Կայացավ տնօրենության ընդլայնված նիստ

1. գլխավոր

2021թ. մայիսի 7-ին Ա.Մակարյանի նախագահությամբ կայացավ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենության ընդլայնված նիստ, որին մասնակցում էին տնօրենության անդամները, և հրավիրված էին մասնաճյուղի ստորաբաժանումների ղեկավարները:

Նիստի ընթացքում քննարկվեցին օրակարգային հետևյալ հարցերը.

  1. Առկա ուսուցման՝ 2020-2021 ուստարվա ավարտական կուրսերի լուծարքային շրջանի ամփոփում (զեկուցողներ՝ ֆակուլտետների դեկաններ, Ա.Դավթյան):
  2. Առկա ուսուցման՝ 2020-2021 ուստարվա ավարտական աշխատանքների կատարման ընթացքի մասին (զեկուցողներ՝ ֆակուլտետների դեկաններ):
  3. Հաղորդում մինչև 12 կրեդիտ կուտակած ակադեմիական պարտքերի վերահանձնման գործընթացի կազմակերպման ընթացքի մասին (զեկուցող՝ Ա.Դավթյան):
  4. Ընթացիկ հարցեր.
    • Ավարտական կուրսերի ուսման վարձերի վճարման ընթացքի մասին (զեկուցող՝ Մ.Մխիթարյան)
    • Արցախյան երկրորդ պատերազմում զոհված ԵՊՀ ԻՄ-ի ուսանողների և շրջանավարտների հիշատակը հավերժացնելու նպատակով միջոցառումների մշակման և կազմակերպման համար ստեղծված հանձնաժողովի աշխատանքների կատարման մասին (զեկուցող՝ Հ.Մովսեսյան):

Առաջին հարցի կապակցությամբ ֆակուլտետների դեկաններն, ըստ կրթական ծրագրերի, ներկայացրին առկա ուսուցման ավարտական կուրսերի լուծարքային շրջանի արդյունքները: Նրանք մասնավորապես նշեցին, որ լուծարքային շրջանն ընթացել է ըստ նախատեսված ժամանակացույցի, բողոքներ չեն արձանագրվել: միայն Հումանիտար գիտությունների ֆակուլտետի 1 ուսանող, ունենալով ուսման վճարի խնդիր, չի ներկայացել քննություններին: Երկրորդ լուծարքային շրջանին ակադեմիական պարտք ունեցող 10 ուսանողներից (Հումանիտար գիտությունների ֆակուլտետ՝ 4, Կիրառական արվեստի ֆակուլտետ՝ 4, Բնական գիտությունների ֆակուլտետ՝ 1, Տնտեսագիտության ֆակուլտետ՝ 1) վերոնշյալ ուսանողը չի ներկայացել լուծարքներին:

Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը, ամփոփելով լուծարքային շրջանը, նշեց, որ 2020-2021 ուստարվա ավարտական կուրսերի լուծարքային շրջանն ընթացել է սահմանված կարգով, ըստ ժամանակացույցի: 150 շրջանավարտ (39-ը` անվճար, 111-ը` վճարովի հիմունքներով)  ավարտել է տեսական դասընթացները, միայն մեկ ուսանող չի մասնակցել լուծարքային շրջանին և չի մուծել ուսման վճարը:

Որոշվեց՝ առկա ուսուցման՝ 2020-2021 ուստարվա ավարտական կուրսերի լուծարքային շրջանի վերաբերյալ ֆակուլտետների դեկանների և ՈՒՄՎ պետի հաղորդումներն ընդունել ի գիտություն:

Երկրորդ հարցի վերաբերյալ ֆակուլտետների դեկանները նշեցին, որ 2020-2021 ուստարվա ավարտական կուրսերում նախապաշտպանություններն ընթանում են կարգով սահմանված ժամկետներում: Ավարտական որոշ կուրսերում արդեն ավարտվել են, մյուսներում՝ դեռևս ընթացքի մեջ են: Ավարտական աշխատանքները հիմնականում պատրաստ են, կան որոշակի թերություններ, որոնք մինչև պաշտպանությունները կշտկվեն: Այն կրթական ծրագրերում, որտեղ իրականացվել են նախապաշտպանությունները, նշանակվել և հաստատվել են նաև ավարտական աշխատանքների գրախոսները:

Այս հարցի կապակցությամբ Ա.Մակարյանը նշեց, որ խիստ հետևողական լինեն «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղում բակալավրի ավարտական աշխատանքի պատրաստման և գնահատման կարգով սահմանված ժամկետների և ձևաչափերի պահպանմանը: Անկախ նրանից, թե ինչպես տեղի կունենան պաշտպանությունները (առկա, առցանց), պաշտպանության նշանակված ժամկետից առնվազն 5 օր առաջ ամբիոն պետք է ներկայացված լինի ուսանողի ավարտական աշխատանքի թղթային և էլեկտրոնային փաթեթը՝ աշխատանքը, ղեկավարի կարծիքը և գրախոսությունը (բոլորը pdf ձևաչափով), ինչպես նաև հրապարակային պաշտպանության ուսանողի ելույթի ppt պրեզենտացիան, իսկ ամբիոնի գործավարը հանձնաժողովի անդամներին պիտի ուղարկի բոլոր ուսանողների աշխատանքների էլեկտրոնային փաթեթները՝ ներառյալ ավարտական աշխատանքների գնահատման ձևաչափի էլեկտրոնային տարբերակը: Նա նաև նշեց, որ առանձնակի ուշադրություն պետք է դարձնել գրախոսություններին` հանձնարարելով գրախոսներին ամենայն պատասխանատվությամբ մոտենալ գրախոսման աշխատանքներին, որոնց համար նրանք առանձին վճարվում են:

Տնօրենի պաշտոնակատարը հանձնարարեց ֆակուլտետների դեկաններին նախքան պաշտպանությունները ZOOM հարթակում կազմակերպել նախապատրաստական հանդիպումներ ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների անդամների և նախագահների հետ` անցած տարվա օրինակով:

Որոշվեց՝ հանձնարարել դեկաններին և ամբիոնների վարիչներին հետևողական լինեն «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղում բակալավրի ավարտական աշխատանքի պատրաստման և գնահատման կարգի պահպանմանը:

Երրորդ հարցի մասին ՈՒՄՎ պետ Ա.Դավթյանը նշեց, որ 2020-2021 ուստարվա 2-րդ կիսամյակում 12 կրեդիտ կուտակած 5 ուսանող դիմել են ակադեմիական պարտքերը մարելու համար, որից 3-ը՝ առկա, 2-ը՝ հեռակա ուսուցման համակարգից: Առկա ուսուցման 3 ուսանողից 1-ը հանձնել է, մյուս երկուսը չեն հաղթահարել քննությունները, սակայն ունեն ևս 1 հնարավորություն: Հեռակա ուսուցման համակարգի 2 ուսանող ևս ձախողել են քննությունների վերահանձնումը, բայց դարձյալ ունեն 1 հնարավորություն: 

Որոշվեց՝ առաջնորդվելով ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման կարգով՝ թույլատրել վերոնշյալ ուսանողներին վերահանձնելու քննությունները:

Ընթացիկ առաջին հարցի վերաբերյալ գլխավոր հաշվապահ Մ.Մխիթարյանը նշեց, որ ավարտական կուրսերի ուսման վարձերի վճարման ընթացքն ընդհանուր առմամբ բավարար է: Խնդիր կա միայն մի քանի ուսանողի դեպքում. առկա ուսուցման համակարգի 1 ուսանող ունի վարձավճարի պարտք, 5 ուսանողի ուսման վարձերը վճարվելու են պետության կողմից, քանի որ ծնողները մարտական գործողությունների մասնակիցներ են, 2 ուսանողի ուսման վարձը վճարվելու է ծնողների սոցիալական փաթեթներից:

Որոշվեց՝ հանձնարարել ֆակուլտետների դեկաններին հետևողական լինել ավարտական և մյուս կուրսերի ուսման վարձերի ժամանակին վճարմանը:

Ընթացիկ երկրորդ հարցի մասին զեկուցեց  Հ.Մովսեսյանը և տնօրենության նիստի մասնակիցներին ներկայացրեց 44-օրյա պատերազմում զոհված ԵՊՀ ԻՄ-ի ուսանողների և շրջանավարտների հիշատակը հավերժացնելու նպատակով միջոցառումների մշակման և կազմակերպման համար ստեղծված հանձնաժողովի աշխատանքների կատարման ընթացի մասին:

ԵՊՀ ԻՄ-ի տնօրենության անդամները և ստորաբաժանումների ղեկավարները հանդես եկան պատերազմում զոհված համալսարանականների հիշատակի միջոցառումների կազմակերպման վերաբերյալ իրենց առաջարկներով, որոնք հաշվի կառնվեն հանձնաժողովի աշխատանքներն իրականացվելիս:

Որոշվեց՝ Հ.Մովսեսյանի հաղորդումն ընդունել ի գիտություն:

Ավարտվեց «Ինչպե՞ս պատրաստել և գրել գիտական հոդված» թեմայով առցանց դասընթացը

1. գլխավոր

2021թ. մայիսի 6-8-ը ԵՊՀ ԻՄ-ի կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժինը կազմակերպել էր  «Ինչպե՞ս պատրաստել և գրել գիտական հոդված» թեմայով առցանց դասընթացը, որը վարեց Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, ք.գ.թ., դոցենտ Գևորգ Սարգսի Սիմոնյանը:

Դասընթացին մասնակցում էին ավելի քան երկու տասնյակ դասախոսներ և  ուսանողներ:

Վերապատրաստման դասընթացի նպատակն էր նպաստել ԵՊՀ ԻՄ-ի պրոֆեսորադասախոսական անձնակազմի գիտական հոդված գրելու ունակության զարգացմանը, նրանց մոտիվացիայի բարձրացմանը:

Գ.Սիմոնյանը դասընթացի ժամանակ անդրադարձավ հոդվածի կառուցվածքային առանձնահատկություններին, այդ թվում՝ գրականական տվյալների անալիզի կառուցվածքին, գրականության և սկզբնաղբյուրների, գիտական  հանդեսների ընտրությանն առնչվող  խնդիրներին:

Դասընթացավարը ներկայացրեց  նաև գիտական հոդվածների կառուցվածքի  IMRAD ֆորմատի բաղադրիչները՝ համառոտագիր և ռեֆերատ, բանալի բառեր,   հիմնական տեքստ, արդյունքների քննարկում, եզրակացություն:

Գ.Սիմոնյանը դասընթացի մասնակիցներին փոխանցեց իր առաջավոր փորձը, պատասխանեց թեմայի վերաբերյալ նրանց ուղղած հարցերին:

Դասընթացն անցավ քննարկումներով և համագործակցային մթնոլորտում:

«Զբոսաշրջություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսումնական պրակտիկան հագեցած էր քայլարշավներով և ուղևորություններով

IMG-20210422-WA0010

2020-2021 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակից դասապրոցեսի հետ համատեղ իրականացվում է ԵՊՀ ԻՄ-ի «Զբոսաշրջություն» մասնագիտության 2-րդ կուրսի  ուսումնական պրակտիկան, որը ՄԿԾ-ով սահմանված վերջնարդյունքներով տվյալ ոլորտի մասնագետներ պատրաստելու համար պարտադիր գործընթաց է:

Այն հնարավորություն է տալիս ուսանողներին ամրապնդել, լրացնել և խորացնել  ուսումնառության ընթացքում ձեռք բերած տեսական գիտելիքները և դրանք կիրառել գործնականում:

Պրակտիկայի տեսական մասն իրականացվել է ZOOM հարթակում, գործնական մասն իրականացվում է պրակտիկայի ժամանակացույցով նշված վայրերի այցելություններով:

2021թ. ապրիլի 22-ին «Զբոսաշրջություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողները կատարեցին քայլարշավ դեպի «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող Մաթոսավանք և Ջուխտակ վանքեր: Պրակտիկային մասնակցում էին պրակտիկայի ղեկավար մ.գ.թ.,  ասիստենտ Հ.Ազիզյանը, Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ Պ.Ասիլբեկյանը, դասախոս Ս.Սաֆարյանը:

Քայլարշավի կանոններին ծանոթանալուց հետո պրակտիկանտները քայլարշավ իրականացրին նախ դեպի Ջուխտակ վանքեր, որտեղ նրանք ներկայացրին երկու վանքերի պատմությունները: Ապա Մաթոսավանք ուղևորվելիս ուսանողները սովորեցին գետանցումը, տարածքում կողմնորոշվելը, ուղեցույց նշաններից օգտվելը: Մաթոսավանքի տեղը որոնելիս նրանք օգտագործեցին կողմնացույց, քարտեզ, իրականացրին խրոնոմետրաժ:

Ուսանողները ծանոթացան ազգային պարկի տարածքի բուսական և կենդանական աշխարհին, որոշ բնական ռեկրեացիոն ռեսուրսներին, գործնականում կիրառեցին տեղանքում կողմնորոշվելու իրենց հմտությունները:

Քայլարշավի ընթացքում ձեռք բերված գիտելիքների, կարողությունների և հմտությունների շնորհիվ ուսանողները կկարողանան ինքնուրույն ուղեկցել զբոսաշրջիկներին այդ վայրեր:

Մայիսի 9-ին կատարվեց ուղևորություն դեպի Ախթալա-Հաղպատ-Օձուն-Հոռոմայր վանական համալիրներ:

Ուղևորության ընթացքում պրակտիկայի ղեկավարը ներկայացրեց Լոռու բնառեկրեացիոն ներուժը, իսկ ուսանողները՝ վանական համալիրների պատմությունը:

Պրակտիկայի ընթացքում ուսանողները սովորեցին թեք լանջերով իջնելու և բարձրանալու առանձնահատկությունները, անվտանգության կանոնները քարաթափման ժամանակ: Նրանք սեփական աչքերով տեսան էկոլոգիական վտանգի ազդեցությունն Ախթալայում, Հոռոմայրում: Ուսանողները սովորեցին նաև ապահովել անվտանգությունը էքստրեմալ պայմաններում (սաստիկ անձրև, ամպրոպ, կարկուտ), եղանակային անբարենպաստ պայմաններում հաղթահարել բարդությունները:

Ավարտվեց «Ուսուցման կազմակերպումը GOOGLE APPS-ի և նրա գործիքակազմի օգնությամբ» վերապատրաստման առցանց դասընթացը

Գլխավոր

2021թ. ապրիլի 19-ին, մայիսի 3-ին, 4-ին և 5-ին Կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժինը կազմակերպել էր «Ուսուցման կազմակերպումը GOOGLE APPS-ի և նրա գործիքակազմի օգնությամբ» թեմայով վերապատրաստման առցանց դասընթացը, որը վարեց ԵՊՀ ԻՄ-ի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի ասիստենտ Մելանյա Սաշայի Բարսեղյանը:

Դասընթացի սկզբում Մ.Բարսեղյանը նշեց, որ այսօր GOOGLE APPSը մանկավարժներին և ուսանողներին ներկայացնում է այնպիսի հավելվածներ, որոնք կարող են ընդգրկվել դասընթացներում՝ հաղորդակցման և համագործակցության համար:

Վերապատրաստման մասնակիցներին ներկայացվեցին Googel Apps-ի և նրա գործիքակազմի օգնությամբ ուսուցման կազմակերպման առավելությունները՝ պարզությունը և հասանելիությունը բոլոր սարքավորումներից օգտվելիս, արդյունավետ փոխհամագործակցությունը և տեղեկատվության փոխանակումը, տեղեկատվության հասանելիության արագությունը, արդյունավետ հետադարձ կապը, թղթագրության բացառումը, պարզ և հարմարավետ ինտերֆեյսը, մեկնաբանությունների համակարգը:

Բացատրվեցին GOOGLE APPS-ի որոշ գործիքներ (Google mail, Google drive, Google docs, Google classroom, Google sites, Google Forms) և ուսումնական գործընթացում նրանց կիրառման հնարավորություններն ու առավելությունները:

Մասնավորապես նշվեց, որ Google drive-ը 15 GB տարածք է, որտեղ կարող ենք պահպանել մեր փաստաթղթերը, ստեղծել նոր փաստաթղթեր, կիսվել դրանցով և  արդյունավետորեն կազմակերպել առցանց աշխատանքները:

Google docs-ը հնավորություն է տալիս ստեղծելու տեքստային փաստաթղթեր, որոնցով կարող ենք կիսվել ուրիշների հետ և համատեղ ստուգել, խմբագրել, ապահովել հետադարձ կապ:

Google classroom-ն օգնում է համակցված կամ խառը ուսուցման կազմակերպման գործընթացում: Այն թույլ է տալիս ստեղծել համագործակցային դասարաններ: Google classroom-ը կապ է հաստատում Google drive-ի հետ և հնարավորություն է տալիս ստեղծելու հայտարարություններ, առաջադրանքներ՝ միաժամանակ հավաքագրելով ուսանողների աշխատանքները, որոնցից յուրաքանչյուրը ենթարկվում է վերլուծության և տվյալների ամփոփման:

Google sites-ը պարզեցված անվճար հոսթինգ է, որը թույլ է տալիս wiki տեխնոլոգիայի շնորհիվ տեղեկատվությունը հասանելի դարձնել մարդկանց համար, ովքեր ունեն դրա կարիքը: Կայքի օգտատերերը կարող են աշխատել միասին, ինչպես նաև տեղադրել  տեղեկությունները Google-ի այլ ծրագրերից՝ Google Docs, Google Calendar, նաև YouTube-ից:

Վերապատրաստման դասընթացի մասնակիցները մեծ ոգևորությամբ մասնակցեցին քննարկումներին ու հնարավոր կիրառություններին և արտահայտվեցին, որ պատրաստվում են իրենց դասընթացներում կիրառել վերապատրաստման ընթացքում ձեռք բերած գիտելիքներն ու մոտեցումները:

2

Լեզվաբանական հարցերի շուրջ բանավեճ-քննարկում՝ ԵՊՀ-ի և ԵՊՀ ԻՄ-ի ուսանողների մասնակցությամբ

1. գլխավոր

2021թ. մայիսի 1-ին ZOOM հարթակում կայացավ լեզվաբանական որոշ հարցերի վերաբերյալ 3 ժամանոց մասնագիտական բանավեճքննարկում, որին մասնակցեցին ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի 3-րդ կուրսի և ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 2-րդ կուրսի 20 ուսանող:

Այն վարեց մայր բուհի և մասնաճյուղի դասախոս, բ.գ.թ., ասիստենտ Սիրանուշ Հովհաննիսյանը:  

Բանավեճ-քննարկման նպատակն էր ապագա մասնագետների մեջ մշակել մասնագիտական համագործակցության տարրական հմտություններ, ինչպես նաև կարծիքների, գիտելիքի ու փորձի փոխանակման էթիկետ:

Քննարկման ընթացքում առաջ էին քաշվել հետևյալ հարցերը.

  • Հարց 1. Անահիտ Հարությունյան, ԵՊՀ, ԵԼՀ, 3-րդ կուրսի անունից.

«Ինչպե՞ս է բնութագրվում լեզուն որպես վարք ձեր անձնական տեսանկյունից, և ինչպե՞ս կարելի է վերլուծել «Ես նրան առաջարկեցի, և մենք միասին գնացինք գարեջրատուն, որտեղ նա ճաշակեց իր ցանկացած գարեջուրը» նախադասությունը Բլումֆիլդի՝ լեզուն որպես վարք տեսության համաձայն»:

  • Հարց 2. Անուշ Խաչատրյան, ԵՊՀ ԻՄ, ՀԼԳ, 2-րդ կուրսի անունից.

«Ինչո՞վ է պայմանավորված այն, որ որևէ տեքստ ընթերցելիս որոշակի բառերի կամ բառի հնչյունական կազմին հատուկ ուշադրություն չենք դարձնում, թռուցիկ հայացք գցելով` բառը ընկալում ենք ամբողջությամբ, և թեկուզ բառի մեջ լինեն վրիպակներ, միևնույնն է, բառի բովանդակությունը ըմբռնվում է: Արդյո՞ք օտար լեզվով տեքստ կարդալիս առնչվում եք նույն երևույթին»:

  • Հարց 3. Լիլիթ Առաքելյան, ԵՊՀ, ԵԼՀ, 3-րդ կուրսի անունից.

«Հնարավո՞ր է արդյոք բանավոր խոսքի ընթացքում ընկալմանը զուգահեռ պատկերացնել նաև նախադասությունների կառուցվածքը՝ պարզ, բարդ և այլն»:

  • Հարց 4. Անուշ Խաչատրյան, ԵՊՀ ԻՄ, ՀԼԳ 2-րդ կուրսի անունից.

«Ի՞նչ տեխնիկայով եք մտապահում բառերը  օտար լեզուն սովորելիս: Ինչպե՞ս եք սկսում թարգմանել հայերենից օտար լեզուներ, և ինչու՞ է համարվում մայրենիից օտար լեզու թարգմանելը ավելի դժվար»:

Թարգմանության, խոսքի ձևավորման և օտարման, ձևի ու բովանդակության տարբեր հարցերի քննարկումով հագեցած հանդիպումն ավարտվեց ԵՊՀ օտար լեզուների ուսանողուհիներին դասախոսի տված հանձնարարությամբ՝ թարգմանել Լեոնարդ Բլումֆիլդի “Language” աշխատության մի հատված՝ իրենց իսկ ընտրությամբ, 10 էջի սահմաններում, ներկայացնել մինչև մայիսի 20-ը, իսկ ԵՊՀ ԻՄ-ի ուսանողուհիներին հանձնարարվեց թարգմանվող հայերեն տեքստի խմբագրում-սրբագրումը: