Ամփոփվել է ԵՊՀ ԻՄ-ի գիտխորհրդի՝ հարցման միջոցով անցկացված հերթական նիստը

1. Գիտխորհրդի նիստի նկար   ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գիտական խորհրդի նախագահ Ա. Հ. Մակարյանի և գիտքարտուղար Մ. Ս. Աթոյանի նախաձեռնությամբ 2020թ. մայիսի 11-14-ը Google-ի հարթակում հարցման միջոցով անցկացվել է գիտխորհրդի հերթական նիստը:

Ինչպես նախորդ, այնպես էլ այս նիստից առաջ գիտխորհրդի անդամների էլեկտրոնային հասցեներին ուղարկվել են https://docs.google.com/forms-ով կազմված ձևաչափեր, որոնք նրանց հնարավորություն են տվել ծանոթանալ տվյալ հարցի մասին հաղորդմանը, ներկայացնել առաջարկություններ և քվեարկել առցանց։

Նիստի օրակարգում ընդգրկված էին հետևյալ հարցերը.

  1. ԵՊՀ ԻՄ-ի՝ 2020-2021 ուսումնական տարվա առկա ուսուցմամբ մագիստրատուրայի ընդունելության հարցի քննարկում (զեկուցող՝ ԵՊՀ ԻՄ-ի ՈՒՄՎ պետ Ա. Ց. Դավթյան):
  2. ԵՊՀ ԻՄ-ի՝ 2020-2021 ուսումնական տարվա հեռակա ուսուցմամբ մագիստրատուրայի ընդունելության կարգի հաստատում (զեկուցող՝ ԵՊՀ ԻՄ-ի ՈՒՄՎ պետ Ա. Ց. Դավթյան):
  3. Հաղորդում ԵՊՀ ԻՄ-ի սովորողների պրակտիկայի կազմակերպման գործընթացի մասին (զեկուցող՝ՈւՄՎՄԿՊԿ բաժնի վարիչ Լ Գ. Բեգինյան):
  4. «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի բակալավրական կրթական ծրագրերով ուսումնառություն ստացած՝ 2019-2020 ուսումնական տարվա շրջանավարտների ամփոփիչ առցանց ատեստավորման ընթացակարգի հաստատում (զեկուցող՝ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա Հ. Մակարյան):
  5. ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետի օտար լեզուների ամբիոնի կանոնադրության հաստատում (զեկուցող՝ ԵՊՀ ԻՄ-ի գիտքարտուղար Մ. Ս. Աթոյան):
  6. ԵՊՀ ԻՄ-ի ՏՀՍԶ բաժնի կանոնադրության հաստատում (զեկուցող՝ ԵՊՀ ԻՄ-ի գիտքարտուղար Մ. Ս. Աթոյան):
  7. ԵՊՀ ԻՄ-ի ՈՒԳԸ նախագահի պաշտոնում Մ․ Ասիլյանին հաստատելու մասին (զեկուցող՝ ԵՊՀ ԻՄ-ի գիտքարտուղար Մ. Ս. Աթոյան):
  8. ԵՊՀ ԻՄ-ի հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բան. գիտ. թեկն., դոցենտ Վաչագան Ավագյանի՝ «Հայագիտությունը Արևմտյան Եվրոպայում XIX դարում» խորագրով գիտական թեմայի նախագիծը գիտական թեմաների հայտերի ընտրության մրցույթին մասնակցելու համար երաշխավորելու մասին (զեկուցող՝ ԵՊՀ ԻՄ-ի հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Վ. Վ. Ավագյան):

Օրակարգային 1-ին հարցի մասին Ա.Դավթյանի զեկուցման մեջ մասնավորապես ներկայացվել էր. «Այս պահին առկա ուսուցմամբ ԵՊՀ ԻՄ-ն ունի լիցենզիա միայն Կիրառական արվեստ մասնագիտությամբ՝ Դեկորատիվ կիրառական արվեստ կրթական ծրագրով։ Ուսումնամեթոդական վարչության և Կիրառական արվեստի ֆակուլտետի կողմից կատարված նախնական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 2020-2021 ուսումնական տարում այս մասնագիտությամբ ընդունելություն կազմակերպելու դեպքում հավանականությունը շատ փոքր է, որ մասնաճյուղը կունենա անհրաժեշտ քանակով դիմորդներ։ ՈՒՄՎ-ն առաջարկում է այս ուսումնական տարում առկա ուսուցմամբ մագիստրատուրայի ընդունելություն չհայտարարել»:

Քվեարկության արդյունքում որոշվել է ԵՊՀ ԻՄ-ում 2020-2021 ուսումնական տարում առկա ուսուցմամբ մագիստրատուրայի ընդունելություն չկատարել:

2-րդ հարցի վերաբերյալ Ա.Դավթյանի հաղորդման մեջ նշվել էր. «ԵՊՀ ԻՄ-ի կողմից կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տարածաշրջանում կա անհրաժեշտություն կազմակերպելու կրթություն մանկավարժի որակավորում շնորհող ծրագրով՝ «Դասավանդման մեթոդիկա և մանկավարժություն» կրթական ծրագրով հեռակա ուսուցմամբ մագիստրատուրա։ Մասնաճյուղը սահմանված ընթացակարգով ձեռք է բերել համապատասխան լիցենզիա։ Հույս ունենք,  որ 2020-2021 ուսումնական տարում այս մասնագիտությամբ ընդունելություն կազմակերպելու դեպքում մասնաճյուղը կունենա անհրաժեշտ քանակով դիմորդներ։ Առաջարկվում է հաստատել ԵՊՀ ԻՄ 2020-2021 ուսումնական տարվա հեռակա ուսուցմամբ մագիստրատուրայի ընդունելության կարգը համաձայն հավելված 1-ի»։

Քվեարկության արդյունքում որոշվել է հաստատել ԵՊՀ ԻՄ-ի՝ 2020-2021 ուսումնական տարվա հեռակա ուսուցմամբ մագիստրատուրայի ընդունելության կարգը:

3-րդ հարցի մասին Լ.Բեգինյանի հաղորդման մեջ մասնավորապես ներկայացվել էր, որ 2019-2020 ուստարվա աշխատանքային ուսումնական պլանի համաձայն՝ մասնաճյուղի ուսումնական գործընթացն ընդգրկել է  28 պրակտիկա: Հաշվետու ուստարում մասնաճյուղը պետական և ոչ պետական տարբեր կազմակերպությունների, հիմնարկ-ձեռնարկությունների հետ ունեցել է «Ուսանողների պրակտիկայի կազմակերպման մասին» 35 պայմանագիր, որոնցից երեքը ձեռք է բերվել ուստարվա ընթացքում:

Պրակտիկաները կազմակերպվել են ըստ ժամանակացույցի` ուսանողների պրակտիկայի կազմակերպման և անցկացման կարգին համապատասխան: 2020թ. մարտի 16-ից՝ ՀՀ-ում արտակարգ դրության հայտարարումից ի վեր, մասնաճյուղի կողմից կազմակերպվող պրակտիկաները և հաշվետվությունները ևս իրականացվում են առցանց Zoom հարթակի միջոցով: Ընթացքի մեջ են առկա ուսուցման «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» 3-րդ կուրսի, «Զբոսաշրջություն» 1-ին կուրսի, «Զբոսաշրջություն» առկա և հեռակա 2-րդ կուրսերի, «Պատմություն» 4-րդ և 5-րդ կուրսերի պրակտիկաները:

ԵՊՀ ԻՄ-ի սովորողների պրակտիկայի կազմակերպման գործընթացի մասին Լ.Բեգինյանի հաղորդումն ընդունվել է ի գիտություն:

4-րդ հարցի վերաբերյալ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա․Մակարյանի հաղորդման մեջ մասնավորապես նշվել էր, որ բոլորին հայտնի պատճառներով ԵՊՀ ԻՄ-ի բակալավրական կրթական ծրագրերով ուսումնառություն ստացած՝ 2019-2020 ուսումնական տարվա շրջանավարտների ամփոփիչ առցանց ատեստավորման համար անհրաժեշտ է հաստատել ընթացակարգ, որին կարելի է ծանոթանալ հավելված 2-ում:

Քվեարկության արդյունքում 4-րդ հարցի կապակցությամբ որոշվել է հաստատել ԵՊՀ ԻՄ-ի բակալավրական կրթական ծրագրերով ուսումնառություն ստացած 2019-2020 ուսումնական տարվա շրջանավարտների ամփոփիչ առցանց ատեստավորման ընթացակարգը՝ համաձայն հավելված 2-ի:

Առցանց գիտական խորհրդի նիստում հաստատվել են նաև Oտար լեզուների ամբիոնի և ՏՀՍԶ բաժնի  կանոնադրությունները։

Գիտխորհրդի անդամներից մեկի կողմից առաջարկ է եղել ՏՀՍԶ բաժնի կազմում նախատեսել ծրագրավորողների խումբ, որը, բացի ԵՊՀ ԻՄ-ի կայքէջի ծրագրային ապահովումը կազմակերպելուց, իրավասու կլինի իրականացնելու մասնաճյուղում ընթացող որոշ գործընթացների ավտոմատացումը և ծրագրային աջակցումը:

ԵՊՀ ԻՄ-ի ՈՒԳԸ ընտրության արդյունքները ներկայացվել են ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհուրդ՝ Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Պատմություն» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողուհի Մ․Ասիլյանին ԵՊՀ ԻՄ-ի ՈՒԳԸ նախագահի պաշտոնում հաստատելու համար։

Գիտական խորհրդի նիստում որոշվել է հիմք ընդունել ԵՊՀ ԻՄ-ի ՈՒԳԸ գիտական խորհրդի՝ 26․02․2020 թ․-ին կայացած 2-րդ նիստի որոշումը և Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Պատմություն» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողուհի Մ․Ասիլյանին հաստատել ԵՊՀ ԻՄ-ի ՈՒԳԸ նախագահի պաշտոնում։

8-րդ հարցի վերաբերյալ Վ.Ավագյանի հաղորդման մեջ մասնավորապես ներկայացվել էր իր կողմից մշակված գիտական թեմայի նախագիծը, որում նախատեսվում է հետազոտության ընթացքում ԵՊՀ ԻՄ-ի կայքէջում ավելացնել «Հայագիտությունը Եվրոպայում» էլեկտրոնային շտեմարան-գրադարան բաժին և այնտեղ տեղադրել նախագծով կատարված հետազոտության արդյունքները՝ դրանք հետագայում լրացնելու պայմանով: Հնարավորության դեպքում մասնաճյուղը կկարողանա «գրադարանի» նյութերի հիման վրա կազմակերպել «Եվրոպական հայագետներ» մատենաշարի հրատարակություն: Բացի այդ՝ նախատեսվել էր ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կազմակերպել հայագիտության հիմնախնդիրներին նվիրված միջազգային գիտաժողով:

Քվեարկության արդյունքում որոշվել է երաշխավորել ԵՊՀ ԻՄ-ի հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Վաչագան Ավագյանի ղեկավարությամբ «Հայագիտությունը  Արևմտյան Եվրոպայում XIX դարում» խորագրով գիտական թեմայի նախագիծը՝ ներկայացնելու ՀՀ ԿԳՄՍ նախարարության Գիտության կոմիտեի կողմից կազմակերպված Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում «Հասարակական գիտություններ» և «Հայագիտություն և հումանիտար գիտություններ» բնագավառների մասնագիտություններով օտարերկրյա գործընկերոջ ընդգրկմամբ գիտական թեմաների հայտերի մրցույթին:

 

ԳԵՂԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ՝ ԵՊՀ 101-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ

Rbw3fTLANBLE6VuwOfTD9F1or5

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը հանդես է եկել շնորհավորական ուղերձով՝ դիմելով բոլոր համալսարանականներին:

Սիրելի՛ համալսարանականներ

Այսօր բոլորիս համար շատ կարևոր և տոնական օր է: Երևանի պետական համալսարանը դառնում է 101 տարեկան. տպավորիչ մի ժամանակահատված, որի ընթացքում Մայր բուհը, դիմագրավելով բազում մարտահրավերներ, անցել է փառահեղ ուղի:

1919 թ. մայիսի 16-ին Հայաստանի համալսարանի հիմնադրումը խորհրդանշում է Հայոց ցեղասպանությունից հետո հայ ժողովրդի հոգևոր վերածնունդը: Իսկ եթե հիշենք, թե ինչ պայմաններում է հիմնադրվել այն, պիտի փաստենք, որ հիմնադիրներն ու առաջին դասախոսները մեծ երազողներ և հայրենասերներ էին:

Հավերժ փառք նրանց, ովքեր նախաձեռնեցին, հիմնեցին և կայացրին հայ ժողովրդի ազգային արժեք Երևանի պետական համալսարանը:

Անգնահատելի է Մայր բուհի դերը վերջին հարյուրամյակում Հայաստանում կրթության, գիտության, մշակույթի և հասարակական հարաբերությունների առաջընթացում: Լինելով հայկական միջնադարյան համալսարանների լավագույն ավանդույթների ժառանգորդը, կրողն ու դրանք սերունդներին փոխանցողը՝ այն այսօր գործուն մասնակցություն ունի մեր երկրի ապագայի կերտմանը:

Կրթության և գիտության այս տաճարը մեր երկրին տվել է ոչ միայն գիտնականների մի ողջ աստղաբույլ, որոնք մեծ ճանաչում ունեն միջազգային գիտական ասպարեզում, տարբեր բնագավառների բարձրակարգ բազմահազար մասնագետներ, այլև շատ հասարակական- քաղաքական գործիչներ:

Երևանի պետական համալսարանը մեր ազգի հզոր հենասյունն է, որի վրա կառուցվեց Հայաստանի բարձրագույն կրթության համակարգը:

Մայր բուհը միշտ էլ պատասխանատվությամբ է կատարել և շարունակում է կատարել իր առաքելությունը՝ սերունդներին բարձրակարգ կրթություն և հոգևոր դաստիարակություն տալու ազգանվեր գործը:

Այս գեղեցիկ տոնի առթիվ ողջունում եմ մեր դասախոսներին, շրջանավարտներին, ուսանողներին՝ Մայր բուհի ապագան կերտողներին, մաղթում առողջություն և նորանոր ձեռքբերումներ, ինչպես նաև առավելագույն ջանքեր և անկոտրում կամք այսօրվա համաճարակային դժվարին պայմաններից ևս հաղթանակած դուրս գալու համար:

Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար,

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս

Գեղամ Գևորգյան

Աղբյուրը՝ ysu.am

Ուսման վարձի փոխհատուցման և անտոկոս ուսանողական վարկի վերաբերյալ պետական օժանդակության 14-րդ ծրագրի մանրամասները

14-րդ ծրագրի նորության նկարը   ՀՀ կառավարության և ԿԳՄՍ նախարարության հրապարակած ուղիղ եթերների ու հարցազրույցների, հոդվածների ու տեսանյութերի միջոցով արդեն տեղեկացրել ենք Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 14-րդ միջոցառման մասին, որի նպատակն է օժանդակել բարձրագույն և հետբուհական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորող ՀՀ քաղաքացիներին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ այս միջոցառման հաստատմամբ կառավարությունը կատարում է իր քաղաքական հանձնառությունն առ այն, որ որևէ լավ սովորող ուսանող ուսման վարձի պատճառով բուհից դուրս չի մնա:

Հակաճգնաժամային 14-րդ միջոցառումը հաստատվել է ՀՀ կառավարության՝ 2020թ. ապրիլի 23-ի նիստում և ուղղված է շահառուների երեք հիմնական խմբի.

 

  1. Ուսման վարձի 100 տոկոս փոխհատուցում: Բուհերի առկա ուսուցման վճարովի համակարգի բակալավրիատի, մագիստրատուրայի և կլինիկական օրդինատուրայի ավարտական կուրսերի ուսանողները, որոնց միջին որակական գնահատականը` ՄՈԳ-ը, ուսումնառության սկզբից մինչև 2019-2020 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ավարտը կազմում է 90 տոկոս և ավելի, կստանան 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձի 100 տոկոս փոխհատուցում: Ընդ որում, եթե սովորողը մասնակի կամ ամբողջությամբ վճարել է 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձը, ապա վճարած գումարը վերադարձվում է ուսանողին, եթե վճարողը ֆիզիկական անձ է:
  1. Ուսման վարձի 75 տոկոս փոխհատուցում: Բուհերի առկա ուսուցման վճարովի համակարգի բակալավրիատի, մագիստրատուրայի և կլինիկական օրդինատուրայի ոչ ավարտական կուրսերի ուսանողները, որոնց միջին որակական գնահատականը` ՄՈԳ-ը, ուսումնառության սկզբից մինչև 2019-2020 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ավարտը կազմում է 90 տոկոս և ավելի, կստանան ուսման վարձի 75 տոկոս փոխհատուցում:

Այն սովորողները, որոնք 2019-2020 ուսումնական տարում պետությունից արդեն ստացել են ուսման վարձի մասնակի փոխհատուցում, 14-րդ միջոցառման շրջանակում կստանան կիսամյակի ուսման վարձի մնացորդային գումարի 100 տոկոսը: Իսկ այն ուսանողները, որոնք արդեն մասնակի կամ ամբողջությամբ վճարել են 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձը, ապա այդ չափով կատարված վճարումը կհամարվի հաջորդ կիսամյակ(ներ)ի ուսման վարձի վճարում։

Եթե սովորողների 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձը վճարել են հովանավոր կազմակերպությունները, ապա գումարի տնօրինման հետ կապված հարցերը կարգավորվում են բուհերի և համապատասխան կազմակերպությունների միջև փոխադարձ համաձայնությամբ։

 

  1. Ուսանողական վարկեր: Պետական և պետական հավատարմագրում ունեցող բուհերի բակալավրիատի, մագիստրատուրայի և կլինիկական օրդինատուրայի առկա և հեռակա վճարովի համակարգում սովորողները կստանան արտոնյալ, այդ թվում` անտոկոս ուսանողական վարկեր: Այն ուսանողները, որոնց ՄՈԳ-ը ուսումնառության սկզբից մինչև 2019-2020 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ավարտը կազմում է առավելագույն արժեքի 80 և ավելի տոկոս, 2020 թվականի մայիսի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածի համար ուսանողական վարկ կստանան 0 տոկոսով: Նրանց համար վարկի բանկային տոկոսադրույքն ամբողջությամբ կսուբսիդավորի պետությունը։ Իսկ 80 տոկոսից ցածր ՄՈԳ ունեցողների համար նույն ժամանակահատվածում վարկերի տոկոսները պետությունը կփոխհատուցի 5 տոկոսով, արդյունքում ուսանողը վարկ կստանա 4 տոկոսով:

Նախկինում բարձր ՄՈԳ ունեցող սովորողները վարկ կարող էին ստանալ 6, իսկ մնացածները` 7 տոկոսով, քանի որ վարկային տոկոսների սուբսիդավորումը, համաձայն 2013 թվականի մարտի 14-ի N 270-Ն որոշման, կազմում էր բարձր ՄՈԳ ունեցողների համար համապատասխանաբար 3, մյուսների համար 2 տոկոս: Նոր տոկոսադրույքները կիրառելու ժամանակահատվածում, այսինքն` 2020 թվականի մայիսի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման նախկին պայմանները չեն գործելու:

Պետական օժանդակության 14-րդ ծրագրի վերաբերյալ տեսանյութերը կարող եք դիտել՝

  1. այստեղ,
  2. այստեղ,
  3. այստեղ:

 

2019-20 ուստարվա 2-րդ կիսամյակի պրակտիկաներն անցկացվում են առցանց

1.  2020թ. մարտի 16-ից՝ հանրապետությունում արտակարգ դրության հայտարարումից ի վեր, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը, ինչպես ՀՀ այլ բուհեր, ուսանողների ուսումնառությունը չընդհատելու նպատակով քայլեր ձեռնարկեց առցանց եղանակով իրականացնելու ուսումնական գործընթացները, այդ թվում՝ 2019-2020 ուստարվա 2-րդ կիսամյակի ուսումնական պլանով նախատեսված պրակտիկաները:

Հաշվի առնելով, որ առցանց ուսուցման կազմակերպումը նորություն է պրակտիկա իրականացնող կող­մերի համար՝ ԵՊՀ ԻՄ-ի մինչհամալսարանական կրթության և պրակտիկայի կազմակերպման բաժինը Zoom առցանց հարթակի միջոցով նրանց հետ իրականացրել է ամենօրյա քննար­կումներ և խորհրդատվություններ, ծանոթացրել է նրանց պրակտիկայի ղեկավար­ների և ուսանողների հիմնական խնդիրներին, ինչպես նաև ապահովել է գործընթացի նկատմամբ հսկողություն:

Մանկավարժական պրակտիկաներն արդեն իրականացվել են «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրի հեռակա ուսուցման 3-րդ և 4-րդ կուրսերում, դեռևս ընթացքի մեջ են նույն կրթական ծրագրի առկա ուսուցման 3-րդ կուրսում, «Պատմություն» մասնագիտության հեռակա ուսուցման 5-րդ կուրսում:

Մանկավարժական առցանց պրակ­տիկա­ներն ուսանողներին հնարավորություն են տալիս ծանոթանալու դպրոց­ներում առցանց ուսուցման կազմակերպմանը, առաջացող խնդիրներին, օրինակ, թե տարրական դասարանի ուսուցչուհին ինչպես է կատարում մեթոդի ընտ­րու­­թյունը, ապահովում աշակերտների ներգրավվածությունը, ինչ­պես է գնահատում, ար­դ­յունավետ են արդյոք առցանց դասերը, ինչպես են դրանք ազդում սովորողների սոցիալականացման վրա և այլն։

Դրանք կազմակերպվել են ան­հատական (ուսանողների կողմից ընտրված դպրոցներում՝ ընդունող կողմի հետ ունե­­նա­լով համա­պատասխան պայմանավորվածություն) և խմբային եղանակներով: Խմբա­յին եղա­նակով մանկավարժական պրակտիկան կազմակերպվել է Իջևանի Ս.Սարգս­յանի անվան թիվ 1 հիմնական և Մ.Մարտիրոսյանի անվան թիվ 5 դպրոցներում՝ ուսուցման գործընթացի առցանց կազմակերպման հնարավորությունները դպրոցների ներկայացուցիչների հետ քննարկման և փոխպայմանավորվածության հիման վրա:

Նկատի ունենալով, որ պրակ­տիկայի ընթացքում կարող են առա­ջանալ դժվարություններ՝ յուրաքանչյուր դասարանին կցված ուսանողների ներգրավվածությունը դասապրոցեսին քննարկվել է առանձին-առանձին: Ուսանողներն ունեին հանձնարարություն զուգահեռաբար կատարել առցանց դասերի դիտում և վերլուծություն, որոնք հասանելի են պաշտո­նական կայքերում (https://heravar.armedu.am/, https://www.imdproc.am/, https://usum.am/ և այլն):

Ընթացքի մեջ են նաև ուսումնական և արտադրական պրակտիկաները «Զբոսաշրջություն» կրթական ծրագրի առկա ուսուցման 1-ին և 2-րդ, հեռակա ուսուցման 2-րդ կուրսերում, «Պատմություն» կրթական ծրագրի հեռակա ուսուցման 4-րդ կուրսում:

Ելնելով կրթական ծրագրերի առանձ­նահատկություններից՝ դրանք կազմակերպվում են պրակտիկայի ղեկավարների կողմից ուսում­նական խնդիրների հիման վրա տրվող հանձնարարությունների կատարման միջոցով:

ԵՊՀ ԻՄի մինչհամալսարանական

կրթության և պրակտիկայի կազմակերպման բաժին

 

Շնորհավո՛ր մայիսի 9-ը՝ մեր հաղթանակների օրը

   59985922_2677338009005018_5173341391396274176_n

Այսօր՝ 2020թ. մայիսի 9-ին, տոն է, եռատոն՝ հայ ժողովրդի համար. մայիսի 9-ը Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման օրն է…

Շնորհավո՜ր, բազմատոնդ, «Իմ քաղցրանու՜ն, իմ բարձրանո՜ւն, իմ տառապա՜ծ, իմ փառապա՜նծ, …միշտ հին ու նոր իմ Հայաստա՜ն»:

Փառք ու պատիվ և խորին խոնարհում մեր հին ու նոր հաղթանակների բոլոր կերտողներին՝ Երկրորդ աշխարհամարտի, Հայրենական մեծ պատերազմի, Արցախի ազատամարտի խիզախ հերոսներին…    

2020թ. մայիսի 9-ին լրանում է Հայրենական մեծ պատերազմում ֆաշիստական Գերմանիայի զավթիչների դեմ Խորհրդային Միության ժողովուրդների մղած ծանրագույն պատերազմում անասելի զրկանքների ու կորուստների գնով տարած Հաղթանակի՝ հիրավի Մեծ հաղթանակի 75-րդ տարեդարձը:

Այդ հաղթանակի կերտման գործում անուրանալի ներդրում ունի հայ ժողովուրդը: Ընդունված տվյալների համաձայն՝ Երկրորդ համաշխարհային պատերազմին ԽՍՀՄ-ից մասնակցել է շուրջ 600 հազար հայ, ընդ որում՝ մոտ 300 հազարը՝ Հայկական ԽՍՀ-ից, ինչը մեր հանրապետության այն ժամանակվա բնակչության 22 տոկոսն էր կազմում: Պատերազմին մասնակցած հայորդիների գրեթե կեսն էլ կյանքի գնով է կռել հաղթանակը:

Երկրորդ աշխարհամարտի ժամանակ տարբեր ճակատներում կռվել են հայկական 6 և գլխավորապես հայերից կազմված 7 դիվիզիաներ: Այդ պատերազմում հայ ժողովուրդը տվել է 4 մարշալ՝ Հովհաննես Բաղրամյան, Համազասպ Բաբաջանյան, Սերգեյ Խուդյակով, Սերգեյ Ագանով, և 1 ծովակալ՝ Հովհաննես Իսակով: Մոտ 70 հայ գեներալներ ղեկավարել են դիվիզիաներ և ավելի մեծ միավորումներ:

104 (այլ տվյալներով՝ 106) հայ և ՀԽՍՀ ներկայացուցիչ ստացել է ԽՍՀՄ Հերոսի կոչում (Հովհաննես Բաղրամյանը և Նելսոն Ստեփանյանը՝ կրկնակի հերոսի կոչում), 27-ը դարձել է «Փառքի շքանշանի» լրիվ ասպետ (հավասարազոր է Հերոսի կոչմանը), իսկ շքանշաններով ու մեդալներով պարգևատրվել է շուրջ 80.000 հայ մարտիկ:

Գեներալներ, դիվիզիաների, գնդերի, մարտական խոշոր ստորաբաժանումների հրամանատարներ, մարտական սպաներ, ռազմական օդաչուներ ու հարյուր հազարավոր մարտիկներ, այլ խոսքով՝ հայ ժողովրդի զավակներ, սերմնացաններ, որոնք չվերադարձան տուն…

Հայկական 6 դիվիզիաներից միայն մեկն էր մնացել հանրապետությունում՝ սովետա–թուրքական սահմանի պահպանության և Հիտլերի դաշնակից Թուրքիայի ենթադրվող ագրեսիային դիմագրավելու համար:

Մյուս հայկական դիվիզիաները, որոնցից ամենահայտնին համարվում է 89-րդ Թամանյանը, լիարժեք մասնակցել են ՀՄՊ ընթացքին` Կովկասից հասնելով մինչև Բեռլին, Կուրլանդիա, Ավստրիա, մասնակցել Ստալինգրադի, Կուրսկի ճակատամարտերին, ազատագրական գործողություններին:

Հայ ժողովրդի բազմաթիվ ներկայացուցիչներ եվրոպական երկրներում՝ Ֆրանսիայում, Բուլղարիայում, այլուր, ԽՍՀՄ օկուպացված հատվածում ակտիվ մասնակցել են պարտիզանական պայքարին, դիմադրության շարժմանը, դարձել այդ երկրների ազգային հերոսներ:

ԱՄՆ-ում այդ շրջանում հաստատված մոտ 200 հազար հայերից շուրջ 20 հազարը արդեն ամերիկյան զորքերի կազմում հերոսաբար պայքարել է Երկրորդ աշխարհամարտի մարտադաշտերում՝ Պերլ Հարբորում, Իտալիայի ազատագրման համար մղված ճակատամարտերում:

Ըստ ամենայնի՝ Հայրենական մեծ պատերազմում տարած այս հաղթանակը ԽՍՀՄ բոլոր ժողովուրդների, դաշնակից պետությունների, մեր բոլորի հաղթանակն է:

Հայ ժողովուրդը մայիսի 9-ին ևս մեկ հաղթանակ է տարել.  այդ օրն է ավարտվել Շուշիի ազատագրման գործողությունը: Շուշիի ազատագրումն սկսվել է 1992թ. մայիսի 8-ին:

Արդեն մայիսի 9-ի առավոտյան ժամը 04:00-ին հակառակորդի բոլոր կազմավորումները լքել էին Շուշին:

Հայության համար Շուշիի ազատագրումը պատմական խոշոր իրադարձություն է, մեր հաղթանակների լուսապսակը: 

1988թ. Արցախյան շարժումը հայ ժողովրդի միասնական կամքի դրսևորումն էր. 70 երկար տարիներ ադրբեջանական կապանքներում հեծող Արցախը ազատություն էր տենչում: Շուշի բերդաքաղաքի ազատագրումն Արցախյան պայքարում բեկումնային էր, մի իրադարձություն, որի մասին բազմիցս խոսվել ու դեռ շատ երկար կխոսվի որպես հայոց պատմության փառավոր մի էջի՝ կտակված սերունդներին, հավերժությանը: Շուշիի ազատագրումը գերնպատակ էր, հանուն որի միավորվել էր զինված հայությունը:

1992թ. արցախյան քաղաքական հակամարտությունը արդեն վերածվել էր զինված ընդհարումների: ԽԱՀՄ-ի փլուզումից հետո իրավիճակը թեժ էր, իսկ անկախություն հռչակած Լեռնային Ղարաբաղին Ադրբեջանը հրետանու ուժով փորձում էր ճնշել: Շուշին թշնամու համար վերածվել էր հենակետի, որտեղից նա կրակի տարափի տակ էր առնում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ելքը մեկն էր. Շուշին պետք է ազատագրվի, պետք էր դիմել հակահարձակման: Կարագյավ գյուղից մինչև Քիրս՝ մոտ 40 կիլոմետր ձգվող ռազմաճակատի գծով նախատեսվում էր հարձակման 4 ուղղություն:

Առաջինը Հյուսիսային ուղղությունն էր, հրամանատար՝ Վալերի Չիթչյան, երկրորդը՝ Շուշի՝ Արկադի Կարապետյանի հրամանատարությամբ, երրորդը Սամվել Բաբայանի հրամանատարությամբ Հարավային ուղղությունն էր, իսկ չորրորդը Ջանհասան-Քյոսալարինը՝ հրամանատար Սեյրան Օհանյան: Ռազմական գործողությունների ղեկավար էր նշանակվել ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոսը), ով դեռևս մայիսի 4-ին էր ստորագրել հարձակման հրամանը, սակայն հարձակումը հետաձգվել էր ինչ-ինչ պատճառներով: Շուշիի ազատագրման ծրագիրը կրում էր «Հարսանիք լեռներում» ծածկանունը, որը սկսվեց մայիսի 8-ին: Հայ զինվորները մայիսի 9-ի լուսաբացին հաղթանակած մտան Շուշի բերդաքաղաք, և թշնամու ձեռքերով ավերված Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու գմբեթին կարոտով ու հպարտությամբ շողաց Հայոց եռագույնը:

Ռազմական գործողությունը բացառիկ էր ու հաջողված, նրա հաղթապսակը բարձրացրեց հայ զինվորի մարտական ոգին՝ նրան մղելով նոր հաղթանակների:

Հիշենք, որ մայիսի 9-ը նաև Պաշտպանության բանակի (Արցախի Հանրապետության պաշտպանության բանակ) հիմնադրման օրն է:

Եվս մեկ անգամ շնորհավո՜ր եռատոնդ, հա՛յ ժողովուրդ և փառք ու խոնարհում բոլոր հերոսներին…