Կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների ճանաչողական այցը Ամբերդ

FullSizeRender-10-10-18-06-082018թ. հոկտեմբերի 7-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի «Կիրառական արվեստ» և «Դիզայն» մասնագիտությունների 4-րդ կուրսի ուսանողների առաջարկով և մասնաճյուղի տնօրենության աջակցությամբ կազմակերպվեց ճանաչողական այց դեպի Ամբերդ, որտեղ ուսանողներն ուսումնասիրեցին 10-րդ դարի ճարտարապետությունը:

IMG_7264-10-10-18-06-04 (1)

Ուսանողներին ուղեկցում էր ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի դեկորատիվ-կիրառական արվեստի և դիզայնի ամբիոնի դասախոս, Տավուշի մարզի գլխավոր ճարտարապետ Միսակ Մելքումյանը: 

Համալսարանականները նաև այցելեցին Երևան, որտեղ ուսումնասիրեցին տարբեր  ճարտարապետական կառույցներ, քանդակներ, այգիների և պուրակների լանդշաֆտներ:

Ուսանողների ճանաչողական այցն ավարտվեց  պատկերասրահում:

Ճանաչողական այցի ընթացքում ուսանողները կատարեցին էսքիզային   աշխատանքներ և կողմնորոշվեցին ավարտական աշխատանքների թեմաների ընտրության ու հստակեցման հարցերում:

Վալանսի պաշտոնական պատվիրակության և զբոսաշրջիկների այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

2018թ. հոկտեմբերի 7-ին Ֆրանկոֆոնիայի միջազգային գագաթնաժողովի շրջանակներում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ էին այցելել Իջևանի բարեկամ Վալանս քաղաքի պաշտոնական պատվիրակությունը և զբոսաշրջիկների՝ 40 հոգուց բաղկացած խումբը:

DSCN3837

Պատվիրակության կազմում էին Վալանսի քաղաքապետ Ն.Դարագոնը, փոխքաղաքապետ Ֆ.Դոման, Հայկական բարեգործական ընդհանուր միության Վալանսի մասնաճյուղի նախագահ Կեվին Մարկարյանը, «Վալանսի քույր քաղաաքներ» բարեկամության կոմիտեի նախագահ Ֆ.Ռիշբեն, քաղաքապետի խորհրդականներ Մ.Մարենը, Գ.Ռաստկլանը, Ն.Իլոզերը, «Մայեստրիս» համալսարանի տնօրենի օգնական Է.Տանը և այլ պաշտոնյաներ:

43537957_284464942277510_6724100571260780544_n

Հանդիպմանը մասնակցում էին Հայկական բարեգործական ընդհանուր միության անդամներ, մասնաճյուղի նախկին դասախոս Գ.Դանսետ-Համզյանը, Սիլվի Քոչյան-Բասմաջյանը, Սիլվիան Ջերանյանը, ովքեր Վալանսում հայանպաստ գործունեություն են ծավալում և հյուրընկալել էին մեր ուսանողներին ու դասախոսներին նախորդ տարիների այցերի ժամանակ:

DSCN3855

Վալանսի պաշտոնական պատվիրակությանն ընդունեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Ա. Վ. Ցուցուլյանը: Նա շնորհակալություն հայտնեց համալսարան այցելելու, Ֆրանսիայում հայանպաստ գործունեություն ծավալելու, ուսանողների փոխանակման ծրագրերին աջակցելու համար: Պարոն Ցուցուլյանն ընդգծեց, որ Ֆրանսիան Հայաստանի բարեկամ երկիրն է, որը Հայոց ցեղասպանությունից հետո բնակատեղի է դարձել բազմաթիվ հայերի համար, ովքեր իրենց մտքի և բազկի ուժը ծառայեցրել են Ֆրանսիայի բարգավաճմանը: Նա նաև նշեց, որ ուսանողների փոխանակման ծրագիրը մեծապես նպաստում է ֆրանկոֆոնիայի տարածմանը:

DSCN3863

Վալանսի քաղաքապետ Ն.Դարագոնը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշեց, որ ֆրանսահայերը շատ արագ ինտեգրվում են և հաջողություններ գրանցում իրենց աշխատանքում: Քաղաքապետը շեշտեց, որ ֆրանսիական կողմը կշարունակի աջակցել ուսանողների փոխանակման ծրագրին:

Նա իր պատրաստակամությունը հայտնեց համագործակցելու ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հետ՝ «Կիրառական արվեստ» և «Զբոսաշրջություն» մասնագիտությունների գծով: Պարոն Դարագոնը նաև հայտնեց, որ այս ուսումնական տարում 10 հոգուց բաղկացած խմբի կհրավիրեն կատարելագործելու ֆրանսերենի իրենց իմացությունը «Մայեստրիս» համալսարանում:

DSCN3860

Մտքերի փոխանակությունից հետո պատվիրակության անդամները հանդիպեցին ԵՊՀ ԻՄ-ի՝ օտար լեզուներ ուսումնասիրող ուսանողների հետ:

Հանդիպման ընթացքում Վալանսի քաղաքապետը խոսեց հետագա ծրագրերից և պատասխանեց ուսանողների ու դասախոսների հարցերին:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից հյուրերը հեռացան ջերմ տպավորություններով և երկկողմ համագործակցությունը շարունակելու ծրագրերով:

ԵՊՀ ԻՄ-ի անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի դասախոսները մասնակցեցին վերապատրաստման դասընթացի

 2018թ. հոկտեմբերի 5-7-ին ԵՊՀ ԻՄ-ի անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, բ.գ.թ., դոցենտ Ք.Հարությունյանը, բ.գ.թ., ասիստենտ Ն.Գասպարյանը, բ.գ.թ., ասիստենտ Ա.Կարապետյանը, դասախոսներ Է.Թեմրազյանը և Ա.Սիմոնյանը Երևանում մասնակցեցին Հայաստանում Բրիտանական Խորհրդի կողմից անգլերեն դասավանդողների համար կազմակերպված վերապատրաստման դասընթացի:

43453363_1961700147462533_6752697812137279488_n

Մասնակցում էին ՀՀ անգլերեն լեզվի դասախոսներ և ուսուցիչներ, ինչպես նաև մասնագետներ հարևան երկրներից, այդ թվում՝ Իրանի Իսլամական Հանրապետությունից և Վրաստանի Հանրապետությունից:        

Եռօրյա դասընթացը վարում էր բրիտանացի հայտնի մասնագետ Փեննի Ուրը, ով հեղինակավոր մասնագետ է և առավելապես հայտնի է իր աշխատանքներով դասավանդման մեթոդիկայի բնագավառում:

       43340024_299024314026912_7805561834471161856_n

Նա կրթություն է ստացել Մեծ Բրիտանիայում՝ Օքսֆորդի և Քեմբրիջի համալսարաններում: Այնուհետև նա տեղափոխվել է Իսրայել, որտեղ աշխատել է որպես ուսուցիչ: Փեննի Ուրն ունի 35 տարվա դասավանդման փորձ: Նա վերապատրաստման դասընթացներ է վարում ամբողջ աշխարհում: Ուրի հեղինակած դասագրքերի թվում է քերականության և բառապաշարի յուրացման վերաբերյալ դասագրքերի շարքը, որը լայն կիրառություն ունի նաև Հայաստանում:

       43447189_273205840005295_9076463264610648064_n

Վերապատրաստումն անցավ շատ ակտիվ և ջերմ մթնոլորտում:  Երեք օրվա ընթացքում Փեննի Ուրը ներկայացրեց անգլերենի դասավանդման մեթոդաբանության առանձնահատկությունները, գիտական հետազոտությունների և լեզվի դասավանդման միջև կապը, տարբեր ընդունակություններով և հնարավորություններով լսարանի հետ աշխատելու առանձնահատկությյունները, ինչպես նաև իր դասավանդման գաղտնի մեթոդները:  

 

ԵՊՀ ԻՄ-ի ներկայացուցիչների այցը Բերքաբերի միջնակարգ դպրոց

2018թ. հոկտեմբերի 5-ին ԵՊՀ ԻՄ-ի ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը, Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Վ.Ավագյանը հանդիպում ունեցան ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր գյուղի միջնակարգ դպրոցի ղեկավար և ուսուցչական անձնակազմի, ավարտական դասարանի աշակերտների հետ:     

IMG_20181005_140638

Հանդիպման նպատակն էր բուհ-դպրոց համագործակցության խորացումը, մասնավորապես՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ընդունելության քննական առարկաների կապակցությամբ դպրոցի անձնակազմի և աշակերտության կարծիքներն ու առաջարկությունները լսելը:

Նախ Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը աշակերտներին ներկայացրեց ԵՊՀ ԻՄ-ում գործող ընդունելության կարգը, բուհի մասնագիտությունները և դրանց առանձնահատկությունները, աշխատաշուկայի պահանջարկով պայմանավորված հնարավոր փոփոխությունները:

Ապա ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ներկայացուցիչները պատասխանեցին աշակերտների ուղղած հարցերին:

IMG_20181005_134905

Հանդիպման ընթացքում ձեռք բերվեց նախնական պայմանավորվածություն տեսակապի միջոցով պարբերաբար (ըստ ժամանակացույցի) կապ հաստատել աշակերտների հետ և պատասխանել նրանց հետաքրքրող մասնագիտական հարցերին՝ 3 առարկաների («Հայոց լեզու և գրականություն», «Օտար լեզու և գրականություն» («Անգլերեն լեզու և գրականություն») և «Մաթեմատիկա») առնչությամբ:

Ընդգծվեց, որ սահմանամերձ գյուղերի դպրոցների աշակերտներին օժանդակելու նպատակով հեռավար ուսուցում կազմակերպելու համալսարանական ծրագիրը լինելու է շարունակական և ընդգրկելու է սահմանամերձ նոր համայնքներ:     

 

 

Մասնաճյուղում կայացավ գիտական խորհրդի նիստ

2018թ. հոկտեմբերի 4-ին «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղում կայացավ Գիտական խորհրդի նիստ՝ Ա. Վ. Ցուցուլյանի նախագահությամբ:  

DSCN3796

Գիտխորհրդի նիստում քննարկվեցին օրակարգով նախատեսված հետևյալ հարցերը.

  1. ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդի՝ 2018-2019 ուստարվա 1-ին կիսամյակի նիստերի ժամանակացույցի հաստատում (զեկուցող՝ Ա.Վ. Ցուցուլյան)
  2. 2018-2019 ուստարվա 1-ին կիսամյակի անվանական կրթաթոշակ ստացող ուսանողների ցուցակի հասատատում (զեկուցող՝ Ա.Դավթյան)
  3. ԵՊՀ ԻՄ-ի՝ 2019թ. բակալավրի կրթական ծրագրերով ընդունելության մասնագիտությունների ցանկի քննարկում (զեկուցող՝ Ա.Ցուցուլյան)
  4. Ընթացիկ հարցեր.
    • ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդում ընտրովի անդամների համամասնությունների և ԵՊՀ ԻՄ-ի կառուցվածքային ստորաբաժանումներին հատկացվող տեղերի չափաբաժինների հատկացում (զեկուցող՝ Ա.Ցուցուլյան)
    • ԵՊՀ ԻՄ-ում պրոֆեսորադասախոսական կազմի՝ առանց մրցույթի տարբեր պաշտոններում հրամանագրման մասին (զեկուցող՝ Ա.Ցուցուլյան)
    • ԵՊՀ ԻՄ-ում ամբիոնների վարիչների թափուր պաշտոնների համար մրցույթ հայտարարելու մասին (զեկուցող՝ Մ.Աթոյան)
    • ԵՊՀ ԻՄ-ի ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի ասիստենտ, ֆ.մ.գ.թ. Կ.Հովսեփյանի՝ դոցենտի գիտական կոչում ստանալու համար սահմանված գործընթացին մասնակցելու հարցը (զեկուցող՝ Մ.Աթոյան):

DSCN3804

Ղեկավարվելով Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի կանոնադրության 28-րդ կետի 2-րդ ենթակետով և Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի գիտական խորհրդի կանոնակարգի 4-րդ կետի 16-րդ ենթակետով՝ Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի գիտական խորհուրդը հաստատեց ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդի՝ 2018-2019 ուստարվա առաջին կիսամյակի նիստերի ժամանակացույցը:

Ղեկավարվելով Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի կանոնադրության 21-րդ կետի 7-րդ ենթակետով և Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի գիտական խորհրդի կանոնակարգի 4-րդ կետի 7-րդ ենթակետով՝ Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի գիտական խորհուրդը հաստատեց 2018-2019 ուստարվա 1-ին կիսամյակի անվանական կրթաթոշակ ստացող ուսանողների ցուցակը:

Ղեկավարվելով Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի կանոնադրության 23-րդ կետի և Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի գիտական խորհրդի կանոնակարգի  7-րդ կետով՝ Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի գիտական խորհուրդը հաստատեց ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդում ընտրովի անդամների համամասնությունը և կառուցվածքային ստորաբաժանումներին հատկացվող տեղերի չափաբաժինները:

Հիմք ընդունելով Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի ամբիոնի վարիչի ընտրության ընթացակարգի 11-րդ կետը, ղեկավարվելով Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի կանոնադրության 21-րդ կետի 14-րդ ենթակետով և Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի գիտական խորհրդի կանոնակարգի 4-րդ կետի 14-րդ ենթակետով՝ Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի գիտական խորհուրդը հաստատեց ԵՊՀ ԻՄ-ի որակավորման մանդատային հանձնաժողովի կազմը:

DSCN3802

Հաշվի առնելով, որ ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետի ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դոցենտ, ֆիզ.մաթ. գիտ. թեկնածու Կարեն Հայկի Հովսեփյանի գիտամանկավարժական գործունեության տվյալները լիովին համապատասխանում են ՀՀ կառավարության 2001 թ. հուլիսի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում գիտամանկավարժական կադրերին պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումներ շնորհելու մասին» N 615 որոշման 2-րդ՝ «Դոցենտի գիտական կոչում շնորհելը» բաժնի բ. ենթակետի, ինչպես նաև այդ հարցում նորմատիվային այլ փաստաթղթերի պահանջներին, ղեկավարվելով Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի կանոնադրության 21-րդ կետի 16-րդ ենթակետով և Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի գիտական խորհրդի կանոնակարգի 4-րդ  կետի 16-րդ ենթակետով՝ Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի գիտական խորհուրդը որոշեց.

  1. Երաշխավորել ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետի ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի ասիստենտ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Կարեն Հայկի Հովսեփյանին դոցենտի գիտական աստիճան ստանալու համար:
  2. Միջնորդել ԵՊՀ գիտական խորհրդին՝ ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետի ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի ասիստենտ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Կարեն Հայկի Հովսեփյանին շնորհել դոցենտի գիտական կոչում և համապատասխան առաջարկով դիմել ՀՀ ԲՈՀ: