2019թ. մայիսի 15–ին՝ ժամը 14:30-ին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի կունենա սեղանի թենիսի մարզային առաջնություն, որը կազմակերպել է Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնը:
Սիրով հրավիրում ենք:
2019թ. մայիսի 10-ին և 11-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ «Կրթական հետազոտությունները բուհական համակարգում» թեմայով վերապատրաստման դասընթացը, որը վարեց Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնի հիմնադիր տնօրեն, կրթության փորձագետ Մարինա Գալստյանը:
Դասընթացի նպատակն էր կրթական հետազոտությունների վերաբերյալ մասնակիցներին տրամադրել բազային գիտելիքներ, ինչպես նաև ձևավորել հետազոտություններ իրականացնելու գործնական հմտություններ:
Վերապատրաստման դասընթացին մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, Մասնագիտական կրթության որակի ապահովման բաժնի անդամները:
Դասընթացը բաղկացած էր 2 մոդուլից՝
Մոդուլ I. ԿՀԿ/ Կրթական հետազոտությունների հայեցակարգը,
Մոդուլ II. ԿՀՊ/Կրթական հետազոտությունները պրակտիկայում:
Դասընթացի առաջին օրը մասնակիցները ծանոթացան կրթական հետազոտությունների պատմությանը, զարգացման փուլերին, տեսամեթոդաբանական հիմքերին, հետազոտությունների տեսակներին, ինչպես նաև կրթական հետազոտություններում հանդիպող էթիկական խնդիրներին և դրանցից խուսափելու համար էթիկական սկզբունքներին: Դասընթացի ժամանակ քննարկվեցին նաև բուհի համար արդիական մի շարք հարցեր, որոնք կարող են հիմք ծառայել հետագա կրթական հետազոտությունների համար (բուհի դիմորդների թվի փոփոխությունների վրա ազդող գործոնները, բուհի շրջանավարտների մասնագիտական հմտությունների նկատմամբ գործատուների գոհունակությունը և այլն):
Երկրորդ օրը մասնակիցները ծանոթացան կրթական հետազոտությունների իրականացման փուլերի հաջորդականությանը, պլանավորման համար անհրաժեշտ քայլերին, ինչպես նաև ստացան նախնական գիտելիքներ կրթական հետազոտությունների ժամանակ կիրառվող մեթոդների (խմբային քննարկում, հարցազրույցներ, դիտարկում և այլն) վերաբերյալ: Մասնակիցները նաև հնարավորություն ունեցան իրականացնելու գործնական աշխատանք խմբերով՝ 1.մշակելով կրթական հետազոտության ծրագրի նախնական հայեցակարգեր (ուսանողների գոհունակությունը պրակտիկաներից), 2. միասնական ընդունելության քննությունների արդիականությունը ըստ տարբեր շահագրգիռ կողմերի գնահատականի, 3. աշխատաշուկայի պահանջարկի ուսումնասիրություն՝ Տավուշի մարզի օրինակով:
2019թ. մայիսի 8-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Դասավանդման առաջավոր փորձի փոխանցման և երիտասարդ դասախոսների աջակցման կենտրոնի կողմից կազմակերպված՝ «Ուսուցման ժամանակակից մեթոդներ» թեմայով դաս-քննարկումը, որը վարում էր ԵՊՀ ԻՄ-ի ֆրանսերեն լեզվի և գրականության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, ասիստենտ Աիդա Մարդանյանը:
Տիկին Մարդանյանը, նախ փոքրիկ ակնարկով խոսելով վերջերս Ֆրանսիա՝ Վալանսի Մաեստրիս համալսարան կատարած այցի մասին, համեմատության մեջ ներկայացրեց մեր և նրանց ուսուցման մեթոդների տարբերությունները, թույլ և ուժեղ կողմերը:
Այնուհետև Ա.Մարդանյանը խոսեց դասավանդման ժամանակակից մեթոդների մասին, որոնք, կազմելով ուսուցման գործընթացի միջուկը, իրար են կապում ուսուցման նախապես պլանավորված նպատակը և վերջնարդյունքները:
Զեկուցողը նշեց, որ ավանդական և ժամանակակից մեթոդների համակարգը դասավանդողի և սովորողի հետևողական, փոխկապակցված գործողությունների ամբողջություն է, որն ապահովում է կրթության բովանդակության յուրացումը:
Համառոտ ներկայացվեցին նաև մանկավարժության մեջ կիրառվող ժամանակակից մեթոդները:
Վերջում տեղի ունեցավ ուսուցման ժամանակակից մեթոդների շուրջ քննարկում:
2019թ. մայիսի 8-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ «Դիլիջան Ֆաբ Լաբ» նախագծի վերաբերյալ տեղեկատվական սեմինարը, որը վարեց նախագծի ղեկավար Մարիամ Նահապետյանը:
Սեմինարին մասնակցում էին բուհի՝ գլխավորապես բնագիտական ուղղվածությամբ մի խումբ ուսանողներ և մի քանի աշակերտներ:
Տեղեկատվական սեմինարի ընթացքում մասնակիցներին ներկայացվեցին Ֆաբ Լաբ-ում սովորելու, աշխատելու, նախագծեր իրականացնելու հնարավորությունները, ինչպես նաև քննարկվեց ուսանողների ներգրավվածությունը Ֆաբ Լաբ-ի աշխատանքներում:
Հիշեցնենք, որ «Ֆաբ Լաբ» ծրագիրը մեկնարկել է Մասաչուսեթի տեխնոլոգիական ինստիտուտի Media Lab-ում՝ որպես Grassroots Invention Group-ի և Center for Bits and Atoms-ի միջև համագործակցության արդյունք: Ֆաբլաբը (fabrication laboratory, «խելացի» լաբորատորիա) տեխնիկական նախատիպերի պատրաստման հարթակ է նորարարության և գյուտերի համար, որը խթանում է տեղական ձեռներեցությունը: Ֆաբլաբի հնարավորություններից կարող են օգտվել բոլոր տարիքային խմբերի, տարբեր մասնագիտությունների և հետաքրքրությունների մարդիկ: Դիլիջանի ֆաբլաբը նպատակ ունի Տավուշի մարզի երիտասարդներին տրամադրել համապատասխան միջոցներ և միջավայր, որոնց շնորհիվ կզարգանան ստեղծագործ միտքը, գիտությունը և ճարտարագիտությունը:
ԵՊՀ ԻՄ-ում կայացած սեմինարի ընթացքում ուսանողներին ցուցադրվեցին որոշ սարքեր և դետալներ, որոնք պատրաստվել են ֆաբլաբում:
Ուսանողների կողմից առաջարկվեց կուրսային և ավարտական աշխատանքների նախագծերը պատրաստել Դիլիջանի ֆաբլաբում:
Նախատեսվում է, որ առաջիկայում մասնաճյուղի ուսանողներն այցելեն Դիլիջանի ֆաբլաբ՝ ծանոթանալու այնտեղ տեղակայված սարքավորումներին և մասնակցելու փորձնական դասի, իսկ հունիսից՝ Ֆաբ Լաբի դասընթացներին:
Ուսումնառության ընթացքում ուսանողները կնախագծեն և կպատրաստեն սեփական գաղափարներով սարքեր: