Կայացավ «Նրանք ապրում են» խորագրով հուշ-ցերեկույթը՝ նվիրված Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին

#ARstudio

 2019թ. ապրիլի 3-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ «Նրանք ապրում են» խորագրով գրական-երաժշտական հուշ-ցերեկույթը՝ նվիրված Ապրիլյան պատերազմում զոհված հայորդիների սուրբ հիշատակին:

Միջոցառումը կազմակերպվել էր Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Ալիսա Հասանյանի, «ՀԼԳ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Նինա Հարությունյանի և «Պատմություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Շիրակ Գասպարյանի համատեղ ջանքերով:

Ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամներ, Իջևանի զորամասի ներկայացուցիչներ՝ հրամանատարի տեղակալ Նվեր Մանգասարյանը, զորամասի գնդերեց Ռուբեն սարկավագ Արզումանյանը, մի շարք սպաներ, զինվորներ, մարզի հերոս, Ապրիլյան պատերազմում զոհված Վլադիմիր Ալիխանյանի ընտանիքի անդամները, Մակարավանքի հոգևոր հովիվ Արշավիր քահանա Ասատրյանը, ուսանողներ, հյուրեր, քաղաքացիներ:

Գրական-երաժշտական միջոցառմանը մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի տարբեր մասնագիտությունների ուսանողներ (Լիանա Ներսիսյան, Արայիկ Շահնազարյան, Թագուհի Սահակյան, Զինա Ոսկանյան, Մերի Պետրոսյան, Նինա Հարությունյան, Գուրգեն Դալյան, Լիանա Ալավերդյան, Անի Մարտիրոսյան, Լիանա և Դիանա Յարալյաններ, Գոհար Մխիթարյան, Մարգարիտ Թամրազյան, Ասպրամ Վերանյան և ուրիշներ):

Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին մեր քաջ հերոսների հիշատակը, ապա սկսվեց միջոցառումը:

Լեփ-լեցուն դահլիճում հուզական մթնոլորտ էր տիրում:

Ներկայացվեցին պատերազմի թեմայով ոգեշունչ երգեր ու բանաստեղծություններ («Ախպերս ու ես», «Գոյամարտ», «Հայ զինվոր», «Հպարտ եմ ես», «Մարտում», «Դուք գնացիք կռիվ և ասացիք՝ կգա՛նք», «Կարմիր կակաչները», «Վերադարձի՛ր տուն», «Հայրենիք», «Բալլադ զինվորի մասին», «Խաղաղություն ամենքի՛ն և ամենո՜ւր»):

Ընտանիքի անդամների, շրջապատող մարդկանց ու ընկերների խոսքերի հիման վրա գծագրվեց մարզի հերոս, Ապրիլյան պատերազմում զոհված Վլադիմիր Ալիխանյանի հերոսական կերպարը. շնորհանդեսի ուղեկցությամբ հանգամանորեն ներկայացվեց հերոսի անցած ուղին՝ նրա երազանքները, պատերազմի ընթացքում ունեցած ապրումներն ու հույսերը, պատգամը մեզ:    

Գրական-երաժշտական ցերեկույթի ընթացքում սրտառուչ ելույթ ունեցան 2016թ. Ապրիլյան պատերազմին մասնակցած, այժմ ԵՊՀ ԻՄ-ի աշխատակիցներ, գրադարանի վարիչ, Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դասախոս Վլադիմիր Պողոսյանը, Մասնագիտական կողմնորոշման և պրակտիկայի կազմակերպման բաժնի տեսուչ, Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դասախոս Սլավիկ Ալավերդյանը՝ պատմելով թշնամու հանկարծակի հարձակման, այդ պահին իրենց ապրած զգացումների, արագ կողմնորոշվելու, ձեռնարկած գործողությունների, պատերազմի ընթացքի և դրանից արված հետևությունների մասին, այն, որ ծառայության, հայրենիքի պաշտպանության խորհուրդը պիտի լինի պատրաստ լինելով զոհվելու՝ ապրելն ու ապրեցնելը, հայրենիքը շենացնելը:

Վերջում ընթերցվեց Իջևանի զորամասի հրամանատարի ուղերձը, ելույթ ունեցան զորամասի հրամանատարի` անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, փոխգնդապետ Նվեր Մանգասարյանը, զորամասի հոգեբան, մասնաճյուղի դասախոս Վ.Չոբանյանը, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Ա. Վ. Ցուցուլյանը:

Նրանք իրենց գոհունակությունը հայտնեցին բարձր մակարդակով իրականացված միջոցառման կազմակերպիչներին ու մասնակիցներին՝ ընդգծելով, որ անպարտ է այն ազգը, որն ունի նման սերունդ, նման հայրենանվեր երիտասարդներ, ովքեր պատրաստ են իրենց կյանքի գնով պաշտպանելու հայրենի հողը, սաստելու ոսոխի ամեն մի ոտնձգություն, և անկոտրում է հատկապես այն զինվորի ոգին, որն ունի ամուր թիկունք՝ ի դեմս իրեն ամեն կերպ սատարող, սրտակցող ու քաջալերող ժողովրդի:   

Միջոցառումը եզրափակվեց Մակարավանքի հոգևոր հովիվ Արշավիր քահանա Ասատրյանի օրհնության խոսքով ու աղոթքով:

Միջոցառման բոլոր լուսանկարները տե՛ս  Պատկերասրահում:

ԵՊՀ մշակույթի կենտրոնի կողմից Իջևանում բեմադրվեց «Հայկական էսքիզներ» ներկայացումը

#ARstudio

 2019թ. ապրիլի 2-ին ԵՊՀ մշակույթի կենտրոնի կողմից Իջևանի մշակույթի տանը բեմադրվեց «Հայկական էսքիզներ» ներկայացումը՝ վերածվելով իսկական մշակութային տոնի ամբողջ քաղաքի համար:

Ներկայացումը դիտելու էին եկել ոչ միայն ԵՊՀ ԻՄ-ի աշխատակիցները և ուսանողները, այլև մարզի տարբեր ոլորտների, թատերասեր հասարակության ներկայացուցիչներ, հյուրեր, քաղաքացիներ:

Ինչպես հայտնի է, ներկայացման հիմքում ընկած է Վարդգես Պետրոսյանի «Հայկական էսքիզներ» էսսե-վիպակը: Պիեսի համահեղինակներն են ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը և «Անկախության սերնդի ձայնը» մրցույթ-փառատոնի գրական մրցույթում «Անդին»-ի մրցանակը շահած Անի Միքայելյանը, հագուստների ձևավորումն իրականացրել է «Տերյան» մշակութային կենտրոնի տնօրեն Լիլիթ Մելիքյանը, կերպարները մարմնավորել են ԵՊՀ ուսանողները՝ ԵՊՀ մշակույթի կենտրոնի «Համալսարանական» թատրոն-ստուդայի սաները:

Վ.Պետրոսյանի «Հայկական էսքիզներ» ստեղծագործությունը պատմում է հայ ժողովրդի անցած ճանապարհի, նրա դժվարությունների, հեղափոխությունների ու պատերազմների, դրանց հետևանքների, աշխարհասփյուռ հայության և այդ ամենի մեջ իսկական հայի կերպարի մասին:

Անդրադառնալով այդ ամենին՝ ներկայացման հեղինակները ստեղծել են հայրենասիրական թեմատիկայով և նոր ձևաչափով ներկայացում, որը նպատակ ունի այսօրվա սերնդի մտածողության մեջ սերմանելու այնպիսի հայրենասիրական գաղափարներ, որոնցում կարևորություն է տրված ոչ թե ողբին ու կորուստներին, այլ սեփական երկրի համար պայքարող, արարող և նրա համար ապրող տեսակին:

Ներկայացման հեղինակների կողմից կատարվել են խմբագրական աշխատանքներ, ինչպես նաև ավելացումներ վերջին Արցախյան ու Ապրիլյան քառօրյա պատերազմների և նրանց հերոսների մասին:

Տիկին Դավթյանի խոսքով՝ ստեղծագործությունը գրվել է մի ժամանակաշրջանում, որից հետո հայ ժողովրդի կյանքում տեղի են ունեցել շատ կարևոր իրադարձություններ՝ Արցախյան հերոսամարտը, Ապրիլյան պատերազմը, որն իր վրա մեծ ազդեցություն է ունեցել: Նա իր հոգու պարտքն է համարել «Հայկական էսքիզներում» ավելացնել այդ երկու կարևոր դրվագները՝ իրենց հերոսներով:       

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հետ Մշակույթի կենտրոնի համագործակցությունը սկսվել է դեռևս նախորդ տարվանից, երբ բուհի տնօրենությունը կենտրոնին առաջարկել էր կազմակերպելու շրջանավարտներին դիպլոմներ հանձնելու արարողությունը: Եվ ահա մասնաճյուղի ղեկավարության առաջարկով 2019թ. ապրիլի 2-ին էլ Իջևանի մշակույթի տանը բեմադրվեց «Հայկական էսքիզներ» ներկայացումը՝ նվիրված Ապրիլյան պատերազմի հերոսներին:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և ԵՊՀ մշակույթի կենտրոնի համագործակցությունը կշարունակվի. նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ևս Մշակույթի կենտրոն ստեղծելու մասին:

Միջոցառման բոլոր լուսանկարները տե՛ս  Պատկերասրահում

Հարցազրույց Վալանսի հայկական ռադիոյում

56119851_419144012180147_1588242042356498432_n

 2019թ. ապրիլի 1-ին ԵՊՀ ԻՄ-ի պատվիրակությունը հյուրընկալվեց Վալանսի հայկական ռադիոյում: Նրանց ջերմորեն դիմավորեցին ռադիոյի տնօրեն պարոն Րաֆֆի Ստեփանյանը և հաղորդավարուհի տիկին Սուսաննա Փահլևանյանը, ով վարում է «Հարցազրույց» խորագրով հաղորդումը: Տիկին Սուսաննան ռադիոյի ուղիղ եթերում հարցազրույց ունեցավ մասնաճյուղի ուսանողների հետ:

Հաղորդման սկզբում նա ռադիոլսողներին ներկայացրեց պատվիրակության անդամներին և նշեց, որ իրենք հպարտ են հյուրընկալելու Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն.Փաշինյանի ֆրանսերենի ուսուցչուհի Ա.Մարդանյանին և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողներին:

Այնուհետև տիկին Մարդանյանը խոսեց Վալանս-Իջևան բարեկամական կապերի, ուսանողների փոխանակման ծրագրի, հյունկալող ընտանիքների ջերմ ընդունելության մասին: Նա ընդգծեց փոխանակման ծրագրի վիթխարի նշանակությունը՝ լեզվական և մշակութային առումներով: Ա.Մարդանյանը շնորհակալություն հայտնեց հրավիրող կողմի թիմին, ինչպես նաև Իջևանի գինու և կոնյակի, «Բենտոնիտ», «Քարարտ» գործարանների ղեկավարությանը, Իջևանի քաղաքապետարանին, Սևքարի, Աչաջրի, Գետահովիտի, Գանձաքարի գյուղապետարաններին՝ այցի կայացմանն աջակցելու համար:

Այնուհետև հաղորդավարի արհեստավարժ հարցերի միջոցով, անկաշկանդ մթնոլորտում ուսանողները պատմեցին իրենց տպավորությունների, «Մաեստրիս» բարձրագույն դպրոցում ստացած գիտելիքների, հյուրըկալող ընտանիքների մասին:

Կայացավ «Մարդկային ռեսուրսների կառավարում» թեմայով քննարկում

IMG_3907

 2019թ. մարտի 28-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ «Մարդկային ռեսուրսների կառավարում» թեմայով քննարկում, որը վարում էր «Պենտա» ընկերության կառավարման և զարգացման խորհրդատու, անհատ ձեռնարկատեր, ֆիզ.մաթ. գիտ. թեկնածու Կարեն Սարգսյանը: Նա ՄՌԿ սերտիֆիկացիան ստացել է 2003թ., մասնավորների համար իրականացրել է ՄՌԿ թրեյնինգներ և խորհրդատվություն՝ սկսած 2006 թվականից, ունի կազմակերպությունների զարգացման և փոփոխությունների կառավարման գործնական փորձառություն:

Քննարկմանը մասնակցում էին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ստորաբաժանումների ղեկավարները և աշխատակիցներ:

«Մարդկային ռեսուրսների կառավարում» թեմայով քննարկման ընթացքում խոսվեց մոտիվացիայի մասին՝ որպես զարգացման գործիքի:

 Ներկայացվեցին մարդկային ռեսուրսների կառավարման հիմնական բաղադրիչները և դրանց փոխկապակցվածությունը կազմակերպության գործունեության փուլերի հետ:

ԵՊՀ ԻՄ-ի աշխատակիցների մասնակցությամբ ծավալվեց ակտիվ քննարկում:

Բուհում մարդկային ռեսուրսների կառավարումը բարելավելու հարցի շուրջ մասնակիցներն արտահայտեցին իրենց տեսակետները և հանդես եկան առաջարկներով: 

 

Մեր ուսանողները՝ Համաբուհական ուսանողական բանավեճում

4 (1)

 2019թ. մարտից մեկնարկել է ՀՀ բոլոր բարձրագույն և միջին մասնագիտական կրթական հաստատությունների ուսանողների համար նախատեսված Համաբուհական ուսանողական բանավեճի առաջնությունը, որին մասնակցում են նաև ԵՊՀ ԻՄ-ի ուսանողներ:

Մասնակիցները նախ անցան ոլորտային փորձառու, կոմպետենտ մասնագետների կողմից իրականացված որակավորման երկշաբաթյա դասընթացներ, որոնց կհաջորդի մրցութային փուլը:

Կայացան որակավորման երեք դասընթացներ:

Մարտի 25-ին «Jinishian Memorial Foundation»-ի գրասենյակում տեղի ունեցավ համաբուհական ուսանողական բանավեճի առաջնության որակավորման առաջին դասընթացը՝ «Բանավեճի կառուցվածք և հմտություններ» թեմայով: Քննարկման բանախոսն էր Youth Engaged in Society – YES ծրագրի պատասխանատու Զարուհի Համբարձումյան-ը, ով խորությամբ ներկայացրեց «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի կողմից մշակված բանավեճի ֆորմատը։ 

Մարտի 27-ին տեղի ունեցավ համաբուհական ուսանողական բանավեճի առաջնության որակավորման երկրորդ դասընթացը՝ «Քննադատական միտք» թեմայով: Բանախոսն էր Եվրասիա համագործակցության հիմնադրամի ծրագրերի տնօրեն Mikayel Hovhannisyan-ը: Թիմերը մեծ ոգևորությամբ մասնակցեցին քննարկմանը և հղեցին իրենց հուզող բոլոր հարցերը:

Մարտի 29-ին տեղի ունեցավ համաբուհական ուսանողական բանավեճի առաջնության որակավորման վերջին դասընթացը՝ «Մեդիագրագիտություն» թեմայով։ Բանախոսն էր media.am-ի գլխավոր խմբագիր Gegham Vardanyan-ը։
Ծավալվեց հետաքրքրիր քննարկում, որի ընթացքում պարոն Վադանյանը պատասխանեց թիմերին հետաքրքրող բոլոր հարցերին:

Համաբուհական ուսանողական բանավեճի առաջնությանը կմասնակցեն 21 թիմ՝ ավելի քան 120 մասնակից ՀՀ տարբեր մարզերի ուսումնական հաստատություններից:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը՝ “Believers” թիմը,  կմրցի ԵՊՀ-ի «Սլիզերին» թիմի դեմ: “Believers”-ը հանդես կգա որպես դեմ:

Հաջող, հետաքրքիր և բովանդակալից բանավեճ ենք մաղթում բոլոր մասնակիցներին և հատկապես ԵՊՀ ԻՄ-ի “Believers” թիմին: