ՈՒԳԸ-ն հայտարարում է թիմային բանավեճի մրցույթ՝ նվիրված ԵՊՀ ԻՄ-ի հիմնադրման 25-ամյակին

Կամ նկար 2-րդը 

 ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հիմնադրման 25-ամյակին ընդառաջ Ուսանողական գիտական ընկերությունը հայտարարում է թիմային բանավեճի մրցույթ, որը տեղի կունենա 2019թ.  նոյեմբերդեկտեմբեր ամիսներին:

Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2019թ. հոկտեմբերի 25-ը ներառյալ լրացնել առցանց հայտադիմումը:

Թիմերը պետք է կազմված լինեն ԵՊՀ ԻՄ-ի առկա և հեռակա ուսուցման համակարգերում սովորող 5-ական ուսանողներից: Թիմերի կազմավորումն ազատ է. թիմը կարող է ձևավորվել ինչպես նույն կուրսի, այնպես էլ տարբեր ֆակուլտետների ու մասնագիտությունների ուսանողներից:

Բանավեճի առաջնությունը, կախված գրանցված թիմերի քանակից, կկայանա մի քանի խաղերով:

Թիմերի գրանցումից հետո մասնակիցների և դատավորների համար տեղի կունենա սեմինար, որի ընթացքում ուսանողները կծանոթանան բանավեճի ձևաչափին, կանոններին, իսկ դատավորները՝ թիմերի գնահատման կարգին:

Հարցերի դեպքում կարող եք գրել հաղորդագրություն ԵՊՀ ԻՄ-ի ՈՒԳԸ ֆեյսբուքյան էջին և էլեկտրոնային փոստին (sssysuib@gmail.com)  կամ զանգահարել 094 16 13 93 հեռախոսահամարով:

Մասնաճյուղի բակում կայացավ ԵՊՀ ԻՄ-ի հիմնադրման 25-ամյակին նվիրված դաս-պլեներ

1. գլխավոր

 2019թ. հոկտեմբերի 22-ին Կիրառական արվեստի ֆակուլտետի գծանկարի, գունանկարի և քանդակի ամբիոնի ու ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ ԵՊՀ ԻՄ-ի բակում կայացավ մասնաճյուղի հիմնադրման 25-ամյակին  նվիրված դաս-պլեներ, որին մասնակցում էին ֆակուլտետի տարբեր կուրսերի երկու տասնյակ ուսանողներ:

Դաս-պլեները ղեկավարում էր Գծանկարի, գունանկարի և քանդակի ամբիոնի վարիչ, ՀՀ նկարիչների միության վարչության անդամ, դոցենտ Համլետ Ասատրյանը, ներկա էր Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Ա. Շ. Մարգարյանը:

Պարոն Ասատրյանի խոսքով՝ պլեների անցկացումը նպատակ ուներ ոչ միայն զարգացնելու ուսանողների ստեղծագործական կարողությունները, այլև բուհի հիմնադրման 25-ամյակի առթիվ վերհանելու ուսանողների առանձնակի վերաբերմունքը հարազատ կրթօջախի նկատմամբ:

Պլեների ընթացքում ուսանողները գեղանկարչական տարբեր հնարքներով ստեղծում էին իրենց նախասիրություններին հարիր աշխատանքներ (դիմանկար, մասնաճյուղի ճարտարապետական կառույցի էքստերիեր, բնապատկեր և այլն):

Ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Իրինա Փիրումյանի խոսքով՝ ԵՊՀ ԻՄ-ի հիմնադրման 25-ամյակը ևս մեկ անգամ հնարավորություն ընձեռեց համախմբելու իրենց ուսանողներին, յուրովի արտահայտելու բուհի հանդեպ իրենց սերը, ներկայացնելու համալսարանական միջավայրն իրենց աչքերով:

ԵՊՀ ԻՄ-ում կայացավ ուսանողական սեմինար-քննարկում

1.գլխավոր

 2019թ. հոկտեմբերի 21-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ ուսանողական սեմինար-քննարկում, որը վարեցին Ռեստարտ նախաձեռության անդամներ Մելանյա Հովհաննիսյանը, Անժելա Պետրոսյանը և Նարե Աբրահամյանը:

Սեմինար անցկացնելու գաղափարը ծագել էր ճամբարում, որը կազմակերպել էին Ռեստարտ նախաձեռնության անդամները ս.թ. օգոստոսի 10-17-ը Վանաձորում:

Ճամբարային քննարկումների ընթացքում որոշվել էր սկսել «Դասից դուրս» ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվում էր այցելել մարզային բուհեր և ուսանողների հետ քնննարկել տվյալ բուհի կառուցվածքին, կառավարման համակարգին վերաբերող հարցեր:

Ուսանողական ճամբարում յուրաքանչյուր ջոկատ ուներ իր գույնն ու թեման: Սեմինարը վարող աղջիկները նարնջագույն ջոկատից էին, իսկ թեման՝ կրթական խնդիրները մարզային բուհերում:

Առաջին ընտրված բուհը «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղն էր:

Սեմինար-քննարկման սկզբում մասնակիցներին տրվեց հարցաշար, որում ներառված էին բուհի կառուցվածքին վերաբերող հարցեր:

Այնուհետև ներկայացվեց բուհի կառուցվածքը՝ ընթացքում հնչեցնելով հարցերի պատասխանները:

Խոսվեց բուհի ղեկավար մարմինների, ստորաբաժանումների, նրանց գործառույթների, նպատակների ու առանձնահատկությունների մասին:

Կազմակերպվեց նաև խաղ, որի ընթացքում մասնակիցները բացատրում և գուշակում էին համալսարանական կյանքին վերաբերող բառեր:

Սեմինարն ընթացավ հետաքրքիր և անմիջական մթնոլորտում:

Բոլոր լուսանկարները տե´ս Պատկերասրահում:

Տեղի ունեցավ Հումանիտար գիտությունների ֆակուլտետի գիտական խորհրդի նիստ

1. գլխավոր

 2019թ. հոկտեմբերի 19-ին ԵՊՀ ԻՄ-ում կայացավ Հումանիտար գիտությունների ֆակուլտետի գիտական խորհրդի նիստ, որը նախագահում էր ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Կ.Պողոսյանը: Նիստին հրավիրված էր ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա. Հ. Մակարյանը:

Ֆակուլտետի գիտխորհրդի նիստում քննարկվեցին 2018-2019 ուստարվա երկրորդ կիսամյակի լուծարքային շրջանի ամփոփմանը, 2019-2020 ուստարվա առաջին կիսամյակի I ընթացիկ քննությունների և ստուգումների նախապատրաստական աշխատանքներին, ամբիոններում առարկայական փաթեթների առկայությանը վերաբերող և մի քանի ընթացիկ հարցեր:

2018-2019 ուստարվա երկրորդ կիսամյակի լուծարքային շրջանի վերաբերյալ զեկուցեց Վ.Աղաբաբյանը: Նա մասնավորապես նշեց, որ լուծարքային շրջանը կազմակերպվել է ժամանակացույցին համապատասխան, խախտումներ և բացթողումներ չեն արձանագրվել: Զեկուցողը նշեց, որ ֆակուլտետում 2018-2019 երկրորդ կիսամյակի քննաշրջանին մասնակցել է 273 ուսանող: Անբավարար գնահատականներ են ստացել 47 ուսանող, որոնցից 1 անբավարար ստացել է 30 ուսանող, 2 անբավարար՝ 11, 3 և ավելի անբավարար՝ 6 ուսանող: Լուծարքային շրջանին մասնակցած ուսանողների գերակշիռ մասը դրական գնահատական են ապահովել 1-ին լուծարքային շրջանի ժամանակ: Զեկուցողն ըստ կուրսերի ներկայացրեց լուծարքային շրջանի ընդհանուր պատկերը:

Լ.Սարգսյանը, անդրադառնալով մաթեմատիկա առարկայից անբավարար գնահատական ստացողների մեծ թվաքանակին, առաջարկեց այդ առարկան ընդունելության համար դարձնել պարտադիր: Նա նաև նշեց, որ ուսումնական ծրագրերում կատարել են որոշակի փոփոխություններ, և դասընթացներն այժմ ավելի են համապատասխանում մասնագիտության պահանջներին:

Որոշվեց 2018-2019 ուստարվա երկրորդ կիսամյակի լուծարքային շրջանի ընթացքը համարել բավարար:

2019-2020 ուստարվա առաջին ընթացիկ քննությունների և ստուգումների նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ զեկուցեց Կ.Պողոսյանը: Նա մասնավորապես նշեց, որ քննությունների և ստուգումների ժամանակացույցը քննարկվել է ուսանողների հետ, հարցաշարերը ժամանակին տրամադրվել են ուսանողներին: Այժմ ստուգվում է ֆակուլտետում առարկայական ծրագրերի կատարման ընթացքը, ծրագրերի կատարողականը և դրան համապատասխան մատենավարության վիճակը: Ընթացիկ քննությունները դարձյալ կանցկացվեն հատուկ կահավորված լսարաններում, որտեղ կիրականացվի տեսանկարահանում:

Որոշվեց 2019-2020 ուստարվա առաջին կիսամյակի առաջին ընթացիկ քննությունների և ստուգումների նախապատրաստական աշխատանքների ընթացքը համարել բավարար:

Ամբիոններում 2019-2020 ուստարվա առարկայական փաթեթների առկայության վերաբերյալ զեկուցեցին ամբիոնների վարիչները: Նրանք մասնավորապես նշեցին, որ ամբիոններում, բացառությամբ նոր հրավիրված դասախոսների կողմից դասավանդվող մի քանի դասընթացների, հիմնականում առկա են առարկայական փաթեթները, մի քանիսն իրականացման ընթացքի մեջ են:

Որոշվեց մինչև ս.թ. նոյեմբերի 1-ը ավարտուն տեսքի բերել կատարման ընթացքի մեջ գտնվող փաթեթները, իսկ նոր հրավիրված դասախոսների համար ՄԿՈԱ բաժնի հետ համագործակցությամբ կազմակերպել փաթեթների կազմման վերաբերյալ խորհրդատվությունններ:

Դեկանի պաշտոնակատար Կ.Պողոսյանը ներկայացրեց ֆակուլտետում ուսուցանվող հինգ կրթական ծրագրերից դեռևս նախորդ ուստարվա ավարտին տրված կուրսային և ավարտական աշխատանքների թեմաները: Նա նշեց, որ գիտական ղեկավարների կողմից առաջադրված թեմաները նախապես քննարկվել են ամբիոններում և համապատասխանում են գիտականության չափանիշներին, արդիական են:

Որոշվեց հաստատել 2019-2020 ուստարվա կուրսային և ավարտական աշխատանքների թեմաները:

Ամբիոնների 2019-2020 ուստարվա I կիսամյակի աշխատանքային պլանների հաստատման հարցի վերաբերյալ տիկին Պողոսյանը մասնավորապես նշեց, որ շատ կարևոր է կիսամյակի կտրվածքով ամբիոնների աշխատանքային գործունեության պլանավորումը, որը դյուրացնում է ամբիոնների աշխատանքների կանոնակարգումը և վերահսկողությունը:

Որոշվեց հաստատել Հումանիտար գիտությունների ֆակուլտետի կառուցվածքում գործող Հայոց պատմության և հասարակագիտության, Հայոց լեզվի և գրականության, Մանկավարժության և հոգեբանության, Անգլերեն լեզվի և գրականության, Ֆրանսերեն լեզվի և գրականության ամբիոնների ու Ռուսաց լեզվի և գրականության սեկցիայի 2019-2020 ուստարվա աշխատանքային պլանները:

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի 2019-2020 ուստարվա I կիսամյակի աշխատանքային պլանի քննարկման և հաստատման հարցի կապակցությամբ մասնավորապես նշվեց, որ ֆակուլտետի 2019-2020 ուստարվա ուսումնական գործունեությունն առավել կազմակերպված և նպատակային վարելու համար աշխատանքային պլանում կատարվել են որոշակի փոփոխություններ: Զեկուցող Կ.Պողոսյանը նաև նշեց, որ աշխատանքային պլանը նախապես քննարկվել է դեկանատի նիստում:

Նիստի ընթացքում որոշվեց հաստատել նաև Հումանիտար գիտությունների ֆակուլտետի 2019-2020 ուստարվա առաջին  կիսամյակի աշխատանքային պլանը: