Համալսարանականներն այցելեցին Դիլիջանի կենտրոնական դպրոց և ֆաբլաբ

 IMG_3414

 2018թ. նոյեմբերի 27-ին ԵՊՀ ԻՄ-ի մի խումբ ներկայացուցիչներ՝ տնօրենի օգնական Ա.Եգանյանը, Բնական գիտությունների ֆակուլտետի դեկանի ԺՊ Մ.Զաքարյանը, Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկանի ԺՊ Ա.Մարգարյանը և յոթ ուսանողներ, այցելեցին Դիլիջանի կենտրոնական դպրոց և վերջինիս կից գործող ֆաբլաբ (fabrication laboratory, «խելացի» լաբորատորիա)՝ զինված  նորարարական տեխնոլոգիաներով, որոնք հնարավորություն են տալիս «համարյա ոչնչից» ստեղծել «գրեթե ամեն ինչ»:

Համալսարանականները շրջեցին Դիլիջանի կենտրոնական դպրոցի՝ ժամանակակից տեխնոլոգիական միջոցներով հարուստ դասարաններով, ծանոթացան դպրոցի հիմնադրման պատմությանը, առաքելությանը, խնդիրներին:

Ներկայացվեց, որ 2013թ. «Այբ» կրթական հիմնադրամը, ՀՀ կենտրոնական բանկի հետ համագործակցությամբ, Դիլիջան քաղաքում բացեց Դիլիջանի կենտրոնական դպրոցը, որը պատկանում է «Այբ» դպրոցների ընտանիքին և «Այբ»-ի՝ արտաքին պատվերով և ֆինանսավորմամբ իրականացրած առաջին դպրոցական նախագիծն է: Այն քաղաքային դպրոցի մոդել է՝ հասանելի ոչ միայն ՀՀ ԿԲ-ի աշխատակիցների, այլև Դիլիջանում բնակվող այլ ընտանիքների երեխաների համար: Կենտրոնական դպրոցը հիմնական դպրոց է՝ իր տարրական և միջին բաղադրիչներով: Դպրոցի գաղափարախոսությունը, ֆիզիկական միջավայրն ու կրթական բովանդակությունը (ուսումնական առարկայական ծրագրերը, այդ թվում՝ հոգեբանի և լոգոպեդի աշխատանքի համար, դասավանդման մեթոդաբանությունը, ուսուցիչների և աշակերտների ընդունելության քաղաքականությունը, գնահատման չափանիշները և այլն) նախագծված են «Այբ»-ի չափանիշներով:

Ընդգծվեց, որ դպրոցի առաքելությունն է դառնալ ամբողջական ու մրցունակ կրթություն ու դաստիարակություն ապահովող միջավայր՝ կերտելով մի սերունդ, որը կրթված է, ունի ամուր հոգևոր արժեքներ, առաքինություն, գեղագիտական բարձր ճաշակ և առողջ կենսակերպի ձգտում:

Իր գործունեության առաջին իսկ տարում Դիլիջանի կենտրոնական դպրոցն ազդեցություն ունեցավ մի քանի կապակցված ոլորտներում՝ կրթական, մշակութային, սոցիալական, համայնքաստեղծ: Դպրոցը պարբերաբար հանդես է գալիս Դիլիջանի այլ դպրոցների հետ համագործակցության և համայնքային զարգացմանն ուղղված նախաձեռնություններով:

Մասնաճյուղի ներկայացուցիչների հաջորդ կանգառը Դիլիջանի ֆաբլաբն (Ֆաբ լաբ) էր, որտեղ ուսանողները ծանոթացան «խելացի» լաբորատորիայի գործունեությանը, ականատես եղան այդ պահին լաբորատորիայում իրականացվող գործընթացներին՝ 3D մոդելավորման, փայտամշակման սարքի աշխատանքներին, երեխաների կողմից նախագծված անօդաչու թռչող սարքերի մանրակերտներին (մակետներին):

Համալսարանականներին նաև ընդհանուր տեղեկություններ հաղորդեցին Դիլիջանի ֆաբլաբի գործունեության վերաբերյալ, ներկայացրին նպատակը, առաքելությունը, իրականացվող դասընթացները և այլն:

Մասնավորապես ներկայացվեց, որ 2015թ. Հայաստանի կենտրոնական բանկը Դիլիջանում հիմնադրեց առաջին մարզային ֆաբլաբը, որը տեխնիկական նախատիպերի պատրաստման հարթակ է  նորարության և գյուտերի համար և խթանում է տեղական ձեռներեցությունը: Այն նաև նորարարական և կրթական միջավայր է՝ ստեղծելու, սովորելու, սովորեցնելու համար:

Դիլիջանի ֆաբլաբը նպատակ ունի Տավուշի մարզի բնակիչներին տրամադրել համապատասխան միջոցներ և միջավայր, որի շնորհիվ կզարգանան ստեղծագործ միտքը, գիտությունը և ճարտարագիտությունը: Վերջինիս առաքելությունն է՝

  • Ձևավորել ստեղծագործ համայնք:
  • Խթանել հետաքրքրություն դեպի նախագծում և պատրաստում:
  • Խրախուսել գաղափարների, նախագծերի, գիտելիքի, սարքավորումների և ռեսուրսների փոխանակումը համայնքի շրջանակներում:
  • Նոր գիտելիքի ձեռքբերման հնարավորություն տրամադրել:
  • Խրախուսել նորարարական ձեռներեցությունը մարզային երիտասարդների շրջանում:

Նորարարության նկատմամբ հետաքրքրությունը խրախուսելու նպատակով Դիլիջանի ֆաբլաբում իրականացվում են հետևյալ մասնագիտական դասընթացները.

  • Ծրագրավորման դասընթաց, որի ընթացքում ուսանողները սովորում են միկրոկոնտրոլերների ծրագրավորում (15 տարեկանից բարձր տարիքային խմբի համար):
  • Խաղերի պատրաստման և ռոբոտների հավաքման, ծրագրավորման դասընթաց 8-13 տարեկան երեխաների համար, որի ընթացքում նրանք սովորում են Scratch-ի միջոցով խաղերի պատրաստում: Ծրագրավորման դասընթացից հետո սովորում են Vex կոնստրուկտորի միջոցով ռոբոտների հավաքում և ծրագրավորում:
  • «Էլեկտրոնիկայի հիմունքներ» դասընթացի ժամանակ ուսանողները սովորում են նախագծել անալոգային, թվային և կոմբինացված համակարգեր, ուժային էլեկտրոնիկայի համակարգեր, ուժային էլեկտրոնիկայի հիմունքներ, Altium PCB design  գործիքով սխեմաներ (15 տարեկանից բարձր տարիքային խմբի համար): 
  • Հեռահաղորդակցության և մեխանիկայի հիմունքներ (15 տարեկանից բարձր տարիքային խմբի համար):
  • Նախագծում և մոդելավորում (Autocad, Solidworks, Fusion, Corel Draw ):
  • Անօդաչու թռչող սարքերի նախագծման և պատրաստման դասընթաց  դեռահասների համար:
  • Ճարտարապետության հիմունքներ (15 տարեկանից բարձր տարիքային խմբի համար):
  • RF և համակաարագիտություն առավել առաջադեմ ուսանողների համար:
  • Նախագծերի կառավարում, արտադրանքի մշակում, ձեռներեցություն, մտավոր սեփականության և այլ վարժանքներ:

Մեր ուսանողներն այցելեցին Դիլիջանի միջազգային քոլեջ

20181127_152559 2018թ. նոյեմբերի 27-ին ԵՊՀ ԻՄ-ի «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության III ու IV և «ԻԿՄ» մասնագիտության մի խումբ ուսանողներ այցելեցին UWC Դիլիջան քոլեջ (UWC Dilijan College) Ֆրանսերեն լեզվի և գրականության ամբիոնի դասախոս Դ.Մարգարյանի և Խաղաղության կորպուսի կամավոր Ռայանի ուղեկցությամբ:

Քոլեջում ուսանողները, բաժանվելով խմբերի, մասնակցեցին տարբեր դասերի, որոնց ընթացքում նրանք հնարավորություն ունեցան ծանոթանալու հաստատության ընդհանուր ուսուցման կազմակերպմանն ու դասավանդման նոր մեթոդներին:

Այնուհետև նրանք շրջայց կատարեցին քոլեջի ողջ տարածքով: Ուսանողները եղան մարզասրահում, տեսան, թե ինչպես է կազմակերպվում քոլեջի սաների ազատ ժամանցը, այցելեցին գրադարան՝ տպավորվելով վերջինիս հագեցվածությամբ, ծանոթացան քոլեջում սննդի կազմակերպման գործընթացին:

ԵՊՀ ԻՄ-ի ուսանողներին ներկայացվեց նաև աշակերտների ընդունման կարգը, նրանց ուսման վճարի մուծման խնդիրը, թվարկվեցին այն երկրները, որոնցից աշակերտներ են եկել սովորելու Դիլիջանի միջազգային քոլեջում:

Վերջում կազմակերպվեց կլոր սեղան-քննարկում, որի ընթացքում ուսանողները հնարավորություն ունեցան տեղի դասախոսներից մեկին ուղղելու իրենց հետաքրքրող հարցերը:

ԵՊՀ ԻՄ-ի ներկայացուցիչները Կառավարման և առաջնորդության երկրորդ ամենամյա համաժողովում

 #ARstudio

 2018թ. նոյեմբերի 27-ին Երևանում մեկնարկեց Կառավարման և առաջնորդության երկրորդ ամենամյա համաժողովը, որն  իրականացվում էր «Այ Էյ Բի» բիզնեսի միջազգային ակադեմիայի կողմից, Հայաստանում Բրիտանիայի դեսպանատան և Բրիտանական խորհրդի աջակցությամբ:  

Համաժողովում ներգրավված էին շուրջ 200 մասնագետներ, միջազգային և տեղացի 15 հեղինակավոր փորձագետներ և դասընթացավարներ այնպիսի ստեղծարար ոլորտներից, ինչպիսիք են գովազդն  ու մարքեթինգը, ճարտարապետությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, դիզայնը, ֆիլմարտադրությունը, գրականությունը և այլն:

 ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից համաժողովին մասնակցում էին Տնտեսագիտության ֆակուլտետի դեկանի ԺՊ, Ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Գ.Ավետիսյանը, նույն ամբիոնի դասախոսներ Ա.Սարիբեկյանը և Ա.Եգանյանը, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի դասախոս Շ.Գրիգորյանը և Բնական գիտությունների ֆակուլտետի ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի ասիստենտ, ֆ.մ.գ.թ. Կ.Հովսեփյանը:

Համաժողովում ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ տնտեսական զարգացման և նորարարությունների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը: Նա նշեց, որ այս իրադարձությունը կարևոր նշանակություն ունի և ուղղված է Հայաստանի տնտեսության մրցունակության բարձրացմանը:

Այնուհետև ներկաներին ողջունեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը, ով նշեց, որ Հայաստանում կառավարման ոլորտում անհրաժեշտ ներուժ կա, և հայտնեց իրենց փորձը փոխանցելու պատրաստակամության մասին:

«Այ Էյ Բի» բիզնեսի միջազգային  ակադեմիայի հիմնադիր տնօրեն Արաքսյա Մարտիրոսյանը, ոջունելով համաժողովի անդամներին,  անդրադարձավ այն փաստին, որ կազմակերպությունների միջև մրցակցության աճը որակյալ կադրերի խնդիր է առաջացնում, և այս հարցում նշանակալի է բրիտանական փորձի ուսումնասիրությունը:

Զեկուցումներով հանդես եկան խոսնակներ՝ ստեղծարար ոլորտների միջազգային առաջատար փորձագետ Անամարիա Ուիլսը («Առաջնորդությունը ստեղծարար և մշակութային ոլորտում»), գրող, գեղարվեստական ղեկավար, “Northern Lines” ընկերության տնօրեն Ջավաադ Ալիպուրը («Ստեղծարար և ֆինանսական իմպերատիվների հավասարակշռում») և  “Inspired2Learn” ընկերության տնօրեն Բարրի Սմեյլը («Ինչու՞ և ինչպե՞ս  դառնալ CMI կառավարիչ Հայաստանում»):

Համաժողովի մի շարք մասնակիցներ, որոնք ավարտել էին  «Այ Էյ Բի» բիզնեսի միջազգային ակադեմիայի և բրիտանական «Inspired2learn» ընկերության նախաձեռնած կառավարիչների վերապատրաստման դասընթացը, ստացան կառավարման և առաջնորդության CMI որակավորում:

Բանախոսների ելույթներին հաջորդեցին պանելային քննարկումներ աշխատաժողովի մասնագիտական չորս տարբեր ուղղությունների (ռազմավարական կառավարում և առաջնորդություն, նախագծերի կառավարում և ֆինանսներ, մարքեթինգ, բրենդինգ և մտավոր սեփականություն, ձեռնարկատիրություն և նորարարություն) վերաբերյալ: Քննարկումներից հետո ձևավորվեցին աշխատաժողովներ, որոնց ընթացքում դասընթացավարները ներկայացրին իրենց լավագույն փորձը, պրակտիկ իրավիճակներ և առաջարկեցին ժամանակակից լուծումներ:

Կառավարման և առաջնորդության երկրորդ ամենամյա համաժողովի վերջում մասնակիցներին տրվեցին հավաստագրեր:

Կից ներկայացնում ենք համաժողովի օրակարգը:

«ՏՏ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 4-ՐԴ ԿՈՒՐՍԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՅՑԸ «ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈՒԿՏ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

received_301510750465929

 2018թ. նոյեմբերի 23-ին ԵՊՀ ԻՄ-ի տնտեսագիտության ֆակուլտետի «Տնտեսագի­տության տեսություն» մասնագիտության չորրորդ կուրսի ուսանողները, Ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի դասախոս Անուշ Սարիբեկյանի ղեկավարությամբ,  «Ձեռնարկության էկոնոմիկա» և «Մարքեթինգ» դասընթացների շրջանակներում այցելեցին Կոտայքի մարզի Արզնի գյուղի «ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈՒԿՏ» (“Bacon Product”) մսամթերքի արտադրամաս՝ ծանոթանալու արտադրական գործընթացների և մարքեթինգային գործունեության կազմակերպման առանձնահատկություններին:

Ուսանողներին ներկայացվեցին արտադրամասի աշխատանքները, արտադրանքի բուն պրոցեսը՝ հաջորդական փուլերով:

Անմիջականորեն ներկա գտնվելով արտադրական պրոցեսին՝ նրանք տեսան, որ արտադրական միջավայրը համապատասխանում է բարձր սանիտարահիգիենիկ պայմաններին:

Արտադրամասում շրջայցից հետո մարքեթինգի բաժնի աշխատակիցը ուսանողներին ներկայացրեց ընկերության պատմությունը, բրենդի ձևավորումը և զարգացումը, մարքեթինգային քաղաքականությունը և ռիսկերի կառավարման ռազմավարությունը, ինչպես նաև առկա և առաջիկայում նախատեսվող ապրանքատեսակները:

Այցի վերջում ուսանողները մասնակցեցին հյուրասիրության և նվեր ստացան «Երիտասարդական շարք» տեսականուց որոշ նմուշներ: