Author Archives: admin
ԿԱՅԱՑԱՎ «ԿՅԱՆՔԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԹԵՄԱՅՈՎ ՀԵՐԹԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԸ
2019թ. փետրվարի 5-ին ԵՊՀ ԻՄ-ում կայացավ «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի» ընկերության «Երիտասարդների զարգացում» եռամյա ծրագրի շրջանակներում Այ Էյ Բի Բիզնեսի Միջազգային Ակադեմիայի կողմից իրականացվող «Կյանքի հմտություններ» թեմայով հերթական դասընթացը:
Դասընթացին մասնակցում էին Տավուշի մարզի 20 երիտասարդներ:
Դասընթացը վարեցին Այ Էյ Բի Բիզնեսի Միջազգային Ակադեմիայի դասընթացավար Հակոբ Մակդիսը և ԵՊՀ ԻՄ-ի ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դասախոս Սլավիկ Ալավերդյանը:
Ս.Ալավերդյանը ներկայացրեց «Երիտասարդների զարգացում» ծրագիրը, այնուհետև սկսեց «Ինքնաճանաչում և ինքնազարգացում» մոդուլը:
Հակոբ Մակդիսն անցկացրեց «Մասնագիտական կապերի ստեղծում և ամրապնդում» մոդուլը՝ հանգամանալից անդրադառնալով մարմնի շարժումների լեզվին:
«Հետադարձ կապի հմտություններ», «Աշխատանք փնտրելու և դիմելու հմտություններ» մոդուլները դասընթացավարներն իրականացրին համատեղ՝ մենթորներ Անուշ Սարիբեկյանի, Արփինե Եգանյանի, Ալեքս Ներսիսյանի, Ժաննա Քոչարյանի և Արփի Թամրազյանի աջակցությամբ:
Մասնակիցները լրացրին տարբեր հարցաթերթեր՝ վերլուծելով սեփական հնարավորությունները, կատարեցին խմբային աշխատանքներ, խաղի միջոցով բացահայտեցին հետադարձ կապի տեսակները, գրեցին մոտիվացիոն նամակ, կազմեցին CV և մասնակցեցին փորձնական աշխատանքային հարցազրույցի:
«Կյանքի հմտություններ» և «Բիզնես հմտություններ» թեմաներով հաջորդ դասընթացները կկայանան ս.թ. գարնանը: Ցանկացողները կարող են գրանցվել հետևյալ հղումով:
Դասընթացի բոլոր լուսանկարները տե՛ս Պատկերասրահում:
«Անձի զարգացման համընդհանուր հմտություններ» դասընթացին մասնակցելու հրավեր
«ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ hմտություններ ապագայի համար» ծրագրի շրջանակներում «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը և «ՕքսԵՋեն» հիմնադրամն իրականացնում են «Անձի զարգացման համընդհանուր հմտություններ» խորագրով դասընթացաշար, որին կարող են դիմել Հայաստանում բնակվող, աշխատանքային հմտությունների ու անձնային որակների զարգացմամբ հետաքրքրված 16-30 տարեկան երիտասարդները:
«ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ հմտություններ ապագայի համար» տարածաշրջանային ծրագիրը (2018-2020 թթ.) իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ հետևյալ երեք երկրներում՝ Հայաստան, Վրաստան և Ուկրաինա։ Ծրագիրը Հայաստանում իրականացվում է «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության կողմից՝ ՕքսԵՋեն երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամի հետ համագործակցաբար: Ծրագրի նպատակն է զարգացնել Արևելյան գործընկերության անդամ երեք երկրների երիտասարդների, այդ թվում` խոցելի խմբերի երիտասարդ ներկայացուցիչների ձեռնարկատիրական ներուժը և բարելավել նրանց մրցունակությունն աշխատաշուկայում։
Դասընթացաշարի նպատակն է ընձեռել ինքնազարգացման և ինքնաներկայացման հնարավորություններ ՀՀ տարածքում բնակվող երիտասարդներին, զարգացնել նրանց զբաղունակությանը նպաստող հմտությունները, նպաստել համագործակցության նոր հնարավորությունների ձեռքբերմանը և նրանց աշխատանքային ու մասնագիտական առաջընթացի ապահովմանը: Դասընթացաշարի թեմաները ներառում են կարիերայի զարգացում, թիմային աշխատանք, հաղորդակցման, կազմակերպչական ու հարակից հմտությունների, ստեղծագործական մտքի, նախաձեռնողականության ու անձնային այլ որակների զարգացում, որոնք անհրաժեշտ են աշխատաշուկայում մրցունակ լինելու համար:
Դասընթացաշարը բաղկացած է լինելու 2 փուլից, յուրաքանչյուրը՝ 3-օրյա տևողությամբ, 2019թ. մարտ-հունիս ժամանակահատվածում: Ընտրված մասնակիցները պարտավորվում են լիարժեք մասնակցել նախատեսված 2 փուլին: Դասընթացները վարելու են հմուտ դասընթացավարներ: Դասընթացներն ամբողջությամբ իրականացվելու են հայերեն լեզվով:
Ծրագրի հիմնական ուղղվածություններից է ներառականությունը, ուստի խոցելի խմբերի, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց, փախստականների, սահմանամերձ շրջանի բնակիչների, ուսուցման և վերապատրաստման հնարավորություններ չունեցող և գործազուրկ երիտասարդների, էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների մասնակցությունը խրախուսվում է: Այս նկատառումից ելնելով՝ կազմակերպչական խումբը պատրաստ է մոտիվացված և ծրագրի չափանիշներին բավարարող երիտասարդներին ցուցաբերել համապատասխան աջակցություն՝ նրանց մասնակցությունն ապահովելու համար: Դասընթացների մասնակցությունն անվճար է, ճանապարհային ծախսերն ու կազմակերպչական այլ հարցերը կհոգան կազմակերպիչները:
Դիմումներն ընդունվում են մինչև 2019թ. փետրվարի 10-ը ներառյալ:
*ԱՆՁԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ – սովորաբար համարվում են ոչ թե կոնկրետ աշխատանքի, մասնագիտության, ուսումնական գիտակարգի կամ գիտելիքի ոլորտի հետ կապված, այլ հմտություններ, որոնք կարող են լայնորեն օգտագործվել տարբեր իրավիճակներում և աշխատանքային պայմաններում (IBE 2013): Դրանցից են կազմակերպչական, հաղորդակցման կամ թվային հմտությունները, ժամանակի կառավարումը, ստեղծագործական միտքը, նախաձեռնողականությունը, թիմային լինելն ու անձնային այլ որակները: Այս հմտությունների նկատմամբ պահանջն աստիճանաբար ավելի է մեծանում՝ փոփոխվող պայմաններին հաջողությամբ հարմարվելու և իմաստալից ու արդյունավետ մասնագիտական կյանք ունենալու համար:
Մասնակցության դիմումը լրացնելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով:
Հունվարի 31-ի տնօրենության ընդլայնված նիստում
2019թ. հունվարի 31-ին «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ տնօրենության ընդլայնված նիստ՝ Ա. Վ. Ցուցուլյանի նախագահությամբ:
Տնօրենության նիստում ամփոփվեցին 2018-2019 ուսումնական տարվա առկա ուսուցման I կիսամյակի քննաշրջանի արդյունքները, քննարկվեցին նույն ուստարվա առկա ուսուցման II կիսամյակի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող և մի քանի ընթացիկ հարցեր:
2018-19 ուսումնական տարվա առկա ուսուցման I կիսամյակի քննաշրջանի արդյունքների մասին զեկուցեցին ֆակուլտետների դեկանների պաշտոնակատարները:
Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Կ.Պողոսյանը մասնավորապես նշեց, որ ֆակուլտետի ուսանողների թիվը 272 է, որից 76-ը անվճար հիմունքներով է սովորում, 196-ը՝ վճարովի: 2018-2019 ուստարվա I կիսամյակի քննաշրջանի ավարտին Հումանիտար գիտությունների ֆակուլտետում գրանցվել են հետևյալ արդյունքները.
- Քննաշրջանը բացարձակ առաջադիմությամբ են եզրափակել (առանց անբավարարի կամ պարտքի) «Հայոց լեզու և գրականություն» II և III կուրսերը, «Հոգեբանություն» IV, «Ֆրանսերեն լեզու և գրականություն» IV, «Օտար լեզու և գրականություն» I կուրսերը:
- «Պատմություն» մասնագիտության I և II կուրսերում, «ԱԼԳ» IV կուրսում անբավարար գնահատական (կամ պարտք) ունի մեկական ուսանող, «ՀԼԳ» IV, «ՏՄՄ» I, «ՕԼԳ» II կուրսերում՝ 2 ուսանող, «ՏՄՄ» II և «ՕԼԳ» III կուրսերում՝ 3 ուսանող, «Պատմություն» III-ում՝ 4 ուսանող, «Պատմություն» IV-ում՝ 5 ուսանող, «ՏՄՄ» III-ում՝ 11 ուսանող:
- Ստացած բարձր գնահատականներով (18-20) առանձնացել են «ՀԼԳ» III, «Պ» IV և «ԱԼԳ» IV կուրսերի ուսանողները:
Տնտեսագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Գ.Ավետիսյանը մասնավորապես նշեց, որ 2018-2019 ուսումնական տարվա առաջին կիսամյակի քննաշրջանին մասնակցել է 101 ուսանող («Ֆինանսներ», «Տնտեսագիտություն» և «Տնտեսագիտության տեսություն» կրթական ծրագրերով՝ 70 ուսանող, «Զբոսաշրջություն» և «Սերվիս» կրթական ծրագրերով՝ 31 ուսանող): Քննաշրջանը հաղթահարել է 63 ուսանող, 2 ուսանող ստացել են գերազանց գնահատականներ («Տնտեսագիտություն» III, «Սերվիս» IV): Ֆակուլտետում բացարձակ առաջադիմությունը կազմել է 62,4%:
Անվճար ուսուցման համակարգում սովորում է 36 ուսանող, բացարձակ առաջադիմությունը կազմում է 94,4%: 2 ուսանող ստացել է գերազանց գնահատականեր («Տնտեսագիտություն» III, «Սերվիս» IV): Անբավարար ստացել է 2 ուսանող («Ֆինանսներ» I, «Տնտեսագիտություն» III): Երրորդ կուրսի անվճար սովորող ուսանողի անբավարար գնահատականները պայմանավորված են նրանով, որ տվյալ ուսանողը ծրագրի շրջանակում ԵՊՀ-ի թույլտվությամբ առաջին կիսամյակում ՀՀ-ում չի գտնվել և 2018-19 ուստարվա առաջին կիսամյակի քննաշրջանի առաջին լուծարքային շրջանում կհանձնի պարտքերը: Վճարովի ուսուցման համակարգում սովորում է 65 ուսանող, բացարձակ առաջադիմությունը կազմում է 44,6%:
Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Ա.Մարգարյանը, ներկայացնելով 2018-2019 ուստարվա առաջին կիսամյակի ստուգարքների և քննությունների արդյունքները, նշեց, որ 1-ին կիսամյակի բոլոր ստուգարքները, ընթացիկ և եզրափակիչ քննությունները անց են կացվել համաձայն հաստատված ժամանակացույցի, որոնց, բացի մեկ ուսանողից, մասնակցել են ֆակուլտետի բոլոր ուսանողները: Նշվեց, որ ֆակուլտետում չկան գերազանց առաջադիմությամբ ուսանողներ: Վեց ուսանողներ ունեցել են ակադեմիական պարտքեր: Ամենաբարձր ցուցանիշը ֆակուլտետում ունեցել է «Դիզայն» IV կուրսը (100%), իսկ ամենացածրը՝ «Դիզայն» II կուրսը (85,7%):
Ֆակուլտետի ընդհանուր առաջադիմությունը կազմել է 90% (անվճար համակարգում` 100%, վճարովի համակարգում՝ 65,96%): Գնահատականների սպեկտրը լայն է, դրանք, որպես կանոն, բարձր են մասնագիտական բլոկի առարկաներից, ցածր՝ հումանիտար ու ոչ մասնագիտական առարկաներից:
Բնական գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Մ.Զաքարյանը մասնավորապես նշեց, որ 2018-2019 ուսումնական տարվա առաջին կիսամյակի քննաշրջանին մասնակցել է 115 ուսանող («Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» կրթական ծրագրով՝ 83 ուսանող, «Քարտեզագրություն և կադաստրային գործ» կրթական ծրագրով՝ 32 ուսանող): Քննաշրջանը հաղթահարել է 64 ուսանող, միայն գերազանց ստացել է 3 ուսանող («ԻԿՄ» և «ՔԿԳ» IV կուրսերում): Ֆակուլտետում բացարձակ առաջադիմությունը կազմում է 55,65%:
Անվճար ուսուցման համակարգում սովորում է 29 ուսանող, բացարձակ առաջադիմությունը կազմում է 75,86%: Վճարովի ուսուցման համակարգում սովորում է 86 ուսանող, բացարձակ առաջադիմությունը կազմում է 48,84%:
ԵՊՀ ԻՄ-ի՝ 2018-19 ուսումնական տարվա առկա ուսուցման I կիսամյակի քննաշրջանի արդյունքներն ամփոփելիս Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը հավելեց, որ մասնաճյուղի ուսանողների ընդհանուր առաջադիմությունը կազմում է 76%:
Տնօրենության նիստում քննաշրջանի արդյունքները գնահատվեցին բավարար:
Հաջորդ հարցի՝ 2018-19 ուստարվա առկա ուսուցման II կիսամյակի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ զեկուցեցին Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը և ֆակուլտետների դեկանները:
Պարոն Դավթյանը մասնավորապես նշեց, որ Ուսումնամեթոդական վարչության կողմից կազմվել և տնօրենի հաստատմանն են ներկայացվել 2018-2019 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի բակալավրի կրթական ծրագրով առկա և հեռակա ուսուցման ուսումնական գործընթացների կազմակերպման ժամանակացույցները: Ստուգվել են ֆակուլտետների դեկանների կողմից ներկայացված 2-րդ կիսամյակում ժամավճարային հիմունքներով դասավանդող դասախոսական կազմի զեկուցագրերը: Քննարկվել և վերանայվել են 2-րդ կիսամյակի ամբիոնային և անհատական բեռնվածությունները: Իրականացվել են ըստ հաստատված ժամանակացույցի 12 կրեդիտ կուտակած ակադեմիական պարտքերի վերահանձնման համար ուսանողների դիմումների ընդունման աշխատանքները:
2018-19 ուստարվա II կիսամյակի նախապատրաստական աշխատանքների հետ կապված՝ կարևորվեցին բուհի նյութատեխնիկական ռեսուրսներին, սանիտարահիգիենիկ պայմաններին, գրադարանի, լսարանների, համակարգչային սրահների կահավորմանը և տեխնիկական միջոցներով վերազինմանը վերաբերող մի շարք հարցեր:
ԵՊՀ ԻՄ-ում կայացավ «Բիզնես հմտություններ» թեմայով հերթական դասընթացը
2019թ. հունվարի 29-ին և 30-ին ԵՊՀ ԻՄ-ում կայացավ «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի» ընկերության «Երիտասարդների զարգացում» եռամյա ծրագրի շրջանակներում IAB Բիզնեսի Միջազգային Ակադեմիայի կողմից իրականացվող «Բիզնես հմտություններ» թեմայով հերթական երկօրյա դասընթացը:
Դասընթացին մասնակցում էին Տավուշի մարզի շուրջ 25 երիտասարդներ, այդ թվում՝ ԵՊՀ ԻՄ-ի ուսանողներ և շրջանավարտներ:
Դասընթացը վարեցին “Madatech” ընկերության հիմնադիր-տնօրեն Դավիթ Բաբայանը և ԵՊՀ ԻՄ-ի աշխատակիցները՝ Տնտեսագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար, Ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Գայանե Ավետիսյանը, նույն ամբիոնի ասիստենտ Անժելա Ալեքսանյանը, դասախոսներ Հռիփսիմե Հայրապետյանը, Արփինե Եգանյանը և Մարիետտա Աթաբեկյանը, Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դասախոս Սլավիկ Ալավերդյանը:
Բացման խոսքով հանդես եկավ Սլավիկ Ալավերդյանը: Նա ներկայացրեց «Երիտասարդների զարգացում» եռամյա ծրագիրը, IAB Բիզնեսի Միջազգային Ակադեմիայի գործունեությունը, «Բիզնես հմտություններ» դասընթացի մոդուլները և դասընթացավարներին:
Դասընթացն ուղեկցվեց տեսական նյութով, հարցադրումներով և քննարկումներով, թեստերի ու անհատական առաջադրանքների կատարումով և խմբային աշխատանքներով:
Առաջին օրը կայացան «Ժամանակի կառավարում», «Նախագծերի կառավարում» և «Բիզնես պլան» մոդուլները: Մասնակիցները ծանոթացան ժամանակի արդյունավետ օգտագործման սկզբունքներին, առաջադրանքներն ըստ առաջնահերթությունների դասակարգման Էյզենհաուերի մատրիցային, նախագծերի առանձահատկություններին և սահմանափակումներին, կենսափուլերին և կառավարման գործընթացներին, աշխատանքի բաժանման կառուցվածքին (WBS), Գանտի աղյուսակին, բիզնես նպատակների SMART ձևաչափին, բիզնես պլանի կառուցվածքին: Մասնակիցները խմբերով ներկայացրին իրենց կազմակերպության համար միջոցառումների ծրագրի կառուցվածքը, կազմեցին Գանտի աղյուսակը և լրացրին Էյզենհաուերի մատրիցան:
Երկրորդ օրվա սկզբում անդրադարձ կատարվեց բիզնես պլանին, ապա կայացան «Ֆինանսների կառավարում», «Բանակցություններ» և «Վաճառքի հմտություններ» մոդուլները: Ներկայացվեցին շուկան և ներքին շուկան, կազմակերպության տնտեսական ցիկլը, հիմնական հաշվապահական հասկացությունները, ֆինանսական արդյունքների գնահատումը, ֆինանսների գործառույթները, բանակցությունների տեսակները, բանակցային գործընթացի փուլերը, պրոդուկտը, հաճախորդների շարժառիթները, մրցակիցների դերը: Խմբերը բանակցեցին, ապա իրենց տրամադրված իրերից պատրաստեցին ապրանքներ և ներկայացրին դրանց յուրահատկությունները և մրցակցային առավելությունները:
Դասընթացի ժամանակ սուպերմարկետի աշխատակցուհի Մելինա Համբարձումյանը ներկայացրեց կազմակերպության
Վերջում դասընթացավարները շնորհակալություն հայտնեցին երիտասարդներին մասնակցության համար, կոչ արեցին մանրամասն ուսումնասիրել տրամադրված ուղեցույցները և հետևել ծրագրի գործունեությանը՝ հետագայում բիզնես գաղափարներ ներկայացնելու համար:
Փետրվարի 5-ին կկայանա «Կյանքի հմտություններ» հերթական դասընթացը:
Դասընթացի բոլոր լուսանկարները տե՛ս Պատկերասրահում: