Կայացավ ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդի հերթական նիստը

Գիտխորհրդի նիստի նկարը

2021թ. ապրիլի 30-ին ZOOM հարթակում կայացավ ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդի հերթական առցանց նիստը, որը նախագահում էր Ա. ՀՄակարյանը:

Նիստի օրակարգում ընդգրկված էին հետևյալ հարցերը.

  1. ԵՊՀ ԻՄ-ի հեռակա ուսուցման ձևով մագիստրատուրայի՝ 2021-2022 ուսումնական տարվա ընդունելության կարգի հաստատում (զեկուցող՝ ԵՊՀ ԻՄ-ի ուսումնամեթոդական վարչության պետ Ա Ց Դավթյան):
  2. ԵՊՀ ԻՄ-ի կրթական ծրագրերի մոնիթորինգի և վերանայման կարգի հաստատում (զեկուցող՝ ԵՊՀ ԻՄ-ի կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժնի վարիչ ՆՍ. Գրիգորյան):
  3. ԵՊՀ ԻՄ-ի էթիկայի հանձնաժողովի կազմը հաստատելու մասին (զեկուցող՝ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար ԱՀՄակարյան):

Առաջին հարցի՝ ԵՊՀ ԻՄ-ի հեռակա ուսուցման ձևով մագիստրատուրայի՝ 2021-2022 ուսումնական տարվա ընդունելության կարգը հաստատելու մասին Ուսումնամեթոդական վարչության պետ ԱԴավթյանը նշեց, որ տվյալ կարգով սահմանված են ԵՊՀ ԻՄ-ի հեռակա ուսուցման մագիստրատուրայի՝ 2021-2022 ուստարվա ընդունելության կարգն ու պայմանները, այդ թվում՝ ընդունելության մրցույթին մասնակցելու համար ներկայացվող փաստաթղթերը:

Մասնավորապես ներկայացված է, որ հեռակա ուսուցման ձևով ԵՊՀ ԻՄ մագիստրատուրայի ընդունելության մրցույթին կարող են մասնակցել ԵՊՀ, ԵՊՀ ԻՄ և այլ պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված (ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած) ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա և հեռակա ուսուցման ձևերի բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող շրջանավարտները։

Օտարերկրյա քաղաքացիների ընդունելությունը կկատարվի հարցազրույցով` համաձայն ՀՀ կառավարության՝ 2011թ. ապրիլի 28-ի թիվ 700-Ն որոշմամբ սահմանված կարգի:

Հեռակա ուսուցման ձևով մագիստրատուրայի ընդունելության փաստաթղթերը կընդունվեն առցանց եղանակով՝ ijevan@ysu.am էլեկտրոնային հասցեին, ընթացիկ տարվա սեպտեմբերի 8-ից մինչև հոկտեմբերի 8-ը: Ընդունելության քննությունը կանցկացվի ընթացիկ տարվա հոկտեմբերի 13-ին և 14-ին:

Մագիստրատուրա ընդունված դիմորդները մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 25-ը պետք է վճարեն ուսման վարձավճարը (1-ին կիսամյակի համար նախատեսված ուսման վարձի առնվազն 25%-ը), որից հետո կկատարվի նրանց հրամանագրումը:

Որոշվեց՝ հաստատել ԵՊՀ ԻՄ-ի հեռակա ուսուցման ձևով մագիստրատուրայի՝ 2021-2022 ուսումնական տարվա ընդունելության կարգը:

 

Երկրորդ հարցի՝ ԵՊՀ ԻՄ-ի կրթական ծրագրերի մոնիթորինգի և վերանայման կարգը հաստատելու վերաբերյալ ԿԲԴՎ բաժնի վարիչ Ն.Գրիգորյանը նշեց, որ տվյալ կարգով սահմանվում են ԵՊՀ ԻՄ-ի բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի ընթացիկ մոնիթորինգի և պարբերական վերանայման գործընթացների նպատակները և խնդիրները, դրանց ներկայացվող հիմնական պահանջները, կիրառվող ընթացակարգերը, հիմնական դերակատարները և համապատասխան ժամանակացույցները: Կրթական ծրագրերի մոնիթորինգը և վերանայումը որակի ներքին ապահովման գործընթացներ են և կրթական ծրագրերի իրականացման փուլում դրանց որակի ապահովման և շարունակական բարելավման հիմնական մեխանիզմներից են:

Ընթացիկ մոնիթորինգի նպատակն է բարելավել կրթական ծրագրերի մատուցման որակը, այն համապատասխանեցնել կրթական ծրագրերի սահմանած նպատակներին ու համապատասխան որակավորումների ոլորտային շրջանակների բնութագրիչներին:

Պարբերական վերանայման նպատակն է արդիականացնել կրթական ծրագրերը՝ դրանք համապատասխանեցնելով աշխատաշուկայի ընթացիկ պահանջներին, բարելավել դրանց մատուցման որակը և ծրագրի իրականացման լրիվ շրջափուլի արդյունքներով հիմնավորել դրանց հետագա իրականացման նպատակահարմարությունը:

Քվեարկության արդյունքներով որոշվեց՝ հաստատել ԵՊՀ ԻՄ-ի կրթական ծրագրերի մոնիթորինգի և վերանայման կարգը:

 

Երրորդ  հարցի մասին ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա Հ Մակարյանը նշեց, որ ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդի N 50/5 որոշմամբ հաստատվել էր ԵՊՀ ԻՄ-ի վարչական, ակադեմիական աշխատակազմերի և ուսանողների համար «Էթիկայի կանոնագիրք»-ը, որի նպատակն է խրախուսել և ապահովել բարոյաէթիկական մշակույթը, մասնավորապես ակադեմիական ազնվության մշակույթը մասնաճյուղի աշխատակիցների և ուսանողների շրջանում, զարգացնել նրանց մեջ բարոյահոգեբանական, գիտամանկավարժական և կազմակերպական հիմունքները, ստեղծել միջանձնային բարենպաստ փոխհարաբերություններ՝ բարձրացնելով դերակատարների հեղինակությունը, պահպանել մասնաճյուղի ամբողջականությունը և բարի համբավը:

Մասնաճյուղի գիտական խորհրդի այս նիստում հաստատման է ներկայացվել ԵՊՀ ԻՄ-ի էթիկայի հանձնաժողովի հետևյալ կազմը.

  1. Պավել Նորիկի Ասիլբեկյան՝ Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ,
  2. Աիդա Ասիլբեկի Սարհատյան՝ Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ,
  3. Լևոն Երվանդի Լաչիկյան՝ Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ,
  4. Ալեքսան Շամիլի Մարգարյան՝ Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի ասիստենտ,
  5. Ինգա Գառնիկի Ասլանյան՝ «Անգլերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրի 2-րդ կուրսի ուսանողուհի,
  6. Կարինե Անդրանիկի Մուքաելյան՝ «Անգլերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրի 1-ին կուրսի ուսանողուհի:

Որոշվեց՝ հաստատել ԵՊՀ ԻՄի էթիկայի հանձնաժողովի կազմը:

Ավարտվեց Օտար լեզուների ամբիոնի դասախոսների վարած առցանց դասընթաց-քննարկումների շարքը

1. գլխավոր

2021թ. ապրիլի 12-29-ը ԵՊՀ ԻՄ-ի կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժինը կազմակերպել  էր առցանց դասընթաց-քննարկումներ, որոնք վարեցին ԵՊՀ ԻՄ-ի օտար լեզուների ամբիոնի դասախոսներ Աստղիկ   Չուբարյանը, Նուարդա   Երնջակյանը  և Գայանե Մուրադյանը:

Դասընթացներին մասնակցեցին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ավելի քան 2 տասնյակ դասախոսներ և ուսանողներ:

«Կորպուսային  լեզվաբանություն» թեմայով առցանց դասընթաց-քննարկման ժամանակ Օտար լեզուների ամբիոնի պրոֆեսոր, բ.գ.թ. Աստղիկ Չուբարյանը ներկայացրեց կորպուսային լեզվաբանության հիմնական դրույթները, մեթոդաբանությունը, նրա տեղն ու դերը ժամանակակից լեզվաբանական  գիտահետազոտական ուսումնասիրություններում:

Նշվեց, որ կորպուսային լեզվաբանությունը լեզվաբանական գիտելիքի  քննության համեմատաբար նոր ուղղություն է, որը սկիզբ է առել անցյալ դարի 60-ական թվականներին և մեծ առաջընթաց է ապրել 80-ականների վերջից: Լեզվական կորպուսը բազմաթիվ տեքստերի համակարգ է, որը բերված է էլեկտրոնային տեսքի և ունի որոնման համակարգի լայն հնարավորություն:

Ընդգծվեց, որ ներկայումս անհնար է պատկերացնել տեսական և կիրառական լեզվաբանության որևէ ոլորտ՝ առանց կորպուսային լեզվաբանության մեթոդաբանության գործիքակազմի կիրարկման:

«Ինքնության  դրսևորումները պատմալեզվամշակութային համատեքստերում» թեմայով առցանց քննարկման ընթացքում Օտար լեզուների ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Նուարդա Երնջակյանը անդրադարձավ մշակույթ-ինքնություն-լեզու համընդգրկուն կապի դրսևորումներին բազմաբնույթ համատեքստերում:

Ներկայացվեց, որ ժամանակակից ըմբռնմամբ ինքնությունն իր իմաստային հատկանիշներով և կիրառություններով բնութագրվում է երկու՝ նախնական և հիմնարար հասկացություններով՝ նույնականություն և այլականություն (sameness/otherness) երկբաղադրիչ հակադրությամբ և կիրառվում է որպես աշխարհի լեզվական  պատկերն ուսումնասիրող մշակութաբանական առարկաների, տեսությունների ու մեթոդաբանության կարևոր հարացույցներից մեկը: Տվյալ դեպքում այն դիտարկվում է պատմալեզվամշակութային, ազգային, գրական, մարդաբանական, ազգագրական/ազգաբանական և այլ միջգիտակարգային հետազոտություններում:

«Հաղորդակցության դիվանագիտություն» թեմայով առցանց հանդիպում-քննարկման ժամանակ Օտար լեզուների ամբիոնի դոցենտ, բ.գ.դ. Գայանե Մուրադյանը ներկայացրեց դիվանագիտական խոսույթը (դիսկուրսը) որպես հաղորդակցվելու արվեստ, էթիկայի նորմերին համապատասխան վարվեցողություն ցուցաբերելու ռազմավարություն և մշակույթ, որոնց համատեքստում առանձնապես կարևորվում է լեզվական արտահայտումը:

Շեշտվեց, որ այսօր այն հիմնականում ներկայանում է անգլերենով և նպատակ ունի դիվանագիտական բանավոր ու գրավոր խոսքի ճիշտ և արդյունավետ կիրառման միջոցով հաստատել միջպետական, միջմշակութային  և  միջանձնային ներդաշնակ ու արդյունավետ հարաբերություններ:

Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին

1. գլխավոր - 4. IMG_0588

2021թ. ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին, ԵՊՀ ԻՄ-ի վարչական, պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամներ, ուսանողներ, մարզի տարբեր ոլորտների ներկայացուցիչներ և քաղաքացիներ շարժվեցին դեպի Իջևանում տեղադրված` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակին:

Համալսարանականները ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրեցին հուշարձանին:

Այնուհետև նրանք այցելեցին Իջևանի պատմաերկրագիտական թանգարան, որտեղ Հայոց մեծ եղեռնի թեմայով կազմակերպվել էր ցուցադրություն:

___________________________________________________________________

Հայոց ցեղասպանության սկիզբը պայմանականորեն համարվում է 1915թ. ապրիլի 24-ը. այդ օրը Կոստանդնուպոլսում ձերբակալվեց մտավորականության սերուցքը՝ 600 հայազգի մտավորականներ, որոնք հետագայում սպանվեցին աքսորի ճանապարհին. Գրիգոր Զոհրապ, Դանիել Վարուժան, Ռուբեն Զարդարյան, Սիամանթո, Ռուբեն Սևակ, Երվանդ Սրմաքեշխանլյան, Ատոմ Յարճանյան, Հովհաննես Հարությունյան և ուրիշներ: Սակայն հայ պատմագիտության մեջ որպես Հայոց ցեղասպանության տարեթվեր ընդունված է համարել 1892-1923 թթ. որպես Թուրքիայի կառավարող շրջանների՝ Համիդյան Թուրքիայի, ապա Երիտթուրքերի կառավարության կողմից կազմակերպված ցեղասպանություն, որի հետևանքով զանգվածային տեղահանության ենթարկվեց և բնաջնջվեց Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի և Օսմանյան կայսրության նահանգների հայ բնակչությունը։ Ծիծեռնակաբերդի հուշարձանի 12 քարակոթողները, ըստ ժողովրդական ստուգաբանության, խորհրդանշում են կորցրած 12 գավառները, որոնք այժմ գտնվում են ժամանակակից Թուրքիայի կազմում:

Երիտթուրքական կառավարությունը, ջանալով պահպանել թուլացած Օսմանյան կայսրության մնացորդները, որդեգրեց պանթուրքիզմի քաղաքականությունը, այն է՝ հսկայածավալ Թուրքական կայսրության ստեղծում, որը, տարածվելով մինչև Չինաստան, իր մեջ կառներ Կովկասի, Միջին Ասիայի բոլոր թուրքալեզու ժողովուրդներին: Ծրագիրը նախատեսում էր բոլոր ազգային փոքրամասնությունների թուրքացում և երազելի «Մեծ Թուրանի»-ի ստեղծում՝ Բոսֆորից մինչև Ալթայ: Այս համատեքստում Արևմտյան Հայաստանի բնիկ հայ ժողովուրդը դիտվում էր որպես գլխավոր խոչընդոտ այս ծրագրի իրականացման ճանապարհին, իսկ չկային հայերը՝ չկար նաև Հայկական հարցը։ Երիտթուրքերը որպես հարմար առիթ օգտագործեցին Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը: Ծրագրի հեղինակներն էին Թալեաթը (ներքին գործերի նախարար), էնվերը (ռազմական գործերի նախարար), Ջեմալը (Պաղեստինյան ճակատի հրամանատար), Բեհաեդդին Շաքիր բեյը (երիտթուրքական կենտրոնական կոմիտեի անդամ) և ուրիշներ:

Հայոց ցեղասպանությունը նախատեսված էր իրականացնել երեք փուլով, որի առաջին փուլը ապրիլի 24-ն էր, իսկ երկրորդ փուլը՝ շուրջ 60.000 հայ տղամարդկանց զորակոչը թուրքական բանակ: Բանակ զորակոչված 15-45 տարեկան բոլոր հայ տղամարդիկ ավելի ուշ զինաթափվեցին ու սպանվեցին իրենց թուրք զինակիցների կողմից: Երրորդ փուլով թուրք ջարդարարները սկսեցին կոտորել անպաշտպան մնացած հայ բնակչությանը՝ գերազանցապես կանանց, ծերունիներին և երեխաներին: Կազմակերպվեց մասսայական բռնագաղթ, աքսոր և ջարդ: Հայերին կա՛մ ստիպում էին ուրանալ քրիստոնեությունը, կա՛մ սպանում էին, կա՛մ ստիպում բռնել գաղթի ուղին: Արևմտյան Հայաստանի ողջ մնացած հայերը բռնագաղթեցին Միջագետքի անապատներ, հիմնականում՝ Դեր Զոր, որտեղ և բնաջնջվեցին:

Հայոց ցեղասպանությունը միջազգային հանրության կողմից դատապարտվել է տարբեր մակարդակներով. այն ընդունել են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Եվրոպայի Խորհուրդը՝ 1998, 2001 թթ., Եվրամիությունը՝ Եվրախորհրդարանի բանաձևերով, Հայոց ցեղասպանությունը դատապարտել են 1987, 1998, 2000, 2001, 2002 և 2005 թթ. ՄԱԿ–ի մի քանի հանձնաժողովներ, Եկեղեցիների համաշխարհային միությունը և այլն: Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևեր և որոշումներ ունեն Շվեդիայի խորհրդարանը, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը, Չիլիի և Արգենտինայի Սենատները, Լիտվայի Ասամբլեան, Եվրապառլամենտը, Վենեսուելայի Ազգային Ասամբլեան, Լեհաստանի և Նիդերլանդների, Իտալիայի (2019թ. ապրիլի 10-ին) խորհրդարանները, Կանադայի Համայնքների պալատը և այլն: Ֆրանսիայում, Ուրուգվայում, Կիպրոսում օրենքների տեսքով, իսկ Շվեյցարիայում՝ նաև այն ժխտելը դատապարտվում է քրեորեն:

Հայոց ցեղասպանության ճանաչումը, դատապարտումը և այդպիսով՝ նոր ցեղասպանությունների կանխումը, հիրավի, ոչ միայն հայության, այլև ողջ մարդկության պատասխանատվությունն է: Հարկ է, որ ոչ միայն հայերը, այլև բոլոր ազգերը հիշեն հայության հետ տեղի ունեցածը, հիշելով՝ պահանջեն Հայոց ցեղասպանության արդարացի ճանաչում ու հատուցում, պահանջելով՝ թույլ չտան, որ մարդկության պատմության մեջ կրկնվի այդ ահավոր ոճիրը…

Բոլոր լուսանկարները տե՛ս Պատկերասրահում:

 

Շիրակի պետական համալսարանի ներկայացուցիչների այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

glxavor

2021թ. ապրիլի 23-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցելեցին «Շիրակի Մ.Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ներկայացուցիչները՝ ռեկտորի պաշտոնակատար, ֆ.մ.գ.թ., դոցենտ Երվանդ Սերոբյանը, Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի պրոռեկտոր-տնօրենի ՊԿ, բ.գ.թ., դոցենտ Նազելի Ավետիսյանը, Արտաքին համագործակցության և հասարակայնության հետ կապերի  կենտրոնի տնօրեն, բ.գ.թ., դոցենտ Հովիկ Մելքոնյանը, Արվեստի ամբիոնի վարիչ, մ.գ.թ. Օֆելյա Կուրազյանը, այլ աշխատակիցներ, ուսանողներ:

Այցելության նպատակն էր մոտիկից ծանոթանալ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գործունեությանը, խորացնել և զարգացնել երկու բուհերի միջև համագործակցությունը, համատեղ ծրագրերի իրականացումը:

Հյուրերի պատվին ԵՊՀ ԻՄ-ում կազմակերպվել էր ցուցահանդես, որտեղ ներկայացված էին Կիրառական արվեստի ֆակուլտետի դասախոսների և ուսանողների վառ ու հետաքրքիր աշխատանքները:

Նախքան ցուցահանդեսի դիտումը համալսարանական հյուրերին իրենց ոգեշնչող ու գեղեցիկ կատարումներով ողջունեցին Իջևանի «Ավանդույթ» թիվ 2 երաժշտական դպրոցի սաները և ուսուցիչները:

Ցուցադրված աշխատանքները դիտելուց հետո ԵՊՀ ԻՄ-ի ուսանողների և դասախոսների համար 19-րդ դարի ռուս գեղանկարչության վերաբերյալ հետաքրքիր ակնարկային դասախոսությամբ հանդես եկավ Շիրակի պետական համալսարանի արվեստի ամբիոնի դոցենտ, արվեստագիտության թեկնածու Արաքս Մարգարյանը:

Այնուհետև կայացավ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար, ֆ.մ.գ.թ., դոցենտ Անուշավան Մակարյանի հետ ՇՊՀ-ի ներկայացուցիչների հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցության խորացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր: ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի (ի դեմս տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանի) և Շիրակի պետական համալսարանի (ի դեմս ռեկտորի պաշտոնակատար Ե.Սերոբյանի) միջև կնքվեց համագործակցության հուշագիր, որով ամրագրվեց կողմերի պատրաստակամությունը համագործակցելու կրթական ու գիտահետազոտական ոլորտներում, մասնավորապես՝ իրականացնելու ակադեմիական շարժունության ծրագրեր, կազմակերպելու համատեղ վարպետության դասեր, ճանաչողական այցեր, պրակտիկաներ, գիտաժողովներ:

Հետևելով օրվա խորհրդին (1995թ. Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր խորհրդաժողովը ապրիլի 23-ը հռչակել է որպես Գրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային օր)՝ ԵՊՀ ԻՄ-ի հեռակա ուսուցման բաժնի վարիչ, Ռուսաց լեզվի և գրականության սեկցիայի դոցենտ, բ.գ.թՄարատ Զուրաբյանը Շիրակի պետական համլսարանին նվիրեց հեղինակային, մասնագիտական գրքեր:

Հաջորդիվ երկու համալսարանների վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամները և ուսանողները այցելեցին Իջևանի պատմաերկրագիտական թանգարան և դիտեցին պատմական արժեք ներկայացնող ցուցանմուշները, Իջևանի և Տավուշի մարզի տարածքից հայտնաբերված գտածոները:

Այնուհետև խումբը ապրիլի 24-ի նախօրեին այցելեց Իջևանում տեղադրված` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակին, ծաղիկներ դնելու հուշարձանին:

Հյուրերը ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական խորհրդի անդամների ուղեկցությամբ այցելեցին նաև Իջևանի դենդրոպարկ, որտեղ ծանոթացան աշխարհի տարբեր երկրներից բերված յուրօրինակ ծառերի ու թփերի տեսականուն:

Շիրակի պետական համալսարանի պատվիրակությունը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից հեռացավ ջերմ տպավորություններով, փոխադարձ այցի ակնկալիքով և համագործակցության ծրագրերի իրականացման պատրաստակամությամբ:

Մասնաճյուղում մեկնարկել է «Աշխարհագրություն», «Ես և շրջակա աշխարհը» ուսումնական առարկաները դասավանդող ուսուցիչների անվճար վերապատրաստումների շարքը

1. գլխավոր

2021թ. ապրիլի 17-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում մեկնարկեց «Աշխարհագրություն» և «Ես և շրջակա աշխարհը» ուսումնական առարկաները դասավանդող ուսուցիչների համար կազմակերպվող անվճար վերապատրաստումների շարքը՝ ԵՊՀ ԻՄ-ի «Տավուշ» հետազոտական կենտրոնի, Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի և ՀՀ Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության համագործակցությամբ:

Առաջին սեմինարը, որը նվիրված էր Հանրակրթության պետական չափորոշչին և սպասվող փոփոխություններին, վարեց «Աշխարհագրություն», «Ես և շրջակա աշխարհը» դասագրքերի համահեղինակ, Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, ա.գ.թ., պրոֆեսոր Գուրգեն Հովհաննիսյանը, մասնակցեցին Տավուշի մարզի դպրոցների 2 տասնյակ ուսուցիչներ:

Սեմինարավարը ներկայացրեց Հանրակրթության պետական չափորոշչի կառուցվածքը: Նա մասնավորապես նշեց, որ տվյալ չափորոշիչը ներառում է կրթական քաղաքականության հիմնական դրույթները, ուսումնական բնագավառներն ու կրթության բովանդակության բաղադրիչները և  շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջները` կարողունակությունները (կոմպետենցիաներ):

Պարոն Հովհաննիսյանը նաև խոսեց «Աշխարհագրություն» ուսումնական առարկայի պետական չափորոշչի մասին՝ միաժամանակ ներկայացնելով աշխարհագրության դասընթացների՝ հանրակրթական պետական առարկայական օրինակելի ծրագրի համար առաջարկվող կառուցվածքը:

Սեմինարի մասնակիցները գոհունակություն հայտնեցին վերապատրաստման կազմակերպիչներին և սեմինարավարին՝ բովանդակալից և պատշաճ կարգով կազմակերպված սեմինարի, նյութը մատչելի կերպով մատուցելու համար, ընդգծեցին նմանատիպ միջոցառումների, ուսուցիչներին մեթոդական աջակցություն տրամադրելու կարևորությունը: