Մրցույթ ամբիոնների վարիչների թափուր պաշտոնների զբաղեցման համար

competition-for-space-department-head (1)

«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղը հայտարարում է մրցույթ ներքոհիշյալ թափուր պաշտոնների տեղակալման համար.

  1. Ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ,
  2. Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի վարիչ,
  3. Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի վարիչ,
  4. Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ,
  5. Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ,
  6. Անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի վարիչ,
  7. Ֆրանսերեն լեզվի և գրականության ամբիոնի վարիչ,
  8. Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի վարիչ,
  9. Ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի վարիչ,
  10. Դեկորատիվ-կիրառական արվեստի և դիզայնի ամբիոնի վարիչ,
  11. Գծանկարի, գունանկարի և քանդակի ամբիոնի վարիչ:

Ամբիոնի վարիչի պաշտոնն ընտրովի է, և պաշտոնի տեղակալումն իրականացվում է բաց մրցութային ընտրության միջոցով: Ընտրությունների կարգին կարող եք ծանոթանալ ԵՊՀ ԻՄ-ի պաշտոնական կայքէջում՝ http://old-ijevan.ysu.am/documents/work-regulations/:

Ամբիոնի վարիչի պաշտոնի տեղակալման մրցույթին կարող է մասնակցել այն պրոֆեuորը կամ դոցենտը, որն ունի գիտությունների դոկտորի կամ թեկնածուի գիտական աuտիճան: Բացառություն են կազմում արվեստի բնագավառի ամբիոնների վարիչների պաշտոնների հավակնորդները, ովքեր պետք է լինեն ՀՀ նկարիչների միության կամ ՀՀ դիզայներների միության անդամ: Գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ունեցող թեկնածուներն ամբիոնի վարիչի պաշտոնի տեղակալման մրցույթին երկրորդ անգամ կարող են մասնակցել միայն ֆակուլտետի դեկանի ներկայացմամբ՝ տնօրենի թույլտվությամբ: Արգելվում է գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ունեցող թեկնածուների մասնակցությունն ամբիոնի վարիչի պաշտոնի տեղակալման մրցույթին՝ երրորդ ժամկետով:

Ամբիոնի վարիչի պաշտոնի հավակնորդները պետք է ունենան առնվազն 7 տարվա գիտամանկավարժական աշխատանքի ստաժ և վերջին 5 տարում տպագրված մենագրություն, դասագիրք կամ առնվազն 5 հոդված՝ տպագրված ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից հաստատված «Ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի պարբերական գիտական հրատարակությունների ցուցակում» ընդգրկված պարբերականներում: Բացառություն են կազմում արվեստի բնագավառի ամբիոնների վարիչների պաշտոնների հավակնորդները, որոնք պետք է ունենան առնվազն 10 տարվա գիտամանկավարժական աշխատանքի ստաժ և վերջին 5 տարում մասնակցել են հանրապետական կամ միջազգային ցուցահանդեսների:

Ամբիոնի վարիչի մրցույթի մասնակիցները, մեկամսյա (2018թ. հոկտեմբերի 10-ից մինչև 2018թ. նոյեմբերի 10-ը՝ ժամը 15:00-ն) ժամկետում ներկայացնում են.

  1. դիմում՝ տնօրենի անունով,
  2. կադրերի հաշվառման անձնական թերթիկ,
  3. ինքնակենսագրություն, բարձրագույն կրթության վկայականի (դիպլոմի) պատճենը,
  4. գիտական աստիճանի դիպլոմի, գիտական կոչման վկայականի պատճենը,
  5. հրատարակված գիտական աշխատությունների և գյուտերի ցանկը,
  6. որակավորման բարձրացում անցնելու մասին վկայականը (առկայության դեպքում), մասնագիտական գործունեությունը բնութագրող այլ փաստաթղթեր:

Փաստաթղթերը ներկայացվում են ԵՊՀ ԻՄ-ի կադրերը սպասարկող ավագ մասնագետ Ն.Աբազյանին ներքոհիշյալ հասցեով՝  ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, Ուսանողական 3, Մարդկային ռեսուրսների կառավարման բաժին:

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ԵՊՀ ԻՄ-ի որակավորման մանդատային հանձնաժողովի նախագահ Ա.Դավթյանին  (հեռ.՝ 093 415-122, էլ. հասցե՝ davtyan-arkadi@mail.ru) կամ գիտական քարտուղար Մհեր Աթոյանին (հեռ.՝ 093 317-847, էլ. հասցե՝ matoyan@ysu.am):

Խորին խոնարհումով ու երախտագիտությամբ և շուտափույթ հանդիպման ակնկալիքով՝ վաստակաշատ և սիրելի դասախոսին՝ ընկեր Վարդանյանին

2018թ. հոկտեմբերի 18-ին ԵՊՀ ԻՄ-ում կայացավ մասնաճյուղի վաստակաշատ դասախոս, ներհուն գրականագետ, փորձառու մանկավարժ, բ.գ.թ., դոցենտ Խաչատուր Վարդանյանի մեծարման ցերեկույթը, որին մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա. Վ. Ցուցուլյանը, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Կ.Պողոսյանը, Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Վ.Ավագյանը, ամբիոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները, «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության տարբեր կուրսերի ուսանողներ, շրջանավարտներ, ովքեր եղել են պարոն Վարդանյանի ուսանողները և այսօր նույն ամբիոնի դասախոսներ են:

1.DSCN4085..N1.

Միջոցառումից առաջ սիրված դասախոսը «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության տարբեր կուրսերի ուսանողների համար կարդաց հետաքրքիր ակնարկային դասախոսություն՝ անդրադառնալով մարդու և մարդկայինի, գեղեցկի, բարու, ճշմարտի գեղագիտական ընկալումներին, գրողի, ուսուցչի (դասախոսի) և մարդու կոչմանն ու առաքելությանը՝ խոսքը համեմելով հայ և համաշխարհային մեծերի, դասական գրողների կյանքին ու գրական գործունեությանը վերաբերող ուշագրավ փաստերով ու օրինակներով, դասախոսեց ուսանողների առաջարկած գրական թեմաներով (Րաֆֆի (Սամվելի հոգեկան ապրումները), Դանիել Վարուժան, Պարույր Սևակ («Սուլամիթա») և այլն):

DSCN3996...N2

Այնուհետև պարոն Վարդանյանի բազմամյա անուրանալի վաստակի, մասնաճյուղում ներդրած հսկայական ավանդի կապակցությամբ գնահատանքի, արժևորման ու մեծարանքի խոսք ասացին ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա. Վ. Ցուցուլյանը, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Կ.Պողոսյանը, Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Վ.Ավագյանը, ամբիոնի դասախոսները՝ Մ.Սարուխանյանը, Ա.Հասանյանը, Ա.Ադամյանը:

DSCN4013...N3

«Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության տարբեր կուրսերի ուսանողներն էլ հանդես եկան ընկեր Վարդանյանին ուղղված սրտաբուխ ելույթներով, ակնածանքի ու երախտագիտության խոսքերով:

DSCN4028...N4

Տնօրենի պաշտոնակատար Ա. Վ. Ցուցուլյանը, իր խոսքում ընդգծելով պարոն Վարդանյանին բնորոշ հատկանիշները, հավելեց. «Ես շատ ուրախ եմ, շատ շնորհակալ եմ, որ Ձեզ ճանաչում եմ և նման պատիվ ունեմ համարվելու Ձեր կրտսեր ընկերը, Ձեր կրտսեր գործընկերը և Ձեր ծանոթներից մեկը… Ընդունեք մեր բոլորիս երախտիքի խոսքը Ձեզ՝ որպես իմաստուն, որպես բազմավաստակ մարդ, որպես մասնաճյուղում մեծ ավանդ ներդրած մարդ, ով և՛ անձնական, և՛ մասնագիտական որակներով շատ-շատ բարձրացրել է այն ասպարեզը, որտեղ ինքը գտնվել է: Շնորհակալություն Ձեզ»:  

DSCN4003....N5

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Կ.Պողոսյանը իր ելույթում մասնավորապես նշեց. «Ընկեր Վարդանյանը իր դասախոսություններով մշտապես մղել է սովորելու, խորանալու գրականության ակունքներում: Ես պիտի ասեմ, որ ընկեր Վարդանյանը մեծ խանդավառությամբ ու կրքով վարակել ու վարակում է իր բոլոր գործընկերներին. մենք ևս ամեն անգամ ընկեր Վարդանյանի հետ ունեցած մեր զրույցներում ինչ-որ մի բան նորից սովորում, նորից վերցնում ենք իրենից… Ցանկանում եմ ընկեր Վարդանյանին ստեղծագործական մեծ հաջողություններ, որ իր՝ դեռևս անավարտ նախաձեռնությունները կարողանա իրականացնել, քաջառողջություն, երիտասարդական ավյուն (որ ինքն ունի) և եռանդ… Եվ հուսանք, որ այսպիսի հանդիպումներ ուսանողների հետ պարբերաբար կլինեն, որովհետև մեր ուսանողները իրենից սովորելու և վերցնելու շատ բան ունեն»:

DSCN4008....N6

Բավականին հուզիչ և ազդեցիկ էր Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոս Ա.Ադամյանի ելույթը, ով եղել է ընկեր Վարդանյանի լավագույն ուսանողուհիներից. «…Իր սիրած հեղինակներից մեկի՝ մեր գրականության ամենաինքնատիպ դեմքերից մեկի՝ Ավետիք Իսահակյանի ստեղծագործության ողջ գունաշխարհը նրա հոգում է ծփում, ծիածանվում, և նրա բնագեղ և գեղապաշտ հոգում այդ գույները մշտապես եղել են, լուսավառվել են, և այդ գույներով նա միշտ գեղեցկացրել և երփնավառել է նաև մեզ, այն ժամերը, այն օրերը, երբ որ մեզ հետ է եղել, երբ որ Իջևանում է եղել… Ուղղակի անզուգական գեղեցկության կրող է, անզուգական գեղեցիկ հոգու տեր անձնավորություն է նա, և իսկապես շատ-շատ ենք հուզվում, շատ-շատ ենք տխրում… համենայն դեպս գուցե դասախոսությունների շրջանակում ընկեր Վարդանյանը Իջևանում չի լինելու, բայց, կարծում եմ, որ այդ կապը չպետք է կտրել և երբեք չի կտրվելու, որովհետև ընկեր Վարդանյանի ներկայությունը միշտ էլ մեզ համար լինելու է ցանկալի, անկրկնելի: Ես Ձեզ բարեմաղթում եմ, ընկե՛ր Վարդանյան, ամենակարևորը, այն կենսախնդությունը, որ միշտ էլ Դուք կրել եք (ես կարծում եմ՝ դա անանց է, դա միշտ է մնալու), ուզում եմ այդ Ձեր կենսախնդությամբ, աշխարհի և մարդկանց հանդեպ Ձեր հոգու լեցուն բարությամբ Դուք երկար, շատ-շատ երկար տարիներ ապրեք, և այդպես էլ լինելու է, որովհետև դա մեր բոլորիս ցանկությունն է, մենք Ձեզ շատ ենք սիրում, ես Ձեզ շա՜տ-շա՜տ եմ սիրում և անկեղծորեն հուզվում եմ, որ հիմա կանգնած այս խոսքերն եմ Ձեզ ասում…  Ձեզ երջանկություն, մե՜ծ երջանկություն, առողջություն, և մշտապես մեզ հետ լինեք, մեզ հետ եք լինելու, շա՜տ ենք Ձեզ սիրում…»:

DSCN4074.....N7

Ելույթներն ընդմիջվեցին մեր շնորհալի ուսանողուհիների գրական-գեղարվեստական ու երաժշտական գեղեցիկ կատարումներով:

DSCN4034....N8

«ՀԼԳ» մասնագիտության չորրորդ կուրսի ուսանողները ներկայացրին նաև իրենց սիրելի դասախոսին նվիրված էսսեներ, որոնցից մեջբերենք հետևյալը.

 «Աշուն է… Գունազարդ և խայտաբղետ հեքիաթ… Բայց մեր սրտերն ու հոգիները համակված են ոչ թե տերյանական թախծաժպիտ տխրությամբ, այլ վարդանյանական սիրով ու ջերմությամբ, կյանքով և արգասաբերությամբ Մարդ, ում կարելի է և՛ մեծ հայրենասեր կոչել, և՛ անվանի գրականագետ, և՛ ուղղակի հայ, ում ստեղծած գրականագիտական ժառանգությունը կատարյալ է իր բացառիկությամբ և հայեցիությամբ: Խաչատուր Վարդանյան, անուն, որ անհնար է արտաբերել առանց սիրո և անսահման հպարտության:

DSCN4094...N9

Մեր շատ սիրելի՛ ընկեր Վարդանյան, Դուք մեզ համար սոսկ դասախոս չեք եղել, և Ձեր տված դասերը՝ դասախոսություններ: Ձեզ հետ լսարան են մտել հայոց մեծերը՝ Թումանյանը, Իսահակյանը, Տերյանն ու Վարուժանը: Ձեր շուրթերով է ծաղկել Լոռվա չքնաղ բնաշխարհը, վերաիմաստավորվել կյանքի վերջին գարունը, մթնշաղի անուրջներում պարզվել կյանքի ոսկե երազը, պատկերացել ու ոգեղենացել հայոց հեթանոս անցյալը:

Այնքա՜ն շատ է ասելիքը, և այնքա՜ն մեծ մեր ցանկությունը՝ նկարագրելու մեր հույզերն ու տպավորությունները, մեր որդիական ջինջ ու մաքուր սերը Ձեր նկատմամբ… Սեր ու նվիրում, որոնք, ծնվելով մեկ հանդիպումից, պիտի հավերժեն դարեր…» («ՀԼԳ» IV կուրսի ուսանողուհի Նարա Մարտիրոսյան):

Միջոցառման վերջում Կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների աշխատանքներից մեկը տնօրենության անունից նվիրվեց ընկեր Վարդանյանին:  

DSCN4066...N10

Ի պատասխան իր բոլոր գործընկերների և ուսանողների ջերմ խոսքերի ու բարեմաղթանքների՝ ելույթ ունեցավ պարոն Վարդանյանը, շնորհակալություն հայտնեց իր հանդեպ ցուցաբերված ջերմ վերաբերմունքի ու գնահատանքի համար և բոլորին նվիրեց մի ոգեշունչ կատարում:

DSCN4069....N11

Ի դեմս մեր շատ սիրելի և վաստակաշատ դասախոս ընկեր Վարդանյանի՝ ևս մեկ անգամ մեր խորին խոնարհումը, երախտագիտությունն ու մեծարանքն ենք արտահայտում գիտության և կրթության այն ազնիվ նվիրյալների հանդեպ, ովքեր արդեն մի քանի տասնամյակ սերունդներ են կրթում ու դաստիարակում, և որոնց սաներն այսօր նրանց հետ համատեղ իրականցնում են Ուսուցչի` Գիտելիքի և դպրության սերմնացանի` որքան պատվաբեր, նույնքան էլ պատասխանատու աշխատանքը:

DSCN4090....N12

Հոկտեմբերի 17-ի տնօրենության նիստում

DSCN3726

  2018թ. հոկտեմբերի 17-ին «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրենության նիստ, որը նախագահում էր Ա. Վ. Ցուցուլյանը:

Նիստի ընթացքում ամփոփվեց ԵՊՀ ԻՄ-ի՝ 2018թ. հեռակա ուսուցման ընդունելության գործընթացը, քննարկվեցին հեռակա ուսուցման՝ 2018-19 ուստարվա առաջին կիսամյակի դասերի նախապատրաստական աշխատանքներին, մասնաճյուղում սեպտեմբեր ամսվա ծախսերին և եկամուտներին, անվտանգության ապահովմանը և գրագողության դեմ միջոցառումներին, ԵՊՀ ԻՄ-ի մի քանի աշխատակիցների (մասնավորապես՝ ՄԿՊԿ բաժնի) Բերդի տարածաշրջան գործուղելուն, ԵՊՀ ԻՄ-ի գրադարանային ֆոնդի համալրմանը և իրականացվելիք միջոցառումներին վերաբերող ու մի շարք ընթացիկ հարցեր:

Ամփոփելով 2018թ. հեռակա ուսուցման ընդունելության գործընթացը՝ ԵՊՀ ԻՄ-ի հեռակա ընդունելության հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Ա.Մարգարյանը մասնավորապես նշեց, որ 2018թ. օգոստոսի 27-ից սեպտեմբերի 25-ը (նախատեսված էր մինչև սեպտեմբերի 20-ը, 5 օրով երկարաձգվել է) ԵՊՀ ԻՄ-ում իրականացվել է հեռակա ուսուցման համակարգի դիմորդների փաստաթղթերի ընդունելությունը: ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ դիմել է 133 դիմորդ՝ 7 (Տարրական մանկավարժություն և մեթոդիկա, Պատմություն, Ֆինանսներ (ըստ ոլորտի), Հոգեբանություն, Բնապահպանություն և բնօգտագործում, Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա, Զբոսաշրջություն) մասնագիտությունների գծով: Ընդունելության քննություններից առաջ ԵՊՀ ԻՄ-ի առաջատար դասախոսները յուրաքանչյուր առարկայից իրականացրել են անվճար խորհրդատվություններ: Ընդունելության քննությունների դրական նվազագույն միավորի շեմը 133 դիմորդից հաղթահարել է 40-ը, որը, իհարկե, գոհացնող չէ:

ԵՊՀ ԻՄ-ի հեռակա ուսուցման՝ 2018-19 ուստարվա առաջին կիսամյակի դասերի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ Հեռակա ուսուցման բաժնի վարիչ Մ.Զուրաբյանը նշեց, որ կազմվում են բոլոր մասնագիտությունների գծով դասացուցակները, հստակեցվում է ողջ լսարանային ֆոնդը, իրականացվում են անհրաժեշտ աշխատանքներ 2018-19 ուստարին պատշաճ դիմավորելու համար: Պարոն Ցուցուլյանը ֆակուլտետների դեկաններին և Հեռակա ուսուցման բաժնի վարիչին հանձնարարեց հետևողական լինել, որ ամբիոնների վարիչները և մասնագիտությունների կրթական ծրագրերի պատասխանատուները Հեռակա ուսուցման բաժնի հետ ակտիվորեն համագործակցեն դասապրոցեսի կազմակերպմանը վերաբերող հարցերում:

Բուհի մի քանի աշխատակիցների Բերդի տարածաշրջան գործուղելու հարցի կապակցությամբ մասնավորապես նշվեց, որ ԵՊՀ ԻՄ-ի՝ 2019թ. ընդունելության կրթական ծրագերի վերաբերյալ հասարակության շրջանում իրազեկվածությունն ապահովելու նպատակով հոկտեմբերի 16-ին մասնաճյուղի մի խումբ աշխատակիցներ հանդիպում են իրականացրել Բերդի տարածաշրջանի 11 դպրոցների թվով 194 աշակերտների հետ: Այցելությունը նպատակ ուներ 12-րդ  դասարանցիներին ներկայացնել ԵՊՀ ԻՄ-ի մասնագիտությունները, ընդունելության քննություններում կատարված փոփոխություններն ու առաջարկվող նորությունները:

ԵՊՀ ԻՄ-ի՝ 2018-2019 ուստարվա գրադարանային ֆոնդի համալրման գործընթացի, ամբիոնների վարիչների կողմից իրենց ամբիոնների ուսումնական գրականության պահանջագրերը գրադարան ներկայացնելու վերաբերյալ զեկուցեց մասնաճյուղի գրադարանի վարիչ Վ.Պողոսյանը և հավաստիացրեց, որ առաջիկայում գրադարանի կողմից իրականացվելիք միջոցառումները կկազմակերպվեն հաճախակի և կկրեն պարբերական բնույթ: 

 

 

 

Կայացավ «Դասախոս-ուսանող» ինտելեկտուալ խաղը

 2018թ. հոկտեմբերի 16-ին ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական գիտական ընկերության և ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ մասնաճյուղում կայացավ «Դասախոս-ուսանող» խորագիրը կրող ինտելեկտուալ խաղը, որը վարում էր «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Գոհար Մխիթարյանը:

IMG_0849

Ժյուրիի անդամներն էին Պատմության և հասարակագիտության ամբիոնի դասախոս Վլադիմիր Պողոսյանը, «Պատմություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Լարիդա Ղազումյանը և «Տնտեսագիտություն» մասնագիտության    3-րդ կուրսի ուսանողուհի Սոսե Խաչատրյանը:

IMG_0846

Ընկերական խաղն ընթացավ երկու թիմերի միջև: Դասախոսների թիմում ընդգրկված էին մասնաճյուղի 6 դասախոսներ՝ Ազատյան Արա (Պատմության և հասարակագիտության ամբիոնի դասախոս), Աթոյան Մհեր (Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դոցենտ), Օթարյան Քնար (Ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի դասախոս), Սարիբեկյան Անուշ (Ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի դասախոս), Ծատուրյան Սյուզաննա (Բնական գիտությունների ֆակուլտետի համակարգչային սրահի օպերատոր), Ամիրզյան Մերի (Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դասախոս):

IMG_0844

Ուսանողների թիմում խաղում էին տարբեր ֆակուլտետների և մասնագիտությունների ուսանողներ՝ Նազարյան Լավրենտ («Պատմություն» մասնագիտություն, 4-րդ կուրս), Գասպարյան Շիրակ («Պատմություն» մասնագիտություն, 3-րդ կուրս), Մարգարյան Արգիշտի («ԻԿՄ» մասնագիտություն, 3-րդ կուրս), Ասրյան Անի («Օտար լեզու և գրականություն» մասնագիտություն, 3-րդ կուրս), Ներսիսյան Լիանա («ԻԿՄ» մասնագիտություն,   2-րդ կուրս),Ասիլբեկյան Նարե («ԻԿՄ», 2-րդ կուրս), Շահնազարյան Արայիկ («ԻԿՄ», 2-րդ կուրս):

IMG_0875

Թեժ պայքարից հետո հաղթող ճանաչվեց դասախոսների թիմը՝ պարգևատրվելով պատվոգրով և հուշանվերներով, իսկ ուսանողների թիմն ստացավ հավաստագիր:

ԵՊՀ ԻՄ-ում կայացավ «Առաջնորդություն» դասընթացի առաջին հանդիպումը

2018թ. հոկտեմբերի 15-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ «Առաջնորդություն» դասընթացի առաջին հանդիպումը, որը նախաձեռնել էր «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ն։

DSCN3938

Ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի երեք տասնյակ աշխատակիցներ և ուսանողներ:

Դասընթացը անգլերենով վարեց ԱՄՆ-ի Խաղաղության կորպուսի «Համայնքի և երիտասարդության զարգացում» ծրագրի աշխատակից, ուսուցիչ, մարզիչ և դասընթացավար Ուիլյամ Ջոզեֆ (Ջոդի) Դոշերը, իսկ ԵՊՀ ԻՄ-ի աշխատակից Մարիետա Սարգսյանը ապահովեց սինխրոն (համաժամանակյա) թարգմանություն:

DSCN3941

Ողջույնի խոսքով հանդես եկավ հասարակական կազմակերպության նախագահ Հասմիկ Ազիբեկյանը: Նա ներկայացրեց դասընթացավարին, շեշտեց, որ երիտասարդները ապագայի առաջնորդներն են, և նրանց համար շատ կարևոր է նմանատիպ ծրագրերին մասնակցությունը:

Ջոդի Դոշերը նշեց, որ ունի 35 տարվա փորձ ուսուցչության և առաջնորդության ոլորտներում, դեռ մանկուց է առնչվել առաջնորդությանը՝ ներգրավված լինելով իր քոլեջի, եկեղեցու և այլ կազմակերպությունների աշխատանքներում, աշխատելով տարբեր ոլորտներում՝ սկսած ռեստորանային բիզնեսից մինչև ԱՄՆ-ի նախագահի նախընտրական քարոզարշավ:

DSCN3945

Նրա համար առաջնորդության կարևոր մաս է կազմում գիտելիքը:

Նա խոսեց Թվիթթերի տարածվածության և ազդեցիկության մասին, մասնակիցներին տվեց առաջադրանք մտածել Թվիթթերի հաշվի հետաքրքիր անվանում, հասցե և կայք, որով նրանք կիսվեցին րոպեներ անց:

Այնուհետև դասընթացավարը խոսեց մարդկանց հասկացողության տարբերությունների մասին, բերեց օրինակներ և նշեց, որ առաջնորդի կարևոր հատկանիշներից  է անծանոթների հանդեպ հոգատարությունը:

Գործելիս նա առաջնորդվում է հետևյալ քայլերով.

  • լինել տեղում,
  • ընտրել վերաբերմունքը երևույթների նկատմամբ,
  • որևէ մեկի օրը լավը դարձնել,
  • զվարճանալ:

Նա առաջնորդի կարևոր հատկանիշներից համարեց նաև ոլորտի փոփոխությունը:

DSCN3952

Խոսելով Մարտին Լյութեր Քինգի մասին՝ նա շեշտեց քրիստոնեական արժեքների քարոզը և խոսքի ու արարքների համապատասխանությունը:

Ջ.Դոշերը ընթացքում անդրադարձավ նաև մեդիա-գործիքներին, նշեց, որ առաջնորդները փնտրում են հնարավորություն և կիրառում են հմտությունները:

Այնուհետև նա բերեց անցյալի և ներկայի մի շարք առաջնորդների օրինակներ (Նելսոն Մանդելա, Մարտին Լյութեր Քինգ, Բարակ Օբամա, Նիկոլ Փաշինյան, Ռոբերտ Քենեդի, Հռոմի պապ, Դալայ Լամա, Չէ Գևարա, Դոնալդ Թրամփ, Դաք Փրեսքոթ, Կոմիտաս, Եղիշե Չարենց, Հենրիխ Մխիթարյան), նշեց նրանց բնորոշ հատկանիշները, ներկայացրեց նրանց կատարած կարևոր քայլերը:

DSCN3971

Ի մի բերելով ներկայացված կերպարներին բնորոշ գծերը՝ պարոն Դոշերը որպես առաջնորդի կարևոր հատկանիշներ առանձնացրեց բանակցելու կարողությունը, ուժը իմաստուն կերպով օգտագործելը և այլոց ոգեշնչելը, հզորացնելը:

Դասընթացի երկրորդ հանդիպումը տեղի կունանա ս.թ. հոկտեմբերի 22-ին: