«Անի» համույթի համերգի ներքո հանձնվեցին հեռակա ուսուցման բաժնի առաջին կուրսեցիների ստուգման գրքույկները

2014թ. հոկտեմբերի 31-ին Իջևանի մշակույթի տանը տեղի ունեցավ ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղի հեռակա ուսուցման բաժնի 1-ին կուրսեցիների ստուգման գրքույկների հանձնման հանդիսավոր արարողությունը:

Միջոցառմանը տոնական նոր լիցք հաղորդեց համառուսաստանյան մրցույթների դափնեկիր Դոնի հայերի «Անի» համույթի համերգային ծրագիրը:

Դահլիճում թևածում էր «Կռունկի»հայրենակարոտ մեղեդին ու ֆիդայական երգի խրոխտ ոգին:

Հեռավոր Ռուսաստանից «Անի»համույթն իր հետ բերել էր ապրելու և ստեղծագործելու հայի անկոտրում ոգին:

Ամփոփելով միջոցառումը՝ մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը նշեց, որ «Անի»համույթի ներկայությունը մեծ խորհուրդ ունի, քանի որ հարյուր տարի առաջ ցեղասպանության ենթարկված և աշխարհով մեկ սփռված հայության բեկորները չեն փշրվել ու փոշիացել, այլ ընդհակառակը՝ նրանք հայ լեզուն ու երգը, սրբազան ջահի նման պահելով ու սերնդեսերունդ փոխանցելով, հայ են մնացել:

Ասվածի պերճախոս վկայությունը տնօրենը համարեց հենց «Անի»համույթի ազգանվեր գործունեությունը:

Շնորհավորելով առաջին կուրսեցիներին և մաղթելով հաջողություններ ուսման մեջ` տնօրենը ուսանողներին հորդորեց, որ տեսնեն Անին ու … ապրեցնեն:

Միջոցառման վերջում Ս.Առաքելյանը ԵՊՀ ռեկտոր Ա.Սիմոնյանի անունից շնորհակալագիր հանձնեց «Անի» համույթին:

Աղբյուրը` heraka.com

Փետրագնդակի մասնաճյուղային առաջնություն

2014թ. հոկտեմբերի 28-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մարզադահլիճում տեղի ունեցավ փետրագնդակի մասնաճյուղային առաջնություն, որին մասնակցում էր տասներկու ուսանողուհի:

Խաղերն անցկացվեցին օլիմպիական կարգով:

Գեղեցիկ խաղով աչքի ընկավ «Սերվիս» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողուհի Անի Դավթյանը, ով գրավեց առաջին տեղը և տնօրենության կողմից պարգևատրվեց հուշանվերով ու պատվոգրով:

Երկրորդ տեղը գրավեց «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողուհի Դիանա Ավետիսյանը:

Երրորդ տեղը գրավեց «Սերվիս» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողուհի Ֆլորա Խաչատրյանը:

Համո Սահյանին նվիրված դաս-միջոցառում

2014թ. հոկտեմբերի 27-ին Բնական գիտությունների ֆակուլտետում տեղի ունեցավ Համո Սահյանին նվիրված դաս-միջոցառում, որը կազմակերպել էր Հայոց լեզվի և գրականության ամբիոնի ասիստենտ, բան. գիտ. թեկնածու Ալիսա Հասանյանը:

Միջոցառմանը ներկա էին Բնական գիտությունների ֆակուլտետի դեկան Մ.Զաքարյանը, Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի վարիչ Ա.Ցուցուլյանը, պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:

Համո Սահյանին նվիրված դաս-միջոցառումը հայ մեծ բանաստեղծի ծննդյան 100-ամյակին հարգանքի փոքր տուրք էր:

Միջոցառումը բացեց Ա.Հասանյանը` արժևորելով Հ.Սահյանի քնարերգությունը, ներկայացնելով հիմնական մոտիվները (բնապաշտություն, հայրենապաշտություն, սեր և այլն), ընդգծելով բանաստեղծի գրական ժառանգության արդիականությունը:

Այնուհետև «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա», «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտությունների առաջին կուրսերի ուսանողները ներկայացրին Համո Սահյանի բանաստեղծություններից` համեմված ինքնատիպ վերլուծություններով, կատարեցին Սահյանի բանաստեղծությունների հիման վրա գրված երգեր:

Բավականին տպավորիչ էր ոչ միայն դասախոսի` Ա.Հասանյանի, այլև ուսանողների` մասնավորապես Նառա Մնացականյանի, Արամայիս Օհանյանի, Հակոբ Դավթյանի ասմունքը:

Միջոցառումն ուղեկցվում էր համապատասխան շնորհանդեսով:

Ունկնդիրներին հուզեցին Համո Սահյանի ձայնը, Օֆելյա Համբարձումյանի, Սիլվա Յուզբաշյանի կատարումները:

Հետաքրքիր է, որ Բնական գիտությունների ֆակուլտետում առկա էր քնարերգության` մասնավորապես սահյանական պոեզիայի այդպիսի նուրբ ընկալում:

Վերջում իրենց հիացմունքն արտահայտեցին Բնական գիտությունների ֆակուլտետի դեկան Մ.Զաքարյանը, Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի վարիչ Ա.Ցուցուլյանը, ֆակուլտետի դասախոսներ:

 

Կայացավ սեղանի թենիսի մասնաճյուղային առաջնություն

2014թ. հոկտեմբերի 27-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ սեղանի թենիսի մասնաճյուղային առաջնություն, որին մասնակցում էին տասնվեց տղա, ութ աղջիկ:

Տղաների մրցապայքարում եզրափակիչ դուրս եկան Հեռակա ուսուցման բաժնի «Պատմություն» մասնագիտության երրորդ կուրսի ուսանող Խաչատուր Ղուշչյանը և «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության երրորդ կուրսի ուսանող Շավարշ Կիրակոսյանը:

Հաղթեց Շավարշ Կիրակոսյանը:


Աղջիկների մրցապայքարում եզրափակիչ դուրս եկան «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողուհի Էսմա Խոսրովյանը և «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողուհի Աննա Մանուչարյանը:

Հաղթեց Աննա Մանուչարյանը:


Հաղթողները պարգևատրվեցին հուշանվերով և պատվոգրով:

Նարեկը եկավ ու անցավ լուսաստղի պես

Նարեկ Հովսեփյան. «Որպես մահկանացու` ես վախենում եմ պատերազմից, որպես հայրենիքի զինվոր` պատրաստ եմ պատերազմի: Անմահությունն սկսվում է հայրենիքի սիրուց…»:

Հոկտեմբերի 23-ին ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում տեղի ունեցավ ԵՊՀ վաղամեռիկ ուսանող Նարեկ Հովսեփյանի  «Նոյյան աղավնու վերադարձը» և Հասմիկ Գուլակյանի «Նարեկ Հովսեփյան. առեղծվածային ակնթարթ» գրքերի շնորհանդեսը:

 

 

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանող Նարեկ Հովսեփյանն ընդամենը 17 տարեկան էր, երբ հեռացավ կյանքից: Հարազատ բուհի բեմում միջոցառման ընթացքում նա լուռ նստեց համակուրսեցու կողքին և փակեց աչքերը. սրտի կաթված էր ստացել: Սակայն նա թողել է ծավալով ոչ մեծ, բայց անասելի խորությամբ մտքեր, որոնք երբեմն անբացատրելի են ու առեղծվածային:

«Վաղամեռիկ փիլիսոփա, ով 20-րդ դարի սկզբի մեր մյուս երկու հանճարեղ պատանիների` Պետրոս Դուրյանի ու Միսաք Մեծարենցի հետ, նրանցից 100 տարի անց կազմեց մի հրաշք եռյակ». ահա Նարեկին այսպես բնորոշեցին շնորհանդեսին ներկա գրականագետները, մշակույթի գործիչներն ու ակադեմիկոսները, մտավորականները, որոնց կյանքը բաժանվել էր երկու մասի՝ մինչև Նարեկը և Նարեկից հետո:

Հրապարակախոս, լրագրող Հասմիկ Գուլակյանը նշեց, որ 17-ամյա պատանու մտքերը՝ արձակ բանաստեղծությունները և փիլիսոփայական մաքսիմներն այնքան խորիմաստ են և միաժամանակ պարզ, որ դրանք վերլուծելն ու մեկնաբանելը երբեմն ուղղակի անհնարին են:

«Մարդկության պատմության մեջ եղել են հրաշամանուկ բանաստեղծներ, մաթեմատիկոսներ, շախմատիստներ, բայց ինձ հայտնի չէ գեթ մեկ մանուկ-փիլիսոփայի անուն: Եվ դա բնական է, քանի որ մարդ իր շրջապատում տեղի ունեցող երևույթների ընդհանրացման հատկությամբ օժտվում է միայն տասնամյակների ընթացքում: Սակայն հանճարեղ 17-ամյա պատանյակը եկավ հերքելու այդ աքսիոմատիկ ճշմարտությունը»,- հուզմունքը խեղդելով` ասաց գրքի հեղինակը:

Բանախոսներից յուրաքանչյուրն ուղղակի բառեր չէր գտնում նկարագրելու այն զգացողությունները, որոնք պատում են Նարեկի ստեղծագործությունները կարդալիս: Նրանք, ի վերջո, իրենց խոսքն ամփոփում էին մեկ արտահայտությամբ՝ նա հանճար էր:

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը, ով Հասմիկ Գուլակյանի գրքի խմբագիրն է, հատուկ շնորհակալություն հայտնեց լրագրողուհուն` անձնազոհ աշխատանք կատարելու և հրաշամանուկի գործերը հասարակությանը հասանելի դարձնելու համար:

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գյումրիի մասնաճյուղի դասախոս, ռեժիսոր Սիրանույշ Ղուկասյանը հայ հասարակությանը և մասնավորապես երիտասարդությանը Նարեկ Հովսեփյանի մտքերը հասցնելու համար «Ես գալիս եմ…» վերտառությամբ պիես է գրել, որը նախատեսվում է բեմադրել:

Դահլիճում ներկա էին նաև Նարեկի հարազատները և ծնողները: Հայրը՝ բանաստեղծ, նկարիչ Սաշա Հովսեփյանը, ով առաջիններից էր, որ հանրության դատին է հանձնել որդու մտքերը, ջերմ խոսքերի համար շնորհակալություն հայտնեց ներկաներին:

«Երբ հետադարձ հայացք եմ նետում անցյալին, հասկանում եմ, որ շատ բաներում սխալվել եմ: Սակայն, ցավոք, ոչինչ վերադարձնել չեմ կարող և ստիպված եմ ապրել հիշողություններով: Անկասկած, շարունակելու եմ հրապարակել Նարեկի գործերը, ինչը կօգնի անմահացնել նրա հիշատակը»,- ասաց Սաշա Հովսեփյանը և հավելեց, որ մահվան նախօրեին Նարեկը նրան հորդորել էր, որ չհավատա մահվանը, քանի որ մահն ավարտ չէ, այլ նոր բանի սկիզբ:

Աղբյուրը` ysu.am