ԵՊՀ ԻՄ-ի ուսանողներին ներկայացվեց «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագիրը

IMG_3347

 2019թ. մարտի 13-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցելեցին «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի հավաքագրման և ներգրավման ղեկավար Գոռ Նազարյանը և հավաքագրման մասնագետ Անժելա Ավագյանը:

Հանդիպմանը ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի օգնական, Արտաքին կապերի բաժնի վարիչ Արման Եգանյանը, նույն բաժնի՝ շրջանավարտների և արտաքին շահակիցների հետ տարվող աշխատանքների համակարգող Էրինե Ղարայանը, ավարտական կուրսերի մի քանի տասնյակ ուսանողներ:

Ներկայացվեցին կրթական հիմնադրամի նպատակը և առաքելությունը, ծրագրին մասնակցելու առավելությունները և նվազագույն պահանջները, դիմելու կարգը և ընտրության փուլերը, այնուհետև հիմնադրամի ներկայացուցիչները պատասխանեցին ներկաների հարցերին, տրամադրեցին տեղեկատվական նյութեր և այցեքարտեր:

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ն իրականացնում է Առաջնորդության զարգացման երկամյա ծրագիր, որը միտված է բացահայտելու մասնակիցների մասնագիտական և առաջնորդական ներուժը՝ միաժամանակ նպաստելով գյուղական համայնքների զարգացմանը:

Հավաքագրելով և վերապատրաստելով համալսարանների շրջանավարտներին ու երիտասարդ մասնագետներին՝ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը նրանց գործուղում է Հայաստանի մարզային այն դպրոցներ, որտեղ կա ուսուցչի կարիք։

Ծրագիրն արդեն ունի 42 շրջանավարտ (կրթության դեսպան), իսկ այժմ 102 մասնակիցներ աշխատում են ՀՀ 6 մարզերի և Արցախի 85 դպրոցներում՝ դասավանդելով 11703 աշակերտի:

Ծրագրին կարող են դիմել բոլորը՝ անկախ մասնագիտությունից։ Առաջնահերթ պահանջն է 2019թ. հուլիս ամսվա դրությամբ բակալավրի աստիճանի առկայությունը:

Կարող են դիմել նաև հանրակրթական դպրոցում դասավանդվող առարկաներին մոտ մասնագիտություն ունեցող և անգամ մանկավարժի որակավորում չունեցող անձինք. հիմնադրամը վճարում է մանկավարժության մագիստոսի աստիճանի ձեռքբերման համար ուսման վարձը:

Ծրագրի մասնակիցները, բացի այդ, ստանում են.

  • մասնագիտական աճի հնարավորություն,
  • մարզային համայնքների զարգացմանը նպաստելու հնարավորություն,
  • դրամական աջակցություն,
  • նորարար մտքերը և նախագծերը իրականացնելու հարթակ,
  • առաջնորդության հմտությունների զարգացման հնարավորություն,
  • գաղափարակից մարդկանց հետ կապերի հաստատում,
  • կարիերայի զարգացման հնարավորություն:

Ընտրությունը նախատեսում է մի քանի փուլ, որից հետո ընտրված մասնակիցներն անցնելու են 5 շաբաթ տևողությամբ վերապատրաստում (ամառային դպրոց):

Հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերը վերաբերում էին համայնքի ընտրությանը, դրամական աջակցության չափին, մանկավարժի որակավորում ստանալուն և ընտրության չափանիշներին:

Նշվեց, որ համայնքների ընտրությունը կախված է դասավանդվող առարկայի պահանջարկից, իսկ դրամական աջակցության չափը սահմանվել է հետազոտությունների ու հարցումների հիման վրա, և բավականացնում է կենցաղային, տրանսպորտային և այլ ծախսեր հոգալուն:

Սոցիալական փոփոխության հասնելու այս հաջողված ծրագիրն ունի ավելի քան 25 տարվա պատմություն և կիրառվում է աշխարհի շուրջ 50 երկրում, որոնք համախմբվել են «Teach For All» («Կրթություն բոլորի համար») միջազգային ցանցի ներքո։

«Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ լրացնելով առցանց հայտադիմումը:

Դիմելու վերջնաժամկետներն են մարտի 31-ը և ապրիլի 30-ը:

Ծրագրի մասին այլ տեղեկություններ կարող եք իմանալ հետևյալ հղումով, ինչպես նաև գրելով apply@teachforarmenia.org էլեկտրոնային հասցեին:

Ակնարկային դասախոսություններ վարեցին Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտները

Untitled

 2019թ. մարտի 12-ին և 13-ին ԵՊՀ ԻՄ-ի հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտներ Ա.Սարհատյանը և Ա.Հասանյանը ակնարկային դասախություններ վարեցին Իջևանի վարժարանում և Իջևանի ավագ դպրոցում:

Վարժարանի 10-րդ դասարանի աշակերտների համար դասախոսություն կարդաց Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Աիդա Սարհատյանը, իսկ ավագ դպրոցի 12-րդ դասարանի հումանիտար հոսքի աշակերտների համար՝ նույն ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Ալիսա Հասանյանը:

Նրանք խոսեցին հայոց լեզվի և գրականության դերի ու նշանակության, առօրյա խոսքում հանդիպող սխալների, գրական լեզվի և բարբառների առնչությունների, խոսքի մշակույթի, ընթերցանության և աշակերտներին հետաքրքրող լեզվական այլ հարցերի վերաբերյալ:

ԵՊՀ ԻՄ-ի ներկայացուցիչները նաև անդրադարձան մասնագիտական կողմնորոշման խնդիրներին, աշակերտներին ներկայացրին բուհում գործող մասնագիտությունները և դրանց ընձեռած հնարավորությունները:

Կայացավ «Տավուշի մարզի պատմաճարտարապետական հուշարձանները և դրանց տեղադրությունը» թեմայով դաս-քննարկում

DSCN6200

 2019թ. մարտի 7-ին ԵՊՀ ԻՄ-ի գրադարանում տեղի ունեցավ հանդիպում  վաստակաշատ լրագրող, գրող, հրապարակախոս, բանահավաք և հետազոտող Ռուբեն Սիմոնյանի հետ, ով իր գիտական գործունեության ընթացքում հասցրել է ուսումնասիրել Տավուշի մարզի բնակավայրերի պատմությունը, առանձին գրքեր է հրատարակել տարբեր համայքների մասին, ինչպես նաև զբաղվում է տոհմագրությամբ:

Հանդիպման նպատակն էր «Պատմություն» մասնագիտության ուսանողների հետ անցկացնել «Տավուշի մարզի պատմաճարտարապետական հուշարձանները և դրանց տեղադրությունը» թեմայով դաս-քննարկում, որին մասնակցում էր նաև ԵՊՀ ԻՄ-ի հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դասախոս, գրադարանի վարիչ Վլադիմիր Պողոսյանը:

Դաս-քննարկման ընթացքում Ռ.Սիմոնյանը ներկայացրեց մարզի հայտնի պատմաճարտարապետական հուշարձանների պատմությունը, հատկապես այն հուշարձանները, որոնք ունեն ուսումնասիրության կարիք և հանիրավի դուրս են մնացել հետազոտողների տեսադաշտից. «Փորձենք փոքրիշատե անդրադառնալ Միջնադարյան Հայաստանի նշանավոր ամրոցներից մեկի՝ Կայան բերդի տեղադրության խնդրին, որն այսօր էլ զբաղեցնում է մասնագետների միտքը: Մեր համոզմամբ՝ այդ հուշարձանի տեղի հստակեցումով հնարավոր կլինի ճշտել պատմական այլ իրողություններ, իսկ հետազոտողները կձերբազատվեն հետագա անպտուղ որոնումներից։ Իջևանի լեռնաշղթայից դեպի Ասղստև գետի ձախափնյակ սլաքվող, երկու խոր ձորերի արանքում բարձացող  թերակղզին անտառապատ ու քարքարոտ լեռնաբազուկ է, որը տեղացիներին հայտնի է Էվլիկուտի յալ անունով։ Սակայն նրա ինչ լինելը տեղացիներից շատերին անհայտ է, քանի որ ամբողջովին քարակարկառներով ծածկված լինելու հանգամանքով հետաքրքրություն չի ներկայացնում: Երկու կատարների եզրերով ձգվում է քարակուռ բերդապարիսպը, որը որոշ հատվածներում պահպանվել է 2.5-3 մետր բարձրությամբ, իսկ ուղղաձիգ քարափներին հանդիպելիս ընդհատվում է, քանզի դրանց մոտենալը պարզապես անհնարին է եղել հարձակվողների համար և տարածքի ընդարձակությունը հնարավորություն է տվել այդտեղ տեղավորելու գավառի ամբողջ բնակչությանը»:

Բանախոսը ներկայացրեց նաև Տավուշի մարզի մնացած հուշարձանները, դրանց տեղադրությունը և ուսումնասիրություն իրականացնելու անհրաժեշտությունը:

Գրադարանի վարիչ Վ.Պողոսյանը շնորհակալություն հայտնեց Ռուբեն Սիմոնյանին, ցանկություն արտահայտեց հետագայում ևս կազմակերպել հանդիպումներ և այցեր հուշարձաններ, ինչպես նաև իրականացնել Ռուբեն Սիմոնյանի նորահրատարակ «Իջևան» գրքի քննարկումը:

Կայացավ կանանց տոնին նվիրված ցուցահանդեսի հանդիսավոր բացումը

1

 2019թ. մարտի 7-ին Իջևանի քաղաքային պատկերասրահում հանդիսավոր կերպով բացվեց ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի դասախոսների և ուսանողների աշխատանքների ցուցահանդեսը՝ նվիրված կանանց տոնին:

Ֆակուլտետում ձևավորված գեղեցիկ ավանդույթի համաձայն՝ գարնան և կանանց տոնի մեկնարկն ազդարարվում է ցուցահանդեսի հանդիսավոր բացմամբ, որը սիրո, հարգանքի և մեծարանքի տուրք է մեր սիրելի մայրերին, կանանց, քույրերին ու դուստրերին:

Ցուցահանդեսի բացմանը մասնակցում էին մարզի տարբեր ոլորտների, Իջևանի քաղաքային իշխանությունների, ԵՊՀ ԻՄ-ի տնօրենության ներկայացուցիչներ, արվեստագետներ, դասախոսներ, ուսանողներ, ուսուցիչներ, աշակերտներ, շրջանավարտներ, քաղաքացիներ:

Բացման խոսքով հանդես եկան ցուցահանդեսի գլխավոր կազմակերպիչ, ԵՊՀ ԻՄ-ի գծանկարի, գունանկարի և քանդակի ամբիոնի  դոցենտ,  ՀՆՄ վարչության անդամ Համլետ Ասատրյանը, Իջևանի քաղաքապետարանի մշակույթի բաժնի վարիչ Լիլիթ Ղալումյանը, մշակութաբան Անի Կոստանդյանը, ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Արտակ Ցուցուլյանը, Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Ալեքսան Մարգարյանը, ովքեր ջերմորեն շնորհավորեցին Գեղեցիկ սեռի բոլոր ներկայացուցիչներին՝ գարնանային չքնաղ տոնի առթիվ հղելով սիրո, գեղեցկի, բարու մաղթանքներ:

Այնուհետև ցուցահանդեսի կազմակերպիչներին ու մասնակիցներին պարոն Ցուցուլյանը հանձնեց հավաստագրեր, և կանանց տոնին նվիրված ցուցահանդեսը հայտարարվեց բացված:

Ցուցահանդեսում ընդգրկված են Կիրառական արվեստի ֆակուլտետի 9 դասախոսի և 10 ուսանողի՝ բազմաբնույթ ու բազմաժանր, հետաքրքիր ու ինքնատիպ 75 աշխատանքներ:

 «Կանանց տոնին նվիրված այս ցուցահանդեսը, – հարցազրույցի ընթացքում շեշտեց պարոն Ասատրյանը, – աննախադեպ է իր բազմաժանրությամբ՝ գեղանկար, քանդակ, կիրառական արվեստ, գրաֆիկա, գոբելեն, բատիկա, ապակենկարչություն, կերամիկա և այլն»:

Պայծառ ու շքեղ գույներով փայլող աշխատանքները պատկերասրահը ողողել են գարնանային թարմ տրամադրությամբ, գեղեցկության ու կանացիության շնչով, տաքուկ գույների չարաճճի խաղով:

Ցուցահանդեսը կտևի մինչև մարտի 20-ը:

Բոլոր լուսանկարները տե՛ս Պատկերասրահում:

Ա. Վ. Ցուցուլյանը ակնարկային դասախոսություն կարդաց Իջևանի ավագ դպրոցում

IMG_7378

 2019թ. մարտի 7-ին ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար, Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դոցենտ, ֆ.մ.գ.թ. Արտակ Ցուցուլյանը և Մասնագիտական կողմնորոշման և պրակտիկայի կազմակերպման բաժնի տեսուչ Սլավիկ Ալավերդյանը այցելեցին Գառնիկ Անանյանի անվան Իջևանի ավագ դպրոց:

Դպրոցի տնօրեն Գայանե Էդիլյանը համալսարանականներին ներկայացրեց 12-րդ դասարանի աշակերտներին:

Այնուհետև պարոն Ցուցուլյանը հանդես եկավ մաթեմատիկային նվիրված ակնարկային դասախոսությամբ, որի ընթացքում աշակերտներին ներկայացրեց կյանքում և տարբեր ոլորտներում մաթեմատիկայի դերն ու կիրառությունները, թվարկեց այն մասնագիտությունները, որոնց համար անհրաժեշտ են մաթեմատիկական գիտելիքներ:

Նա մասնավորապես անդրադարձավ անտիկ շրջանից հայտնի հետաքրքրաշարժ խնդիրներին (Շրջանի մակերեսի, Երկրագնդի շառավղի հաշվարկ), ապացուցման մեթոդներին (հակասող ենթադրություն, մաթեմատիկական ինդուկցիա) և մաթեմատիկական մոդելներին:

Վերջում ԵՊՀ ԻՄ-ի ներկայացուցիչներն աշակերտներին ծանոթացրին ԵՊՀ ԻՄ-ի՝ 2019թ. առկա ընդունելության մասնագիտություններին և անհրաժեշտ քննություններին, պատասխանեցին աշակերտներին հետաքրքրող հարցերին և հույս հայտնեցին ապագայում նրանց տեսնել արդեն ուսանողի կարգավիճում: