Կայացավ «Կրթությունը ԱՄՆ-ում» թեմայով դաս-քննարկումը

DSCN7402 2019թ. ապրիլի 26-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ «Կրթությունը ԱՄՆ-ում» թեմայով դաս-քննարկում, որը կազմակերպվել էր «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության հասարակական կազմակերպության և ԵՊՀ ԻՄ-ի կողմից:

Դաս-քննարկումը վարեց ԱՄՆ-ի Խաղաղության կորպուսի «Համայնքի և երիտասարդության զարգացում» ծրագրի աշխատակից, ուսուցիչ, մարզիչ և դասընթացավար Ուիլյամ Ջոզեֆ (Ջոդի) Դոշերը, իսկ ԵՊՀ ԻՄ-ի ուսանողուհի Սուսաննա Սարուխանյանն ապահովեց սինխրոն (համաժամանակյա) թարգմանություն:

Քննարկման ընդհանուր թեման ԱՄՆ-ի կրթությունն էր ու կրթական համակարգը: Ջ.Դոշերը մեծ մասամբ անդրադարձավ ԱՄՆ-ի Կոլորադո նահանգի ամենամեծ համալսարանի, Հարվարդի, Լուիզիանայի համալսարանների, ինչպես նաև մի քանի քոլեջների ու ավագ դպրոցների կրթությանը:

Ընդգծվեց այն փաստը, որ յուրաքանչյուր կրթական կառույց առանձնանում է սեփական կանոններով, կրեդիտային համակարգով: Թեմայի կարևորագույն մասերից էր ԱՄՆ-ի համալսարանների ուսման վարձի չափը նահանգների ներսում ապրող ուսանողների, նահանգից դուրս ապրող ուսանողների, ինչպես նաև օտարերկրյա ուսանողների համար:

Ներկայացվեց, որ ԱՄՆ-ի համալսարաններում ուսանողները գնահատվում են հետևյալ սկզբունքով՝ 1-A, 2-B, 3-C, 4-D սանդղակին համապատասխան, որը բավականին տարբերվում է Հայաստանի գնահատման համակարգից: Եթե ուսանողը ստանում է 0, դա վկայում է ձախողման մասին: Ուսումնական տարվա ընթացքում կան սահմանված դասաժամեր յուրաքանչյուր առարկայի համար, բայց կան նաև պարտադիր առարկաներ, օրինակ՝ օտար լեզուները, որոնք պետք է դասավանդվեն համալսարաններում: Բանախոսը նշեց նաև ԱՄՆ-ում կրթության բացասական կողմերի մասին, ինչպիսին է, օրինակ, տարեցտարի ուսման վարձերի բարձրացումը:

Դաս բնության գրկում

58620711_310186906315113_2435802758176047104_n

 2019թ. ապրիլի  26-ին բնության գրկում՝ Իջևանի դենդրոպարկում, «Օտար լեզուներ» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողների մասնակցությամբ կայացավ «Տավուշի տեսարժան վայրերը» թեմայով դաս, որը վարեց Անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, բ.գ.թ., դոցենտ Ք.Հարությունյանը:

Դասի ընթացքում ուսանողները անգլերենով ներկայացրին Տավուշի մարզի քաղաքներն ու գյուղերը, դրանց տեսարժան վայրերը, պատմական հուշարձանները, վանքերը և եկեղեցիները:

Ներկայացված վայրերից հատկապես առանձնացվեցին Իջևան և Դիլիջան քաղաքները:

Իջևանի տեսարժան վայրերից ներկայացվեցին կենտրոնական զբոսայգին, բուսաբանական այգին, պատմաերկրագիտական թանգարանը և այլն: Իջևանի պատմաճարտարապետական կոթողներից առանձնահատուկ խոսվեց Մակարավանքի մասին, որը կառուցվել է 10-13 դարերում:

Ընդգծվեց, որ Դիլիջան քաղաքը նույնպես առանձնանում է իր բնությամբ, ազգային պարկով, պատմամշակութային հուշարձաններով: Վերջիններիս թվին են պատկանում Հաղարծինը, Գոշավանքը, Մաթոսավանքը, Ջուխտակ վանքը:

Ուսանողների ելույթները լի էին մայրենի տարածաշրջանի նկատմամբ մեծ սիրով ու հիացմունքով:

Դասն անցավ ուրախ և հաճելի մթնոլորտում:

«Այդպես են ստեղծված տղամարդիկ՝ կարող են դիմակայել ամենախելացի փաստարկներին և չդիմանալ միակ հայացքի». Օնորե դը Բալզակ

            1 (2)

 Սիրով ձեզ ենք ներկայացնում ֆրանսիացի նշանավոր գրող Օնորե դը Բալզակի  ասույթներից. 

  1. Մարդու մասին դատելու համար գոնե ծայրահեղ դեպքում պետք է խորամուխ լինել նրա մտքերի, նրա դժբախտությունների, նրա հուզումների մեջ:
  2. Որքան էլ հաճելի, գեղարվեստորեն ու հետաքրքիր ձևավորված լինի լապտերը, նախ և առաջ այն պետք է լուսավորի:
  3. Իդեալական գեղեցկությունը և ամենահիանալի արտաքինը ոչինչ չարժեն, եթե նրանով ոչ ոք չի հիանում:
  4. Վիշտը մեր բոլոր զգացմունքներից ամենակայունն է:
  5. Ոչ ոք չի սկսի որոնել թաքնված առաքինությունները:
  6. Կասկածել նշանակում է ուժը կորցնել:
  7. Հանգամանքները փոփոխական են, սկզբունքները՝ երբեք:
  8. Չափն անցնելը չի նշանակում հասնել նպատակին:
  9. Զրպարտությունը անտարբեր է ոչնչությունների նկատմամբ:
  10. Իսկապես ուժեղ մարդն ընդունում է իր թուլությունները:
  11. Խոստովանելով իր թերությունները մարդն ուժեղանում է:
  12. Ծիծաղով ուղղում են բարքերը:
  13. Ծաղրասերը միշտ մակերեսային էակ է:
  14. Լինում են երկու տեսակ հիմարություն՝ սակավախոս և շատախոս:
  15. Հասարակական կարծիքը չի հանդուրժում կտրուկ փոփոխություններ:
  16. Ճշմարտությունը նման է դառը ըմպելիքի, որը տհաճ համ ունի, բայց դրա փոխարեն վերականգնում է առողջությունը:
  17. Անձնապաշտությունը թույն է բարեկամության համար:
  18. Ընկերությունըտևում է այնքան ժամանակ, քանի դեռ ամեն մի ընկեր կարծում է, որ ինքը մյուսից մի քիչ ավելի գերադաս է:
  19. Սերն իր մեջ միավորում է մարդու բոլոր բարի հատկությունները:
  20. Իսկապես մեծ լինելու համար նրա հոգին ու բնավորությունը պետք է հավասար լինեն նրա տաղանդին:
  21. Սեփական համոզմունքները չեն կախում պատին:
  22. Ես իմ կյանքը ամփոփել եմ ոչ թե սրտումս, որ կարող է փշրվել, ոչ թե զգացմունքներում, որոնք բթանում են, այլ ուղեղումս, որ չի մաշվում և դիմանում է ամեն ինչի:
  23. Կյանքի ուժեղ ցնցումներն ապաքինում են մանր սարսափներից:
  24. Քաղաքավարությունն ու համեստությունը վկայում են մարդու իսկական կրթվածության մասին:
  25. Ցանկացածգիտության բանալին հարցական նշանն է:
  26. Կարելի է լինել գիտնական գիտնականների հետ, բայց նկարիչների հետ հարկավոր է լինել բանաստեղծ:
  27. Ազգի ապագան մայրերի ձեռքում է:
  28. Մոր սիրտն անդունդ է, որի խորքում միշտ ներում կգտնվի:
  29. Ոչ ոք չի սիրում կնոջը պատանեկության կամ հասունության, գեղեցկության կամ անճոռնիության, հիմարության կամ խելքի համար: Նրան ինչ-որ բանի համար չեն սիրում, այլ պարզապես սիրում են, ուղղակի սիրում են:
  30. Նա, ով կարող է կնոջը կառավարել, կարող է նաև պետություն ղեկավարել:
  31. Միայն կնոջ վերջին սերը կարող է համեմատվել տղամարդու առաջին սիրո հետ:
  32. Տղամարդը կորցնում է, եթե ոչինչ չի շահում: Կինը շահում է, եթե ոչինչ չի կորցնում:
  33. Կինը սիրում է հաղթանակ տանել այն տղամարդու նկատմամբ, որն ուրիշին է պատկանում:
  34. Կանանց հատուկ է անհնարինն ապացուցել՝ հնարավորի հիման վրա, և ժխտել ակնհայտը՝ հղում անելով կանխազգացմանը:
  35. Անգամ կնոջ ամենաանկեղծ խոստովանությունների մեջ միշտ լռության համար տեղ է մնում:
  36. Կինը պետք է պատկանի այն տղամարդուն, որը կլուծի նրա խնդիրները:
  37. Սեփական կնոջից սիրուհի սարքել չկարողանալն ապացուցում է միայն ամուսնու անլիարժեքության մասին: Պետք է կարողանալ մի կնոջ մեջ գտնել բոլոր կանանց: Իր քայլվածքով կինն ամեն ինչ կարող է ցույց տալ՝ թույլ չտալով ոչինչ տեսնել:
  38. Իր ամուսնու վրա ծիծաղող կինն այլևս չի կարող նրան սիրել:
  39. Խանդոտ ամուսինն իրականում ոչ թե իր կնոջ վերաբերյալ կասկածներ ունի, այլ հենց իր:
  40. Կինն իր սիրելի ամուսնու դեմքը նույնքան լավ գիտի, որքան նավաստին՝ բաց ծովը:
  41. Ամուսնությունը պատերազմ է տղամարդու և կնոջ միջև, հաղթողին ազատություն է բաժին հասնում:
  42. Այդպես են ստեղծված տղամարդիկ՝ կարող են դիմակայել ամենախելացի փաստարկներին և չդիմանալ միակ հայացքի:
  43. Իր քայլվածքով կինը կարող է ամեն ինչ ցույց տալ՝ թույլ չտալով ոչինչ տեսնել:
  44. Մարդու հմտությունների հիմքում ընկած է համբերության ու ժամանակի միասնությունը:
  45. Ամեն ինչ գալիս է իր ժամանակին նրանց համար, ովքեր կարողանում են սպասել:
  46. Զրպարտությունն անտարբեր է ոչնչությունների նկատմամբ:
  47. Երկու կեղծ սրբերի բարեկամությունն ավելի շատ չարիք է գործում, քան տասնյակ սրիկաների բացահայտ թշնամությունը:
  48. Մեր խիղճը արդարամիտ դատավոր է, քանի դեռ մենք նրան չենք սպանել:
  49. Սերը միակ կիրքն է, որը չի ընդունում ո՛չ անցյալ, ո՛չ էլ ապագա:
  50. Երախտագիտությունն ապացուցվում է գործով:
  51. Ես մշտապես նկատել եմ, որ զավակներն անձնական մի զգացումի, եսասիրության են վերագրում այն զոհաբերությունները, որ կատարում են իրենց ծնողները:
  52. Տղամարդու ամենաուժեղ զենքերից մեկը կնոջը իրենով զբաղեցնելու սարսափելի կարողությունն է, երբ կնոջ՝ բնականից հարաշարժ երևակայությունը վախենում կամ վիրավորվում է հետապնդումից:
  53. Մարդու մանկությունից հետո գալիս է սրտի մանկությունը:
  54. Ինչպես երջանկությունը, նույնպես և դժբախտությունը մեզ հակում են դեպի երազանքը:
  55. Տառապանքները նման են այն զավակներին, որոնք կյանքում անհաջողակ են, բայց մոր սրտին ավելի ուժեղ են կապված, քան բախտավոր հաջողակները:

ԵՊՀ ԻՄ-ում կայացավ Կոմիտասի ծննդյան 150-ամյակին նվիրված գրական-երաժշտական ցերեկույթ

DSCN73702019թ. ապրիլի 25-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ «Ամենայն Հայոց Երգի Վեհափառ», «Մեր երգի Մեսրոպ Մաշտոց» մեծն Կոմիտասի ծննդյան 150-ամյակին նվիրված գրական-երաժշտական ցերեկույթ, որը կազմակերպել էր Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Աիդա Սարհատյանը:

Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամներ, մարզի հոգևոր դասի ներկայացուցիչներ, հյուրեր, մասնակցում էին «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության երկրորդ և երրորդ կուրսերի ուսանողներ:

«Երեկ Հայոց մեծ եղեռնի օրն էր… մեր պատմության մեջ ու մեր  օրացույցների վրա սևով ներկված օր  ու տարեթիվ… 1915, ապրիլի 24…

Անցել է 104 տարի, սակայն մեր ժողովրդի հոգում շարունակում է մխալ մորմոքը  արյունոտ  ցեղասպանության  1,5 միլիոն  հայերի… Նրանք դարձել են կապուտաչ անմոռուկներ,  որ ամեն գարնան  ծլում-ծլարձակում  են մայր հողի վրա…

Ու թո՛ղ որ նորից հնչեն նրանց անունները՝ Զոհրապ, Վարուժան, Սիամանթո, Ռուբեն Սևակ… ու … հազարներ, ու միլիոն  ու … Կոմիտաս, որի երգը  անավարտ մնաց  ու մարեց շուրթերին, բայց արդեն 100 տարի, դեռ 1100 տարի հետո էլ կհնչի այն մեր շուրթերից…». – Կոմիտասի ձայնի մարող հնչյունների ներքո այսպես սկսվեց գրական-երաժշտական ցերեկույթը՝ նվիրված հայ երգահան, երգիչ, երաժշտագետ, վարդապետ և ուսուցիչ, բանահավաք, խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր, մեծն Կոմիտասի  ծննդյան 150-ամյակին:

Ավելի քան մեկ ժամ օդը լի էր Կոմիտասով, նրա երգերի հրաշալի  կատարումներով, նրա ու նրա մասին հնչող բանաստեղծությունների տպավորիչ- հուզական ասմունքով:

Ունկնդիրների համար իրոք հայտնություն էր ԵՊՀ ԻՄ-ի «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 2-րդ և 3-րդ կուրսերի ուսանողների երգն ու ասմունքը, նրանց պարը:

Իր գեղարվեստական բարձր մակարդակով, մեծ երգահանի, երաժշտագետի ու բանահավաքի երգարվեստը, կյանքն ու գործունեությունը ներկայացնելու ճանաչողական անգնահատելի արժեքով, հայ երգի սքանչելի մատուցմամբ միջոցառումը բացառիկ հուզական տպավորություն թողեց ներկաների վրա:

Միջոցառման վերջում ելույթ ունեցան Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, բ.գ.թ., դոցենտ Վ.Ավագյանը և Տավուշի թեմի Սբ. Մակարավանքի հոգևոր հովիվ Տեր Արշավիր քահանա Ասատրյանը՝ բարձր մակարդակով իրականացված միջոցառման համար գոհունակություն ու շնորհակալություն հայտնելով կազմակերպչին՝ տիկին Աիդա Սարհատյանին, միջոցառման մասնակիցներին:

Հայոց  բարձր, բիբլիական լեռներում դարերով հոգևոր ծով գանձեր են ստեղծվել, մեր ժողովուրդը հանճարներ է ծնել ու վերածնվել նրանց միջոցով… Նարեկացի ու Քուչակ, Մեծարենց ու Չարենց, Թումանյան ու Կոմիտաս… (ո՞ր մեկին թվես), նրանց մեջ տեսել իր հայրենիքն ու բնությունը, իր սերն ու կարոտը, իր տառապանքն ու երազանքները. հայոց մեծերի հանդեպ իրենց խորունկ սիրո ու երախտագիտության տուրքը մատուցեցին մեր ուսանողները Կոմիտասին նվիրված այս միջոցառմամբ.

«Ու դրվատման ի՞նչ խոսքերով

Բարեբանենք և քեզ գովենք

Թե աղքատ է հանկարծ թվում

Բառարանը մեր հայկազյան:

Ի՞նչ խոսքերով բարեբանենք Քե՜զ, Վարդապե՛տ

Դո՜ւՎարդապե՞տ.

Դու Ամենայն Հայոց Երգի Վեհափառն ես,

Դու՝ մեր երգի Մեսրոպ Մաշտոց,

Գիրն ու տառն ես Հայոց երգի:

Հայոց երգի

Անծիր հերկի:

Ե՛վ ակոսն ու խորունկ առն ես,

Ե՛վ մատնընտիր սերմը նրա

 

Եվ մեզանից արդ ընդունիր

Երախտիքի այս խաչբո՜ւռը,

Այս խաչբուռը՝ քո՛ իսկ հերկի

Ընդունիր դո՜ւ, դո՛ւ՝ մեր երգի Մշտահնչուն նվագարան.

 Ընդունիր դո՛ւ՝ մեր ցաքուցիր Մասունքների հավաքարա՜ր.

Դու՝ խազերի մեր քերական,

Դու՝ հոգևոր մեր շարական.

Դու մեր կարոտ ու մեր մորմոք,

Մեր տաղի քուրմ,

Մեր խաղի մոգ,

Մեր մշտահունչ ու մշտարթուն,

Անլռելի զանգակատո՜ւն…»:

Բոլոր լուսանկարները տե՛ս Պատկերասրահում: