Հանդիպումներ Տավուշի մարզի դպրոցներում

2018թ. հոկ­տեմբերի 1-20-ը ԵՊՀ ԻՄ-ի մասնագիտական կողմնորոշման և պրակտիկայի կազմակերպման բաժինը հանդիպումներ է ունեցել Տավուշի մարզի (Իջևանի, Բերդի և Նոյեմբերյանի) թվով 31 հանրակրթական դպրոցների աշակերտների հետ:

20181016_121019

Հանդիպումներին մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը, ՈՒՄՎ ՄԿՊԿ բաժնի վարիչ Լ.Բեգինյանը, ՈՒՄՎ ՈՒԳՊՎ բաժնի աշխատակիցներ Ս.Ալավերդյանը և Ա.Մանուչարյանը, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի փոխդեկան Վ.Աղաբաբյանը, Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Վ.Ավագյանը, Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Գ.Սիմոնյանը, նույն ամբիոնի դասախոս Մ.Ամիրզյանը, շահակիցների հետ տարվող աշխատանքների համակարգող Է.Ղարայանը, դպրոցների տնօ­րեն­ները և ուսուցիչները:

20181016_121343

Հանդիպումների նպատակն էր մաս­նագիտական կողմնորոշման աշխա­տանքներ իրակա­նացնել հանրա­կրթա­կան դպրոցներում, ավարտական դասարանի աշակերտներին իրազեկել մասնաճյուղի՝ 2019թ. ընդունելության մասնագիտությունների և կրթա­կան ծրագ­րերի վերաբերյալ:

IMG_7665

Համալսարանականները հանդիպումների ընթացքում դպրոցականներին ընդհանուր գծերով ներկայացրել են ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի պատմությունը, գործունեության հիմնական ուղղություններն ու ֆա­կուլ­տետները, բուհում գործող մասնագիտությունները, ընդու­նե­լության պայմաններն ու արտոնութ­յուն­ները:

20181017_114128

Քննարկվել են 2019թ. ընդունելության կրթական ծրագրերը, նոր առաջարկություններն ու հնարավորությունները (խոսքը վերաբերում է առկա ուսուցմամբ «Բնապահ­պանություն և բնօգտա­գործում», «Կիրառական արվեստ» և «Հոգեբա­նություն» կրթական ծրագրերին), քննա­կան առարկաները, ընդունելության քննութ­յուն­ներում կատարված փոփո­խությունները: Հատուկ ուշադրություն է հրավիրվել «Ռուսաց լեզու և գրականություն» կրթական ծրագրի վրա, որը կիրականացվի առաջին անգամ` հաշվի առնելով աշխատաշուկայի խնդիրները:

IMG_8869-22-10-18-08-53

Մասնաճյուղի և տարածաշրջանի հանրակրթական դպրոցների միջև մշտական շփում իրականացնելու, դպրոց-համալսարան կապն ամրապնդելու նպատակով առաջարկվել է պարբերաբար իրականացնել ճանաչողական այցեր, թեմատիկ և ակնարկային դասա­խոսություններ ու քննարկում­ներ, ինչպես նաև օգտվել հեռավար ուսուցման հնարավորություններից: Բերքաբերի և Գանձաքարի միջնակարգ դպրոցներում ամբիոնների վարիչներ Վ.Ավագյանը և Գ.Սիմոնյանը հանդես են եկել թեմատիկ քննարկումներով:

IMG_7655

Հանդիպումներն ընթացել են հարց ու պատասխանով: Աշակերտներին հետաքրքրում էին կրթական գործընթացին, ուսման վարձաչափերին, սահմանամերձ բնա­կավայրերի ուսումնառողների համար նախատեսված զեղչերին ու արտոնություններին, ընդունելության քննությունների՝ աստղանիշով առարկաներին վերաբերող տարբեր հարցեր:

IMG_7685

Դպրոցների ներկայացուցիչներն իրենց գոհունակությունն են հայտնել համալսարանականներին և ակնկալել, որ համագործակցությունը կլինի շարունակական:

Խաշթառակի միջնակարգ դպրոցի աշակերտների այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

2018թ. հոկտեմբերի 20-ին Խաշթառակի միջնակարգ դպրոցի 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտները ճանաչողական այց կատարեցին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ:

DSCN4203

Այցելությունն իրականացվեց ԵՊՀ ԻՄ-ի մասնագիտական կողմնորոշման և պրակտիկայի կազմակերպման բաժնի նախաձեռնությամբ և մասնաճյուղի տնօրենության աջակցությամբ:

DSCN4174

Համալսարան այցի նպատակն էր ստանալու մասնագիտական կողմնորոշում, տեղում մոտիկից ծանոթանալու ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գործունեությանը և մասնագիտություններին:

1.DSCN4128

Աշակերտներին ուղեկցում էր Խաշթառակի միջնակարգ դպրոցի մասնագիտական կողմնորոշման դասընթացավար Արմինե Ղալթախչյանը: 

DSCN4125

Խաշթառակի դպրոցի սաները եղան մասնաճյուղի բոլոր ֆակուլտետներում, մասնակցեցին որոշ դասերի, տեղեկացան գործող մասնագիտությունների հնարավորությունների ու հեռանկարների մասին և խորհուրդներ ստացան մասնագիտությունների ընտրության հարցում: 

DSCN4145

Ճանաչողական այցն ավարտվեց  Կիրառական արվեստի ֆակուլտետում, որտեղ աշակերտները ծանոթացան ֆակուլտետի ուսանողների և դասախոսների յուրօրինակ աշխատանքներին, ստացան վարպետաց դասեր, հայկական մշակութային ժառանգության վերաբերյալ գիտելիքներ:

DSCN4185

«Համակարգչային գրաֆիկա» դասընթացի շրջանակներում ուսանողները կսովորեն նաև մշակել ապրանքային նշաններ

2018-19 ուսումնական տարվա I կիսամյակում ԵՊՀ ԻՄ-ի դեկորատիվ-կիրառական արվեստի և դիզայնի ամբիոնի վարիչի պաշտոնակատար, արվեստագիտության թեկնածու և գրաֆիկ դիզայներ Մարտին Հարությունյանը, համագործակցելով բելգիական հայտնի “L’Abbaye des Rocs” և “PolyBeer” ապրանքանիշների հետ, ստեղծել է նորաոճ «Grand Cru» տեսակի գարեջրերի ապրանքային պիտակները:

Image-29-520x289

Նշված գարեջրերի տեսականին մեծ խմբաքանակներով արտահանվում է Կանադա:

Ընկերության և Մարտին Հարությունյանի համագործակցությունը շարունակվում է, և այժմ թիմն աշխատում է յուրօրինակ դիզայնով գինիների պիտակների մտահղացման վրա:

Image-30

Կարևորելով գրաֆիկական դիզայնի զարգացումն ու տարածումը՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի «Դիզայն» մասնագիտության «Համակարգչային գրաֆիկա» դասընթացում (կրթական մոդուլներում) ներառվել է ապրանքային նշանների մշակման ուսուցանումը:

Կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողները դասընթացի շրջանակներում համակարգչային գրաֆիկայի կիրառմամբ կսովորեն մշակել ապրանքային նշաններ (պիտակներ):

ԵՊՀ ԻՄ-ի և «Հույսի կամուրջ» ՀԿ-ի համատեղ ջանքերով կայացավ «Սպորտը հանուն հավասար հնարավորությունների» շախմատի համադպրոցական մրցաշարը

2018թ. հոկտեմբերի 18-ին Իջևանի թիվ 5 հիմնական դպրոցում կայացավ «Սպորտը հանուն հավասար հնարավորությունների» խորագիրը կրող շախմատի համադպրոցական  մրցաշարը, որը կազմակերպվել էր «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի Այգեհովիտի կամավորական խմբի և «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության Իջևանի երեխայի զարգացման և սոցիալական աջակցության կենտրոնի կողմից:

IMG_20181018_153347

Շախմատի համադպրոցական  մրցաշարին մասնաճյուղից ներկա էին բուհի վարչական անձնակազմի ներկայացուցիչներ՝ տնօրենի պաշտոնակատար Ա. Վ. Ցուցուլյանի գլխավորությամբ, կամավորական խմբի անդամներ:

IMG-9fe1a3f987bd6693858e4ce25432bbaf-V

Մրցաշարին մասնակցում էին Իջևանի առաջին, երրորդ, չորրորդ, հինգերորդ հիմնական, ինչպես նաև Այգեհովիտի, Ազատամուտի, Գետահովիտի, Գանձաքարի, Լուսաձորի միջնակարգ  դպրոցների երկուական սան՝ տասից  տասներեք  տարեկանների տարիքային խմբից:

IMG_20181018_150014

Շախմատի մրցաշարի նպատակն էր ապահովել համընդհանուր ներառումը՝ սերմանելով հավասարը հավասարի հետ միասին ապրելու, միասին սովորելու ուղեցուցային գաղափարը, նորովի զարկ տալ երեխաների մտքի զարգացմանը:

IMG_20181018_145903

Մրցաշարի ավարտից հետո աշակերտները ստացան շնորհակալագրեր և խրախուսական նվերներ (գրքեր):

IMG_20181018_173120

Խորին խոնարհումով ու երախտագիտությամբ և շուտափույթ հանդիպման ակնկալիքով՝ վաստակաշատ և սիրելի դասախոսին՝ ընկեր Վարդանյանին

2018թ. հոկտեմբերի 18-ին ԵՊՀ ԻՄ-ում կայացավ մասնաճյուղի վաստակաշատ դասախոս, ներհուն գրականագետ, փորձառու մանկավարժ, բ.գ.թ., դոցենտ Խաչատուր Վարդանյանի մեծարման ցերեկույթը, որին մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա. Վ. Ցուցուլյանը, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Կ.Պողոսյանը, Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Վ.Ավագյանը, ամբիոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները, «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության տարբեր կուրսերի ուսանողներ, շրջանավարտներ, ովքեր եղել են պարոն Վարդանյանի ուսանողները և այսօր նույն ամբիոնի դասախոսներ են:

1.DSCN4085..N1.

Միջոցառումից առաջ սիրված դասախոսը «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության տարբեր կուրսերի ուսանողների համար կարդաց հետաքրքիր ակնարկային դասախոսություն՝ անդրադառնալով մարդու և մարդկայինի, գեղեցկի, բարու, ճշմարտի գեղագիտական ընկալումներին, գրողի, ուսուցչի (դասախոսի) և մարդու կոչմանն ու առաքելությանը՝ խոսքը համեմելով հայ և համաշխարհային մեծերի, դասական գրողների կյանքին ու գրական գործունեությանը վերաբերող ուշագրավ փաստերով ու օրինակներով, դասախոսեց ուսանողների առաջարկած գրական թեմաներով (Րաֆֆի (Սամվելի հոգեկան ապրումները), Դանիել Վարուժան, Պարույր Սևակ («Սուլամիթա») և այլն):

DSCN3996...N2

Այնուհետև պարոն Վարդանյանի բազմամյա անուրանալի վաստակի, մասնաճյուղում ներդրած հսկայական ավանդի կապակցությամբ գնահատանքի, արժևորման ու մեծարանքի խոսք ասացին ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա. Վ. Ցուցուլյանը, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Կ.Պողոսյանը, Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Վ.Ավագյանը, ամբիոնի դասախոսները՝ Մ.Սարուխանյանը, Ա.Հասանյանը, Ա.Ադամյանը:

DSCN4013...N3

«Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության տարբեր կուրսերի ուսանողներն էլ հանդես եկան ընկեր Վարդանյանին ուղղված սրտաբուխ ելույթներով, ակնածանքի ու երախտագիտության խոսքերով:

DSCN4028...N4

Տնօրենի պաշտոնակատար Ա. Վ. Ցուցուլյանը, իր խոսքում ընդգծելով պարոն Վարդանյանին բնորոշ հատկանիշները, հավելեց. «Ես շատ ուրախ եմ, շատ շնորհակալ եմ, որ Ձեզ ճանաչում եմ և նման պատիվ ունեմ համարվելու Ձեր կրտսեր ընկերը, Ձեր կրտսեր գործընկերը և Ձեր ծանոթներից մեկը… Ընդունեք մեր բոլորիս երախտիքի խոսքը Ձեզ՝ որպես իմաստուն, որպես բազմավաստակ մարդ, որպես մասնաճյուղում մեծ ավանդ ներդրած մարդ, ով և՛ անձնական, և՛ մասնագիտական որակներով շատ-շատ բարձրացրել է այն ասպարեզը, որտեղ ինքը գտնվել է: Շնորհակալություն Ձեզ»:  

DSCN4003....N5

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Կ.Պողոսյանը իր ելույթում մասնավորապես նշեց. «Ընկեր Վարդանյանը իր դասախոսություններով մշտապես մղել է սովորելու, խորանալու գրականության ակունքներում: Ես պիտի ասեմ, որ ընկեր Վարդանյանը մեծ խանդավառությամբ ու կրքով վարակել ու վարակում է իր բոլոր գործընկերներին. մենք ևս ամեն անգամ ընկեր Վարդանյանի հետ ունեցած մեր զրույցներում ինչ-որ մի բան նորից սովորում, նորից վերցնում ենք իրենից… Ցանկանում եմ ընկեր Վարդանյանին ստեղծագործական մեծ հաջողություններ, որ իր՝ դեռևս անավարտ նախաձեռնությունները կարողանա իրականացնել, քաջառողջություն, երիտասարդական ավյուն (որ ինքն ունի) և եռանդ… Եվ հուսանք, որ այսպիսի հանդիպումներ ուսանողների հետ պարբերաբար կլինեն, որովհետև մեր ուսանողները իրենից սովորելու և վերցնելու շատ բան ունեն»:

DSCN4008....N6

Բավականին հուզիչ և ազդեցիկ էր Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոս Ա.Ադամյանի ելույթը, ով եղել է ընկեր Վարդանյանի լավագույն ուսանողուհիներից. «…Իր սիրած հեղինակներից մեկի՝ մեր գրականության ամենաինքնատիպ դեմքերից մեկի՝ Ավետիք Իսահակյանի ստեղծագործության ողջ գունաշխարհը նրա հոգում է ծփում, ծիածանվում, և նրա բնագեղ և գեղապաշտ հոգում այդ գույները մշտապես եղել են, լուսավառվել են, և այդ գույներով նա միշտ գեղեցկացրել և երփնավառել է նաև մեզ, այն ժամերը, այն օրերը, երբ որ մեզ հետ է եղել, երբ որ Իջևանում է եղել… Ուղղակի անզուգական գեղեցկության կրող է, անզուգական գեղեցիկ հոգու տեր անձնավորություն է նա, և իսկապես շատ-շատ ենք հուզվում, շատ-շատ ենք տխրում… համենայն դեպս գուցե դասախոսությունների շրջանակում ընկեր Վարդանյանը Իջևանում չի լինելու, բայց, կարծում եմ, որ այդ կապը չպետք է կտրել և երբեք չի կտրվելու, որովհետև ընկեր Վարդանյանի ներկայությունը միշտ էլ մեզ համար լինելու է ցանկալի, անկրկնելի: Ես Ձեզ բարեմաղթում եմ, ընկե՛ր Վարդանյան, ամենակարևորը, այն կենսախնդությունը, որ միշտ էլ Դուք կրել եք (ես կարծում եմ՝ դա անանց է, դա միշտ է մնալու), ուզում եմ այդ Ձեր կենսախնդությամբ, աշխարհի և մարդկանց հանդեպ Ձեր հոգու լեցուն բարությամբ Դուք երկար, շատ-շատ երկար տարիներ ապրեք, և այդպես էլ լինելու է, որովհետև դա մեր բոլորիս ցանկությունն է, մենք Ձեզ շատ ենք սիրում, ես Ձեզ շա՜տ-շա՜տ եմ սիրում և անկեղծորեն հուզվում եմ, որ հիմա կանգնած այս խոսքերն եմ Ձեզ ասում…  Ձեզ երջանկություն, մե՜ծ երջանկություն, առողջություն, և մշտապես մեզ հետ լինեք, մեզ հետ եք լինելու, շա՜տ ենք Ձեզ սիրում…»:

DSCN4074.....N7

Ելույթներն ընդմիջվեցին մեր շնորհալի ուսանողուհիների գրական-գեղարվեստական ու երաժշտական գեղեցիկ կատարումներով:

DSCN4034....N8

«ՀԼԳ» մասնագիտության չորրորդ կուրսի ուսանողները ներկայացրին նաև իրենց սիրելի դասախոսին նվիրված էսսեներ, որոնցից մեջբերենք հետևյալը.

 «Աշուն է… Գունազարդ և խայտաբղետ հեքիաթ… Բայց մեր սրտերն ու հոգիները համակված են ոչ թե տերյանական թախծաժպիտ տխրությամբ, այլ վարդանյանական սիրով ու ջերմությամբ, կյանքով և արգասաբերությամբ Մարդ, ում կարելի է և՛ մեծ հայրենասեր կոչել, և՛ անվանի գրականագետ, և՛ ուղղակի հայ, ում ստեղծած գրականագիտական ժառանգությունը կատարյալ է իր բացառիկությամբ և հայեցիությամբ: Խաչատուր Վարդանյան, անուն, որ անհնար է արտաբերել առանց սիրո և անսահման հպարտության:

DSCN4094...N9

Մեր շատ սիրելի՛ ընկեր Վարդանյան, Դուք մեզ համար սոսկ դասախոս չեք եղել, և Ձեր տված դասերը՝ դասախոսություններ: Ձեզ հետ լսարան են մտել հայոց մեծերը՝ Թումանյանը, Իսահակյանը, Տերյանն ու Վարուժանը: Ձեր շուրթերով է ծաղկել Լոռվա չքնաղ բնաշխարհը, վերաիմաստավորվել կյանքի վերջին գարունը, մթնշաղի անուրջներում պարզվել կյանքի ոսկե երազը, պատկերացել ու ոգեղենացել հայոց հեթանոս անցյալը:

Այնքա՜ն շատ է ասելիքը, և այնքա՜ն մեծ մեր ցանկությունը՝ նկարագրելու մեր հույզերն ու տպավորությունները, մեր որդիական ջինջ ու մաքուր սերը Ձեր նկատմամբ… Սեր ու նվիրում, որոնք, ծնվելով մեկ հանդիպումից, պիտի հավերժեն դարեր…» («ՀԼԳ» IV կուրսի ուսանողուհի Նարա Մարտիրոսյան):

Միջոցառման վերջում Կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների աշխատանքներից մեկը տնօրենության անունից նվիրվեց ընկեր Վարդանյանին:  

DSCN4066...N10

Ի պատասխան իր բոլոր գործընկերների և ուսանողների ջերմ խոսքերի ու բարեմաղթանքների՝ ելույթ ունեցավ պարոն Վարդանյանը, շնորհակալություն հայտնեց իր հանդեպ ցուցաբերված ջերմ վերաբերմունքի ու գնահատանքի համար և բոլորին նվիրեց մի ոգեշունչ կատարում:

DSCN4069....N11

Ի դեմս մեր շատ սիրելի և վաստակաշատ դասախոս ընկեր Վարդանյանի՝ ևս մեկ անգամ մեր խորին խոնարհումը, երախտագիտությունն ու մեծարանքն ենք արտահայտում գիտության և կրթության այն ազնիվ նվիրյալների հանդեպ, ովքեր արդեն մի քանի տասնամյակ սերունդներ են կրթում ու դաստիարակում, և որոնց սաներն այսօր նրանց հետ համատեղ իրականցնում են Ուսուցչի` Գիտելիքի և դպրության սերմնացանի` որքան պատվաբեր, նույնքան էլ պատասխանատու աշխատանքը:

DSCN4090....N12