ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը սիրով շնորհավորում է իր աշխատակից Հովսեփ Վարդիկյանին` ծննդյան 60-ամյակի կապակցությամբ, մաղթում է քաջառողջություն, երջանկություն, հաջողություններ կյանքում:
2016թ. ապրիլի 29-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցելեցին Ռուսաստանի Դաշնության Գժելի պետական համալսարանի պատվիրակության ներկայացուցիչները՝ Սերվիսի և տուրիզմի ամբիոնի վարիչ, մանկ. գիտ. թեկն., դոցենտ Տատյանա Լիսիցինան (պատվիրակության ղեկավար), նույն ամբիոնի դոցենտ, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր նկարիչ, ՌԳՄ անդամ, մանկ. գիտ. թեկն. Իրինա Կորշունովան, մշակութաբան. թեկն., դոցենտ, զբոսավար Ալլա Կորժանովան:
Այցելության հիմնական նպատակը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հետ համագործակցության պայմանագիր կնքելը, համատեղ ծրագրեր իրականացնելն էր:
Նախ՝ տեղի ունեցավ մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանի հետ հանդիպում, որին մասնակցեցին Տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Ն.Խուդավերդյանը և պատվիրակության ղեկավար Տ.Լիսիցինան:
Հանդիպման ընթացքում կողմերը ներկայացրին կրթական և գիտամշակութային գործունեություն իրականացնող երկու համալսարանների առաքելությունները, հիմնական խնդիրները, գործող ֆակուլտետներն ու մասնագիտությունները, ապա քննարկելով համագործակցության պայմանագրի դրույթները՝ ստորագրեցին այն:
Այնուհետև Տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Ն.Խուդավերդյանի հետ ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ պատվիրակության անդամները ֆակուլտետի «Սերվիս» մասնագիտության ուսանողների հետ ունեցան սեմինար-քննարկում, որի ընթացքում տիկին Լիսիցինան շնորհանդեսի ուղեկցությամբ ուսանողներին ներկայացրեց Գժելի պետական համալսարանի վերաբերյալ ընդհանուր տեղեկատվություն, իրենց բուհում գործող ֆակուլտետները, մասնագիտությունները, տարատեսակ խմբակները (պարի, սպորտի, ժամանցի և այլն), բակալավրական, մագիստրոսական և ասպիրանտական ուսուցման պայմանները, վճարովի և անվճար ուսուցման հնարավորությունները և այլն:
Ուսանողներն ուղղեցին իրենց հետաքրքող հարցերը և ստացան լիարժեք պատասխաններ:
Ապա տեղի ունեցավ հանդիպում Կիրառական արվեստի ֆակուլտետում, որտեղ ֆակուլտետի դեկան Ա.Մարգարյանը և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները Ռուսաստանից ժամանած հյուրերին ներկայացրին ֆակուլտետի ամբիոնները (Դեկորատիվ-կիրառական արվեստի և դիզայնի, Գծանկարի, գունանկարի և քանդակի), մասնագիտությունները («Կիրառական արվեստ», «Դիզայն») և արվեստանոցները (գծանկարի և գունանկարի, տեքստիլի, դիզայնի, խեցեգործության, քանդակի և այլն):
Արվեստանոցներում հյուրերը տեղում ականատես եղան աշխատանքների ստեղծագործական պրոցեսին, դրանց ստեղծման տեխնիկային: Նրանք մեծապես տպավորվեցին ֆակուլտետի ուսանողների և շրջանավարտների բազմաժանր (գոբելեն, գեղանկար, վիտրաժային նկարչություն, փայտի գեղարվեստական մշակում, բոլորաքանդակ, բատիկա, ասեղնագործություն և այլն) ստեղծագործություններով, որոնց մի մասը ցուցադրված էր ֆակուլտետում, իսկ մյուս մասը՝ Իջևանի քաղաքային պատկերասրահում:
Կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների համար պատվիրակության անդամ, ՌԴ վաստակավոր նկարիչ Իրինա Կորշունովան տվեց վարպետության դաս:
Նախ՝ շնորհանդեսի ուղեկցությամբ տեսականորեն ներկայացրեց Գժելում թողարկվող կերամիկական արտադրության պատմությունը, ուսանողներին ծանոթացրեց իրենց համալսարանում դրա ստեղծման, մշակման տեխնիկային, իրենց կողմից ստեղծված և արտադրության մեջ դրված զարդանախշերին:
Այնուհետև այդ նախշերից մեկը վարպետ ձեռքով վրձնեց ներկաների համար՝ արժանանալով բոլորի հիացմունքին:
Վարպետության դասից հետո մասնաճյուղի աշխատակիցները հյուրերին ուղեկցեցին Իջևանի քաղաքային պատկերասրահ՝ նրանց ծանոթացնելով մասնաճյուղի դասախոսների և ուսանողների՝ այնտեղ ցուցադրված աշխատանքներին:
Ապա ԳՊՀ-ի պատվիրակության ներկայացուցիչներն այցելեցին Իջևանում տեղադրված` Հայոց ցեղասպության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր, ծաղիկներ դրեցին հուշարձանին, եղան Իջևանի պատմաերկրագիտական թանգարանում, ծանոթացան ցուցանմուշների հետ, նրանց գրավեցին հատկապես թանգարանում պահվող բրոնզեդարյան մի շարք բացառիկ նմուշներ:
Գժելի պետական համալսարանի ներկայացուցիչները ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից հեռացան ջերմ տպավորություններով, հույզերով, համագործակցության ծրագրերի նախագծերով և ԵՊՀ ԻՄ-ի ներկայացուցիչների պատասխան այցի սպասումով:
2016թ. ապրիլի 28-ին ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետում զեկուցում կարդաց «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողուհի Աղավնի Օրդինյանը:
Ներկա էին ֆակուլտետի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:
Զեկուցման թեման էր «Հողային պաշարների օգտագործման ծրագրավորումը»:
Զեկուցողը նշեց, որ հողային պաշարների օգտագործման ծրագրավորումն իրականացվում է սոցիալ-տնտեսական, հողաշինարարական, քաղաքաշինական, բնապահպանական ծրագրերի և այլ փաստաթղթերի հիման վրա՝ տարածքների զարգացման հեռանկարը որոշելու նպատակով:
Ներկայացվեց, որ հողերի մոնիթորինգը հողի գնի վիճակի և գնի վերաբերյալ դիտարկումների, հետազոտությունների ու հետախուզումների համակարգ է, որը ներառում է նաև հողերի վրա ամրակայված գույքի մոնիթորինգը։ Հայաստանի Հանրապետության բոլոր հողերը մոնիթորինգի օբյեկտ են։
Վերջում իրականացվեց ակտիվ քննարկում՝ դասախոսների և ուսանողների մասնակցությամբ:
2016թ. ապրիլի 28-ին ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետում տեղի ունեցավ ինտելեկտուալ խաղ, որը կազմակերպվել էր «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի հումանիտար հոսքի համակարգող Մերի Գասպարյանի գլխավորությամբ:
Ինտելեկտուալ խաղի անցկացումը նպատակ ուներ հագեցնելու ակումբականների առօրյան, զարգացնելու նրանց միտքն ու հարստացնելու գիտելիքները:
Մշակվել էին ավելի քան 50 հետաքրքրական հարցեր, ինչպես պատմության, գրականության, մշակույթի բնագավառներին առնչվող, այնպես էլ տրամաբանական:
Խաղին մասնակցեցին մասնաճյուղի տարբեր ֆակուլտետների ուսանողներ:
Ինտելեկտուալ խաղն անցավ մրցակից թիմերի («Արարատ» և «Արմենիա») միջև համառ պայքարում:
Այն ավարտվեց ոչ ոքի՝ 45-45 հաշվով. երկու թիմերին էլ տրվեցին պատվոգրեր ակտիվ և հետաքրքիր խաղի համար:
ԵՊՀ ԻՄ-ի «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի կողմից նման միջոցառումների կազմակերպումը դարձել է ավանդույթ և կրելու է շարունակական բնույթ:
2016թ. ապրիլի 28-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը հանդիպում ունեցավ Գետահովիտի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտների հետ:
Հանդիպմանը մասնակցում էին նաև ԵՊՀ ԻՄ-ի մասնագիտական կողմնորոշման և պրակտիկայի կազմակերպման բաժնի վարիչ Վ.Աղաբաբյանը, դպրոցի տնօրենը և ուսուցիչներ:
Հանդիպման նպատակն էր բուհի անունից շնորհակալություն հայտնել ուսուցչական կազմին և աշակերտներին` օրեր առաջ մասնաճյուղում կայացած օլիմպիադային ակտիվորեն մասնակցելու, գերազանց արդյունքներ ցուցաբերելու, մրցանակային տեղեր գրավելու կապակցությամբ:
Մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը, ողջունելով հաղթողներին, նշեց, որ ինքը ևս լինելով այդ դպրոցի շրջանավարտ, հպարտանում է դպրոցի աշակերտների յուրաքանչյուր հաջողությամբ:
Ծավալվեց հետաքրքիր զրույց-քննարկում`ուսուցիչների և աշակերտների մասնակցությամբ:
Պարոն Առաքելյանը աշակերտներին նաև կոչ արեց հետևողական լինել մասնագիտությունների ընտրության հարցում, քանի որ դրանով են պայմանավորված հետագայում նրանց մասնագիտական ձեռքբերումները:
Դպրոցի տնօրենը, գոհունակություն արտահայտելով համալսարանականների այցելության առիթով, մասնաճյուղի հետ համագործակցելու մեծ պատրաստակամություն հայտնեց: