ԵՊՀ ԻՄ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը տեղեկացնում է հետևյալ թափուր աշխատատեղերի մասին`
Author Archives: admin
Հաղթանակի և խաղաղության 73-րդ տարեդարձին
2018թ. մայիսի 9-ին` Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 73-րդ տարեդարձին, ԵՊՀ ԻՄ-ի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ այցելեցին Հայրենական մեծ պատերազմի հուշահամալիր:
Իրենց հարգանքի տուրքը մատուցելու էին եկել Իջևանի քաղաքային իշխանությունների, հոգևոր դասի, տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, Իջևանի զորամասի զինվորներ, դպրոցականներ, քաղաքացիներ:
Քաղաքացիներն ու համալսարանականները շարժվեցին հուշահամալիր, ծաղիկներ դրեցին հուշարձանին, 1 րոպե լռությամբ հարգեցին Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը:
Հուշահամալիրի մոտ հայ ժողովրդին բազմակի տոների առթիվ իր շնորհավորանքի խոսքն ու օրհնանքը հղեց Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը՝ հնչեցնելով Տերունական ու Խաղաղության աղոթք:
________________________________________________________________________
Երկրորդ աշխարհամարտի ժամանակ տարբեր ճակատներում կռվել են հայկական 6 և գլխավորապես հայերից կազմված 7 դիվիզիաներ:
Այդ պատերազմում հայ ժողովուրդը տվել է 4 մարշալ՝ Հովհաննես Բաղրամյան, Համազասպ Բաբաջանյան, Սերգեյ Խուդյակով, Սերգեյ Ագանով և 1 ծովակալ՝ Հովհաննես Իսակով:
Մոտ 70 հայ գեներալներ ղեկավարել են դիվիզիաներ և ավելի մեծ միավորումներ: Ավելի քան 100 հայեր ԽՍՀՄ հերոսի կոչում են ստացել, նրանցից երկուսը` Հովհաննես Բաղրամյանը և Նելսոն Ստեփանյանը` կրկնակի հերոսի կոչում:
Հայ ժողովուրդը մայիսի 9-ին ևս մեկ հաղթանակ է տարել. այդ օրը, ավարտվել է Շուշիի ազատագրման գործողությունը: Շուշիի ազատագրումն սկսվել է 1992թ. մայիսի 8-ին:
Արդեն մայիսի 9-ի առավոտյան ժամը 04:00-ին հակառակորդի բոլոր կազմավորումները լքել էին Շուշին: Հայության համար Շուշիի ազատագրումը պատմական խոշոր իրադարձություն է, մեր հաղթանակների լուսապսակը:
1988թ. Արցախյան շարժումը հայ ժողովրդի միասնական կամքի դրսևորումն էր, երբ 70 երկար տարիներ ադրբեջանական կապանքներում հեծող Արցախը ազատություն էր տենչում: Շուշի բերդաքաղաքի ազատագրումն Արցախյան պայքարում բեկումնային էր. մի իրադարձություն, որի մասին բազմիցս խոսվել ու դեռ շատ երկար կխոսվի՝ որպես հայոց պատմության փառավոր մի էջ՝ կտակված սերունդներին, հավերժությանը: Շուշիի ազատագրումը գերնպատակ էր, հանուն որի միավորվել էր զինված հայությունը:
1992թ. արցախյան քաղաքական հակամարտությունը արդեն վերածվել էր զինված ընդհարումների: ԽԱՀՄ-ի փլուզումից հետո իրավիճակը թեժ էր, իսկ անկախություն հռչակած Լեռնային Ղարաբաղին Ադրբեջանը հրետանու ուժով փորձում էր ճնշել: Շուշին թշնամու համար վերածվել էր հենակետի, որտեղից նա կրակի տարափի տակ էր առնում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ելքը մեկն էր՝ Շուշին պետք է ազատագրվի, պետք էր դիմել հակահարձակման: Կարագյավ գյուղից մինչև Քիրս՝ մոտ 40 կիլոմետր ձգվող ռազմաճակատի գծով նախատեսվում էր հարձակման 4 ուղղություն:
Առաջինը Հյուսիսային ուղղությունն էր, հրամանատար՝ Վալերի Չիթչյան, երկրորդը՝ Շուշի՝ Արկադի Կարապետյանի հրամանատարությամբ, երրորդը Սամվել Բաբայանի հրամանատարությամբ Հարավային ուղղությունն էր, իսկ չորրորդը Ջանհասան-Քյոսալարինը՝ հրամանատար Սեյրան Օհանյան: Ռազմական գործողությունների ղեկավար էր նշանակվել ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոսը), ով դեռևս մայիսի 4-ին էր ստորագրել հարձակման հրամանը, սակայն հարձակումը հետաձգվելէր ինչ-ինչ պատճառներով: Շուշիի ազատագրման ծրագիրը կրում էր «Հարսանիք լեռներում» ծածկանունը, որը սկսվեց մայիսի 8-ին: Հայ զինվորները մայիսի 9-իի լուսաբացին հաղթանակած մտան Շուշի բերդաքաղաք և թշնամու ձեռքերով ավերված սուրբ Ամենափրկիչ եկեղեցու գմբեթին կարոտով ու հպարտությամբ շողաց Հայոց եռագույնը:
Ռազմական գործողությունը բացառիկ էր ու հաջողված, նրա հաղթապսակը բարձրացրեց հայ զինվորի մարտական ոգին ու մղեց նրան նորանոր հաղթանակների…
Մասնաճյուղային ինտելեկտուալ խաղում հաղթեց Բնական գիտությունների ֆակուլտետի թիմը
2018թ. մայիսի 4-ին ավարտվեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ՈՒԳԸ կողմից կազմակերպվող ամենամյա ինտելեկտուալ խաղը, որը մեկնարկել էր մարտ ամսից:
Նախ յուրաքանչյուր ֆակուլտետում կայացել էին անհատական խաղեր, որոնց մասնակցել էին ավելի քան 50 ուսանողներ: Յուրաքանչյուր ֆակուլտետի՝ առավելագույն միավոր հավաքած մասնակիցներից ձևավորվել էին ֆակուլտետների հավաքական թիմեր, որոնք իրենց ուժերը ստուգեցին առաջնության եզրափակիչ խաղում:
Եզրափակիչ խաղին ներկա էին Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ Պավել Ասիլբեկյանը, ՈՒԳԸ համակարգող Սլավիկ Ալավերդյանը, ՈՒԳԸ անդամներ, ուսանողներ:
Խաղն ընթացավ 2 փուլով: Առաջին փուլում թիմերին տրվեց 8 հարց. առավելագույն միավորներ հավաքեցին Հումանիտար գիտությունների և Բնական գիտությունների ֆակուլտետների թիմերը և անցան երկրորդ փուլ:
Երկրորդ փուլում տրվեց 6 հարց, և հաղթող ճանաչվեց Բնական գիտությունների ֆակուլտետի թիմը:
Մասնաճյուղի տնօրենության կողմից առաջնությունում հաղթած և 2-րդ տեղ զբաղեցրած թիմերը ստացան պատվոգրեր ու մրցանակներ:
Հաղթող թիմին տրվեց նաև 2013թ.-ից կիրառվող փոխանցիկ գավաթը:
Եզրափակիչ խաղին մասնակցած մյուս թիմերը ստացան շնորհակալագրեր և խրախուսական մրցանակներ:
Ամփոփվեց «Մարզային երիտասարդների գործազրկության հաղթահարումն անհատական զարգացման միջոցով» դասընթացը
2018թ. ապրիլի 25-30-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ «Մարզային երիտասարդների գործազրկության հաղթահարումն անհատական զարգացման միջոցով» դասընթացը, որը կազմակերպել էր «Հայկական գիտական միավորում» ՀԿ-ն:
Ծրագրի աջակիցներն էին ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտների և կարիերայի կենտրոնը, ուսանողական խորհուրդը, ԵՊՀ երիտասարդ գիտնականների միավորումը։ Ներգրավված էին Իջևանի և հարակից համայքների 50 երիտասարդներ, որոնց մեծ մասը մասնաճյուղի ուսանողներ և շրջանավարտներ էին:
Առաջին երկու օրերի ընթացքում (ապրիլի 25-26-ին) սեմինարի մասնակիցները սովորեցին ինչպես կազմել գրագետ և հաղթող CV:
Ապրիլի 27-ին տեղի ունեցավ դասըթնացի մասնակիցների հանդիպումը Զբաղվածության պետական գործակալության Իջևանի զբաղվածության տարածքային կենտրոնի հաշվառման, խորհրդատվության և զբաղվածության ծրագրերի իրականացման բաժնի պետ Անահիտ Ալիխանյանի հետ: Նա ներկայացրեց կենտրոնի աշխատանքը, ծրագրերը, գրանցվելու կարգը, մարզում առկա աշխատատեղերը, պատասխանեց ներկաներին հուզող հարցերին:
Այնուհետև մասնակիցները ծանոթացան էլեկտրոնային նամակագրություն վարելու սկզբունքներին: ԵՊՀ ԻՄ-ի ՄԿՊԿ բաժնի վարիչ, հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Վահան Աղաբաբյանը ներկայացրեց էլեկտրոնային փոստից ճիշտ օգտվելու նրբությունները, ուղեկցող և մոտիվացիոն նամակների կառուցվածքները: Երիտասարդները բաժանվեցին խմբերի և պատրաստեցին մոտիվացիոն նամակ՝ տրված հայտարարության համապատասխան:
Ապրիլի 30-ին տեղի ունեցան ծրագրի վերջին 2 սեմինարները:
Նախ՝ սեմինար վարեց ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի մագիստրանտ Վիկտորյա Սիմոնյանը: Նա ներկայացրեց աշխատանքային օրենսդրության հիմնական դրույթները և գործատու-աշխատող իրավահարաբերությունների կանոնակարգման առանձնահատկությունները: Մասնակիցներն ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը, որոնց սեմինարավարը տվեց սպառիչ պատասխաններ՝ բերելով օրինակներ դատական պրակտիկայից և միջազգային փորձից:
Վերջին սեմինարը վարեց ԵՊՀ ԻՄ-ի անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի դասախոս Աստղիկ Սիմոնյանը: Նա բացատրեց, թե ինչպես ճիշտ ներկայանալ գործատուին: Սկզբում մասնակիցները թվարկեցին իրենց իմացած հարցազրույցի տեսակները, ապա սեմինարավարը ներկայացրեց դրանցից յուրաքանչյուրի նրբությունները, խորհուրդներ տվեց հարցազրույցի նախապատրաստվելու համար, նշեց հարցազրույցների ժամանակ ամենից հաճախ հնչող հարցերը: Սեմինարի վերջում տեղի ունեցավ դերային խաղ. 3 մասնակիցներից բաղկացած խումբը հարցազրույց իրականացրեց մասնակիցներից մեկի հետ:
Դասընթացի փակումն իրականացրեց ծրագրի պատասխանատու, ԵՊՀ ԻՄ-ի աշխատակից Սլավիկ Ալավերդյանը: Նա շնորհակալություն հայտնեց բոլորին՝ ակտիվ մասնակցության համար, սեմինարավարներին, կազմակերպչական աշխատանքներին մասնակցած անձանց և մասնակիցներին հանձնեց հավաստագրեր ու «Գրագետ ռեզյումե կազմելու և աշխատանքի ընդունման հարցազրույցին պատշաճ ներկայանալու» ուղեցույցներ։
«Պաշտպանն եմ հայրենիքիս». երիտասարդ լուսանկարիչների մրցույթ
Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ եւ ԼՂՀ ստեղծագործող երիտասարդները (16-30 տարեկան):
Լավագույն աշխատանքների հեղինակները պարգեւատրվելու են, իսկ նվազագույն պահանջները բավարարող եւ ժյուրիի կողմից երաշխավորված աշխատանքները հրատարակվելու են առանձին ալբոմի տեսքով, ինչպես նաեւ կարժանանան խրախուսական մրցանակների:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հայտաձեւը, համաձայնվել մրցույթի պայմաններին և photo2018.hesh@gmail.com էլ․ փոստի հասցեին ուղարկել մրցութային լուսանկարը (լուսանկարները):
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2018 թ. հունիսի 1-ը՝ ժամը՝ 18:00:
Մրցանակաբաշխությունն ու աշխատանքների ցուցադրությունը 2018 թ.-ի օգոստոսի 1-ին կկազմակերպվի ՀՀ տարվա երիտասարդական մայրաքաղաք Իջեւանում:
Աղբյուրը՝ http://erit.am

























