, ապահովված էին բոլոր պայմանները բնականոն ընթացքի համար: Ընդհանուր առմամբ բոլոր աշխատանքներում տեսական, գործնական և հետազոտական արդյունքները արժանահավատ և հիմնավորված էին: Հետազոտության արդյունքները մշակված էին և արտահայտված տրամագրերում՝ համապատասխան որակական վերլուծություններով:

Մագիստրոսական թեզերի թեմաները հետաքրքիր էին, արդիական, մասնագիտական որակավորմանը համապատասխան: Դրանք շարադրված էին գիտական լեզվով, պահանջների համաձայն:

Որոշ աշխատանքներ կարող են հետագայում ունենալ իրենց զարգացումը՝ խորացնելով հետազոտությունը ուսումնառության հաջորդ մակարդակում:

Հետագա բարելավման ուղղությամբ հանձնաժողովն արել է հետևյալ նկատառումները և դիտարկումները.

  • Որոշ դեպքերում հետազոտության նպատակը և խնդիրները հստակ ձևակերպման կարիք ունեին:
  • Ցանկալի է օգտագործել նաև հայալեզու մասնագիտական գրականություն՝ ներառելով նորագույն հետազոտություններ:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ղեկավարության և անձնակազմի անունից սիրով շնորհավորում ենք «Ընդհանուր մանկավարժություն» մասնագիտությամբ մագիստրատուրայի 2024 թ. շրջանավարտներին, նրանց ցանկանում մասնագիտական առաջընթաց և հաջողություններ, ձեռք բերված գիտելիքների, կարողությունների և հմտությունների նպատակային և արդյունավետ կիրառում: