Տեղի կունենա ԵՊՀ ԻՄ-ի տնօրենության ընդլայնված նիստ

Ysuib

 2018թ. նոյեմբերի 22-ին՝ ժամը 14:00-ին, խորհրդակցությունների սենյակում  տեղի կունենա ԵՊՀ ԻՄ-ի տնօրենության ընդլայնված նիստ՝ տնօրենության անդամների, բաժինների և ամբիոնների վարիչների մասնակցությամբ: 

Նիստի ընթացքում կքննարկվեն օրակարգով նախատեսված հետևյալ հարցերը.

  • Հաշվապահության բաժնի կատարած աշխատանքերի մասին հաշվետվություն  

(01.01.2018-11.01.2018):

Զեկուցող՝  գլխավոր հաշվապահ Մ. Մխիթարյան

  • Մարդկային ռեսուրսների կառավարման (ՄՌԿ) բաժնի կատարած աշխատանքների մասին հաշվետվություն (2018թ. սեպտեմբեր-հոկտեմբեր):

Զեկուցող՝ ՄՌԿ բաժնի վարիչ Կ. Այվազյան

  • Շրջանավարտների և արտաքին շահակիցների հետ տարվող աշխատանքների մասին հաշվետվություն (ոչ ֆորմալ կրթություն, 2018թ. սեպտեմբեր- հոկտեմբեր):

Զեկուցող՝ շրջանավարտների և արտաքին շահակիցների հետ տարվող  աշխատանքների համակարգող Է. Ղարայան

  • Դասախոսների վերապատրաստման աշխատանքների մասին հաշվետվություն (2018թ. սեպտեմբեր-հոկտեմբեր):

Զեկուցող՝ դասախոսների վերապատրաստման աշխատանքների   համակարգող Ն. Ղազարյան

  • Ուսումնական գործընթացի պլանավորման և վերահսկման (ՈՒԳՊՎ) բաժնի կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն (Ուսանողների շարժի վերաբերյալ, 2018թ. սեպտեմբեր-հոկտեմբեր):

Զեկուցող՝  ՈՒԳՊՎ բաժնի վարիչ Ն.. Առուշանյան

  • Մասնագիտական կողմնորոշման և պրակտիկայի կազմակերպման (ՄԿՊԿ) բաժնի կատարած աշխատանքների մասին հաշվետվություն (2018թ. սեպտեմբեր-հոկտեմբեր):

Զեկուցող՝ ՄԿՊԿ  բաժնի վարիչ Լ.Բեգինյան

  • ԵՊՀ ԻՄ-ի կայքէջի ու հասարակայնության հետ կապերի և մամուլի աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն (2018թ. սեպտեմբեր-հոկտեմբեր):

Զեկուցողներ՝ ԵՊՀ ԻՄ-ի հասարակության  հետ  կապերի    և  մամուլի պատասխանատու Հ. Վանյան, ՄԿՈԱ բաժնի մասնագետ Մ. Գասպարյան:

  • Ընթացիկ հարցեր:

Անհրաժեշտ է կատարված աշխատանքների մասին զեկուցումները նիստի ընթացքում ներկայացնել պրեզենտացիաների ուղեկցությամբ, իսկ ամփոփ հաշվետվությունները նիստի նախորդ օրը ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին` matoyan@ysu.am:

 

Նոյեմբերի 17-ը Ուսանողության միջազգային օրն է

b

 Նոյեմբերի 17-ը Ուսանողության միջազգային օրն է, ուսանողների տոնը, երբ ևս մեկ անգամ շեշտվում է երիտասարդների և հատկապես ուսանողների՝ հասարակության շարժիչ ուժ լինելու, նրանց ներուժը առավել արդյունավետ օգտագործելու կարևորությունը:

1939թ. նոյեմբերի 17-ին ֆաշիստները շրջափակեցին Պրահայի համալսարանի ուսանողական հանրակացարանը և շուրջ 1200 ուսանողների գերեվարեցին համակենտրոնացման ճամբար։ Այդ նույն օրը, ըստ տեղեկությունների, ինն ուսանող մահապատժի ենթարկվեց։ Պրահայի համալսարանը փակվեց, և շենքն օգտագործվեց Գերմանիայի զավթիչ ուժերի կողմից։ Հիտլերի հրամանով Չեխոսլովակիայի բոլոր բուհերը փակվեցին մինչև պատերազմի ավարտը։ Այդ բռնություններին ուսանողները փորձեցին հակազդել։ Նույն օրը Պրահայի փողոցներում կազմակերպված ցույցով հակաֆաշիստական ուսանողական կոալիցիա հիմնվեց։ Երկու տարի անց՝ 1941 թվականին, եվրոպական տարբեր երկրների ուսանողներ Լոնդոնի ուսանողական միջազգային խորհրդում որոշեցին նոյեմբերի 17-ը նշել որպես Ուսանողության միջազգային օր՝ հիմքում ունենալով ֆաշիզմի դեմ պայքարը։

Հետագայում՝ 1980-ական թվականների երկրորդ կեսին, Պրահայի ուսանողները սկսեցին այդ օրը նշել որպես անկախության օր։ 1989թ. նոյեմբերի 17-ի հանրահավաքով էլ սկիզբ դրվեց Չեխոսլովակիայում իրականացված ոչ բռնի հեղափոխության։

Այսօր արդեն նոյեմբերի 17-ը համարվում է ուսանողների խորհրդանշական համախմբման օր, որը տոնում են աշխարհի շատ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում:

Սիրով շնորհավորում ենք ձեր տոնը, սիրելի՛ ուսանողներ, մաղթում ենք ձեզ անսահման երջանկություն, մեծ հաջողություններ ուսման մեջ, կյանքում, ձեր բոլոր ձեռնարկումներում՝ ի նպաստ մեր հասարակությանն ու երկրին, ձեր երիտասարդական ավյունն ու անսպառ եռանդն արդյունավետ իրացնելու կամք և նպատակասլացություն

 

«Հույսի կամուրջ» ՀԿ Իջևանի մասնաճյուղի և ԵՊՀ ԻՄ-ի Այգեհովիտի համայնքային զարգացման կամավորական խմբի համագործակցությամբ կայացավ «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ինտելեկտուալ խաղ-մրցույթը

 46412685_2263474487014908_8681541820607365120_n

 2018թ. նոյեմբերի 15-ին «Հույսի կամուրջ» ՀԿ Իջևանի մասնաճյուղի և ԵՊՀ ԻՄ-ի Այգեհովիտի համայնքային զարգացման կամավորական խմբի համագործակցությամբ Լուսաձոր համայնքում կայացավ «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» խորագիրը կրող ինտելեկտուալ խաղ-մրցույթ՝ նվիրված հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության միամսյակին (նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը):

Ինտելեկտուալ խաղին մասնակցում էին Լուսաձորի հիմնական, Այգեհովիտի Ա.Վասիլյանի անվան, Ազատամուտի, Գետահովիտի, Գանձաքարի, Խաշթառակի Հ.Ճուղուրյանի անվան միջնակարգ դպրոցների 7-րդ դասարանցիներ՝ թվով 31 աշակերտ:

ԵՊՀ ԻՄ-ից ինտելեկտուալ խաղ-մրցույթին ներկա էին տնօրենի օգնական Ա.Եգանյանը և ուսանողներ:

Միջոցառումը սկսվեց Սևքար և Սարիգյուղ համայնքների հոգևոր հովիվ Լևոն սարկավագ Հակոբյանի աղոթքով:

Խաղ-մրցույթը վարեցին «Հույսի կամուրջ» ՀԿ Իջևանի մասնաճյուղի հոգեբաններ և մանկավարժներ Ջուլիետա Դովլաթբեկյանը, Նարեկ Անտոնյանը, Անետա Սարհատյանը, Վահե Առուստամյանը:

Ինտելեկտուալ խաղն ավարտվեց Ազատամուտի միջնակարգ դպրոցի աշակերտների հաղթանակով:

Բոլոր մասնակիցներն արժանացան շնորհակալագրերի և խրախուսական նվերների, իսկ հաղթող թիմը՝ նաև պատվոգրի:

Վերջում մասնակիցներն արտահայտեցին իրենց տպավորությունները և ցանկություն հայտնեցին հաճախակի մասնակցելու նմանատիպ ծրագրերի:

Ինտելեկտուալ խաղ-մրցույթի բոլոր լուսանկարները տե՛ս  Պատկերասրահում: