
Արդյոք մի բան հասկանո՞ւմ եք հայից… Որքա՜ն տարօրինակ, հանելուկային արարած: Որքա՜ն խաբուսիկ: Երևույթը, ո՛չ ինքը: Բայց և ի՞նչ է ինքը, իր նկարագիրը: Զո՛ւտ աշխատանք, որոնում ես իր ինքնությունը, գտնում, բայց և իսկույն տեսնում ես, որ դա էլ նորից երևույթ էր: Անհանգիստ դեմք ունի, չի թողնում նկարես։ …Թվով գրեթե ամենափոքրն է, տառապանքով՝ ամենամեծը, ժամանակով ամենահինն է, վիճակով՝ ամենից անփոփոխը։ Ամենից աննպաստը իր երկրի դիրքն է, ինքը ամենի՛ց համառ կառչեց նրան։ Որքա՜ն անհույս է թվում իր ապագան, բայց և որքա՜ն հուսացող է նա։ Ասենք՝ իր կյանքում երկու բան բնավ չտեսավ. մեկ՝ բախտ, մեկ էլ հուսահատություն։ Ինչպե՞ս ճանաչես նրան, ինչպե՞ս չափես։ Իր չափը չափազանցն է. զարմանա՜լի հավասարակշռություն, որ ծայրահեղության մեջ է։
Ահա՛ նայիր այս բեռնակրին. ի՞նչ է սա… մեջքին մի սար բեռ՝ ճկվում է, մեջքը կոտրում։ …Որքա՜ն ուժ, որքա՜ն աշխատասիրություն։ Ի՞նչ է միտքը. մի փոքրիկ գումար հավաքի, գնա, խանութ բաց անի։ Մարդը իր հացի և իր գործի տերն է ուզում լինել և ո՛չ թե սրա-նրա ծառան։ Եվ արդեն հայ նշանակում է տեր…
Տեսե՞լ եք նրա բնակարանը, խլուրդի ծակուռ… Բայց անցիր նրա երկրով… Ի՜նչ հիասքանչ վանքեր, հոյակապ աշտարակներ, գողտրիկ խաչքարեր։ Հավատալ կարելի՞ է, թե ինքն է շինել այդ բոլորը։ …Լցրել է իր երկիրը եկեղեցիներով, բայց տարին մի անգամ չի մտնում աղոթելու, աղոթք չի անում առօրյա կյանքում, … բայց այս չաղոթող ցեղի Նարեկացու շուրթերից թռավ աղոթքի ամենաբարձր թռիչքը առ Աստված…
Տանել չի կարողանում ծես, ձև, աստիճան, քաղաքավարություն։ Ռամիկ է գերազանցապես։ …Քաղաքականության մեջ մի բանում է շատ հոգածու՝ անկեղծ լինել։ Այնքան անկեղծ է և միամիտ, որ անկասկածելի խորամանկի և կեղծավորի տպավորություն է թողնում:…
Խենթ է և խոնարհ՝ իր Սասունցի Դավթի նման և անսպասելի ըմբոստ, հարվածող նրա պես։ …Երբ վրա է հասնում գերագույն վտանգը, հերոսանում է հանկարծ և ծառանում վիշապի նման։ Բարի է առհասարակ, շոյի՛ր, և կկողոպտվի, բայց և, առհասարակ, ինքն է բարեկամ քեզ, իսկ քո բարեկամությունը վանում է։ …Հայը գտնում է հնարը ատելություն առաջ բերելու։ Տաղանդ է՝ իր դեմ ատելություն ստեղծելու։ Ուրիշի հաջողության մեջ նախանձոտ է… Եթե գժտվեց մեկի հետ, ոխակալ է, ինչպես ուխտ: Ամեն հայ մի հայ ունի, որի հետ թշնամի է մինչև մահ։ Սա նրա անհրաժեշտությունն է։ Անկարգ է և անիշխանական թե՛ հասարակության, թե՛ պետության, և թե՛ գաղափարների մեջ։
Ուր հեղափոխություն՝ այնտեղ հայություն։ Բայց իբրև «ական»՝ ծայրահեղական է։
…Կոտորածներից ամենազարհուրելին ինքը տեսավ և չխրատվեց։
…Հայի ամենամեծ առաքինությո՞ւնն ես ուզում, ամենաներողամիտ ցեղը աշխարհիս մեջ։ …Չի՛ ուզում, որ իրեն դիպչեն, մոտենան, սիրեն թեկուզ։ Նա մեկուսի է, խստակյաց, բարի և ազատասեր։
…Ինձ թվում է, թե մի շատ մեծ վիրավորանք կա հայի սրտի խորքում թաքնված… դա այն արծվի վիրավորանքն է, որին ցած են բերել բարձր լեռներից։ Թպրտում է, ընկնում քարի, աղբի մեջ, կեղտոտվում, թևերը կոտրում։ Կերակուր ես մեկնում՝ չի՛ ուզում։ Չի սիրում ո՛չ ստրկություն, ո՛չ երջանկություն, գերադասում է տառապանք և ազատություն։ Մաղձոտ է, մեկուսի, բայց չունի գծուծ ատելություն, որ բարձր լեռներին անծանոթ զգացում է։ Գերի արծվի խոր վիշտն է իր սրտի մեջ։ Սա Հայկն է, որին զրկել են իր կյանքի միակ պայմանից՝ ազատությունից։
«Ոչինչ չեմ ուզում ձեզնից, – ասում է նա իր նեղիչներին, – ձեզ լինի ձեր լուծը, ձեզ լինի ձեր երջանկությունը, գնացե՛ք, ապրեցե՛ք խաղաղ և երջանիկ։ Եթե դուք սիրում եք կյանքը, ես սիրում եմ կյանքից ավելի թանկ բանը՝ Ազատությունը…»։
Դերենիկ Դեմիրճյան, «Հայը» ակնարկը (կրճատումներով, որոշ փոփոխություններով)
2018-19 ուստարվա վերջում «Էդիթ պրինտ» հրատարակչությունը լույս ընծայեց ԵՊՀ ԻՄ-ի տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ, արվեստաբան-գծանկարիչ, ՀՀ լրագրողների և ՀՀ նկարիչների միությունների անդամ Լևոն Լաճիկյանի (Լաչիկյանի)՝ «Գյումրի, իմ սեր» խորագրով գրաֆիկական թերթերի հավաքածուն:
Վերջինս պարունակում է այդ հայաշունչ ոստանը պատկերող 24 բացիկ, որոնք հին քաղաքին ուղղված նոր հայացք են:
Հավաքածու-ալբոմին կցված եռալեզու (հայերեն, ռուսերեն ու անգլերեն) առաջաբանում տրված է հինավուրց այդ բնակավայրի ամփոփ պատմությունը, որն սկսվում է Ք.ա. III հազարամյակից և ձգվում մինչև մեր օրերը: Հավաքածուի առաջաբանում մասնավորապես նշված է, որ Գյումրին քաղաքի կարգավիճակ ստացել է 1837թ., երբ հաստատվել է առաջին հատակագիծը՝ համահունչ ժամանակի քաղաքաշինական սկզբունքներին: XIX դարավերջին արդեն այն Անդրկովկասի երրորդ ամենամեծ առևտրական ու մշակութային կենտրոնն էր՝ Բաքվից ու Թիֆլիսից հետո: Պարզվում է նաև, որ Գյումրու անշփոթելի դիմագիծը կազմավորել են Կարինից, Կարսից, Մուշից ու Բասենից գաղթած վերաբնակները, ովքեր շարունակելով Արևմտյան Հայաստանի շինարարական հարուստ ավանդույթները՝ կառուցել են մեկը մյուսից տպավորիչ շինություններ, եկեղեցիներ ու փողոցներ: Մյուս կողմից էլ Գյումրին ժառանգորդն է քաղաքամայր Անիի:
Նույն առաջաբանում կարդում ենք. «Արվեստաբան-նկարիչ Լևոն Լաճիկյանն իր գծանկարների միջոցով անթաքույց սեր է փոխանցում առ Գյումրի՝ վերստեղծելով հայրենի քաղաքի պատմամշակութային անկրկնելի միջավայրը և հյուսելով հինավուրց այդ ոստանի նոր դիմապատկերը: Բացիկների այս հավաքածուն նոր հայացք է հին Գյումրուն, որ հավելյալ խոհեր ու վերաբերմունք է առաջացնում, միաժամանակ պարտքի նոր զգացողություն ծնում»:
Սիրով շնորհավորում ենք պարոն Լաչիկյանին և հիշեցնում, որ նա է Երևանի պետական համալսարանի բոլոր գլխավոր մասնաշենքերը պատկերող գծանկարների հեղինակը: Այդ գծանակարներից մեկն էլ զարդարում է ԵՊՀ-ի ֆեյսբուքյան էջի գլխավոր նկարը, իսկ աշնանը կայանալիք՝ Մայր բուհի 100-ամյակի տոնակատարության շրջանակներում կթողարկվի հոբելյանական նամականիշ, որի էսքիզի հեղինակը դարձյալ մեր դասախոսն է:
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Թվապատում» ամենամյա լրագրողական մրցույթի «Ես եմ մեդիան» խորագիրը ուսանողների համար է, ովքեր, չլինելով լրագրող, ստեղծում, տարածում, կամ ուղղակի ակտիվորեն սպառում են մեդիան, ովքեր ասելիք ունեն տարածվող ինֆորմացիայի, թվային ազդեցության նոր հարթակների ու միջոցների, հին ու նոր մեդիաների այսօրվա ուղերձների մասին։
Դու մեդիան ես, երբ ականջակալներումդ հետաքրքիր զրույց, երաժշտություն, պատմություն լսելով քայլում ես, երբ Ֆեյսբուքում գրառում ես անում, իսկ հետո այն տարածում են ընկերներդ, երբ նկար ես դնում Ինստագրամում, որին նմանակում են հետևորդներդ, երբ Յություբում պատմում ես քո օրվա մասին, ցուցադրում ես զգեստապահարանդ, կիսվում վախերով ու խնդիրներով, իսկ մարդիկ պատասխանում են իրենց կյանքի պատմություններով՝ մեկնաբանություններում։ Դու մեդիան ես, երբ դիտում, լսում, կարդում ու տարածում ես այս բոլորը։
Մրցույթի այս տարվա թեմաներն են`
Մրցույթին մասնակցել կարող են ՀՀ բոլոր միջին և բարձրագույն ուսումնական հաստատությունների բոլոր ֆակուլտետների ուսանողները։ Դիմելու համար պետք է մինչև հուլիսի 31-ը ներառյալ contest@mediainitiatives.am էլ. փոստի հասցեին ուղարկել`
Հաղթողներին կընտրի մասնագիտական անկախ ժյուրին: Արդյունքները կամփոփվեն սեպտեմբերին՝ «Թվապատում» մրցույթի մրցանակաբաշխության ընթացքում։ 3 լավագույն աշխատանքները կհրապարակվեն Media.am կայքում, իսկ հեղինակները կստանան մրցանակներ և վկայագրեր:
Հարցերի դեպքում դիմել Լուսինե Գրիգորյանին (010 583620, ներքին համարը՝ 110, lgrigoryan@mediainitiatives.am):
«Ես եմ մեդիան» մրցույթի նախորդ տարիների հաղթած աշխատանքները կարող եք կարդալ Media.am կայքի Vox populi բաժնում:
Մրցույթն անցկացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում: