2015թ. նոյեմբերի 13-ին ԵՊՀ Վարդանանք Ռազմահայրենասիրական Դաստիարակության Ակումբի անդամներին` նախագահ Սաթենիկ Աբրահամյանի և փոխնախագահ Ռուզաննա Կրպեյանի գլխավորությամբ, հյուրընկալեց մասնաճյուղի «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբը:

Այցելության նպատակն էր մոտիկից ծանոթանալ ակումբի և ընդհանրապես մասնաճյուղի գործունեությանը, երկու ակումբների միջև ծավալել և խորացնել համագործակցությունը, համատեղ ծրագրեր իրականացնել:

Նախ Վարդանանք ակումբի անդամները մասնաճյուղի «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի ուղեկցությամբ շրջեցին ԵՊՀ ԻՄ-ի 2 մասնաշենքերով ու 4 ֆակուլտետներով, դեկանները հյուրերին ներկայացրին ֆակուլտետներում գործող ամբիոնները, մասնագիտությունները, լաբորատորիաները, համակարգչային սրահները, արվեստանոցները և այլն:

Հյուրերի վրա մեծ տպավորություն գործեց հատկապես Կիրառական արվեստի ֆակուլտետը, ուր նրանք ծանոթացան ֆակուլտետի ուսանողների և շրջանավարտների բազմաժանր (գոբելեն, գեղանկար, վիտրաժային նկարչություն, փայտի գեղարվեստական մշակում, բոլորաքանդակ, բատիկա, ասեղնագործություն և այլն) ստեղծագործություններին, դրանց ստեղծման տեխնիկային:

Ապա տեղի ունեցավ հանդիպում ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Սամվել Առաքելյանի հետ, ով ողջունեց համագործակության առաջին քայլը, ներկայացրեց մասնաճյուղի «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի գործունեության նպատակը, գլխավոր խնդիրները, որպեսզի ավելի տեսանելի լինեն երկու ակումբների համագործակցության եզրերը:

Նշվեց, որ «Տավուշ» ակումբը կոչված է բարձրացնելու ուսանողների, երիտասարդների ռազմահայրենասիրական ոգին, նպաստելու նրանց հասարակական գործունեության ակտիվացմանը:
Այն համագործակցում է ԵԿՄ վարչության, ՀՀ ԶՈՒ ՊՆ տարբեր զորամասերի, մարզում առկա հասարակական կազմակերպությունների, դպրոցների, ՀԵՀ-ի Տավուշի մարզային կենտրոնի հետ:

Զրույցը շարունակվեց ջերմ ու անկաշկանդ մթնոլորտում, երկուստեք եղան առաջարկներ:

Հանդիպման վերջում ԵՊՀ Վարդանանք Ռազմահայրենասիրական Դաստիարակության Ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանը նշեց, որ հետայսու այսպիսի հանդիպումները շարունակական են լինելու և, իհարկե, կլինեն ծրագրեր, որոնք ակումբները համատեղ ջանքերով կիրականացնեն:

Փոխնախագահ Ռուզաննա Կրպեյանը (Թաթուլ Կրպեյանի քույրը) տնօրենին նվիրեց ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի 50-ամյակին նվիրված գիրքն ու Վարդանանք պարբերաթերթի հատուկ թողարկումը, որտեղ անդրադարձ էր կատարվել Թաթուլին, նրա կյանքին ու գործունեությանը, հերոսի հոբելյանին նվիրված գրեթե բոլոր միջոցառումներին, Թաթուլ բանաստեղծին ու արվեստագետին:

Այնուհետև Վարդանանք ակումբի անդամները հանդես եկան Թաթուլ Կրպեյանի կյանքի մասին կենսագրական տվյալներով ու փաստերով, ներկայացրին հերոսի հայտնի և անհայտ լուսանկարները, հայրենիքին, մորը, քրոջը նվիրված բանաստեղծությունները:

Մայր բուհի Վարդանանք Ռազմահայրենասիրական Դաստիարակության Ակումբը մասնաճյուղից հեռացավ ջերմ տպավորություններով ու հույզերով, համագործակցության ծրագրերի նախագծերով:

Հանդիպման բոլոր լուսանկարները տե՛ս Պատկերասրահում: