Համալսարանականները մասնակցեցին «Անձի զարգացման համընդհանուր հմտություններ» դասընթացաշարի առաջին փուլին

 2018թ. հոկտեմբերի 10-12-ին ՀՀ Կոտայքի մարզի Արզական գյուղում գտնվող «Արթուրս Աղվերան Ռեզորթ» հյուրանոցում տեղի ունեցավ Տավուշի և Գեղարքունիքի մարզերի 30 երիտասարդների համար նախատեսված «Անձի զարգացման համընդհանուր հմտություններ» դասընթացաշարի առաջին փուլը, որին մասնակցում էին նաև ԵՊՀ ԻՄ-ի աշխատակից Սլավիկ Ալավերդյանը, ուսանողներ Հրանտ Ղարագյոզյանը և Դավիթ Գասպարյանը, շրջանավարտներ Լիլիթ Ոսկանյանը, Անահիտ Աթոյանը, Աղավնի Ղազարյանը, Լուսինե Ամիրյանը և Շուշան Խառատյանը:

Նկար 1

Դասընթացաշարն իրականացվում է «ՕքսԵՋեն» հիմնադրամի և «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության կողմից, Եվրոպական միության ֆինանսավորմամբ, «ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ հմտություններ ապագայի համար»  տարածաշրջանային ծրագրի շրջանակներում: Ըստ խմբերի՝ դասընթացին մասնակցում են ընդհանուր առմամբ 16-30 տարեկան 300 երիտասարդներ՝ ՀՀ բոլոր մարզերից և Երևանից:

Երեք օրվա ընթացքում մասնակիցները ոչ միայն ստացան գիտելիքներ ինքնաներկայացման, թիմերի կառուցման, հաղորդակցման և կազմակերպչական հմտությունների վերաբերյալ, այլև ձեռք բերեցին նոր ընկերներ և անցկացրին հետաքրքիր ժամանց:

Նկար 2

Սեմինարները վարեցին վկայագրված կառավարման խորհրդատու, Հայաստանի ամերիկյան համալսարանի և մի շարք կազմակերպությունների դասընթացավար Արտակ Ալոյանը և Հայաստանի ամերիկյան համալսարանի շարունակական կրթության բաժնի տնօրեն, տնտեսագիտական գիտությունների թեկնածու Սերգեյ Թանթուշյանը, իսկ կազմակերպչական հարցերով զբաղվում էր «ՕքսԵՋեն» հիմնադրամի աշխատակից Գևորգ Բաբայանը:

Նկար 4

Առաջին օրը մասնակիցները կատարեցին սեփական ուժերի SWOT վերլուծություն, ծանոթացան թիմերի ստեղծման գործընթացի փուլերին, կոնֆլիկտների լուծման ոճերին, բաժանվեցին թիմերի և կատարեցին առաջադրանք՝ ներկայացնելով խմբին և թիմին բնորոշ հատկանիշները:

Նկար 5

Այնուհետև Սերգեյ Թանթուշյանը ներկայացրեց զգացական ընկալման խնդիրները, այն գործոնները, որոնք ազդում են շրջապատի (իրականության) ընկալման վրա և հաճախ հանդիպող իմացաբանական սխալները՝ ընտրողական ընկալում, պիտակավորում, համեմատում, պրոյեկտում, կարծրատիպային մտածելակերպ:

Նկար 6

Օրվա վերջում սկսվեց և հաջորդ օրն առավոտյան շարունակվեց վերբալ և ոչ վերբալ հաղորդակցության վերաբերյալ սեմինարը: Մասնակիցները սովորեցին 7  «ազդեցիկ» բառերը, ծանոթացան մարմնի շարժումների լեզվին և դրանց մշակութային տարբերություններին, մարդկանց 3 տիպերին (նայող, լսող, շոշափող) և նրանց համոզելու նրբություններին:

Նկար 7

Երկրորդ օրը դասընթացը շարունակեց Արտակ Ալոյանը՝ ներկայացնելով հաղորդակցման հմտությունները, արդյունավետ լսելու և համոզիչ խոսքի մեթոդները: Նա մասնավորապես նշեց, որ խոսքը համոզիչ դարձնելու համար անհրաժեշտ է բերել փաստեր և օրինակներ, հղում կատարել հեղինակավոր անձնանց կամ աղբյուրների, կատարել կանխատեսումներ և հերքել հակառակ տեսակետը:

Նկար 8

Ստացած գիտելիքները մասնակիցները տեղում կիրառեցին՝ փորձելով հիմնավորել անհավանական թվացող գաղափարներ:

Նկար 9

Այնուհետև սեմինարավարները խոսեցին անձի բրենդավորման, CV կազմելու և արդյունավետ գրավոր հաղորդակցության մասին:

Մասնակիցները կրկին բաժանվեցին թիմերի և պատրաստեցին CV-ներ, ապա գնահատեցին այլ թիմերի CV-ների որակը:

Նկար 10

Ս.Թանթոշյանը ներկայացրեց էլեկտրոնային փոստի այնպիսի կառուցվածք, որի դեպքում նամակագրի ասելիքը կընդունվի հասցեատիրոջ կողմից և այն հարցը, ինչի համար գրվել է նամակը, կունենա դրական հանգուցալուծում: Մասնակիցները կատարեցին ինքնուրույն առաջադրանք՝ գրելով տրված խնդրի վերաբերյալ էլեկտրոնային նամակ:

Նկար 11

Երրորդ օրը Ա.Ալոյանը ռեսուրսների արդյունավետ կառավարման վերաբերյալ ներկայացրեց նպատակի հստակեցման SMART գործիքը, ժամանակի կառավարման Էյզենհաուերի մատրիցան և այլ գործիքներ:

Մասնակցիները նաև ծանոթացան աշխատանքի հարցազրույցին մասնակցելուն նախապատրաստվելու սկզբունքներին, գործատուների կողմից գնահատվող անձնական հատկանիշներին, տպավորություն թողնելու նրբություններին, հաճախ տրվող հարցերին, աշխատանքային (գործնական) էթիկային, որոշումների կայացման քայլերին: Այս փուլումն նրանք քննարկեցին աշխատանքային իրավիճակներ և առաջարկեցին դրանց լուծման մի քանի այլընտրանքներ:

Նկար 12

Վերջում մասնակիցներին ներկայացվեցին ոչ ֆորմալ ուսումնառության արդյունք հանդիսացող 8 ունակությունները.

  1. գրագիտություն,
  2. օտար լեզուների իմացություն/բազմալեզվություն,
  3. մաթեմատիկական, գիտության, տեխնոլոգիական և ինժեներական ունակություն,
  4. թվային ունակություն,
  5. անձնային, սոցիալական և «սովորել, թե ինչպես սովորել» ունակություն,
  6. ակտիվ քաղաքացիական դիրքորոշում և տարբեր մակարդակների հասարակական գործընթացներում մասնակցելու ունակություն,
  7. ձեռներեցություն,
  8. մշակութային տեղեկացվածության/իրազեկվածության և արտահայտչամիջոցներին տիրապետելու ունակություն:

Ամբողջ դասընթացն ընթացավ ակտիվ քննարկումների մթնոլորտում:

Նկար 13

Դասընթացաշարի երկրորդ փուլը տեղի կունենա ս.թ. նոյեմբերին:

Ֆրանկոֆոնիայի ավանում Տավուշի մարզը ներկայացրին ԵՊՀ ԻՄ-ի դեկորատիվ-կիրառական արվեստի և դիզայնի ամբիոնի ասիստենտներ, ՀՀ ՆՄ անդամներ Անուշ և Դոնարա Չիբուխչյանները

2018թ. հոկտեմբերի 9-11-ին Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում Երևանի Ազատության հրապարակում պաշտոնապես բացված Ֆրանկոֆոնիայի ավանում Տավուշի մարզը ներկայացրին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետի դեկորատիվ-կիրառական արվեստի և դիզայնի ամբիոնի ասիստենտներ, ՀՀ նկարիչների միության անդամներ Անուշ և Դոնարա Չիբուխչյանները՝ իրենց յուրօրինակ աշխատանքներով:

20181009_184458

Ֆրանկոֆոնիայի ավանն իր հարկի տակ էր միավորել միջազգային կազմակերպության անդամ շուրջ 30 պետությունների: Գագաթնաժողովի շրջանակներում բացված Ֆրանկոֆոնիայի ավանում Հայաստանի տաղավարը ներկայացնում էր տասը մարզերի և Արցախի մշակույթը, պատմությունը, բարիքները: Տաղավարը պատրաստվել է Զբոսաշրջության պետական կոմիտեի, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության, Արցախի և ՀՀ 10 մարզպետարանների համատեղ ուժերով և աջակցությամբ:

44339262_277476739560723_5704539931498512384_n

Յուրաքանչյուր մարզից տաղավարում ներկայացված էին գրաֆիկական պատկերներ՝ դրանց մասին կարճ և հետաքրքիր տեղեկատվությամբ: Կային նաև տվյալ մարզին բնորոշ, էթնիկ մշակութային ցուցանմուշներ: Արմավիրի մարզից ներկայացված էին չրերը, Տավուշի մարզից՝ էթնիկ պատշգամբներից հատվածներ, Շիրակի մարզից՝ Ավետիք Իսահակյանի օրորոցը, իսկ Արարատի մարզը ներկայացված էր Արարատյան դաշտի բերք ու բարիքներով:

received_423193031545472 Տաղավարում ներկայացված էր նաև գորգագործություն, խաչքարագործություն և այլն: Տավուշի մարզը ներկայացրին ԵՊՀ ԻՄ-ի դեկորատիվ-կիրառական արվեստի և դիզայնի ամբիոնի ասիստենտներ, ՀՀ ՆՄ անդամներ Անուշ և Դոնարա Չիբուխչյանները՝ ասեղնագործ գոտիներով, գլխարկներով, քսակներով և հելունագործ յուրատեսակ ու գունեղ ժանյակներով:

????????????????????????????????????

Վարպետները հյուրերին ներկայացրին հայկական մշակույթն ու ժառանգությունը՝ անցկացնելով ժանեկագործության և մաքոքագործության վարպետաց դասեր: Այցելուները հիացած էին և տպավորված Տավուշի մարզի տաղավարով:

Հրապարակվել է ՄԿՈԱ բաժնի կողմից իրականացված հերթական վերլուծությունը

published-2017

Հարգելի՛ համալսարանականներ, ԵՊՀ ԻՄ-ի պաշտոնական կայքէջի  «Որակի ապահովման գործընթացներ» բաժնի «Հաշվետվություններ, վերլուծություններ» էջում տեղադրվել են ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի պրակտիկանտուսանողների վերաբերյալ արտաքին շահակիցների կարծիքի ուսումնասիրության՝ 2017-18 ուստարվա հարցման արդյունքները և դրանց վերլուծությունը:

Մասնաճյուղի ղեկավարությունն առանձնակի նշանակություն է տա­լիս արտաքին շահակից­ների շրջանում պարբերական սոցիալական հարցում­ներին, որոնց արդյունքները թույլ են տալիս ժամանակին ու պատշաճորեն արձա­գանքել աշխատաշուկայի պա­հանջ­ների դինամիկային: Այդ հարցումները սկսվել են 2011 թվականից, և մասնաճյուղի ՄԿՈԱ բաժնի պատասխանատուների կողմից անցկացվում են յուրաքանչյուր տարի:

Վերջին հարցումն անց է կացվել 2017-18 ուստարվա ընթացքում տարբեր մասնագիտությունների ուսանողների մանկավարժական, ուսումնական և արտադրական պրակտիկաների ժամանակ։ Ուսումնական տարվա ընթացքում՝

  • Արտադրական պրակտիկային մասնակցել են «Պատմություն», «Հոգեբանություն», «Մանկավարժություն և հոգեբանություն», «Սերվիս», «Քարտեզագրություն և կադաստարային գործ», «Կիրառական արվեստ» և «Դիզայն» մասնագիտությունների առկա ուսուցման 98 ուսանողներ, որոնք իրենց պրակտիկան անց են կացրել ՀՀ բնական և պատմական հուշարձանների տարածքում, հնավայրերում և թանգարաններում, Տավուշի մարզի դպրոցներում և մանկապարտեզներում, մարզի հյուրանոցներում և սպասարկման ոլորտի տարբեր օբյեկտներում, սոցիալական տարբեր ծառայություններում, Անշարժ գույքի կադաստրի Տավուշի մարզային ստորաբաժանումում, Իջևանի անտառտնտեսությունում և Դենդրոպարկում, «Քարարտ» փակ բաժնետիրական ընկերությունում, «Հույսի կամուրջ» ՀԿ Իջևանի երեխայի զարգացման և սոցիալական աջակցության կենտրոնում, Իջևանի արվեստի դպրոցում։
  • Մանկավարժական պրակտիկային մասնակցել են «Պատմություն», «Անգլերեն լեզու և գրականություն», «Ֆրանսերեն լեզու և գրականություն», «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտությունների առկա ուսուցման 75 ուսանողներ, որոնք իրենց պրակտիկան անց են կացրել Տավուշի մարզի դպրոցներում։
  • Ուսումնական պրակտիկային մասնակցել են «Պատմություն», «Զբոսաշրջություն», «Սերվիս», «Քարտեզագրություն և կադաստարային գործ», «Կիրառական արվեստ» և «Դիզայն» մասնագիտությունների առկա ուսուցման 80 ուսանողներ, որոնք իրենց պրակտիկան անց են կացրել ՀՀ բնական և պատմական հուշարձանների տարածքում, հնավայրերում և թանգարաններում, մարզի սպասարկման ոլորտի տարբեր օբյեկտներում, սոցիալական և հասարակական տարբեր ծառայություններում, Անշարժ գույքի կադաստրի Տավուշի մարզային ստորաբաժանումում, Իջևանի անտառտնտեսությունում և Դենդրոպարկում, Իջևանի արվեստի դպրոցում։

Նույն վայրերում 2 կամ 4 շաբաթ տևողությամբ արտադրական, ուսումնական և մանկավարժական պրակտիկաներ են անցկացրել հեռակա ուսուցման 1-ինից 5-րդ կուրսի 357 ուսանողներ։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ուսանողները պրակտիկայի վայրեր այցելել են խմբերով, այն, որ միայն արտադրական և մանկավարժական պրակտիկաների ընթացքում են դրսևորվում պրակտիկանտների մասնագիտական որակները և չանտեսելով նաև կազմակերպման ընթացքում ծագած որոշ խնդիրները՝ ընդհանուր առմամբ հարցաթերթ տրվել է 33 արտաքին շահակիցների: Հարցման ժամանակ արտաքին շահակիցները գնահատել են մասնաճյուղի ուսանող-պրակտիկանտների տեսական գիտելիքները, գործնական հմտությունները, մասնագիտական խոսքը, ժամանակակից մեթոդներ կիրառելու հմտությունները, վարվեցողությունը, թիմում աշխատելու հմտությունները, նշել են պրակտիկանտների՝ ուշադրության արժանի  մասնագիտական  առավելությունները, կատարել առաջարկներ:

Ըստ պրակտիկանտ-ուսանողների վերաբերյալ 2017-18 ուստարվա հարցման արդյունքների՝ շահակիցների կողմից բարձր են գնահատվել պրակտիկանտների տեսական գիտելիքների իմացությունը (հարցվողների 84.9%-ը գնահատել է գերազանց (36,4%) ու լավ (48,5%), գործնական հմտությունները՝ 87,9% (գերազանց՝ 36,4%, լավ՝ 51,5%) և մասնագիտական խոսքը՝ 81,8%  (գերազանց՝ 39,4%, լավ՝ 42,4%):

Հովնանյան կրթաթոշակներ

hrayr-anna-hovnanyanՀովնանյան կրթաթոշակների համար գարնանային հայտերի ընդունումը սկսվում է նոյեմբերի 1-ից և ավարտվում  նոյեմբերի 10-ին: Որոշումը կհայտարարվի հունվարի կեսերին: Հովնանյան հիմնադրամի կողմից հովանավորվում են միայն տեղական (հայկական) համալսարանները:

Դիմելու գործընթացը

Ստորև ներկայացված չափորոշիչներին համապատասխանող բոլոր անձինք կարող են դիմել Հովնանյան կրթաթոշակի համար.

– Ազգությունրը – հայ  (կարող են լինել Հայաստանի կամ այլ երկրի քաղաքացիներ):

– Բակալավրի կամ մագիստրատուրայի ուսանողներ տեղական պետական բուհերից (ներառյալ Հայաստանի ամերիկյան համալսարանը և Ֆրանսիական համալսարանը):

– Բարձր առաջադիմություն ունեցող աշակերտները  (ինչպես նաև համալսարանի ուսանողները, եթե արդեն գրանցվել են):

– Հովնանյան հիմնադրամը տրամադրում է հայաստանյան բուհերում սովորող հայ ուսանողներին ուսման վարձի մասնակի փոխհատուցում (ուսման տարեկան վարձի մինչև 50 տոկոսի չափով), այնպես, որ դիմորդը պետք է ունենա ֆինանսավորման այլ աղբյուրներ և տա երաշխիք, որ  մնացած գումարը մուծված է։

Դիմորդը լրացված դիմումի ձևի հետ միասին պետք է ներկայացնի հետևյալ  փաստաթղթերը (անգլերեն թարգմանության կարիք չկա).

– անձնագրի պատճենը,

– համալսարանի կողմից կնքված նամակը, որը հաստատում է ձեր հաշվառումն առանձին ծրագրի համար՝ տարեկան ուսման վարձավճարի նշումով,

– ընդունելության նամակը համալսարանից (եթե դեռ չեք ավարտել),

– ատեստատ (ավագ դպրոցի / համալսարանի),

– աշխատանքի ընդունված ուսանողների համար`գործատուից տրված նամակ` նշելով ամսական աշխատավարձը, գործազուրկ ուսանողների համար՝ ծնողների գործատուների նամակը՝ նշելով ամսական  աշխատավարձը կամ ծնողների գործազրկության մասին նամակ,

– ռեզյումե կամ CV:

Ամբողջական փաթեթները պետք է ներկայացվեն թղթային տարբերակով (ստորագրությամբ) և թողնեն Հիմնադրամի շենքի անվտանգության բաժնում։

Դիմումի ձև (հայերեն)

Դիմումի ձև (անգլերեն)

Նախընտրելի է օգտվել դիմումի անգլերեն տարբերակից, բայց եթե չեք կարող պատասխանել անգլերենով, կարող եք օգտվել հայերեն հայտից:

Տպագրված հայտի ձևերն առկա են նաև անվտանգության բաժնում՝ Հանրապետության փողոց,  37 հասցեում:

Չնայած այս ուղեցույցներում կրթաթոշակների տրամադրման համար սահմանված չափորոշիչներին՝ Հիմնադրամի խորհուրդը կարող է որոշել, որ դիմողը կարող է ստանալ կրթաթոշակ՝  հաշվի առնելով ցանկացած հատուկ հանգամանք, ինչպես օրինակ, երբ  դիմողն ունի անհատական դժվարություն, կարիք, դիմողը կամ նրա ընտանիքը ԱՄՆ-ի միջատլանտյան տարածքի կամ հայ համայնքի շրջանում ցույց են տվել որոշ ծառայություն, ապա նրանց համար կրթաթոշակ ստանալու որոշակի չափորոշիչներ կարող են անտեսվել:

Նյութի աղբյուրը՝ www.hovnanianfoundation.am

 

Սեղանի թենիսի մասնաճյուղային առաջնության հրավեր

the-open-table-tennis-championships-20152018թ. հոկտեմբերի 25-ին` ժամը 15:30-ին, տեղի կունենա սեղանի թենիսի մասնաճյուղային առաջնություն։

Մասնակցել ցանկացողները մինչև հոկտեմբերի 24-ը ներառյալ կարող են դիմել Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոն: