featured
Մայիսյան հերոսամարտերին նվիրված միջոցառում
2014թ. մայիսի 28-ին ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական խորհրդի, «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի անդամները կազմակերպել էին մայիսյան հերոսամարտերին նվիրված միջոցառում, որը տեղի ունեցավ Իջևանի զորամասերից մեկում:
Միջոցառմանը ներկա էին ոչ միայն զորամասի հրամանատարությունը, զինվորները, այլև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի դասախոսներ: Մասնաճյուղի ուսանողները հանդես եկան գեղեցիկ երգերով, հայրենասիրական ոգեշունչ բանաստեղծություններով և պարով:
Բացի ուսանողներից` զինվորները ևս հանդես եկան երգերով ու պարերով, որն էլ ավելի ոգեշնչեց մեր ուսանողներին: ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական խորհրդի կողմից զորամասին նվիրվեց գեղեցիկ հուշանվեր:
Վերջում ելույթ ունեցավ զորամասի հրամանատար, գնդապետ Մ.Մախսուդյանը: Նա շնորհակալություն հայտնեց ուսանողներին գեղեցիկ միջոցառման համար` նրանց մաղթելով ամուր կամք, ուսանողական հետաքրքիր տարիներ: Վկայակոչելով Գ.Նժդեհի «ՈՒԺՆ Է ԾՆՈՒՄ ԻՐԱՎՈՒՆՔ» խոսքը՝ հրամանատարը զինվորներին մաղթեց անսասան ուժ, հայրենասիրական բարձր ոգի:
Սիրով շնորհավորում ենք
Մրցույթ
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն կազմակերպում է «Բնական գիտություններ», «Ճարտարագիտություն և տեխնոլոգիա» և «Բժշկական գիտություններ» բնագավառներում գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի ընտրության ՄՐՑՈՒՅԹ:
Ընտրված գիտական թեմաները կիրականացվեն «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության «CYCLONE 18/18» ցիկլոտրոնի վրա:
Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտե՝ մինչեւ 2014 թվականի հունիսի 20-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին, ժամը 10:00 – 13:00 և 14:00 – 17:00, ք. Երևան, Օրբելի եղբայրների 22, 7-րդ հարկ, 708 սենյակ:
Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի աշխատակազմի գիտական գործունեության կազմակերպման վարչությունում՝ աշխատանքային օրերին ժամը 14:00 – 17:00 (հեռախոս՝ 210 140 +113):
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե
Աղբյուրը` www.ysu.am
ՏԵՂԱՆՈՒՆԻՑ դեպի ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Ստեփան Տիգրանի Մելիք-Բախշյանի ծննդյան 90-ամյակին նվիրված գիտաժողով
26 սեպտեմբերի, 2014
Երևանի պետական համալսարան
Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը կազմակերպում է «Տեղանունից դեպի պատմություն» խորագրով գիտաժողով՝ նվիրված վաստակաշատ պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ստեփան Տիգրանի Մելիք-Բախշյանի ծննդյան 90-ամյակին:
Գիտաժողովին մասնակցության համար ընդունվում են հայտեր հատկապես հայոց տեղանվանագիտության և պատմության այն ժամանակաշրջանների ու ոլորտների վերաբերյալ, որոնք եղել են պրոֆեսոր Մելիք-Բախշյանի գիտական հետզոտությունների շրջանակում, այդ թվում.
· Հնագիտություն ու հնագրություն
· Աղբյուրագիտություն
· Միջնադարյան Հայաստանի պատմություն
· Սոցիալական, կրոնական և քաղաքական շարժումները Հայաստանում
· Հայոց տեղանուններ
· Պաշտամունքային վայրերը Հայաստանում
Գիտաժողովի լեզուն հայերենն է:
Գիտաժողովին մասնակցելու համար խնդրում ենք մինչև 2014թ. հունիսի 11-ը armacad@gmail.com հասցեին ուղարկել․
1. ակադեմիական ինքնակենսագրություն (CV)
2. զեկուցման՝ 300 բառը չգերազանցող, հայոց լեզվով ու միայն Unicode տառատեսակով գրված համառոտագիր, որի վերևում հերթականությամբ զետեղել հետևյալ հարցերի պատասխաները։ ա) անուն, ազգանուն, հայրանուն (հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով) բ) աշխատանքի վայրը դ) պաշտոն, կոչում, աստիճան ե) էլ․ փոստ, հեռախոս, հասցե զ) զեկուցման խորագիրը (հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով)
Ստացված հայտերը կքննարկվեն գիտաժողովի կազմակերպչական կոմիտեի կողմից և գիտաժողովին մասնակցելու պաշտոնական հրավերը կուղարկվի մինչև օգոստոսի 15-ը:
Գիտաժողովի նյութերը կտպագրվեն:
ՍՏԵՓԱՆ ՏԻԳՐԱՆԻ ՄԵԼԻՔ-ԲԱԽՇՅԱՆ
Ստեփան Տիգրանի Մելիք-Բախշյանը ծնվել է 1924թ. ապրիլի 15-ին Նախիջևան քաղաքում: 1934թ. ընտանիքով տեղափոխվել են Երևան, որտեղ շարունակելով ուսումն, ավարտել է Աբովյանի անվան միջնակարգ դպրոցը և 1940թ. ընդունվել Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը: Համալսարանը գերազանցությամբ ավարտել է 1945թ. և ընդունվել համալսարանի ասպիրանտուրան` միջնադարյան հայոց պատմության մասնագիտացմամբ:
1946թ. ԵՊՀ հայոց պատմության ամբիոնում վարել է ասիստենտի պաշտոն, իսկ 1949թ. նույն ամբիոնում, լրիվ դրույքով, աշխատել է սկզբում որպես ավագ դասախոս, հետո` դոցենտ, իսկ 1968թ. զբաղեցրել էպրոֆեսորի պաշտոն: Մահացել է Երևանում 1998 թվականին:
1953թ․ հրատարակվում է Մելիք-Բախշյանի՝ «Պավլիկյան շարժումը Հայաստանում» մենագրությունը, իսկ 1968 թվականին՝ «Հայաստանը 7-9րդ դարերում»: Որպես հմուտ աղբյուրագետ, նա իր դասախոսական և հետազոտական աշխատանքի արդյունքում առաջինն է հրատարակել «Հայոց պատմության աղբյուրագիտություն» բուհական դասագիրքը, որն ընդգրկում է Հայաստանի պատմության հետ առնչվող հայ և օտար լեզուներով եղած գրեթե բոլոր կարևորագույն և բնույթով բազմազան աղբյուրները` հնագույն ժամանակներից մինչև 18-րդ դարի վերջը (հրատարակվել է 1979 և 1989թթ.): Ստ. Մելիք-Բախշյանի գրչին է պատկանում նաև 1987թ․ հրատարակված «Հայկական հնագրություն» բուհական դասագիրքը, որը նաև որոշակի հետաքրքրություն է ներկյացնում հայ գրչությամբ հետաքրքրվողների համար, ինչպես նաև 1993 թվականին հրատարակած «Հայոց պատմություն» դասագիրքը բուհ ընդունվողների համար:
Պրոֆ. Ստ. Մելիք-Բախշյանի հայագիտական հետազոտությունների հանրագումարը «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարանն» է: Հինգ հատորանոց այդ մեծածավալ աշխատանքը (պրոֆ. Թ. Հակոբյանի և Հ. Բարսեղյանի համահեղինակությամբ) Ստ. Մելիք-Բախշյանի և գործընկերների 40 տարվա տքնաջան աշխատանքի արդյունքն է: Այն ընդգրկում է պատմական Հայաստանի և Կիլիկիայի և հարակից շրջանների շուրջ 140.000 տեղանուն: Բառարանը գրված է բազմալեզու և բազմատեսակ սկզբնաղբյուրների և ամենատարբեր ուսումնասիրությունների ու քարտեզների և անձնական շրջագայություններով ձեռք բերված արժեքավոր նյութերի հիման վրա: Աշխատությունն ունի 150 պատմական քարտեզներ և բազմաթիվ լուսանկարներ:
Հետմահու` 2009թ․, հրատարակվել է նաև Մելիք-Բախշյանի «Հայոց պաշտամունքային վայրերը» հանրագիտարանը: