ՇՆՈՐՀԱՎՈ՜Ր ՄԱՐՏԻ 8

ԵՊՀ ԻՄ (23)

Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ղեկավարության և ողջ անձնակազմի անունից սիրով շնորհավորում ենք բոլոր կանանց և աղջիկներին՝ մաղթելով նրանց անսահման սեր և երջանկություն, կանացի անխոնջ գեղեցկություն և հմայք, գարնանային գունեղ տրամադրություն, ամենայն բարիք:

Սիրելի՛ կանայք և աղջիկներ, ցանկանում ենք, որ լինեք միշտ սիրված և գնահատված, պարուրված ջերմ հոգատարությամբ և ձեր մեջ ամփոփած լույսն ու ջերմությունը, սերն ու բարությունը քնքշորեն սփռեք ձեր շուրջը, գարնան շնչով ու գեղեցկությամբ համակեք աշխարհն ու մարդկանց…

 

Տոնի նախապատմությունը

Ամբողջ աշխարհում մարտի 8-ը նշվում է որպես Կանանց միջազգային օր:

Այդ օրվա հետ կապված առաջին պատմական իրադարձությունը 1857 թ. մարտի 8-ն էր, երբ Նյու Յորքի տեքստիլ գործարանների կին աշխատողներն իրենց իրավունքների պաշտպանության համար քայլերթով անցան քաղաքի փողոցներով:

Տոնի պատմությունն ավանդաբար կապվում է Կլարա Ցետկինի անվան հետ, ով ստեղծել էր կանանցից կազմած հեղափոխական ջոկատ: Որոշվում է ընտրել մի օր, որը կհամարվեր կանանց պրոլետարիատի ծննդյան օրը:

Կես դար անց նյույորքյան սոցիալ-դեմոկրատական կազմակերպության ակտիվիստները, հիշելով 1857 թ. տեքստիլագործների բողոքի երթը, 1908 թ. մարտի 8-ին կանանց իրավունքների պաշտպանության համար ցույց կազմակերպեցին: 1909 թ. Ամերիկայի սոցիալիստական կուսակցությունը փետրվարի վերջին կիրակին հռչակեց Կանանց ազգային օր:

1910 թ. Կոպենհագենում կին սոցիալիստների միջազգային երկրորդ խորհրդաժողովում Կլարա Ցետկինն առաջարկեց կանանց տոնը դարձնել ամենամյա, սակայն հստակ օր չմատնանշվեց:

Կանանց միջազգային օրն առաջինը նշվեց 1911 թ. մարտի 19-ին չորս երկրում՝ Ավստրիայում, Գերմանիայում, Դանիայում, Շվեյցարիայում:

1914 թ. մարտի 8-ին տոնը նշվեց վեց երկրում՝ Ավստրիայում, Դանիայում, Գերմանիայում, Նիդեռլանդներում, Ռուսաստանում և Շվեյցարիայում, քանի որ այդ օրը կիրակի էր և ոչ աշխատանքային:

1965 թվականից Խորհրդային Միությունում օրը համարվեց ոչ աշխատանքային: 1975-ին խորհրդային գաղափարախոսներին հաջողվեց հասնել նրան, որ ՄԱԿ-ը 1975-ը ճանաչեց Կանանց միջազգային տարի, որից հետո նույն կառույցը 1977 թ. մարտի 8-ն արդեն հայտարարեց Կանանց միջազգային օր:

Հայաստանում փորձեցին մարտի 8-ը հանել տոնացույցից, և որպես այլընտրանք ապրիլի 7-ը հռչակվեց Մայրության և գեղեցկության օր, սակայն մարտի 8-ն այնքան խոր արմատներ էր գցել և դարձել հայերի սիրված տոներից, որ արդեն ձևավորված ավանդույթին հակառակ գնալն անիմաստ էր, և մարտի 8-ը վերականգնվեց: Ավելին՝ մարտի 8-ից ապրիլի 7-ը ոչ պաշտոնապես մեզանում համարվում է կանանց միամսյակ:

ԵՊՀ օլիմպիադա 2024

ԵՊՀ ԻՄ (21)

2024 թ. ապրիլի 6-ին՝ ժամը 11:00-ին, Երևանի պետական համալսարանն Իջևանի մասնաճյուղում անցկացնելու է դպրոցական օլիմպիադայի I փուլը:

Օլիմպիադան կանցկացվի հանրակրթական (մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն, հայոց պատմություն, հայոց լեզու և գրականություն, ռուսաց լեզու, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ինֆորմատիկա) և լրացուցիչ կրթական առարկաներից (հայոց եկեղեցու պատմություն, տրամաբանություն, սոցիոլոգիա, պետություն և իրավունքի հիմունքներ, էկոլոգիա և կայուն զարգացման հիմունքներ, տնտեսագիտություն):

Լրացուցիչ կրթական առարկաներից օլիմպիադան կանցկացվի մեկ փուլով ԵՊՀ-ում ապրիլի 20-ին՝ ժամը 11:00-ին:

 «Ինֆորմատիկա» առարկայից օլիմպիադան կանցկացվի մեկ փուլով՝ ապրիլի 6-ին՝ ժամը 11:00-ին:

Օլիմպիադան նախատեսված է միայն 12-րդ դասարանի աշակերտների համար: Յուրաքանչյուր աշակերտ օլիմպիադային կարող է մասնակցել միայն 1 առարկայից:

Օլիմպիադայի մասնակիցները ապրիլի 6-ին՝ ժամը 10:30-ին, պետք է ներկայանան Իջևանի՝ Սպարտակ Սարգսյանի անվան թիվ 1 հիմնական դպրոց (Իջևանյան փող․, շենք 8, Տավուշի մարզպետարանի հարևանությամբ):

Դպրոցների տնօրեններին խնդրում ենք, որ մինչև մարտի 15-ը հաստատեն իրենց աշակերտների մասնակցությունը ըստ առարկաների՝ նշելով աշակերտի անունը, հայրանունը, ազգանունը, դասարանը և այն ուղարկել հետևյալ հասցեով՝ ՀՀ, ք․ Իջևան, Ուսանողական 3, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ (հեռ․՝ 096987654, 096557556):

Մասնակիցների հայտերը կարելի է ուղարկել նաև էլ․փոստով՝ vahan.aghababyan@ysu.am հասցեին:

I փուլի հաղթողները կմասնակցեն օլիմպիադայի II փուլին, որը տեղի կունենա ապրիլի 20-ին՝ ժամը 11:00 -ին, Երևանի պետական համալսարանում:

 

Ի գիտություն

ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ՝ օլիմպիադայում հանրակրթական առարկաներից հաղթած (I, II և III կարգի դիպլոմների արժանացած աշակերտներին Համալսարանի վճարովի համակարգ ընդունվելու դեպքում առաջին կուրսում կտրամադրվի համապատասխանաբար 50, 40 և 30 տոկոս ուսման վարձի զեղչ:

Օլիմպիադայում լրացուցիչ կրթական առարկաներից հաղթած աշակերտներին կտրվեն կրթաթոշակներ:

 

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Վահան Աղաբաբյանին (09698765–Vivacell, 096557556–Beeline):

Համալսարանականների այցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն

1. գլխավոր

Օրերս ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատան հրավերով ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ֆրանսերեն լեզվի և գրականության սեկցիայի դասախոսները և նույն կրթական ծրագրի ուսանողները՝ տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանի գլխավորությամբ, այցելեցին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն:

Հանդիպումն անցավ հյուրընկալ և ջերմ մթնոլորտում: ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Օլիվիե Դըկոտինյին ողջունեց հյուրերին, ներկայացրեց Հայաստանում ֆրանսերենի տարածման և զարգացման հեռանկարային ծրագրերը: Անմիջական հաղորդակցությունն ուսանողներին առավել ոգևորեց:

Խոսեցին հայ-ֆրանսիական դարավոր բարեկամության մասին՝ որպես վառ օրինակ հիշատակելով Միսաք Մանուշյանին, անդրադառնալով ս.թ. փետրվարի 21-ին Ֆրանսիայի Անմահների պանթեոնում տեղի ունեցած ֆրանսիական Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի և կնոջ՝ Մելինե Մանուշյանի աճյունների ամփոփման արարողությանը:

Դեսպանատուն այցի ընթացքում քննարկվեցին նաև մասնագիտական վերապատրաստումների հնարավորություններին, ուսանողների ակտիվ ներգրավվածությանն ուղղված միջոցառումների կազմակերպմանը վերաբերող հարցեր:

Պարոն Օլիվիե Դըկոտինյին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղին նվիրեց ժամանակակից ֆրանսիական գրական երկեր:

Հանդիպումն ավարտվեց ջերմ տպավորություններով, կրթական ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության ծրագրերի խորացման և ընդլայնման պատրաստակամությամբ և ակնկալիքով:

Բադմինթոնի բաց առաջնություն՝ նվիրված ԵՊՀ ԻՄ հիմնադրման 30-ամյակին

ԵՊՀ ԻՄ (18)

2024 թ. մարտի 7-ին՝ ժամը 14:15-ին, մասնաճյուղի մարզադահլիճում տեղի կունենա ԵՊՀ ԻՄ հիմնադրման 30-ամյակին նվիրված բադմինթոնի՝ աղջիկների և կանանց բաց առաջնություն:

Մասնակցել ցանկացողները մինչև մարտի 6-ը կարող են դիմել Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոն (հեռ.՝ 094 88 00 78):

Համալսարանականների այցը Աչաջրի միջնակարգ դպրոց

1. glxavor

2024 թ. փետրվարի 28-ին ԵՊՀ ԻՄ պրակտիկայի կազմակերպման և շահակիցների հետ համագործակ­ցության (ՊԿՇՀ) բաժնի նախաձեռնությամբ Աչաջրի միջնակարգ դպրոցում իրականացվել են ակնարկային դասախոսություններ և «Ամենախելացին» ինտելեկտուալ խաղը։

«Ամենախելացին» ինտելեկտուալ խաղը վարել են ՊԿՇՀ բաժնի տեսուչ Աննա Սարգսյանը և Ուսանողական գիտական ընկերության երեք անդամ՝ «Ֆինանսներ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհիներ Անի Թիրաբյանը, Ասյա Վարդապետ­յանը, «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Սիրանուշ Աբազյանը։ Խաղին մասնակցել է 11-րդ և 12-րդ դասարանի բարձր առաջադիմություն ունեցող 10 աշակերտ։

Խաղի կանոնների համաձայն՝ առաջին փուլում մասնակիցներին տրվել է ընդհանուր զարգացվածությունը ստուգող 12 հարց, որից առավելագույն միավոր հավաքած 6 աշակերտ խաղը շարունակել է երկրորդ փուլում։

Երկրորդ փուլում յուրաքանչյուր մասնակցի տրվել է երկուական թեմա ընտրելու և հարցերին 1 րոպեի ընթացքում պատասխանելու հնարավորություն։ Լարված մրցակցության պայմաններում 3-րդ փուլ են անցել հնարավորինս շատ հարցերի պատասխանած երեք մասնակից՝ Մանե Բալասյանը, Դիանա Մելիքբեկյանը և Դավիթ Սարուխանյանը։

Երրորդ փուլում առավելագույն միավորներ վաստակելով՝ «Ամենախելացին» խաղի հաղթող է ճանաչվել Դավիթ Սարուխանյանը։ Հաղթող մասնակիցն արժանացել է 1-ին կարգի պատվոգրի և մասնաճյուղի կողմից գիրք է նվեր ստացել։ Մանե Բալասյանը և Դիանա Մելիքբեկյանը զբաղեցրել են 2-րդ և 3-րդ հորիզոնականները՝ պարգևատրվելով պատվոգրերով։

Ակնարկային դասախոսություններն իրականացվել են 9-րդ, 10-րդ և 11-րդ դասարաններում։ Դպրոցի կողմից նախապես առաջարկված թեմաների ցանկից ելնելով՝ Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դոցենտ, ֆ․մ․գ․թ․ Ա․ Մարգարյանը դասախոսություններ է վարել «Օպտիկա» և «Մոլեկուլային ֆիզիկա», նույն ամբիոնի դոցենտ, ֆ․մ․գ․թ․ Կ․ Հովսեփյանը՝ «Ֆունկցիաներ» և «Տեքստային խնդիրներ», իսկ Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ, պ․գ․թ․ Լ․ Բեգինյանը՝ «Մշակույթ» թեմաների շրջանակներում։

Դպրոցի կողմից առաջարկվել է շարունակական դարձնել ԵՊՀ իջևանի մասնաճյուղի նմանատիպ նախաձեռնությունները, որոնք և՛ նպաստում են դպրոց-բուհ համագործակցության ամրապնդմանը, և՛ խրախուսում աշակերտներին խորացնելու իրենց գիտելիքները։