2016թ. ապրիլի 23-ին՝ Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին ընդառաջ, Իջևանում տեղի ունեցավ մոմավառություն ու ջահերով երթ՝ Իջևանի քաղաքային շատրվանների հրապարակից դեպի Ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
Երթին իրենց ակտիվ մասնակցությունն ունեցան ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողական կառույցների անդամներ, ուսանողներ, աշխատակիցներ, բազմաթիվ քաղաքացիներ, մարզի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Մասնակիցները վառվող ջահերով, մոմերով, դրոշներով, պաստառներով ու օդապարիկներով ուղևորվեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու 1915թ. 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակին:
Երթի ընթացքում մասնակիցները վանկարկում էին ազգային-հայրենասիրական խոսքեր ու արտահայտություններ, պահանջում Հայ դատի արդարացի ճանաչում:
Վերջում ուսանողները օդապարիկները բաց թողեցին երկինք:
2016թ. ապրիլի 22-ին Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտում տեղի ունեցավ ուսանողական հանրապետական գիտաժողով՝ նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին:
Գիտաժողովին մասնակցեցին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի շուրջ մեկ տասնյակ ուսանողներ՝ բանասիրության, հոգեբանության, բնագիտության ու աշխարհագրության բնագավառներին վերաբերող իրենց զեկուցումներով:
Մեծ թիվ էին կազմում բանասիրական ուղղվածության զեկուցումները:
Գոհար Շահնազարյանի և Սուսաննա Մարդումյանի՝ «Բանահյուսական ժանրային տեսականին մերօրյա Տավուշում» համահեղինակային հոդվածը նվիրված էր Տավուշում դեռևս կենսունակ բանահյուսական ժանրերին:
Իջևանի խոսվածքի քննությանն էր նվիրված Ալբինա Սարհատյանի «Իջևանի խոսվածքի բառակազմական առանձնահատկությունները» հոդվածը:
Իսկուհի Շաղբաթյանը ներկայացրեց «Անեծքների և օրհնանքների չանհետացող ազդեցությունը» թեմայով զեկուցում, որտեղ ընդգծվում էր խոսքի ուժը, անեծքների և օրհնանքների ազդեցության նկատմամբ ժողովրդի ունեցած հավատն ու վերաբերմունքը: Զեկուցողը հավաքել էր նաև մեր տարածաշրջանի անեծքներ ու օրհնանքներ, որոշ սկզբունքերով խմբավորել և տվել մեկնաբանություններ:
Վանուհի Աղինյանի զեկուցումը նվիրված էր Ղ.Աղայանի «Արություն և Մանվել» վեպում առկա ավանդություններին ու ավանդազրույցներին:
Մերի Սարգսյանի «Մամիկոնյան տոհմի հերոսները ըստ Խորենացու և Բուզանդի» հոդվածը քննության էր առնում Մամիկոնյան տոհմի ծագման, դերի և նշանակության մասին V դարի պատմագրության մեջ առկա տեսակետները:
Աղավնի Օրդինյանը հանդես եկավ կադաստրային գործի առանձնահատկությունների վերաբերյալ զեկուցումով, իսկ Ալվինա Գևորգյանը ներկայացրեց «Ամբողջ ֆունկցիաներ» թեմայով զեկուցում, որտեղ քննության էր առնված ամբողջ ֆունկցիան, նրա զրոները, մի շարք հատկություններ, բերվել էին օրինակներ ինչպես իրական հարթության վրա, այնպես էլ կոմպլեքս հարթությունում, ինչպես նաև ապացուցվեց Պիկառի՝ կոմպլեքս հարթության վրա գործող թեորեմը:
Հոգեբանության ենթաբաժնում Ալբերտ Զուրաբյանը ներկայացրեց «Հակասոցիալական վարքի սոցիալ-հոգեբանական առանձնահատկությունները սահմանամերձ գոտու դպրոցականների մոտ» թեմայով զեկուցում, իսկ Արմինե Բաբայանը՝ «Ամուսնաընտանեկան ճգնաժամերի հոգեբանական վերլուծությունը» թեմայով:
Գիտաժողովի մասնակիցներին տրվեցին վկայագրեր:
Նախատեսվում է լավագույն աշխատանքները տպագրել:
Գիտաժողովից հետո ԵՊՀ ԻՄ-ի ուսանողները Գյումրու Յոթ Վերք եկեղեցում մասնակցեցին պատարագի, եղան Վարպետաց փողոցում, Հովհ. Շիրազի տուն-թանգարանում:
ԵՊՀ-ի մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ ԵՊՀ-ում և ՀՀ բոլոր մարզերում կայացած ամենամյա 8-րդ «ԵՊՀ օլիմպիադա-2016»-ին մասնակցել էին Տավուշի մարզի 32 դպրոցների ավելի քան 300 աշակերտներ:
Նրանցից 60-ն էին հաղթահարել մարզային 1-ին փուլի փորձությունը և մասնակցել 2-րդ փուլին, որն անց էր կացվել ԵՊՀ-ում:
Ամփոփելով աշխատանքների արդյունքները՝ II կարգի դիպլոմների արժանացան 4, III կարգի` 3 և գովասանագրերի 13 տավուշցի դպրոցականներ:
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մասնագիտական կողմնորոշման և պրակտիկայի կազմակերպման բաժնի կողմից կազմակերպվեցին հանդիպումներ բոլոր այն դպրոցներում, որոնցում սովորող դպրոցականները հաջողությամբ էին մասնակցել օլիմպիադային և ցուցաբերել բարձր արդյունքներ:
Հանդիպումների ընթացքում պատվոգրեր հանձնվեցին օլիմպիադայի ընթացքում բարձր միավորներ ստացած աշակերտներին:
Լավագույն մասնակցության և բարձր առաջադիմության համար ԵՊՀ ռեկտորի կողմից հատուկ շնորհակալագրով պարգևատրվեց Դիլիջանի ավագ դպրոցը:
Հանդիպումների ընթացքում բաժնի վարիչ Վ.Աղաբաբյանը ներկայացրեց ԵՊՀ գիտխորհրդի նոր որոշումը, ըստ որի՝ ԵՊՀ-ի ամենամյա օլիմպիադայում 1-3-րդ տեղերը զբաղեցրած աշակերտները վճարովի ուսուցման համակարգով ԵՊՀ ընդունվելու դեպքում առաջին կուրսում կստանան ուսման վարձի զեղչ՝ համապատասխանաբար 50, 40 և 30%-ով:
2016թ. ապրիլի 16-29-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում անցկացվում են ավարտական աշխատանքների նախապաշտպանություններ:
Ավարտական կուրսերի ուսանողները ներկայացնում են իրենց աշխատանքների կատարողականի մասին, մինչև պաշտպանությունը մասնագիտական ամբիոնների դասախոսների կողմից ստանում համապատասխան ցուցումներ՝ բացթողումները շտկելու, պաշտպանությանն ավելի ամբողջական ձևով ու պատշաճ ներկայանալու նպատակով:
Առանձնակի ուշադրություն է դարձվում ավարտական աշխատանքներին ներկայացվող պահանջներին՝ թեմայի և բովանդակության համապատասխանությանը, աշխատանքի արդիականությանը, ինքնուրույնության աստիճանին, որոշակի նորամուծությանը, խնդրի խոր և համակողմանի ուսումնասիրությանը, տեսականի և գործնականի համադրությանը, նյութի տրամաբանական շարադրանքին, ինչպես նաև աշխատանքի ներկայացման ձևին և այլն, թե որքանով են ուսանողները հետևել սահմանված չափանիշներին ու իրականացրել դրանք:
Ընդհանուր առմամբ մասնաճյուղում նախապաշտպանության փուլի համար ավարտական աշխատանքների կատարման ընթացքը կարելի է համարել բավարար: