ԵՊՀ ԻՄ-ի և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր

1. գլխավոր

 2019թ. հոկտեմբերի 19-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի (ԵՊՀ ԻՄ) և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղի (ԵՀՀ ՀՄ) միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր:

Հանդիպմանը մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը, ԵՀՀ ՀՄ ծրագրերի ղեկավար Վարսիկ Ներկարարյանը, ԵՀՀ ՀՄ թիմի անդամ Հեսուս Այալան, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակար Կարինե Պողոսյանը, Անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Քրիստինե Հարությունյանը:

Հանդիպման սկզբում ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը կարևորեց համագործակցությունը մարզում գործող երկու կառույցների միջև՝ նշելով, որ համալսարանում եղած ռեսուրսը պետք է առավելագույնս օգտագործվի հանուն մեր համայնքների, մարզի ու երկրի զարգացման:

Վ.Ներկարարյանը, ով նույնպես համարում է, որ ԵՊՀ ԻՄ-ի պոտենցիալն ամբողջությամբ օգտագործելու ու միմյանց հետ համագործակցելու շնորհիվ կարելի է առավել կարճ ժամանակահատվածում տեսանելի արդյունքներ գրանցել, նշեց մի քանի հիմնական ուղղություն, որոնցով այդ համագործակցության շրջանակներում կարելի է աշխատանքներ իրականացնել:

Ստորագրելով համագործակցության հուշագիրը՝ կողմերն առաջիկա մեկ տարվա համար մասնավորապես պայմանավորվեցին, որ ԵՀՀ ՀՄ-ն ԵՊՀ ԻՄ-ի և այլ շահագրգիռ կառույցների հետ համատեղ ուսանողների համար կկազմի աշխատանքային պրակտիկայի ծրագրեր, որոնց շնորհիվ ուսանողները հնարավորություն կստանան աշխատել և ոչ ֆորմալ կրթություն ստանալ պետական և ոչ պետական տարբեր կառույցներում: Այս նախաձեռնության շնորհիվ ուսանողները հնարավորություն կստանան ավելի ամրապնդել իրենց տեսական գիտելիքները, ձեռք բերել նոր հմտություններ, աշխատանքային փորձ և ներդրում ունենալ իրենց համայնքների զարգացման գործում: Մյուս կողմից՝ ուսանողներին հյուրընկալող կառույցները հնարավորություն կստանան իրենց թիմում ունենալ հավելյալ օգնող ձեռքեր, ինչպես նաև իրենց փորձն ու գիտելիքները փոխանցել երիտասարդներին:

ԵՊՀ ԻՄ-ի և ԵՀՀ ՀՄ-ի համար որպես հնարավոր համագործակցության ոլորտ քննարկվեց Իջևան համայնքի տուրիզմի զարգացման ռազմավարության մշակման հետ կապված համատեղ հետազոտությունների իրականացումը՝ բուհի պրոֆեսորադասախոսական կազմի ուժերով առկա ռեսուրսների գնահատումը, կարիքների վերհանումն ու անհրաժեշտ քայլերի մշակումը:

ԵՀՀ ՀՄ թիմի անդամ Հեսուս Այալան, ով Խաղաղության Կորպուսի կամավոր է, նոյեմբերից կսկսի խոսակցական անգլերեն  դասավանդել  ԵՊՀ ԻՄ-ի «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության 1-ինից 4-րդ կուրսերում:

Կողմերը վստահություն հայտնեցին, որ այդ համագործակցության շնորհիվ իրարից սովորելու, փոխլրացնելու շատ առիթներ կունենան, դրանից կշահեն ուսանողները, և երկու կառույցներն իրենց ներդրումը կունենան մարզի զարգացման գործում:

ԵՊՀ միջմշակութային հաղորդակցության անգլերենի ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Շ.Պարոնյանի երկօրյա այցը մասնաճյուղ

3

 2019թ. հոկտեմբերի 18-ին և 19-ին ԵՊՀ ԻՄ-ի անգլերեն լեզվի և գրականության  ամբիոնի հրավերով մասնաճյուղ այցելեց ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի միջմշակութային հաղորդակցության անգլերենի ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Շ.Պարոնյանը:

Երկօրյա այցի նպատակն էր ԵՊՀ ԻՄ-ի «Օտար լեզուներ» մասնագիտության բոլոր կուրսերի ուսանողների համար թեմատիկ և ակնարկային դասախոսություններ կարդալն էր:

Դասերին ներկա էին նաև ամբիոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ:

Շ.Պարոնյանը ներկայացրեց լեզվի և մշակույթի կապը, անգլերենի դերը միջմշակութային հաղորդակցության գործընթացում, մշակութային իրազեկության կարևորությունը ժամանակակից աշխարհում:

ԵՊՀ միջմշակութային հաղորդակցության անգլերենի ամբիոնի վարիչը նաև պատասխանեց հետագա մասնագիտական կողմնորոշման (մագիստրատուրայում ուսումը շարունակելու) վերաբերյալ ուսանողներին հետաքրքրող հարցերին:

Դասերը հետաքրքիր էին, քննարկումներով հագեցած և անցան ուսանողների ակտիվ մասնակցությամբ:

ԵՊՀ ԻՄ-ում կկայանա ՀՀ ԿԳՄՍՆ նախաձեռնած «Կրթության և տնտեսության համագործակցությունը մարզերում» թեմայով համաժողովը

2

 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Բիզնես և կրթություն-համագործակցություն» հիմնադրամի հետ միասին 2019թ. հոկտեմբերի 23-ին՝ ժամը 11:00-ին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կանցկացնի «Կրթության և տնտեսության համագործակցությունը մարզերում» թեմայով համաժողով։

Համաժողովը, որն իրականացվում է գերմանական «Մասնագիտական կրթություն և ուսուցում-համագործակցություն» ծրագրի շրջանակում, նպատակ ունի աջակցելու մարզերում աշխատաշուկա-մասնագիտական կրթություն համագործակցության ամրապնդմանը,  մասնագիտական և կրթության համակարգի բարելավմանն ուղղված երկխոսության ձևավորմանը։

«Կրթության և տնտեսության համագործակցությունը մարզերում» համաժողովի շրջանակներում նախատեսվում է քննարկել Հայաստանի,
մասնավորապես՝ ՀՀ Տավուշի մարզի աշխատաշուկայի կարիքներն ու պահանջները,
ձեռնարկությունների  դերը  նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների հետ համագործակցության հարցերում, ինչպես նաև ներկայացնել կրթական ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակում կատարվող աշխատանքները։

Համաժողովի օրակարգը տե´ս այստեղ:

Ազատամուտի գեղարվեստի ստուդիայի սաները մեր դասախոսներից ստացան մասնագիտական խորհուրդներ

1. գլխավոր

 2019թ. հոկտեմբերի 18-ին ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի ներկայացուցիչները՝ դեկանի պաշտոնակատար Ա. Շ. Մարգարյանը, Դեկորատիվ-կիրառական արվեստի և դիզայնի ամբիոնի ասիստենտներ, ՀՀ ՆՄ անդամներ Գևորգ Ջավրուշյանը, Դոնարա և Անուշ Չիբուխչյանները այցելեցին Ազատամուտի մշակույթի պալատ:

Այցելության նպատակն էր Ազատամուտի գեղարվեստի ստուդիայի սաների  և նույն ստուդիայի ուսուցչուհի, նկարչուհի, ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտ Անի Աղաջանյանի աշխատանքների համատեղ ցուցահանդեսին մասնակցելը և աշակերտներին մասնագիտական խորհուրդներ տալը:

Նախ համալսարանականները Ազատամուտ համայնքի մշակույթի պալատում մասնակցեցին ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի շրջանավարտ Ա.Աղաջանյանի և իր սաների աշխատանքների ցուցահանդեսին՝ տպավորվելով ներկայացված գործերով:

Այնուհետև մեր դասախոսները և հատկապես պարոն Ջավրուշյանը գեղարվեստի ստուդիայի սաներին բացատրեց որոշ նրբություններ, տվեց արժեքավոր խորհուրդներ՝ նրանց նկարելու կատարողական ու տեխնիկական հմտությունները զարգացնելու վերաբերյալ:

Տեղի կունենա Հումանիտար գիտությունների ֆակուլտետի գիտական խորհրդի նիստ

Հ.-գ. - նկար

 2019թ. հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14-00-ին, №28 լսարանում տեղի կունենա Հումանիտար գիտությունների ֆակուլտետի գիտական խորհրդի նիստ՝ հետևյալ օրակարգով.

  1. 2018-2019 ուստարվա երկրորդ կիսամյակի լուծարքային շրջանի ամփոփման մասին (զեկուցող՝ Վ.Աղաբաբյան):
  2. 2019-2020 ուստարվա առաջին կիսամյակի առաջին ընթացիկ քննությունների և ստուգումների նախապատրաստական աշխատանքների մասին (զեկուցող՝ Կ.Պողոսյան):
  3. Ամբիոններում 2019-2020 ուստարվա առարկայական փաթեթների առկայության մասին (զեկուցողներ՝ ամբիոնների վարիչներ):
  4. Ընթացիկ հարցեր: