ԵՊՀ ԻՄ-ի ղեկավարության և ամբողջ անձնակազմի անունից սիրով շնորհավորում ենք Ուսումնամեթոդական վարչության մասնագիտական կողմնորոշման և պրակտիկայի կազմակերպման բաժնի տեսուչ Անահիտ Վառլամի Սարիբեկյանին ծննդյան հոբելյանի առթիվ, մաղթում առողջություն, երջանկություն, հաջողություններ աշխատանքում և անձնական կյանքում, գարնանային պայծառ տրամադրություն, ամենայն բարիք:
Author Archives: admin
ԵՊՀ ԻՄ-ի պատվիրակության ջերմ ընդունելությունը Ֆրանսիայի Վալանս քաղաքում
2019թ․ մարտի 18-ից մինչև ապրիլի 8-ը ԵՊՀ ԻՄ-ի մի քանի ուսանողներ («ՖԼԳ» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհիներ Էմմա Շահնազարյանը, Լուարա Գևորգյանը, Լուսյա Ղալթախչյանը, «ՖԼԳ» 3-րդ կուրսի ուսանողուհի Հրանուշ Դավթյանը և «Սերվիս» 3-րդ կուրսի ուսանողուհի Մարիամ Մելիքսեթյանը) Ֆրանսերեն լեզվի և գրականության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, ասիստենտ Աիդա Մարդանյանի ղեկավարությամբ Ֆրանսիայի Վալանս քաղաքի Մաեստրիս համալսարանում անցնում են վերապատրստման դասընթացներ՝ կատարելագործելու ֆրանսերենի իմացությունը։
Մարտի 18-ին՝ ժամը 11:00-ին, ինքնաթիռը վայրէջք կատարեց Լիոնի Սենտ-էքզյուպերի օդանավակայանում:
ԵՊՀ ԻՄ-ի ներկայացուցիչներին ջերմորեն դիմավորեցին, և նրանք ուղևորվեցին դեպի Վալանս:
Նախաճաշին Հայ մշակութային ժառանգության կենտրոնի նախագահ Նուբար Քեշիշյանի “Rapido” ռեստորանում նրանց դիմավորեցին հյուրընկալող ընտանիքները:
Ն.Քեշիշյանը խմբի անդամներին ներկայացրեց այցի ծրագիրը, որից հետո նրանք մեկնեցին հյուրընկալող ընտանիքներ:
Հաջորդ օրը՝ մարտի 19-ին, համալսարանականներին սպասվում էր գեղեցիկ ընդունելություն «Մաեստրիս» բարձրագույն դպրոցում, որտեղ ներկա էին հյուրընկալող ընտանիքները, Ն.Քեշիշյանը, փոխքաղաքապետ Ֆ.Դոման, պրոֆեսորադասախոսական կազմը:
Ելույթ ունեցան և ԵՊՀ ԻՄ-ի ներկայացուցիչներին ողջունեցին Ն.Քեշիշյանն ու բարձրագույն դպրոցի տնօրեն Ֆիլիպ Կարտիեն:
Ապա ելույթ ունեցավ խմբի ղեկավար Ա.Մարդանյանը՝ ողջ թիմին շնորհակալություն հայտնելով այդ գեղեցիկ լեզվաբանական և մշակութային այցը կազմակերպելու համար: Նա պարոն Կարտիեին հանձնեց ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա. Վ. Ցուցուլյանի ուղերձը և խորհրդանշական նվերը:
Տիկին Մարդանյանը նաև ներկայացրեց ուսանողների փոխանակության ծրագրի վերաբերյալ նոր առաջարկություններ, որոնք արժանացան հավանության: Այդ ամենից հետո սկսվեցին դասընթացները, որոնք կտևեն մինչև ապրիլի 8-ը:
«Ակադեմիական բարեվարքություն և ակադեմիական ազատություն» դասընթաց հայաստանյան բուհերի դասախոսների համար
Հանրային քաղաքականության ինստիտուտը (ՀՔԻ) հայաստանյան բուհերի դասախոսների համար կազմակերպում է «Ակադեմիական բարեվարքություն և ակադեմիական ազատություն» թեմայով մասնագիտական վերապատրաստման դասընթաց:
Դասընթացն անվճար է:
Դասախոսություններով հանդես կգան կրթության ոլորտի մասնագետներ և հետազոտողներ:
Դասախոսությունները կուղեկցվեն ունկնդիրների գործնական և ինքնուրույն աշխատանքով:
Դասընթացը տեղի կունենա 2019թ. հունիսի 8 − հունիսի 22 ժամանակահատվածում, յուրաքանչյուր շաբաթ օր (ժամը 12:00-16:00), Երևանում:
Դասընթացի մասնակիցներին կտրվեն մասնակցությունը հավաստող վկայականներ, որոնց հիման վրա բուհերը կարող են հատկացնել մասնագիտական վերապատրաստման կրեդիտներ (վկայականի հիման վրա կրեդիտ ստանալու հնարավորությունը մասնակիցները պետք է ճշտեն և/կամ համաձայնեցնեն իրենց կրթական հաստատությունների հետ):
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2019թ. ապրիլի 15-ը training@ipp.am էլ. փոստի հասցեին ուղարկել.
- ինքնակենսագրություն (CV),
- մոտիվացիոն նամակ (առավելագույնը՝ 1 էջ)՝ նկարագրելով դասընթացին մասնակցելու շարժառիթներն ու ձեռք բերված գիտելիքները գործնականում կիրառելու հնարավորությունները:
Դասընթացի անցկացման վայրի և այլ պայմանների մասին ընտրված մասնակիցները կտեղեկացվեն էլ. նամակով մինչև 2019թ. մայիսի 7-ը:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 60 54 18 47 հեռախոսահամարով:
Կայացավ ԵՊՀ-ի կողմից կազմակերպված՝ 2019թ. դպրոցական օլիմպիադայի 1-ին փուլը
2019թ. մարտի 16-ին ԵՊՀ-ում և ՀՀ բոլոր մարզերում անցկացվեց դպրոցականների օլիմպիադայի 1-ին փուլը, որն արդեն 11-րդ անգամ կազմակերպում է ԵՊՀ-ի մինչհամալսարանական կրթության վարչությունը:
Տավուշի մարզում օլիմպիադայի անցկացման աշխատանքներն իրականացնում է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մասնագիտական կողմնորոշման և պրակտիկայի կազմակերպման բաժինը:
Օլիմպիադայի անցկացման նպատակն է շնորհալի ու ստեղծագործական կարողություններ ունեցող երեխաների հայտնաբերումը, նրանց հետ անհատական աշխատանքի կազմակերպումը:
Դպրոցական օլիմպիադայի մասնակիցներին ողջունեց ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար, ֆ.մ.գ.թ., դոցենտ Արտակ Ցուցուլյանը: Նա կարևորեց ավարտական քննություններից առաջ նման մրցույթների անցկացումը, մասնակիցներին մաղթեց հաջողություններ, անդրադարձավ ԵՊՀ-ին և մասնաճյուղին, խոսեց մասնագիտական ճիշտ կողմնորոշման մասին:
Այնուհետև ԵՊՀ ԻՄ-ի մասնագիտական կողմնորոշման և պրակտիկայի կազմակերպման բաժնի տեսուչ Սլավիկ Ալավերդյանը ներկայացրեց մասնակիցների ցուցակները, ըստ այդմ՝ դասախոսները և ուսանողները օլիմպիադայի մասնակիցներին ուղեկցեցին լսարաններ և սկսեցին օլիմպիադան:
Այս տարի Տավուշի մարզից օլիմպիադային մասնակցեց 34 դպրոցի 235 աշակերտ` հանրակրթական 13 առարկաների գծով.
- մաթեմատիկա,
- ֆիզիկա,
- քիմիա,
- ինֆորմատիկա,
- կենսաբանություն,
- աշխարհագրություն,
- հայ ժողովրդի պատմություն,
- հայոց լեզու և գրականություն,
- ռուսաց լեզու,
- անգլերեն,
- գերմաներեն,
- ֆրանսերեն,
- ստեղծագործական աշխատանք:
Օլիմպիադայի մասնակիցներին տրվեցին ԵՊՀ-ի, նրա տարբեր ֆակուլտետների և Իջևանի մասնաճյուղի տեղեկատվական թերթիկներ (բուկլետներ):
Օլիմպիադան նախատեսված է անցկացնել 2 փուլով: Օլիմպիադայի 2-րդ փուլը կանցկացվի ս.թ. մարտի 30-ին՝ ժամը 11.00-ին, ԵՊՀ-ում, որին կմասնակցեն 1-ին փուլի հաղթողները:
Օլիմպիադայի փակման և պարգևատրման արարողությունը տեղի կունենա ապրիլի 19-ին՝ ժամը 15.00-ին, ԵՊՀ-ի մեծ դահլիճում (կենտրոնական մասնաշենք, 3-րդ հարկ):
Ի գիտություն՝ ԵՊՀ-ի գիտական խորհրդի որոշմամբ օլիմպիադայում հաղթած (I, II և III կարգի դիպլոմների արժանացած) աշակերտներին, ԵՊՀ-ի վճարովի համակարգ ընդունվելու դեպքում, առաջին կուրսում կտրամադրվի համապատասխանաբար 50, 40 և 30 տոկոս ուսման վարձի զեղչ:
Բոլոր լուսանկարները տե՛ս Պատկերասրահում: