ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ներքին կարգապահական կանոններում կատարվել են մի շարք փոփոխություններ

ԵՊՀ իջևանի մասնաճյուղի ներքին կարգապահական կանոններում կատարվել են  մի շարք փոփոխություններ

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գիտական խորհրդի` 2015թ. ապրիլի 18-ի նիստում հաստատվել են ԵՊՀ ԻՄ-ի նոր ներքին կարգապահական կանոնները:

Նոր կանոններն իրենց բովանդակությամբ ու գործնական նպատակներով չեն փոփոխվել, սակայն նրանց առանձին բաժիններում և հոդվածներում կատարվել են որոշակի փոփոխություններ ու լրացումներ, որոնցից հատկանշական են հետևյալները.

1. «ԵՊՀ» ՊՈԱԿ Իջևանի մասնաճյուղի ներքին կարգապահական կանոնները վերանվանվել են «ԵՊՀ» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի ներքին կարգապահական կանոններ:

2. Եթե նախկին կանոններն ունեին 1 բաժին` 108 հոդվածներով, ապա նորն ունի 12 բաժին` 77 հոդվածներով:

3. Եթե նախկին կանոնների դրույթները հիմնականում վերաբերում էին մասնաճյուղի բոլոր աշխատողներին և սովորողներին, ապա նորն իր իրավական ազդեցությունը թողնում է նաև այն անձանց վրա, ովքեր մասնաճյուղի հետ մտել են քաղաքացիական իրավահարաբերությունների մեջ, օգտվում են մասնաճյուղի ծառայություններից կամ աշխատանքներից, ինչպես նաև այլ նպատակով ժամանակավորապես գտնվում են մասնաճյուղի տարածքում:

4. Նոր կանոնների 2-րդ բաժնում աշխատանքի ընդունման կարգի վերաբերյալ բովանդակության մեջ լրացվել է նաև այն օրենսդրական իրավունքը, որ, բացի աշխատանքային պայմանագիր կնքելուց, աշխատողների հետ աշխատանքային հարաբերություններ կարող են ծագել նաև գործատուի կողմից օրենքով սահմանված կարգով աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտ ընդունելու միջոցով:

5. 2-րդ բաժինը, որը վերաբերում է մասնաճյուղի տնօրենի իրավունքներին, էական փոփոխությունների չի ենթարկվել:

6. 4-րդ բաժնում, որը վերաբերում է մասնաճյուղի աշխատողների իրավունքներին ու պարտականություններին, կատարվել են որոշակի լրացումներ, մասնավորապես` ավելացվել են հետևյալ իրավունքները.

— Աշխատողներն իրենց աշխատանքային իրավունքների և սոցիալական շահերի պաշտպանման նպատակով ազատորեն կարող են անդամակցել արհեստակցական կազմակերպությանը,

— Օրենքով չարգելված բոլոր միջոցներով կարող են պաշտպանել իրենց աշխատանքային իրավունքներն ու շահերը:

— Աշխատողների պարտականությունների բաժնից հանվել են մի շարք կետեր, մասնավորապես` ա) դասախոսն իրավունք չունի ուսանողին ազատել դասից, իսկ երբ ուսանողը փաստացի ներկա չէ դասին, պարտադիր կարգով նրան հաշվում է որպես բացակա` անկախ բացակայության պատճառի հարգելի կամ անհարգելի լինելուց:

— Նոր կանոնների համապատասխան բաժնից հանվել է նաև դասախոսի այն պարտականությունը, համաձայն որի` նա 15 րոպեի ընթացքում սահմանված կարգով պետք է լրացնի դասամատյանը: Նույն բաժնում ավելացվել են աշխատողների վերաբերյալ պարտավորվածությունները.

— Բարձր պահել ԵՊՀ ԻՄ-ի պատիվն ու հեղինակությունը:

— Աշխատավայրում ունենալ արժանավայել պահվածք` հետևելով հասարակության համակեցության կանոններին:

— Փոխհատուցել մասնաճյուղին պատճառված նյութական վնասը, որ առաջացել է գույքը փչացնելու, կորցնելու, նյութերի գերածախս թույլ տալու, նյութական արժեքները ոչ պատշաճ պահպանելու և նյութական ու դրամական արժեքները հափշտակելու հետևանքով:

7. Նոր և հին կանոնների 5-րդ բաժինները, որոնք վերաբերում են սովորողների իրավունքներին ու պարտականություններին, հիմնականում էական փոփոխությունների և լրացումների չեն ենթարկվել:

8. Փոփոխություններ չեն կատարվել նաև 6-րդ, 7-րդ և 8-րդ բաժիններում, որոնք համապատասխանաբար վերաբերում են մասնաճյուղի վարչակազմի պարտականություններին, աշխատաժամանակին և հանգստի ժամանակին:

9. 9-րդ բաժնում, որը վերաբերում է աշխատանքային և ուսումնական հաջողությունների խրախուսման կարգին, չկա շնորհակալության հայտնումը` որպես խրախուսանքի տեսակ, դրա փոխարեն նախատեսվել է պատվոգրի, շնորհակալագրի և մեդալի հանձնում:

10. 10-րդ բաժնում, որը վերաբերում է պատասխանատվությանը աշխատանքային և ուսումնական կարագապահության խախտումների դեպքերում, էական լրացումներ և փոփոխություններ չեն կատարվել:

11. Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի և նոր ներքին կարգապահական կանոնների` տույժի տեսակներ են համարվում`

ա) նկատողությունը,

բ) խիստ նկատողությունը,

գ) աշխատանքային օրենսգրքի 113, 120, 121 և 122 հոդվածների հիմքերով աշխատանքային պայմանագրի լուծումը, իսկ ուսանողների համար` հեռացումը համալսարանից:

Առկա և հեռակա ուսուցման համակարգերում դասերից սահմանված ժամաքանակներով անհարգելի բացակայությունների դեպքում կիրառվող կարգապահական տույժերը մնացել են նույնը:

12. 11-րդ բաժնի հոդվածները և նորմերը ներառվել են նոր կանոնների 10-րդ բաժնի մեջ:

13. 11-րդ բաժնը, որը վերաբերում է ուսանողների իրավունքների վերականգնմանը, չի ընդգրկվել նոր կանոններում, և այդ գործընթացը կարգավորվում է առանձին իրավական ակտով:

14. Նոր կանոնների 11-րդ բաժնում, որը վերաբերում է ուսումնական կարգապահությանը, ավելացվել է նոր բովանդակություն, համաձայն որի` մասնաճյուղում սահմանվող ուսումնական պարապմունքների տեսակներ են համարվում`

— դասախոսությունը,

— գործնական, սեմինար և լաբորատոր պարապմունքները,

— խորհրդատվությունը,

— ուսումնական և արտադրական պրակտիկան:

15. Նոր կանոններում ամրագրվել են նաև հետևյալ կարգապահական պահանջները.

— Ընթացիկ և եզրափակիչ քննությունների կամ ստուգարքների ժամանակ քննասենյակ մտնելիս ուսանողին արգելվում է իր հետ վերցնել կապի, հեռախոսահաղորդակցության, համացանցային հաղորդակցության տեխնիկական միջոցներ կամ այլ սարքավորումներ:

 Այդպիսիք հայտնաբերելու դեպքում դասախոսը պարտավոր է դադարեցնել տվյալ ուսանողի քննությունը, նրան հեռացնել քննասենյակից և քննական տեղեկագրում նշանակել «անբավարար» գնահատական:

16. Հին կանոնների 14-րդ և նորի 12-րդ բաժինները վերաբերում են ուսումնական մասանաշենքերի շահագործման կարգին և դրանցում էական լրացումներ ու փոփոխություններ չեն կատարվել:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի իրավական ակտերի նախագծերի մշակման
և փորձաքննության հանձնաժողովի նախագահ Ա.Ս.Հովհաննիսյան