«Արտասահմանում ուսանելու առավելություններն ու դժվարությունները» թեմայով անվճար թրեյնինգ

«Արտասահմանում ուսանելու առավելություններն ու դժվարությունները» թեմայով անվճար թրեյնինգ

Ինչու՞ սովորել դրսում՝ լավ կրթություն ստանալու հաշվարկված նպատա՞կ, թե երկրից դուրս գալու ինքնանպատակ ցանկություն։ Ի՞նչ առավելություն կտա ձեզ արտասահմանյան կրթությունը, և ինչպե՞ս լավագույնս օգտվել այդ առավելություններից։ Իսկ կարելի՞ է արդյոք հասնել այդ առավելություններին առանց արտասահման մեկնելու։ Ի՞նչ դժվարություններ կարող են լինել արտասահմանում ուսանող դառնալու ճանապարհին և սովորելու ընթացքում․ որո՞նք են դրանց հաղթահարման ուղիները։

Այս հարցերին պատասխանելու և արդյունավետ լուծումներ գտնելու համար ArmScoop EduLab-ը և #LOFT-ը համատեղ հրավիրում են հուլիսի 18-ին մասնակցելու սեմինար-քննարկման, որն անցկացվում է «StudyAbroad» ամառային դպրոցին ընդառաջ։ Սեմինարի ընթացքում իրենց փորձը կներկայացնեն և մասնակիցների հարցերին կպատասխանեն Նյուքասլի և Օքսֆորդի համալսարանների շրջանավարտներ Գայանե Աթոյանը և Դիանա Նազարյանը։

Երբ՝ հուլիսի 18, 19։00
Որտեղ՝ «Լոֆթ» կենտրոն, Մոսկովյան 3
Գրանցման հղում՝ https://goo.gl/forms/KkEo3PnYrtE5M1zD3
Դիմելու վերջնաժամկետ՝ հուլիսի 16
Լեզուն՝ հայերեն
Մասնակցությունն անվճար է:

ԵՊՀ ՈՒԳԸ 4-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

 

Գիտաժողով

Երևանի պետական համալսարանի Ուսանողական գիտական ընկերությունը (ՈՒԳԸ) կազ­­մա­կեր­պում է 4-րդ միջազգային գիտաժողովը՝ նվիրված ՈՒԳԸ հիմնադրման 70-ամյա­կին: Գիտաժողովը ուսանողներին, ասպիրանտներին և երիտասարդ գիտնականներին հնարավո­րու­թյուն է ընձեռում ակադեմիական լսարանին ներկայացնելու իրենց գիտական հետազո­տու­թյան արդյունքները, կատարելագործելու գիտական աշխատանք կատարելու հմտությունները, ինչպես նաև կապեր հաստատելու Հայաստանի և արտերկրի՝ տարբեր ոլորտներում մասնա­գի­տացած երիտասարդ հետազոտողների հետ:


ԹԵՄԱՏԻԿ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
 

Գիտաժողովին ներկայացվող զեկուցումները ներառվելու են հետևյալ մասնագիտական բաժանմունքներում.

     ԲՆԱԿԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՃՇԳՐԻՏ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Աշխարհագրություն
Երկրաբանություն
Քիմիա
Կենսաբանություն

Ֆիզիկա
Ռադիոֆիզիկա
Մաթեմատիկա և մեխանիկա
Կիրառական մաթեմատիկա և համակարգչային գիտություններ

     ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պատմագիտություն
Ցեղասպանագիտություն
Հնագիտություն, ազգագրություն և մշակութաբանություն
Արվեստաբանություն
Արևելագիտություն
Աստվածաբանություն
Լեզվաբանություն
Հայ և արտասահմանյան գրականություն

Իրավագիտություն
Քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ
Սոցիոլոգիա
Տնտեսագիտություն
Կառավարում
Փիլիսոփայություն
Հոգեբանություն
Ժուռնալիստիկա
Սերվիս

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ 

Գիտական նստաշրջանին կարող են մասնակցել ուսանողներ, ասպիրանտներ, հայցորդներ և մինչև 35 տարեկան երիտասարդ գիտնականներ բոլոր երկրների բուհերից ու այլ գիտա­հետազո­տական հաստատություններից: 35 տարեկանից բարձր մասնագետները կարող են նստաշրջա­նին մասնակցել որպես հրավիրյալ զեկուցողներ՝ ներկայացնելով իրենց գիտական հետազոտության արդյունքները կամ խոսել իրենց մասնագիտության արդի հիմնախնդիրների շուրջ:

Գիտական նստաշրջանին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտա­դի­մու­մը, իսկ զեկուցման սեղմագիրը (մինչև 300 բառ)՝ ուղարկել sss@ysu.am էլ. փոստի հասցեին: Մեկ մասնակիցը կարող է ներկա­յաց­նել միայն մեկ զեկուցում: Մեկից ավելի հայտ ներկայացնելու պարագայում զեկուցման կթույ­լատրվի ներկայացված վերջին հայտը, եթե հայտատուն չի տեղեկացնում այլ նախընտ­րու­թյան մասին:

Ստացված հայտերն անցնելու են մասնագիտական գրախոսության փուլ, և միայն դրական արդ­յունքի պարագայում կհաստատվի հայտատուի մասնակցությունը գիտական նստաշրջա­նին:

Գիտական նստաշրջանի բոլոր զեկուցողներին տրվելու են մասնակցության հավաստագրեր:


ԿԱՐԵՎՈՐ ԺԱՄԿԵՏՆԵՐ
 

2017 թ. հունիսի 30        Հայտերի ներկայացման առաջին վերջնաժամկետ*
2017 թ. հուլիսի 30         Մասնակցության վերաբերյալ պատասխան

2017 թ. օգոստոսի 5       
Հայտերի ներկայացման երկրորդ վերջնաժամկետ
2017 թ. օգոստոսի 15     Մասնակցության վերաբերյալ պատասխան

Գիտական նստաշրջանին զեկուցված նյութերը գրախոսության փուլը հաղթահարելու պարա­գա­յում տպագրվելու են «ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու» գիտական պար­բե­րականում, որը ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից ճանաչված է որ­պես ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ըն­դունելի պարբերական գիտական հրատարակություն: Պարբերականի էլեկտրոնային հա­մար­ները տեղադրված են ԵՊՀ ՈՒԳԸ հրատարակումների կայքում՝ www.ssspub.ysu.am:

Միջոցառման տեղեկատվական թերթիկը կարող եք ներբեռնել այստեղից:


Հայտն առաջին վերջնաժամկետում ներկայացնելու դեպքում հայտատուներն ավելի շատ ժամանակ կունենան որևէ խնդրի պարագայում տեղեկացվելու և անհրաժեշտ շտկումներ կատարելու համար:

Կայացավ Կիրառական արվեստի ֆակուլտետի գիտական խորհրդի ընդլայնված  նիստը

2017թ.  հուլիսի 7-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Կիրառական արվեստի ֆակուլտետի գիտական խորհրդի ընդլայնված  նիստ, որին մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս. Ա. Առաքելյանը, տնօրենի խորհրդական Ա. Հ. Մակարյանը, ֆակուլտետի գիտխորհրդի անդամները, վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները, ուսանողներ:

Նիստի ընթացքում ամփոփվեցին 2016-2017 ուստարվա երկրորդ կիսամյակի քննաշրջանի արդյունքները, ֆակուլտետի՝ 2017թ. ամփոփիչ ատեստավորման արդյունքները, քննարկվեցին մասնագիտության կրթական ծրագրում կառուցվածքային ու բովանդակային փոփոխություններին վերաբերող և մի քանի ընթացիկ հարցեր:

Կայացավ Կիրառական արվեստի ֆակուլտետի  գիտական խորհրդի ընդլայնված  նիստը

2016-2017 ուստարվա երկրորդ  կիսամյակի քննաշրջանի վերաբերյալ  Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան, ֆակուլտետի գիտխորհրդի քարտուղար, ֆ.մ.գ.թ., ասիստենտ Ա.Մարգարյանը նշեց, որ այն անցկացվել է  համաձայն հաստատված գրաֆիկի:

Քննաշրջանը ֆակուլտետում կազմակերպվել է 60 ուսանողների համար:  Ֆակուլտետի ընդհանուր առաջադիմությունը կազմում է 89,83% (անվճար` 100%, վճարովի` 85,00%): Ըստ կուրսերի պատկերը հետևյալն է` «Կիրառական արվեստ» երկրորդ  կուրս (7 ուսանող` 85,71%), «Դիզայն» առաջին կուրս (7 ուսանող` 100%), «Կիրառական արվեստ» երրորդ կուրս (7 ուսանող` 85,71%), «Կիրառական արվեստ» չորրորդ կուրս (16 ուսանող` 80,00%), մեկ  ուսանող ունի առարկայական պարտք: Չորրորդ կուրսի ուսանողներն ավարտական աշխատանքները և ամփոփիչ քննությունը հանձնել են 100% առաջադիմությամբ: Գնահատականների սպեկտրը լայն է և, որպես կանոն, ավելի բարձր է մասնագիտական բլոկի առարկաներից, ավելի ցածր` հումանիտար  և  ոչ մասնագիտական առարկաներից:

Ֆակուլտետում իրականացված բոլոր ստուգարքները և քննությունները վերահսկվել են ֆակուլտետի ղեկավարության և Ուսումնամեթոդական վարչության կողմից, իսկ մասնագիտական բոլոր քննությունները ֆակուլտետում կազմված հանձնաժողովի (դեկան, մասնագիտության պատասխանատու, ամբիոնների վարիչներ, հարակից  առարկայի դասախոս) կողմից գնահատվել և քննարկվել են ուսանողների հետ, համապատասխան  բողոք-առաջարկներին արձագանքել են տեղում:

Ֆակուլտետի՝ 2017թ. ամփոփիչ ատեստավորման արդյունքների վերաբերյալ մասնավորապես նշվեց, որ չորրորդ կուրսի 16 ուսանողներից ամփոփիչ ատեստավորմանը և ավարտական աշխատանքների պաշտպանությանը մասնակցել է 15 ուսանող (մեկ ուսանող ձևակերպել է ֆիզիոլոգիական արձակուրդ):

Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահի հաշվետվությունից առանձնացվեց «Արվեստի պատմություն» առարկայից ուսանողների իմացության ոչ այնքան բարձր մակարդակի մասին գրառումը, որը մտահոգության տեղիք է տալիս և պարտադրում իրականացնել հստակ գործողություններ` հաջորդ տարիներին այդ բացթողումը վերացնելու համար: Ավարտական աշխատանքների վերաբերյալ նշվեց, որ դրանց մեծ մասն իրականացված էր կատարողական բարձր վարպետությամբ:

Կայացավ Կիրառական արվեստի ֆակուլտետի  գիտական խորհրդի ընդլայնված  նիստը

 

Մասնագիտության կրթական ծրագրում կառուցվածքային ու բովանդակային փոփոխություններ կատարելու հարցի վերաբերյալ տեղեկատվությամբ հանդես եկավ «Դիզայն» մասնագիտության կրթական ծրագրի  պատասխանատու Ա. Լ. Չիբուխչյանը: Ներկայացվեցին 2016-2017 ուստարվա ընթացքում ՄԿԾ-ի պատասխանատուի կողմից իրականացված հետևյալ աշխատանքները.

  • Հանդիպում առաջին կուրսեցիների հետ, իրազեկում կրեդիտային համակարգի, գնահատման ձևի մասին, պայմանագրերի կնքման գործընթացի կազմակերպում, գործող զեղչային համակարգի ծանոթացում:
  • Ծանոթացում ուսումնական պլանով նախատեսված դասընթացների հետ:
  • Ընթացիկ քննությունների և ստուգումների գրաֆիկների քննարկում:
  • Ընթացիկ հարցաշարերի քննարկում, վերանայում:
  • Ուսումնական պրոցեսի և քննությունների վերահսկում:
  • Առարկայական ծրագրերի և փաթեթների առկայության ու բովանդակության վերահսկում:
  • Դասալսումների իրականացում:
  • Ծանոթացում կամընտրական առարկաների բովանդակության և ընտրման կարգին:
  • Կուրսային և ավարտական աշխատանքների թեմաների հաստատում և ընթացքի հսկողություն:
  • Ամբիոնների վարիչների և դեկանի հետ համատեղ` 2017-2021 ուսումնական պլանի կառուցվածքային և բովանդակային փոփոխության իրականացում:
  • ԵՊՀ-ի կողմից ուսումնական գործընթացի կազմակերպման նորմատիվների փոփոխությունների իրազեկում ամբիոնների աշխատակիցներին և համապատասխան փաստաթղթերով դրանց իրականացում:
  • «Դիզայն» կրթական ծրագրի վերջնարդյունքների մշակում` արդի պահանջներին համապատասխան:

Հաջորդիվ ներկայացվեց ամբիոնային և անհատական ծանրաբեռնվածությունների հարցը: Ամբիոնների պրոֆեսորադասախոսական անձնակազմին հանձնարարվեց մինչև ս.թ. հուլիսի 10-ը  վերանայել նախկինում կազմված առարկայական ծրագրերը  և անհրաժեշտության  դեպքում կատարել փոփոխություններ` կրթական ծրագրի արդյունավետությունը բարելավելու նպատակով:

Մյուս հարցի վերաբերյալ ֆակուլտետի գիտական խորհրդի նախագահ Ա.Մարգարյանը ներկայացրեց «Դիզայն» և «Համակարգչային գրաֆիկա» կրթական ծրագրերի` առաջին կուրսի միավորման հարցը, որը ծագել է` ելնելով դասավանդման արդյունավետության մի շարք խնդիրներից: Այդ կապակցությամբ նշվեց, որ առաջիկա մեկ կիսամյակում պետք է լրացվեն  առաջին կուրսում եղած կրթական մոդուլների տարբերությունները: Ամբիոնների վարիչներն առաջարկեցին «Համակարգչային գրաֆիկա» կրթական ծրագրով առաջին կուրսի ուսանողների համար լրացուցիչ կազմակերպել դասընթացներ` վերոնշյալ տարբերությունները հանձնելու համար:

Կայացավ Կիրառական արվեստի ֆակուլտետի  գիտական խորհրդի ընդլայնված  նիստը

Որոշեցին դիմել Ուսումնամեթոդական վարչությանը` թույլատրություն ստանալու և համապատասխանության դեպքում  պատրաստելու անհրաժեշտ փաթեթ` «Համակարգչային գրաֆիկա» կրթական ծրագրով ուսանողներին «Դիզայն» տեղափոխելու համար:

Ընթացիկ հարցերից կարևորվեցին արվեստանոցների գույքի խնամքի, տեխնիկական միջոցների տարեվերջյան սպասարկման և գույքագրման հարցերը:

Նիստի վերջում ամփոփիչ ելույթ ունեցավ մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը՝ հաշվետու ժամանակահատվածում ֆակուլտետում իրականացված աշխատանքները գնահատելով բավարար, անդրադառնալով ուսումնական գործընթացի շարունակական բարելավմանը վերաբերող մի շարք խնդիրների, դարձյալ շեշտելով ոչ մասնագիտական կուրսերում դասավանդվող առարկաների ծրագրերում թեմատիկ-բովանդակային փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին:

 

 

ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական կառույցները ՀՀ պետական խորհրդանիշների օրվան նվիրված տոնակատարությանը

2017թ. հուլիսի 5-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողական խորհրդի և «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի անդամները Երևանում մասնակցեցին ՀՀ պետական խորհրդանիշների օրվան նվիրված տոնակատարությանը։

ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական կառույցները ՀՀ պետական խորհրդանիշների օրվան նվիրված տոնակատարությանը

Նախ՝ Ազատության հրապարակում ելույթներով հանդես եկան ՀՀ ԶՈՒ ԳՇ, ԱԻՆ և Ոստիկանության նվագախմբերն ու պատվո պահակային վաշտերը, «Երևանյան թմբուկներ» թմբկահարների և «Վահագն» դհոլահարների խմբերը: 

ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական կառույցները ՀՀ պետական խորհրդանիշների օրվան նվիրված տոնակատարությանը

Պարային խմբերի գլխավորությամբ ներկայացվեցին ազգագրական պարային համարներ, որոնց ակտիվորեն մասնակցեցին նաև մեր համալսարանականները։ 

ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական կառույցները ՀՀ պետական խորհրդանիշների օրվան նվիրված տոնակատարությանը

Ապա Ազատության հրապարակից մեկնարկեց ավանդական դարձած քայլերթը (3 կմ)՝ ՀՀ եռագույն դրոշով:

ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական կառույցները ՀՀ պետական խորհրդանիշների օրվան նվիրված տոնակատարությանը

Միջոցառման փակումը ևս կատարվեց ազգային պարերով։ 

Կիրառական արվեստի ֆակուլտետի դասախոսների և ուսանողների ստեղծագործությունները` «Հայ բույս» փառատոնում

2017թ. հուլիսի 1-2-ը Ենոքավանում կայացավ արդեն ավանդական դարձած «Հայ բույս» փառատոնը, որի հիմնական նպատակն է հայկական խոտաբույսերի բազմազանությունը հանրամատչելի դարձնելը:

«Հայ բույս» փառատոնի կարգախոսն էր «Պահպանում ենք այն, ինչ սիրում ենք: Սիրում ենք այն, ինչ մեզ հայտնի է»:

Կիրառական արվեստի ֆակուլտետի դասախոսների և ուսանողների ստեղծագործությունները` «Հայ բույս» փառատոնում

Փառատոնի ընթացքում “Puzzles’ 5 Pieces”, “Miqayel Voskanyan & Friends”, “Tonatsuyts Folk Theater-ը” խմբերի կատարմամբ հնչեց բարձրաճաշակ երաժշտություն, երեխաների և մեծահասակների համար անցկացվեցին ուսուցողական խաղեր ու միջոցառումներ։

«Հայ բույս» փառատոնում գործում էին տարբեր հարթակներ` նախատեսված դեղաբույսերի տոնավաճառի, ազգային խոհանոցի, կերպարվեստի, բրդի ներկման և թաղիքագործության վարպետության դասընթացների, ազգային խաղերի համար:

Փառատոնին մասնակցում էին նաև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետի աշխատակիցներ (ֆակուլտետի դեկան Ա.Մարգարյան, դասախոսներ Ա.Չիբուխչյան, Դ.Չիբուխչյան, Լ.Ֆլջյան, Ա.Աբազյան) և ուսանողներ՝ իրենց բազմաոճ ստեղծագործություններով:

Կիրառական արվեստի ֆակուլտետի դասախոսների և ուսանողների ստեղծագործությունները` «Հայ բույս» փառատոնում

ԵՊՀ ԻՄ-ի ներկայացուցիչները փառատոնի մասնակիցներին ու այցելուներին ներկայացրին իրենց աշխատանքները, ֆակուլտետում գործող մասնագիտությունները, նրանց հրավիրեցին մասնաճյուղ՝ մոտիկից ծանոթանալու ֆակուլտետի գործունեությունը, աշխատանքների ստեղծման ընթացքին, բուհում սովորելու:

Այցելուները բավականին տպավորված էին մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետի կողմից ներկայացված աշխատանքներով, որոնց մեջ կային թե՛ ուսանողների կուրսային ու ավարտական աշխատանքներ, թե՛ դասախոսների անհատական բազմաժանր գործեր՝ գոբելեն, կարպետ, գեղանկար, ասեղնագործություն, մաքրամե, մաքոք, վիտրաժ, կերամիկա, բատիկա և այլն:

Կիրառական արվեստի ֆակուլտետի դասախոսների և ուսանողների ստեղծագործությունները` «Հայ բույս» փառատոնում

Ֆակուլտետի ՄԿԾ-ի պատասխանատու, Դեկորատիվ-կիրառական արվեստի և դիզայնի ամբիոնի ասիստենտ Ա.Չիբուխչյանի խոսքով՝ իրենց հիմնական նպատակն էր փառատոնի շրջանակներում այլազգի զբոսաշրջիկներին ծանոթացնել հայոց մշակութային արժեքներին, քարոզել ազգայինը, որը հաջողությամբ կարողացան իրականացնել: 

Կիրառական արվեստի ֆակուլտետի դասախոսների և ուսանողների ստեղծագործությունները` «Հայ բույս» փառատոնում