Փետրագնդակի Երևան քաղաքի բաց առաջնություն

Ապրիլի 29-ից մայիսի 1-ը Երևանում տեղի ունեցավ փետրագնդակի բաց առաջնություն, որին մասնակցում էին Գյումրիի, Վանաձորի, Իջևանի և Երևանի տարբեր մարզադպրոցների 56 մարզիկ-մարզուհիներ:

Իջևանից մասնակցում էր 5 հոգի, որոնցից 4-ը մարզադպրոցի սաներ էին, 1-ը` ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի «Սերվիս» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողուհի Անի Դավթյանը, որը հայտնվեց լավագույն տասնյակում:

Մարզադպրոցի սան Աննա Մանուչարյանը անհատական մրցաձևից գրավեց 4-րդ տեղը և զուգախաղերում ընկերակցելով Սվետա Բախչիգյուլյանի հետ` զբաղեցրեց դարձյալ 4-րդ տեղը:

Այժմ թիմը պատրաստվում է մայիսի 7-9-ը Երևանում կայանալիք փետրագնդակի առաջնությանը:

Մասնաճյուղում ակնարկային դասախոսություններ կարդացին ԵՊՀ-ի անվանի դասախոսները

2013թ. ապրիլի 30-ին մայր բուհի հետ համագործակցության շրջանակներում մասնաճյուղում կազմակերպվել էր հերթական հադիպումը ԵՊՀ-ի Հայ բանասիրության ֆակուլտետի անվանի դասախոսների` ֆակուլտետի դեկան, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Ա.Ավագյանի, Հայ գրականության ամբիոնի վարիչ, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Ս.Մուրադյանի, նույն ամբիոնի դասախոս, բան.գիտ. թեկն., դոցենտ Ս.Սրապիոնյանի և Ընդհանուր լեզվաբանության ամբիոնի դասախոս, բան.գիտ. թեկն., դոցենտ Ա.Աբրահամյանի հետ:

Մասնաճյուղի հումանիտար գիտությունների ֆակուլտետի ուսանողների համար ԵՊՀ-ի փորձառու դասախոսները կարդացին ակնարկային դասախոսություններ:

Ա.Ավագյանը կարդաց դասախոսություն` «Հայ գրականության զարգացման փուլերը», «Սփյուռքահայ գրականության սկզբնավորումը, խնդիրները, առանձնահատկությունները» թեմաներով:

Ս.Մուրադյանի դասախոսության թեման էր «20-րդ դարասկզբի գրական ուղղությունները հայ գրականության մեջ»:

Ս.Սրապիոնյանը դասախոսություն կարդաց «20-րդ դարասկզբի գրական ուղղությունները և Դ.Վարուժանը», «Մեծ եղեռնի զոհ գրողներ (Սիամանթո)» թեմաներով:

Ա.Աբրահամյանը կարդաց դասախոսություն` «Լեզվի նշանագիտական վերլուծության սկզբունքները», «Լեզվական միավորների հարաբերությունների տեսակները» թեմաներով:

Ուսանողները շատ տպավորված էին, արտահայտեցին իրենց խորին գոհունակությունը` ակնկալելով, որ նմանօրինակ հանդիպումները կլինեն հաճախակի:

Գեղխորհրդի նիստում

2013թ. ապրիլի 29-ին Կիրառական արվեստի ֆակուլտետում տեղի ունեցավ Գեղխորհրդի նիստ` Լ.Լաչիկյանի նախագահությամբ:

Նիստին մասնակցում էին ֆակուլտետի գեղխորհրդի անդամները, հրավիրված էր Դեկորատիվ կիրառական արվեստի ամբիոնի դասախոս Ա.Դիլբարյանը:

Լ.Լաչիկյանը գեղարվեստական խորհրդի անդամներին ներկայացրեց խորհրդի գործառույթները:

Նիստում քննարկվեցին օրակարգով նախատեսված հարցերը:

2013-2017 ուստարիների ուսումնական աշխատանքային պլանի առարկայացանկի և առարկաների գնահատման ձևերի մասին զեկուցեց ֆակուլտետի դեկան Կ.Այվազյանը: Նա տեղեկացրեց, որ նոր ուսումնական պլանի համար հիմք է ընդունվել 2008-2012 ուստարիների ուսումնական պլանը, որի մեջ գեղխորհրդի անդամների քվեարկությամբ կատարվեցին մի շարք փոփոխություններ: Մասնավորապես` ուսումնական պլանից հանվեցին «Ֆրանսերեն լեզու-3», «Անգլերեն լեզու-3» առարկաների կամընտրական բլոկը և ուսումնառության 7-րդ կիսամյակում նախատեսված կուրսային աշխատանքը:

Գեղխորհրդի անդամների կողմից առաջարկվեցին.

  • Ամբիոնների նիստերում քննարկել մասնագիտական առարկաների ուսումնական ծրագրերը և այդ ծրագրերի բարեփոխված տարբերակները ներկայացնել գեղխորհրդի հաստատմանը:
  • «Գծանկար, գունանկար» ամբիոնին հանձնարարել յուրաքանչյուր շաբաթվա երեքշաբթի և ուրբաթ օրերը համարել պլեներային նկարչության օրեր և դասապրոցեսը կազմակերպել պլեներում:
  • «Գծանկար, գունանկար» ամբիոնի «Գծանկարչություն» և «Գունանկարչություն» առարկաների ուսումնական ծրագրերում զետեղել պլեներային նկարչության դասաժամեր:
  • Ընթացիկ քննության ժամանակ ուսանողը ներկայացնի առաջադրանք` արվեստանոցային և պլեներային նկարչությունից:

Բարեգործական ներկայացում

2013թ. ապրիլի 29-ին Իջևանի մշակույթի տանը տեղի ունեցավ «Խցանում հյուրանոցում» կատակերգության բեմականացումը` Ֆ.Վոբերի «Համաձայնագիրը» պիեսի հիման վրա: Այն կազմակերպել էր «Գոհար-Շող» համույթը:

Ներկայացումն ուներ բարեգործական բնույթ. ամբողջ հասույթը հատկացվելու է սահմանամերձ Չինարի գյուղի դպրոցի համար մարզագույք և համակարգչային տեխնիկա ձեռքբերելուն:

 

Դահլիճը մարդաշատ էր: Ներկա էին նաև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի բազմաթիվ ուսանողներ և մի շարք դասախոսներ, ովքեր մեծ հաճույքով միացել էին բարեգործական ծրագրին:

Այսպիսի միջոցառումները շատ կարևոր են ու ողջունելի և կլինեն շարունակական:

Ուսանողական գիտական ընկերության նոր նվիրատվությունը

2013թ. ապրիլի 29-ին «Գրքի բանկ» կազմակերպության կողմից ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական գիտական ընկերությանը տրամադրված շուրջ 500 գրքերից 60-ը նվիրաբերվեց մասնաճյուղի գրադարանին, մի քանի գիրք էլ` Բնական գիտությունների ֆակուլտետի ամբիոններին:

Օտար լեզուների ամբիոնին տրվեցին Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի անգլերեն քարտեզներ, Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնին` ՀՀ պատմամշակութային կոթողների քարտեզ:

Կրթության որակի ապահովման և գնահատման բաժնին նվիրաբերվեց թվային տեսախցիկի 8 GB հիշողությամբ SD կրիչ` լուսաբանման աշխատանքներն ավելի լավ կազմակերպելու համար: