«Ֆինանսներ բոլորի համար» երկօրյա դասընթացին մասնակցելու հրավեր

unnamed

 2019թ. մայիսի 6-7-ին ԵՊՀ ԻՄ-ի թիվ 39 լսարանում,ժամը 14:00-ին ՀՀ կենտրոնական բանկի «Իմ ֆինանսների ամիսը» ծրագրի շրջանակներում տեղի կունենա «Ֆինանսներ բոլորի համար» երկօրյա դասընթացը, որի վերջում մասնակիցները կստանան հավաստագրեր ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

Տեղերը սահմանափակ են:

Դասընթացին մասնակցելու համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ +374 98 22 82 72:

Սիրով սպասում ենք:

 

Ուսումնական պրակտիկայի շրջանակներում «Պատմություն» մասնագիտության II կուրսի ուսանողները կատարեցին ճանաչողական այցեր

received_279249473029271

 2019թ. ապրիլի 18-ին և 23-ին 2018-2019 ուստարվա ուսումնական պլանով նախատեսված ուսումնական պրակտիկայի շրջանակներում ԵՊՀ ԻՄ-ի «Պատմություն» մասնագիտության առկա ուսուցման II կուրսի ուսանողները պրակտիկայի ղեկավար, Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դասախոս Ա.Մկրտումյանի ուղեկցությամբ իրականացրին ճանաչողական այցեր:

Ապրիլի 18-ին նրանք այցելեցին Իջևանի պատմաերկրագիտական թան­գա­րան, որտեղ ծանոթացան թանգարանի գործունեությանը, նմուշների հավաքագրմանը և առկա ցուցանմուշներին: Ուսանողներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին թանգարանում նրանց ուղեկցող գիտաշխատողին:

Նույն օրը ուսանողներն այցելեցին Իջևանի Սուրբ Ամենափրկիչ և Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցիներ, ծանոթացան եկեղեցիների պատմությանը, եկեղեցական տոներին, ծիսակարգին և հոգևոր հագուստին:

Ապրիլի 23-ին «Պատմություն» մասնագիտության II կուրսի ուսանողները ուսումնական պրակտիկայի շրջանակներում այցելեցին Հաղարծին և Գոշավանք եկեղեցական համալիրներ:

Բանահյուսական նյութերն ու դրանց ստեղծման պատմություններն ուսումնասիրելուց հետո ուսանողները ծանոթացան եկեղեցական համալիրների ճարտարապետական առանձնահատկություններին:

Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին

DSCN7242

Այսօր՝ 2019թ. ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի վարչական, պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամներ, ուսանողներ, Տավուշի մարզի տարբեր ոլորտների, մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ և քաղաքացիներ շարժվեցին դեպի Իջևանում տեղադրված` Հայոց ցեղասպության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակին:

Համալսարանականները ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրեցին հուշարձանին՝ մասնակցելով հուշահամալիրի մոտ մարզի հոգևոր դասի ներկայացուցիչների կողմից կատարվող ոգեկոչման արարողությանը:

Այնուհետև նրանք այցելեցին Իջևանի պատմաերկրագիտական թանգարան և ականատես եղան Հայոց մեծ եղեռնի թեմայով կազմակերպված ցուցադրությանը:

_____________________________________________________________________________

Հայոց ցեղասպանության սկիզբը պայմանականորեն համարվում է 1915թ. ապրիլի 24-ը. այդ օրը Կոստանդնուպոլսում ձերբակալվեց մտավորականության սերուցքը՝ 600 հայազգի մտավորականներ, որոնք հետագայում սպանվեցին աքսորի ճանապարհին. Գրիգոր Զոհրապ, Դանիել Վարուժան, Ռուբեն Զարդարյան, Սիամանթո, Ռուբեն Սևակ, Երվանդ Սըրմաքեշխանլյան, Ատոմ Յարճանյան, Հովհաննես Հարությունյան և ուրիշներ: Սակայն հայ պատմագիտության մեջ որպես Հայոց ցեղասպանության տարեթվեր ընդունված է համարել 1892-1923 թթ. որպես Թուրքիայի կառավարող շրջանների՝ Համիդյան Թուրքիայի, ապա Երիտթուրքերի կառավարության կողմից կազմակերպված ցեղասպանություն, որի հետևանքով զանգվածային տեղահանության ենթարկվեց և բնաջնջվեց Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի և Օսմանյան կայսրության նահանգների հայ բնակչությունը։ Ծիծեռնակաբերդի հուշարձանի 12 քարակոթողները, ըստ ժողովրդական ստուգաբանության, խորհրդանշում են կորցրած 12 գավառները, որոնք այժմ գտնվում են ժամանակակից Թուրքիայի կազմում:  

Երիտթուրքական կառավարությունը, ջանալով պահպանել թուլացած Օսմանյան կայսրության մնացորդները, որդեգրեց պանթուրքիզմի քաղաքականությունը, այն է՝ հսկայածավալ Թուրքական կայսրության ստեղծում, որը, տարածվելով մինչև Չինաստան, իր մեջ կառներ Կովկասի, Միջին Ասիայի բոլոր թուրքալեզու ժողովուրդներին: Ծրագիրը նախատեսում էր բոլոր ազգային փոքրամասնությունների թյուրքացում և երազելի «Մեծ Թուրանի»-ի ստեղծում՝ Բոսֆորից մինչև Ալթայ։ Այս համատեքստում Արևմտյան Հայաստանի բնիկ հայ ժողովուրդը դիտվում էր որպես գլխավոր խոչընդոտ այս ծրագրի իրականացման ճանապարհին, իսկ չկային հայերը՝ չկար նաև Հայկական հարցը։ Երիտթուրքերը որպես հարմար առիթ օգտագործեցին Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը: Ծրագրի հեղինակներն էին Թալեաթը (ներքին գործերի նախարար), էնվերը (ռազմական գործերի նախարար), Ջեմալը (Պաղեստինյան ճակատի հրամանատար), Բեհաեդդին Շաքիր բեյը (երիտթուրքական կենտրոնական կոմիտեի անդամ) և ուրիշներ:

Հայոց ցեղասպանությունը նախատեսված էր իրականացնել երեք փուլով, որի առաջին փուլը ապրիլի 24-ն էր, իսկ երկրորդ փուլը՝ շուրջ 60.000 հայ տղամարդկանց զորակոչը թուրքական բանակ: Բանակ զորակոչված 15-45 տարեկան բոլոր հայ տղամարդիկ ավելի ուշ զինաթափվեցին ու սպանվեցին իրենց թուրք զինակիցների կողմից: Երրորդ փուլով թուրք ջարդարարները սկսեցին կոտորել անպաշտպան մնացած հայ բնակչությանը՝ գերազանցապես կանանց, ծերունիներին և երեխաներին: Կազմակերպվեց մասսայական բռնագաղթ, աքսոր և ջարդ: Հայերին կա՛մ ստիպում էին ուրանալ քրիստոնեությունը, կա՛մ սպանում էին, կա՛մ ստիպում բռնել գաղթի ուղին: Արևմտյան Հայաստանի ողջ մնացած հայերը բռնագաղթեցին Միջագետքի անապատներ, հիմնականում՝ Դեր Զոր, որտեղ և բնաջնջվեցին:

Հայոց ցեղասպանությունը միջազգային հանրության կողմից դատապարտվել է տարբեր մակարդակներով. այն ընդունել են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Եվրոպայի Խորհուրդը՝ 1998, 2001 թթ., Եվրամիությունը՝ Եվրախորհրդարանի բանաձևերով, Հայոց ցեղասպանությունը դատապարտել են 1987, 1998, 2000, 2001, 2002 և 2005 թթ. ՄԱԿի մի քանի հանձնաժողովներ, Եկեղեցիների համաշխարհային միությունը և այլն: Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևեր և որոշումներ ունեն Շվեդիայի խորհրդարանը, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը, Չիլիի և Արգենտինայի Սենատները, Լիտվայի Ասամբլեան, Եվրապառլամենտը, Վենեսուելայի Ազգային Ասամբլեան, Լեհաստանի և Նիդերլանդների, Իտալիայի (2019թ. ապրիլի 10-ին) խորհրդարանները, Կանադայի Համայնքների պալատը, և այլն: Ֆրանսիայում, Ուրուգվայում, Կիպրոսում օրենքների տեսքով, իսկ Շվեյցարիայում՝ նաև այն ժխտելը դատապարտվում է քրեորեն:

Սակայն մինչև այսօր ոճրագործի՝ Թուրքիայի կողմից պետական մակարդակով անամոթաբար ժխտվում է ցեղասպանությունոճիրն այն «տրամաբանությամբ», որ քանի դեռ աշխարհն ամբողջովին չի ճանաչել ու դատապարտել իր գործած ոճիրը, ուրեմն՝ չկա ոճիր, ուստի չկա նաև պատիժ: Այնինչ հայն ապրում է՝ հիշելով իր դարավոր ահռելի ցավը, տագնապն ու սարսափը, հիշում է՝ պահանջելով Հայոց ցեղասպանության արդարացի ճանաչում ու հատուցում: Հայը «հիշում է և պահանջում»:

Բոլոր լուսանկարները տե՛ս Պատկերասրահում: 

 

 

 

Ջահերով երթ ու մոմավառություն՝ Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին ընդառաջ

IMG_4355 2019թ. ապրիլի 23-ին՝ Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին ընդառաջ, տեղի ունեցավ մոմավառություն և ջահերով երթ Իջևանի քաղաքային շատրվանների հրապարակից դեպի Ցեղասպանության հուշահամալիր:

Երթին ակտիվորեն մասնակցեցին նաև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողները:

Մասնակիցները վառվող ջահերով, մոմերով, դրոշներով ուղևորվեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու 1915թ.  1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակին:

Երթի ընթացքում մասնակիցները, վանկարկելով ազգային-հայրենասիրական խոսքեր ու արտահայտություններ, պահանջում էին Հայ դատի արդարացի ճանաչում:

Իրենց հետ հուշահամալիր տարած մոմերով ուսանողները ստացան անմոռուկի պատկեր, աղոթեցին զոհերի հոգու հանգստության համար:

Վերջում  երթի մասնակիցները օդապարիկներ բաց թողեցին երկինք: