«Ծովից ավելի մեծ տեսարան կա. դա երկինքն է, երկնքից էլ ավելի մեծ տեսարան կա. դա հոգու ներքինն է». Վիկտոր Հյուգո

22695

 Սիրով ձեզ ենք ներկայացնում անվանի գրող Վիկտոր Հյուգոյի ասույթներից.

  1. Առաջին քայլը դատարկ բան է, դժվարը վերջին քայլն է:
  2. Ամենավսեմ բաները հաճախ ամենից վատ են հասկացվում:
  3. Կարիքը ծնում է հոգու և մտքի հզորություն:
  4. Երբ մարդը կյանքի վերջին է մոտեցել, մեռնելը նշանակում է մեկնել, իսկ երբ կյանքի սկզբումն է, մեկնելը նշանակում է մեռնել:
  5. Ահա թե ինչպես են մարդիկ ապուշանում, որովհետև առանց Աստծու են իրենց հաշիվն անում:
  6. Ամեն մարդ Աստծուն պաշտելու իր ձևն ունի:
  7. Մարդու սպանածին Աստված հարություն է տալիս:
  8. Կանանց, երեխաների, ծառաների, թույլերի, չքավորների ու տգետների հանցնաքները ամուսինների, հայրերի, տերերի, ուժեղների, հարուստների ու գիտնականների հանցանքն է:
  9. Ամեն մի սուր երկսայր է. ով վիրավորում է մի սայրով, վիրավորվում է մյուսով:
  10. Մեծ վտանգների գեղեցիկն այն է, որ դրանք բացահայտում են անծանոթների եղբայրությունը:
  11. Ամենագեղեցիկ տաճարը Աստծուն շնորհակալություն հայտնող դժբախտի մխիթարված հոգին է:
  12. Ոչ մի բան այնպես չէ, ինչպես ժողովրդի ձեռքը՝ շինելու համար այն, ինչ շինվում է քանդելով:
  13. Գեղեցիկը նույնքան օգտակար է, որքան ինքը՝ օգտակարը: Գուցե ավելի:
  14. Երբեք չվախենաք ո՛չ գողերից, ո՛չ մարդասպաններից: Դրանք արտաքին և փոքր վտանգներ են: Կաևոր չէ այն, ինչ սպառնում է մեր գլխին կամ քսակին: Մտածենք միայն այն մասին, որ սպառնում է մեր հոգուն:
  15. Այն ամենը, ինչ ասում են մարդկանց մասին, լինեն դրանք ճիշտ կամ սուտ, նույնքան տեղ են գրավում նրանց կյանքում, որքան նրանց արարքները։
  16. Պետք է ճշմարտության հոտն առնել, պեղել հողի տակ և գտնել: Այդ ժամանակ նա ձեզ առաջնակարգհաճույքներ կպատճառի:
  17. Օգտագործեք ձեր ես-ը, քանի նրա տերն եք:
  18. Կամ պետք է ուտող լինես, կամ ուտվես: Ես ուտում եմ: Ավելի լավ է ատամ լինել, քան խոտ:
  19. Գրքերն ապահով ու սառը բարեկամներ են:
  20. Ավա՜ղ, Աստված օդ է տալիս մարդկանց, իսկ օրենքը այն ծախում է:
  21. Երբեմն ամենամիամիտը ամենախելացին է:
  22. Բոլոր կենդանիներն էլ կան մարդու մեջ, և դրանցից յուրաքանչյուրը մի մարդու մեջ է: Երբեմն նույնիսկ դրանցից մի քանիսը միաժամանակ գտնվում են մի մարդու մեջ: Կենդանիներն այլ բան չեն, եթե ոչ մեր աչքերի առջև թափառող մեր առաքինությունների ու արատների պատկերները:
  23. Ես չեմ մեղադրում օրենքը, բայց օրհնում եմ Աստծուն:
  24. Բազմաթիվ մեծ արարքներ են գործվում փոքր պայքարների մեջ:
  25. Հոգու աչքը ոչ մի տեղ չի կարող այնպիսի շլացուցիչ փայլ և այնպիսի սև խավար գտնել, ինչքան մարդու մեջ: Նա չի կարող սևեռվել որևէ բանի վրա, որ դրանից ավելի վտանգավոր, ավելի բարդ և ավելի խորհրդավոր ու անսահման լինի: Ծովից ավելի մեծ տեսարան կա. դա երկինքն է, երկնքից էլ ավելի մեծ տեսարան կա. դա հոգու ներքինն է:
  26. Մարդիկ ինչքան հնարամիտ պետք է լինեն, որ գերեզմանն էլ օգտագործեն սնափառության համար:
  27. Ճամփորդել՝ նշանակում է ամեն րոպե ծնվել ու մեռնել: Կյանքի բոլոր երևույթները շարունակ փախչում են մեր առջևից: Նայում ես, շտապում, ձեռքերդ պարզում, որ բռնես այն՝ ինչ անցնում է. յուրաքանչյուր դեպք  ճանապարհի ոլորապտույտ է. և մեկ էլ տեսար՝ ծերացել ես:
  28. Ամեն մի ձև, անգամ ամեն մի տձևություն, իմաստ ունի:
  29. Մեզ համար արդեն ինքնին հետաքրքրական է այն պատը, որի ետևում որևէ բան է տեղի ունենում:  
  30. Երբ մարդ տարված է մի որևէ մտքով, ամեն ինչ մեջ գտնում է դա: 
  31. Ժամանակը կույր է, մարդը՝ տխմար: 
  32. Այսպես է ահա կյանքը, հաճախ մեր լավագույն բարեկամներն են անկման պատճառ դառնում: 
  33. Օ՜, սե՜րը: Դա նշանակում է լինել երկու, և միաժամանակ՝ մեկ: Մի տղամարդ և մի կին, որ միաձուլվում՝ դառնում են մեկ հրեշտակ: Երկինքն է դա:
  34. Ամեն ոք գիտե, որ մեծ հարստությունները մատենագրությունից չեն ստեղծվում և լավ գրքերի ամենահմուտ հեղինակները ձմռանը թեժ կրակ չեն ունենում: 
  35. Արա այն, ինչ ասում ես, և ասա այն, ինչ անում ես:
  36. Կնոջ շուրթերին «ոչ»-ը «այո»-ի ավագ եղբայրն է:
  37. Փարիզի աստվածամոր տաճարն այսօր էլ անկասկած հոյակապ ու փառահեղ կերտվածք է: Սակայն հնանալով հանդերձ՝ որքան էլ գեղեցիկ մնացած լինի, այնուամենայնիվ, չես կարող չհառաչել և չվրդովվել՝ տեսնելով այն անհամար ավերվածքներն ու վթարումները, որ ժամանակն ու մարդը միաժամանակ հասցրել են պատկառելի հուշարձանին՝ հարգանք չտածելով Կառլոս Մեծի հանդեպ, որ դրել է նրա առաջին քարը, և Ֆիլիպ Օգոստոսի, որ դրել է վերջինը:

Վերամեկնարկում է «Վիվա-Սթարթ» ուսուցողական ծրագիրը

Viva

 Հարգելի՛ ուսանողներ, ցանկանում ենք տեղեկացնել ՎիվաՍել-ՄՏՍ-ում «Վիվա-Սթարթ» ուսուցողական ծրագրի մասին, որի մեկնարկը կտրվի 2019թ. հուլիսի 1-ին և կավարտվի օգոստոսի 30-ին:

Ծրագրի նպատակն է զարգացնել ուսանողների վաճառքի և սպասարկման հմտությունները: Ծրագրի ընթացքում հնարավորություն կունենաք կիրառել Ձեր գիտելիքները վաճառքի, միջանձնային հաղորդակցման ուղղությամբ, ինչպես նաև ձեռք բերել նոր գիտելիքներ և հմտություններ հեռահաղորդակցության, հաճախորդների սպասարկման և ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտներում:

Ծրագիրը ներառում է երկօրյա դասընթաց, այնուհետև առնվազն կես օրվա ներգրավվածությամբ պրակտիկա անցնելու հնարավորություն Երևան քաղաքի և ՀՀ որոշ մարզերի ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում: Ծրագրի ավարտին կտրվեն հավաստագրեր և բարձր կատարողական ցուցաբերած ուսանողները կընդգրկվեն ընկերության տվյալների բազայում՝ հետագայում թափուր պաշտոններ զբաղեցնելու նպատակով:

Ծրագրի մասնակից դառնալու համար անհրաժեշտ է ունենալ հետևյալ որակավորումները.

  1. Բարձր առաջադիմություն և օտար լեզուների իմացություն:
  2. Հաղորդակցման գերազանց հմտություններ:
  3. Դրական մոտեցում/էնտուզիազմ:
  4. Տեղեկատվությունն արագ ընկալելու և ներկայացնելու կարողություն:
  5. Քաղաքավարության կանոնների/էթիկայի նորմերի պահպանում:

Ծրագրում ընդգրկվելու համար անհրաժեշտ է ներկայացնել CV/ինքնակենսագրական և մոտիվացիոն գրություն, որի մեջ պետք է նշվի, թե ինչու եք ցանկանում մասնակցել տվյալ ծրագրին, ինչ սպասելիքներ ունեք ծրագրից և ինչու պետք է Ձեզ ընտրենք: Պարտադիր է նշել նաև Ձեր բնակության վայրը և նախընտրած մարզի 2-3 համայնք, որտեղ կարող եք մասնակցել մեր ծրագրին:

Ըստ վերոհիշյալ պահանջների՝ իրականացվելու է ուսանողների ընտրության գործընթաց: Ծրագրին կարող են դիմել միայն բուհի 3-րդ և մագիստրատուրայի 1-ին և 2-րդ կուրսում սովորող ուսանողները:

Խնդրում ենք մինչև ս. մայիսի 31 Ձեր դիմումներն ուղարկել VivaStart@mts.am էլեկտրոնային հասցեին` կից ներկայացնելով պահանջվող փաստաթղթերը: Դուք կարող եք դիմել նաև www.mts.am և www.staff.am կայքերով:

Շնորհակալություն հետաքրքրության համար:

 

ՎիվաՍել-ՄՏՍ

Կայացավ սեղանի թենիսի մարզային առաջնությունը

DSCN8264

 2019թ. մայիսի 15-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ սեղանի թենիսի մարզային առաջնություն, որը կազմակերպել էր Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնը:

Առաջնության մասնակիցների միջև ընթացավ թեժ պայքար: Ակտիվությամբ աչքի ընկավ Նոյեմբերյանի շրջանի Պտղավան գյուղը:

Աղջիկների մրցապայքարում առաջին տեղը գրավեց Պտղավանի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Ռիտա Կարապետյանը:

Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար գրավեցին Պտղավանի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Անի Ադամյանը և ԵՊՀ ԻՄ-ի դասախոս Վարդիթեր Պողոսյանը:

Տղաների մրցապայքարն առավել հետաքրքիր էր: Կիսաեզրափակիչ դուրս եկան Պտղավանի միջնակարգ դպրոցի տնօրեն Լեռնիկ Սաֆարյանը, ֆիզկուլտուրայի ուսուցիչ Տարոն Բաբաջանյանը և ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտ Վահե Վարշամյանը:

Խաղն ընթացավ շրջանաձև մրցապայքարով:

Միավորների բացարձակ առավելությամբ առաջին տեղը գրավեց Վահե Վարշամյանը:

Երկրորդ և երրորդ տեղերը գրավեցին Լեռնիկ Սաֆարյանը և Տարոն Բաբաջանյանը:

 Հաղթողները պարգևատրվեցին մեդալներով: