Տեղի կունենա Կիրառական արվեստի ֆակուլտետի գիտական խորհրդի նիստ

meet.

 2018թ. դեկտեմբերի 6-ին՝ ժամը 12:15-ին, տեղի կունենա Կիրառական արվեստի ֆակուլտետի գիտական խորհրդի նիստ՝ հետևյալ օրակարգով.

  1. Ամբիոնների վարիչների ընտրություն:
  2. 2018-19 ուստարվա առաջին կիսամյակի երկրորդ ընթացիկ ստուգումների, ընթացիկ քննությունների և քննաշրջանի ժամանակացույցների քննարկում և հաստատում:
  3. Ընթացիկ հարցեր:

«Զբոսաշրջություն» 2-րդ և «Սերվիս» 3-րդ կուրսերի ուսանողների ճանաչողական այցը Դիլիջան

20181129_133324 2018թ. նոյեմբերի 29-ին Տնտեսագիտության ֆակուլտետի «Զբոսաշրջություն» մասնագիտության 2-րդ և «Սերվիս» մասնագիտության 3-րդ կուրսերի ուսանողները, Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ Պավել Ասիլբեկյանի ու դասախոս Սվետա Սաֆարյանի ղեկավարությամբ, ճանաչողական այց կատարեցին «Բեստ Վեսթերն Փարադայս Փլաս Հոթել», Թուֆենկյան «Հին Դիլիջան» հյուրանոցային համալիրներ, ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոն:

Դիլիջան այցի նպատակն էր ծանոթանալ հյուրանոցներում մատուցվող ծառայություններին, հաճախորդների սպասարկմանը, ամրապնդել համալսարանում ստացած տեսական գիտելիքները և դրանք կիրառել պրակտիկայում:

Այցելության ծրագրում ընդգրկված էին «Բեստ Վեսթերն Փարադայս Փլաս Հոթել»-ը (ծանոթացում հյուրանոցի նախասրահին, հաճախորդների ընդունման կարգին, համարների և դրանց գների ներկայացմանը, հյուրանոցում մատուցվող հիմնական և լրացուցիչ ծառայությունների մատուցմանը), Թուֆենկյան «Հին Դիլիջան» հյուրանոցային համալիրը (ծանոթացում  հաճախորդների ընդունման կարգին, համարների և դրանց գների ներկայացմանը, հյուրանոցում մատուցվող հիմնական և լրացուցիչ ծառայությունների մատուցմանը), ԿԲ-ի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնը (ծանոթացում բանկի պատմությանը, այցելություն թանգարան, որտեղ էքսկուրսավարը ուսանողներին ներկայացրեց հայկական դրամի, մետաղադրամների,  պատմությունը):

Ուսանողներն այցելության ընթացքում ուսումնասիրեցին վերոնշյալ հյուրանոցային համալիրները, մենեջերներից ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները, գործնականորեն ամրապնդեցին իրենց ստացած տեսական գիտելիքները:

Այցելությունն ավարտվեց քննարկումով, որի ընթացքում ուսանողներն արտահայտեցին իրենց կարծիքները, ղեկավարներին ուղղեցին հարցեր և կատարեցին եզրակացություններ:

Կրթաթոշակ երիտասարդ գիտնականների և հրավիրյալ դասախոսների համար

ysu

 ԱՄՆ Միչիգանի Էնն Արբոր համալսարանի հայագիտության հետազոտական կենտրոնը (ASP) տրամադրում է կրթաթոշակ (Manoogian Fellowship) երիտասարդ գիտնականների և հրավիրյալ դասախոսների համար, ովքեր մասնագիտացած են հայագիտությանն առնչվող ոլորտներում (պատմություն, լեզու, գրականություն, մշակույթ, քաղաքականություն):

Կրթաթոշակին դիմելու վերջնաժամկետը 2019թ. հունվարի 15-ն է:

Հավելյալ տեղեկությունների և ծրագրին դիմելու համար խնդրում ենք դիմել հետևյալ հասցեին՝ armenianstudies@umich.edu

ԵՊՀ միջազգային համագործակցության վարչություն

Աղբյուրը՝ ysu.am:

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ. ԴԵՄՔԵՐ, ԴԵՊՔԵՐ» գրքի շնորհանդեսի հրավեր

    DSCN4866  

 Հարգելի՛ համալսարանականներ, 2018թ. դեկտեմբերի 1-ին՝ ժամը 13:00-ին, ԵՊՀ ԻՄի գրադարանում կկայանա Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դասախոսներ, պ.գ.թ., ասիստենտ Ն.Գրիգորյանի և Ա.Ազատյանի համահեղինակած «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ. ԴԵՄՔԵՐ, ԴԵՊՔԵՐ» գրքի շնորհանդեսը:

Գրքում ներկայացված են Հայաստանի առաջին հանրապետության կերտման գործում առանցքային դերակատարում ունեցած անձինք, ինչպես նաև մեր պատմության այդ կարճ ժամանակահատվածի ամենակարևոր դրվագները: Այն նախատեսված է երիտասարդների և հանրության լայն շրջանակի համար:

Բոլորին սիրով հրավիրում ենք:

 

Կայացավ շախմատի մասնաճյուղային առաջնությունը

    IMG_1036

 2018թ. նոյեմբերի 28-ին ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող Արայիկ Շահնազարյանի նախաձեռնությամբ և մասնաճյուղի ՈՒԳԸ աջակցությամբ կայացավ շախմատի մասնաճյուղային առաջնություն, որին մասնակցում էին տարբեր ֆակուլտետների 18 ուսանողներ և դասախոսներ:

Առաջնության մրցավարն էր ՀՀ շախմատի ակադեմիայի Աչաջրի մասնաճյուղի մարզիչ Արտակ Եգանյանը:

Խաղից առաջ բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Արտակ Ցուցուլյանը:

18 մասնակիցներից խաղային զույգեր կազմվեցին համակարգչային ծրագրի միջոցով՝ հիմնված պատահական ընտրության վրա, որից հետո սկսվեց առաջնության առաջին տուրը:

7 տուրից, ծավալված թեժ մրցակցությունից հետո առաջնության հաղթող ճանաչվեց «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող Արայիկ Շահնազարյանը (7 խաղից 7 հաղթանակ):

2-րդ և 3-րդ տեղերին հավակնում էին 3 մասնակիցներ, ուստի անցկացվեց ևս 3 խաղ։

2-րդ տեղը գրավեց «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտության 2 կուրսի ուսանող Տիգրան Գասպարյանը:

3-րդ տեղը զբաղեցրեց «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Գերասիմ Ալավերդյանը:

Պատվավոր 3 տեղերը գրաված մասնակիցները պարգևատրվեցին պատվոգրերով։

Մասնաճյուղում առաջին անգամ սահմանվեց շախմատի առաջնության փոխանցիկ գավաթ, որը տրվեց Արայիկ Շահնազարյանին:

Առաջնության մրցավար Արտակ Եգանյանին տրվեց շնորհակալագիր և հուշանվեր:

Առաջնության բոլոր լուսանկարները տե՛ս Պատկերասրահում: