Հաղթանակի և խաղաղության օրը

2013թ. մայիսի 9-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամները, ուսանողներ այցելեցին Հայրենական Մեծ պատերազմի հուշահամալիր:

Իրենց հարգանքի տուրքը մատուցելու էին եկել նաև Իջևանի քաղաքային իշխանությունների ու տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, Իջևանի զորամասի զինվորներ, քաղաքի բնակիչներ: Նրանք զինվորական երաժշտախմբի ուղեկցությամբ շարժվեցին հուշահամալիր, ծաղիկներ դրեցին պատերազմում զոհվածների հիշատակին:

Հուշահամալիրի մոտ երաժշտախումբը հնչեցրեց տոնական երաժշտություն, ապա ելույթ ունեցան  ԵՊՀ ԻՄ-ի վարչական անձնակազմի և Իջևանի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ:

Երկու գիտաժողով Բնական գիտությունների ֆակուլտետում

2013թ. մայիսի 2-ին և 3-ին ԵՊՀ ԻՄ բնական գիտությունների ֆակուլտետում տեղի ունեցան ուսանողական գիտաժողովներ:

Ներկա էին ֆակուլտետի դեկանը, դասախոսներ, ուսանողներ:

Առաջին օրը զեկուցումներով հանդես եկան «Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա» մասնագիտության ուսանողները.

1. Սիրուշ Ալիփյան, ԿՄ/Ֆ 3-րդ («Աղմուկի վնասակար ազդեցությունը և նվազեցման միջոցները»)

2. Հերմինե Ալիխանյան, ԿՄ/Ֆ 1-ին («Էյլերի ինտեգրալներ»),

3. Սրբուհի Փարսադանյան, ԿՄ/Ֆ 1-ին («Գազի մոլեկուլների բաշխումը: Մաքսվելի բաշխում»)

4. Սոնա Ղևոնդյան, ԿՄ/Ֆ 1-ին («Ֆունկցիաների ուռուցիկության պայմանը»):

Երկորդ օրը զեկուցումներ կարդացին «Բնապահպանություն և բնօգտագործում» մասնագիտության ուսանողները.

1. Մերի Ամիրզյան, Բ/Բ 3-րդ («Միջավայրի գործոնների ազդեցությունը Իջևան քաղաքի Աղստև գետի ափամերձ շրջաններում ծառաբույսերի տեսակային կազմի ձևավորման վրա»),

2. Մալվինա Էվինյան, Բ/Բ 3-րդ («Խմելու ջրի ջրաքիմիական ցուցանիշների որոշումը դեղանյութերի օգնությամբ»),

3. Մերի Ամիրզյան, Բ/Բ 3-րդ («ՀՀ «Կարմի գրքում» գրանցված արժեքավոր և անհետացող ծառաբույսերի առանձին տեսակերի պահպանության հիմնախնդիրները Տավուշի մարզի «Զիկատար» պետական արգելավայրում»),

4.Մալվինա Էվինյան, Բ/Բ 3-րդ  («Սպիտակուցների կառուցվածքը և ֆունկցիաները»):

ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Ա.Մելքոնյանի այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

2013թ. մայիսի 3-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցելեց  ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը:

Մասնաճյուղի նիստերի դահլիճում տեղի ունեցավ վաստակավոր պատմաբանի հանդիպումը ԵՊՀ ԻՄ-ի վարչական, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչների և ուսանողների հետ:

Նախ  մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը ողջունեց պատվավոր հյուրին և ընդհանուր գծերով ներկայացրեց վաստակավոր պատմաբանի անցած ուղին:

Այնուհետև Ա.Մելքոնյանը ներկայացրեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր հայացքները` կուռ տրամաբանությամբ քննադատության ենթարկելով հայոց պատմության կեղծարարներին և հատկապես թուրք-ադրբեջանական պատմաշինարարներին:

«Մենք պետք է նահանջենք ճանաչումից, որն արդեն իրողություն է: Անհրաժեշտ է խոսել հատուցման մասին»,- նշեց նա: Ա. Մելքոնյանը մատաղ սերնդին կոչ արեց լինել հաստատակամ և նպատակասլաց` հայրենիքի առջև ծառացած խնդիրները լուծելու համար:

Անվանի պատմաբանը նաև պատասխանեց ներկաների հարցերին:

ԵՊՀ ԻՄ-ի տնօրենը նրան շնորհակալություն հայտնեց հետաքրքիր և բազմաբովանդակ վերլուծության համար` ակնկալելով, որ նման հանդիպումները կլինեն շարունակական:

Վերջում Ա.Մելքոնյանը մասնաճյուղի գրադարանին նվիրեց իր նոր տպագրված «Հայոց պատմության դասերն ու պատգամները» գիրքը:

Գիտաժողով տնտեսագիտության ֆակուլտետում

2013թ. մայիսի 2-ին ԵՊՀ ԻՄ տնտեսագիտության ֆակուլտետում տեղի ունեցավ «Տնտեսական խնդիրները զարգացող և անցումային շրջանի երկրներում» խորագրով ուսանողական գիտաժողով:

Ներկա էին ֆակուլտետի տարբեր կուրսերի ուսանողներ:

«Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության ուսանողները կարդացին 7 զեկուցում.
1.Ալեքսանյան Լուիզա, Տ/Տ 1-ին («Միգրացիա»):

2.Ալիխանյան Հասմիկ, Տ/Տ 3-րդ («Աշխատավարձի վարձատրման համակարգի բարեփոխման անհրաժեշտությունը զարգացող և անցումային շրջանի երկրներում»),

3.Երիցյան Լիանա, Տ/Տ 3-րդ («Գնաճի հիմնախնդիրը զարգացող և անցումային շրջանի երկրներում»),

4.Օհանյան Լիլիթ, Տ/Տ 3-րդ («Հարկաբյուջետային քաղաքականությունը»),

5.Խալաթյան Մերի, Տ/Տ 3-րդ («Հարկային համակարգի բարեփոխման անհրաժեշտությունը զարգացող և անցումային շրջանի երկրներում»),

6.Մեջինյան Մարիամ, Տ/Տ 3-րդ («Գործազրկություն»),

7. Պետրոսյան Գոհար, Տ/Տ 3-րդ  (Առևտրային հաշվեկշիռը ՀՀ-ում):

Տեղի ունեցավ ամբիոնների համատեղ նիստ

2013թ. ապրիլի 30-ին մասնաճյուղում հրավիրվեց Հայոց լեզվի և գրականության ու Օտար լեզուների ամբիոնների համատեղ նիստ` ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դասախոսների այցի կապակցությամբ:

Նիստին ներկա էին ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Ա.Ավագյանը, Հայ գրականության ամբիոնի վարիչ, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Ս.Մուրադյանը, նույն ամբիոնի դասախոս, բան.գիտ. թեկն., դոցենտ Ս.Սրապիոնյանը, Ընդհանուր լեզվաբանության ամբիոնի դասախոս, բան.գիտ. թեկն., դոցենտ Ա.Աբրահամյանը, ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս.Առաքելյանը, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Վ.Ալեքսանյանը, վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:

Քննարկվեցին մայր բուհում ու մասնաճյուղում հայոց լեզվի և գրականության ուսումնական գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու վերաբերյալ մի շարք հարցեր:

ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս.Առաքելյանը նշեց, որ մասնաճյուղն ամբողջովին առաջնորդվում է մայր բուհի ուսումնական պլաններով (բացառությամբ սփյուռքահայ գրականության): Շարունակվում է մասնաճյուղը տեղացի որակյալ կադրերով ապահովելու գործընթացը:

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Ա.Ավագյանը կարծիք հայտնեց, որ Իջևանի մասնաճյուղը ԵՊՀ-ի անբաժանելի մասն է: «Մասնաճյուղը կարևորագույն առաքելություն ունի. այն ոչ միայն մանկավարժական կադրերի դարբնոց է, կրթական, մշակութային կենտրոն, այլև գիտական: Գնահատելի է տնօրենի նվիրվածությունը բուհն ավելի ուժեղ դարձնելու գործում»,-հավելեց Ա.Ավագյանը:

Նիստում դիտարկվեց գրավոր ընթացիկ քննությունների անարդյունավետության հարցը: Այդ կապակցությամբ Ս.Առաքելյանը տեղեկացրեց, որ մասնաճյուղում փոխվել է 2 գրավոր ընթացիկ քննությունների կարգը, դրանցից մեկը փոխարինվել է թեստային համակարգով, մյուսը` բանավոր քննությամբ:

Քննարկվեց նաև այն հարցը, թե կրկնությունից խուսափելու և առարկան լավ յուրացնելու համար որ ուսումնական կիսամյակում է առավել նպատակահարմար ընդգրկել գրականության և լեզվի տեսության առարկաները: