ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը սիրով շնորհավորում է Տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, տ.գ.թ., դոցենտ Նելլի Խուդավերդյանի ծննդյան տարեդարձը, մաղթում քաջառողջություն, երջանկություն, ստեղծագործական անսպառ եռանդ, նորանոր հաջողություններ աշխատանքում և կյանքում:
Author Archives: admin
Մասնաճյուղում կայացավ «Հասարակական կարծիքը որպես բարոյական հսկիչ» թեմայով քննարկումը
2016թ. մարտի 25-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ նորաստեղծ Բանավեճի ակումբի առաջին՝ «Հասարակական կարծիքը որպես բարոյական հսկիչ» թեմայով քննարկումը, որը վարում էր ՄԿՈԱ բաժնի մասնագետ, սոցիոլոգ, փ.գ.թ., դոցենտ Է.Կյուրեղյանը:
Քննարկմանը մասնակցում էին տարբեր ֆակուլտետների և կուրսերի ուսանողներ, մասնաճյուղի աշխատակիցներ:
Նախ՝ պարոն Կյուրեղյանը ներկայացրեց «հասարակական կարծիք» կոչվող երևույթի գիտական ըմբռնումը, նրա ձևավորման մեխանիզմները, հնարավոր ազդեցությունները մարդկանց վարքի վրա, գիտակցաբար այն կառավարելու ռեսուրսները:
Կոնկրետ օրինակների օգնությամբ ցուցադրվեցին հասարակական կյանքի կառավարման մեջ դրա գործնական կիրառության պատմությունը, մեր հանրապետությունում ձևավորվող մշակույթը, առկա դժվարությունները:
Մասնակիցներին հատկապես հետաքրքրեցին այն վնասները, որը սոցիալական միջավայրը կրում է հասարակական կարծիքը չիմանալու, կամ այն իր «հակոտնյայի»՝ ասեկոսների, շշուկների հետ շփոթելու հետևանքով:
Սեփական կենսափորձի և հետազոտությունների արդյունքների ներկայացման, մանկավարժական, արտադրական ու կենցաղային կյանքից բերված օրինակների միջոցով հիմնավորվեցին այն ավերիչ հետևանքները, որոնք կարող են տեղի ունենալ այդ բացասական երևույթի՝ բամբասանքի պատճառով, հակիրճ ներկայացվեցին դրա դեմ գիտականորեն հիմնավորված «դեղատոմսերը»:
Այնուհետև տեղի ունեցավ մտքերի աշխույժ փոխանակություն: Մասնակիցները քննարկեցին երևույթի կոնկրետ ազդեցությունը իրենց ուսման, ընտանեկան կյանքի վրա, սոցիալական կյանքի տարբեր մակարդակներում հասարակական կարծիքի կամ բամբասանքի յուրահատկությունները, վերջինի դեմ պայքարի հնարավորությունները:
Ողջունելի էր, որ ուսանողներն իրենք էին իրենց հուզող հարցերի պատասխաններ գտնում:
Այս քննարկումը սեփական կարծիքը հայտնելու, դիմացինի կարծիքը լսելու, այն սեփականի հետ համադրելու և մասնագիտականի հետ համեմատելու լավ հնարավորություն էր մասնակիցների համար:
Նորաստեղծ Բանավեճի ակումբի առաջին քննարկումը հաջողությամբ կայացավ և ճանապարհ բացեց նոր ու հետաքրքիր քննարկումների համար:
«Մեդիակտիվ» և «Կիբերտիրույթ» գրքերը հասանելի են գրադարաններում և բուհերում
«Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպության կողմից հրատարակված գրքերից երկու անուն՝ «Մեդիակտիվ» եւ «Կիբերտիրույթ. Տեղեկատվության անվտանգություն եւ իրավունք» գրքերը, այսուհետ հասանելի են նաեւ Հայաստանի ազգային գրադարանի ընթերցողներին:
Մինչ այժմ «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ի հրատարակած գրքերն անվճար կարգով տրամադրվել են մի շարք տեղական եւ մարզային բուհերի լրագրության ֆակուլտետներին եւ բաժիններին, ԶԼՄ-ներին, հասարակական կազմակերպություններին, ուսանողներին ու լրագրողներին: Առաջիկայում «Մեդիակտիվ» եւ «Կիբերտիրույթ» գրքերը հասանելի կլինեն նաեւ Երեւանի Ավետիք Իսահակյանի անվան, Վանաձորի Հրանտ Մաթեւոսյանի անվան, Շիրակի մարզային եւ այլ գրադարաններում:
Շարունակում ենք ընդունել հայտեր հանրապետության այն բուհերից, որոնք ունեն լրագրության ֆակուլտետներ, բաժիններ, կամ եթե լրագրություն, զանգվածային հաղորդակցություն եւ տեղեկատվական անվտանգություն թեմաները նրանց ուսումնական ծրագրերի մաս են կազմում:
«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ հրատարակած բոլոր գրքերը էլեկտրոնային տարբերակներով նույնպես ներկայացված են համացանցում եւ հասանելի են այստեղ:
Աղբյուրը՝ www.jnews.am
«Մենք եղել ենք, մենք կանք, մենք կլինենք» խորագրով միջազգային մրցույթ՝ նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին
Համաշխարհային Հայկական Կոնգրեսը Ռուսաստանի հայերի միության և ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ անցկացնում են «Մենք եղել ենք, մենք կանք, մենք կլինենք» խորագրով լավագույն գրական ստեղծագործության միջազգային 10-րդ մրցույթը:
Մրցույթին կարող են մասնակցել բուհերի, միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողների և դպրոցների բարձր դասարանների աշակերտները;
Մանրամասն տե՛ս մրցույթի կանոնակարգը:
«Առաջին լրատվական»-ի անդրադարձը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղին
2016թ. մարտի 24-ին «Առաջին լրատվական»-ի թղթակցին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կողմից առաջարկվող մասնագիտությունների վերաբերյալ հարցազրույց տվեց տնօրեն Ս.Առաքելյանը:
Հարցազրույցի ընթացքում ներկայացվեցին գործող մասնագիտություններից բացի՝ վերջին չորս տարիներին մասնաճյուղում ներդրված նոր մասնագիտությունները՝ «Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա», «Քարտեզագրություն և կադաստրային գործ», «Հոգեբանություն» և «Դիզայն»:
Ընդգծվեց, որ տարածաշրջանում մասնագետների պահանջարկով պայմանավորված` 2016 թվականից մասնաճյուղն ընդունելություն է իրականացնում երկու նոր՝ «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա», «Համակարգչային գրաֆիկա» մասնագիտություններով: Առաջինը ներդրվել է Հումանիտար գիտությունների, երկրորդը՝ Կիրառական արվեստի ֆակուլտետում:
Նշվեց նաև, որ իր գործունեության 22 տարիների ընթացքում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը հաջողությամբ իրականացնում է մարզի երիտասարդներին բարձրագույն կրթություն տալու, տարածաշրջանը բարձր որակավորում ունեցող մասնագետներով ապահովելու իր առաքելությունը. տվել է շուրջ 5000 շրջանավարտ, որոնք աշխատանքի են անցել ամենատարբեր ոլորտներում, 400-ից ավելին՝ դպրոցներում:










