Հարցազրույց ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտ, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ վարչական տնօրինության Բյուջեի և ներքին վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետ Նաիրի Ճաղարյանի հետ

Nairi Tshagharyan

 2019թ. հունիսի 4-ին հարցազրույց ունեցանք ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ 2013թ. շրջանավարտ, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ վարչական տնօրինության Բյուջեի և ներքին վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետ Նաիրի Միխայիլի Ճաղարյանի հետ:

Խնդրում եմ՝ նշեք Ձեր ծննդյան թիվը և վայրը:
– Ծնվել եմ 1992թ. օգոստոսի 10-ին գեղատեսիլ Տավշո աշխարհի Իջևան քաղաքում:

– Պատմեք, խնդրում եմ, Ձեր ընտանիքի մասին:
– Ծնողներս Տավուշի մարզից են: Մայրս Սևքար գյուղից է, հայրս՝ Ենոքավան գյուղից: Մայրս՝ Դոնարա Փաշինյանը, արդեն երկար տարիներ աշխատում է ՀՀ Տավուշի մարզպետարանում՝ որպես Վարչատնտեսական բաժնի վարիչ: Ես ամուսնացած չեմ:

– Փոքր հասակում ի՞նչ եք երազել դառնալ:
– Փոքր հասակում երազանքներս շատ էին մասնագիտության ընտրության հարցում, և դրանք գրեթե ամեն օր փոխվում էին՝ կախված շրջապատող իրադրությունից: Առաջին երազանքս, որ հիշում եմ, ցանկանում էի դառնալ հրշեջ (որպեսզի կարողանամ վարել կարմիր հրշեջ մեքենա): Հիշում եմ՝ առաջին դասարանն ավարտելիս դասվարս հանձնարարել էր մեզ գրել շարադրություն՝ «Ի՞նչ ենք ուզում դառնալ, երբ մեծանանք» թեմայով: Խոստացել էր գրված շարադրությունները ծրարավորել և դպրոցն ավարտելիս՝ վերջին զանգին, հանձնել մեզ: 10 տարվա ընթացքում արդեն բոլորս էլ մոռացել էինք շարադրությունների բովանդակության մասին, և քաղցր հուշ էր 10 տարի անց ընթերցելու գրվածը: Այդ շարադրության մեջ գրել էի, որ ցանկանում եմ դառնալ ոստիկան (երևի նրա համար, որ մորեղբայրներս ոստիկան էին և նրանցով էի ոգեշնչված):

– Ի՞նչ կրթություն եք ստացել:
– Միջնակարգ կրթությունս ստացել եմ Իջևանի թիվ 5 դպրոցում: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել եմ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնտեսագիտության ֆակուլտետ: Բակալավրի կրթական աստիճան ստանալուց հետո ուսումս շարունակել եմ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի մագիստրատուրայում՝ «Ֆինանսաներ, դրամաշրջանառության և վարկ» մասնագիտությամբ:

– Ի՞նչ դեր է խաղացել ԵՊՀ ԻՄ-ում ստացած կրթությունը Ձեր կյանքում:
– ԵՊՀ ԻՄ-ի դերը իմ մասնագիտական կայացման փուլում անգնահատելի է. հիանալի պրոֆեսորադասախոսական անձնակազմ, որակյալ կրթություն ստանալու համար ստեղծված լավ պայմաններ, որոնք հնարավորություն տվեցին ինձ գերազանցությամբ շարունակելու և ավարտելու մագիստրատուրան:

– Ի՞նչ աշխատանքային փորձ ունեք:
– Բակալավրում սովորելու տարիներին զբաղվել եմ ակտիվ հասարակական գործունեությամբ՝ նախ ԵՊՀ ԻՄ-ի տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ, ապա 2012-2013 թվականներին՝ ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական խորհրդի նախագահ:
Մագիստրատուրայում սովորելու 2-րդ կուրսում՝ 2014-2015 թթ., ժամավճարային հիմունքներով որպես դասախոս աշխատել եմ ԵՊՀ ԻՄ-ի տնտեսագիտության ֆակուլտետում՝ վարելով «Տնտեսագիտության տեսություն», «Համաշխարհային տնտեսագիտություն» դասընթացների սեմինարները:
2017թ. հոկտեմբերից առ այսօր աշխատում եմ ՀՀ տարածքում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայություններ մատուցող ֆրանսիական «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ում՝ որպես վարչական տնօրինության Բյուջեի և ներքին վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետ:

– Ո՞րն է Ձեր ամենասիրելի գիրքը:
– Հիմնականում ընթերցում եմ մասնագիտական գրականություն, գեղարվեստական գրականություն, ցավոք, ժամանակի սղության պատճառով շատ քիչ եմ ընթերցում: Իմ ամենասիրելի գեղարվեստական գիրքը Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր. անատոլիական պատմություն» վեպն է:

– Ո՞րն է Ձեր կարդացած վերջին գիրքը:
– Կարդացածս վերջին գիրքը ընկերոջս՝ Անդրանիկ Իսրայելյանի կողմից թարգմանված և «Նյու մեգ» հրատարակչության կողմից հրատարակված թուրք անվանի պատմաբան, ցեղասպանագետ Թաներ Աքչամի «Սպանության հրամաններ» գիրքն է:

– Ի՞նչ երաժշտություն եք նախընտրում, և ո՞րն է Ձեր սիրած երգը:
– Ես ռետրո ոճի երաժշտության սիրահար եմ, կարծում եմ՝ երաժշտությունը և խոսքային բովանդակությունը լավագույնս արտահայտվել է նախորդ դարի 80-90-ական թվականների երաժշտության մեջ: Սիրածս երգը “Scorpions” խմբի “Wind of Change” երգն է:

– Ո՞րն է Ձեր սիրած ֆիլմը:
– Սիրածս ֆիլմը Ուիլլ Սմիթի դերակատարմամբ “The pursuit of happiness” («Հաջողության հետապնդումը») ֆիլմն է:

– Ունե՞ք նախընտրելի մարզաձև:
– Նախընտրում եմ դիտել ֆուտբոլ, հատկապես, երբ խաղում է Հայաստանի ազգային հավաքականը և իսպանական Ռեալ Մադրիդը (երկրպագում եմ 2003 թ.-ից սկսած):
Սիրածս մարզաձևը, որով զբաղվել եմ երկար տարիներ, ձգումներ և պտույտներ պտտաձողի վրա (Street workout) մարզաձևն է:

– Ո՞րն է Ձեր սիրած վայրը Հայաստանում և արտերկրում:
– Արտերկրում չեմ եղել, իսկ Հայաստանում, համոզված եմ նաև ամբողջ աշխարհում, իմ ամենասիրելի վայրը ծննդավայրս է՝ Իջևանը:

– Ո՞ր հատկանիշներն եք գնահատում մարդկանց մեջ:
– Մարդկանց մեջ ամենաշատը գնահատում եմ ազնվությունը, բարությունը, պատասխանատվության զգացումը և ճշտապահությունը:

– Ունե՞ք նախընտրած ասույթ կամ կարգախոս, որով առաջնորդվում եք:
– Նախընտրածս կարգախոսը, որով էլ փորձում եմ առաջնորդվել իմ կյանքում, Կոնֆուցիոսի ձևակերպած միտքն է. «Մի՛ արա ուրիշներին այն, ինչ չես ցանկանա, որ անեն քեզ»:

– Ի՞նչ երբեք չեք անի:
– Երբեք օդապարիկով չեմ թռչի:

– Ինչի՞ց եք վախենում:
– Վախենում եմ հարազատ մարդու և նրա նկատմամբ ունեցած վստահության կորստից:

– Ինչի՞ համար եք ափսոսում:
– Ափսոսում եմ կյանքի որոշակի փուլերին և պահերին չարտահայտած/չասած մտքերի և խոսքերի համար:

– Ի՞նչն է օգնում Ձեզ որոշում կայացնել դժվարին իրավիճակներում:
– Հարազատ մարդկանց խորհուրդները:

– Ի՞նչն եք համարում Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը:
– Ներկայումս իմ ամենամեծ ձեռքբերումը վստահելի և հավատարիմ ընկերներս են, ընկերներ՝ տվյալ բառի ամբողջական բովանդակությամբ և էությամբ:

– Ո՞րն է հաջողության հասնելու Ձեր բանաձևը:
– Կարծում եմ՝ յուրաքանչյուրիս հաջողության հասնելու հիմքում պետք է ընկած լինեն աշխատասիրությունը, նպատակասլացությունը, հավատը սեփական ուժերի նկատմամբ, ճիշտ ժամանակին, ճիշտ վայրում գտնվելը, ինքդ քո նկատմամբ խիստ պահանջներ դնելը, երբեք ձեռքբերվածով չբավարարվելը և ցանկացած ձախողումը որպես կյանքի նոր դաս ընկալելը:

– Ո՞րն է Ձեր ստացած ամենաթանկ խորհուրդը:
– Մայրս է տալիս ինձ ամենաթանկ խորհուրդները, որոնցից ցանկանում եմ առանձնացնել հետևյալները. «Յուրաքանչյուր, նույնիսկ ամենաչնչին որոշում կայացնելիս խորը դատի՛ր իրավիճակը, մշտապես գնահատի՛ր հնարավոր ռիսկերը և հետևանքները», «Երբեք որոշում մի՛ կայացրու նյարդայնացած ժամանակ և պահի ազդեցության տակ»:

– Ո՞րն է այն հիմնական խորհուրդ-պատգամը, որ Դուք կտաք երիտասարդներին (մասնավորապես՝ ԵՊՀ ԻՄ-ի ուսանողներին):
– Խորհուրդը, որ կցանկանայի տալ մասնավորապես ԵՊՀ ԻՄ-ի ուսանողներին, հետևյալն է՝ երբեք չբավարարվել ձեռք բերված գիտելիքներով, մասնագետ դառնում են միայն ու միայն ինքնակատարելագործման, ինքնակրթման ճանապարհով, այսօրվա ինֆորմացիան (ստացած գիտելիքը) վաղը կարող է արդեն հնացած լինել:
Սիրելի՛ ուսանողներ, մշտապես եղե՛ք տեղեկացված և ձգտե՛ք ավելիին:

– Շնորհակալ ենք ուշագրավ հարցազրույցի համար:

Հարցազրույցը վարեց ԵՊՀ ԻՄ-ի հասարակայնության հետ
կապերի և մամուլի պատասխանատու Հասմիկ Վանյանը:

Hasmik-Vanyan_Samveli

ԵՊՀ ԻՄ-ում ավարտվեց առկա ուսուցման՝ 2018-2019 ուստարվա ամփոփիչ ատեստավորումը

IMG_3434

 2019թ. մայիսի 18-ից հունիսի 1-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ընթացավ առկա ուսուցման 2018-2019 ուստարվա ամփոփիչ ատեստավորումը (առկա ուսուցման ավարտական աշխատանքների պաշտպանությունները)՝ 11 մասնագիտության գծով:

ԵՊՀ ԻՄ-ի ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանի հավաստմամբ՝ ամփոփիչ ատեստավորման գործընթացն անցկացվել է սահմանված կարգով, ըստ հաստատված ժամանակացույցների. ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների նախագահները և անդամները, դասախոսները և ուսանողները ավարտական աշխատանքների պաշտպանություններին մոտեցել են ամենայն պատասխանատվությամբ:

2019թ. մայիսի 18-ին տեղի ունեցավ «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության ավարտական աշխատանքների պաշտպանությունը:

Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Տեղեկատվական, հաղորդակցական տեխնոլոգիաների և էլեկտրոնիկայի ինստիտուտի ալգորիթմական լեզուների և ծրագրավորման ամբիոնի դոցենտ, տեխն. գիտ. թեկնածու Նարինե Ալբերտի Կոսյանը:                  

Նույն օրը կայացավ «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության ավարտական աշխատանքների պաշտպանությունը:

Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ֆրանսերեն լեզվի ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Մելանյա Սմբատի Ղազարյանը:

Մայիսի 22-ին տեղի ունեցավ «Կիրառական արվեստ» մասնագիտության ավարտական աշխատանքների պաշտպանությունը:

Հանձնաժողովը գլխավորում էր «Տերյան» մշակութային կենտրոնի տնօրեն, ՀՀ ՆՄ և ՀՀ ԴՄ անդամ, արվեստագիտության թեկնածու Լիլիթ Ռաֆայելի Մելիքյանը:

Մայիսի 23-ին կայացավ «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության ավարտական աշխատանքների պաշտպանությունը:

Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, բան. գիտ. դոկտոր Վարդան  Գևորգի Դևրիկյանը:

Մայիսի 24-ին տեղի ունեցավ «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության ավարտական աշխատանքների պաշտպանությունը:

Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի լեզուների ամբիոնի վարիչի պաշտոնակատար, բ.գ.թ., դոցենտ Լուսինե Արմենի Հարությունյանը:          

Մայիսի 25-ին կայացավ «Պատմություն» մասնագիտության ավարտական աշխատանքների պաշտպանությունը:

Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական hամալսարանի համաշխարհային պատմության ամբիոնի պրոֆեսոր, պ.գ.թ, Գագիկ Սուրենի Հարությունյանը:      

Նույն օրը տեղի ունեցավ «Հոգեբանություն» մասնագիտության ավարտական աշխատանքների պաշտպանությունը:

Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային  կենտրոնի  դեկան, հոգեբ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Նաիրա Ռաֆիկի Հակոբյանը: 

Նույն օրը կայացավ և «Սերվիս» մասնագիտության ավարտական աշխատանքների պաշտպանությունը:

Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի զբոսաշրջության  ֆակուլտետի դեկան, աշխ. գիտ. թեկնածու Գոռ Սուքիասի Մանասյանը:

Մայիսի 25-ին տեղի ունեցավ նաև «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտության ավարտական աշխատանքների պաշտպանությունը:

Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի հողաշինարարության և հողային կադաստրի ամբիոնի վարիչ, տեխն. գիտ. թեկնածու, դոցենտ Դավիթ Ալեքսանդրի    Սողոմոնյանը:

Մայիսի 27-ին կայացավ «Դիզայն» մասնագիտության ավարտական աշխատանքների պաշտպանությունը:

Հանձնաժողովը գլխավորում էր «Տերյան» մշակութային կենտրոնի տնօրեն, ՀՀ ՆՄ և ՀՀ ԴՄ անդամ, արվեստագիտության թեկնածու Լիլիթ Ռաֆայելի Մելիքյանը:

Հունիսի 1-ին տեղի ունեցավ «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության ավարտական աշխատանքների պաշտպանությունը:

Հանձնաժողովը գլխավորում էր ՀՀ կենտրոնական բանկի վիճակագրության վարչության պետ, տ.գ.թ. Գագիկ Գրիգորի Աղաջանյանը:

Բոլոր լուսանկարները տե՛ս Պատկերասրահում:

 

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Գիտական խորհրդի հերթական նիստը

DSCN8820

 2019թ. հունիսի 1-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Գիտական խորհրդի նիստ, որին մասնակցում էին ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Մենուա Սողոմոնյանը, ԵՊՀ գիտական քարտուղար Լևոն Հովսեփյանը, գիտխորհրդի անդամներ: Նիստը վարում էր ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա. Վ. Ցուցուլյանը:

ԵՊՀ ԻՄ-ի գիտխորհրդի նիստում քննարկվեցին օրակարգով նախատեսված հետևյալ հարցերը.

  1. ԵՊՀ ԻՄ-ի ՄՌԿ բաժնի գործունեության մասին (զեկուցող՝ ՄՌԿ
    բաժնի վարիչի պաշտոնակատար Վ. Եգանյան):
  2. ԵՊՀ ԻՄ-ի արտաքին կապերի բաժնի գործունեության մասին (զեկուցող՝ Արտաքին կապերի բաժնի վարիչ Ա. Եգանյան):
  3. ԵՊՀ ԻՄ-ի տնտեսական մասի գործունեության մասին (Զեկուցող՝ Տնտեսական մասի վարիչ Վ.Սարգսյան):
  4. ԵՊՀ ԻՄ-ի հաշվապահության գործունեության մասին (զեկուցող՝ գլխավոր հաշվապահ Մ. Մխիթարյան):
  5. Ընթացիկ հարցեր.
    • ԵՊՀ ԻՄ-ի արտաքին կապերի բաժնի կանոնադրության հաստատում:
    • Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի ուսանողական նպաստների, պետական և ներբուհական կրթաթոշակների հատկացման կանոնակարգի հաստատում (նոր խմբագրությամբ):
    • Կրթական ծրագրերի հաստատում:

Յուրաքանչյուր հարցից հետո իրականացվեց քննարկում, որի ընթացքում նիստի մասնակիցները զեկուցողներին ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը, ստացան պարզաբանումներ, ներկայացրին իրենց առաջարկությունները:

Հաշվետու ժամանակահատվածում իրականացված գործունեության վերաբերյալ Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի, Արտաքին կապերի բաժնի և Տնտեսական մասի զեկուցումները նիստի ընթացքում ընդունվեցին ի գիտություն, իսկ գործունեությունը գնահատվեց բավարար:  

ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդի նիստում հաստատվեցին ԵՊՀ ԻՄ-ի արտաքին կապերի բաժնի կանոնադրությունը, Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի ուսանողական նպաստների, պետական և ներբուհական կրթաթոշակների հատկացման կանոնակարգը և ԵՊՀ ԻՄ-ի հինգ՝ «Ֆինանսներ», «Զբոսաշրջություն», «Հայոց լեզու և գրականություն», «Անգլերեն լեզու և գրականություն», «Ֆրանսերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրերը:

Գիտխորհրդի նիստի բոլոր լուսանկարները տե՛ս Պատկերասրահում: 

Խորհրդատուի ընտրության մրցույթ

 kadrovyj-konsalting-1024x682

«Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում հանրակրթության առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայման նպատակով ս.թ. ապրիլի 19-ին «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից հայտարարված ‹‹Հասարակություն, հասարակական գիտություններ››, ‹‹Լեզուներ››, ‹‹Մշակույթ››, ‹‹Ֆիզիկական և անձնային զարգացում›› ոլորտների ուղղությամբ  խորհրդատուների ընտրության մրցույթի հայտարարությունների ժամկետները երկարացվել է մինչև 2019թ. հունիսի 7-ը, ժամը 17:00-ը:

 
Աղբյուրը` edu.am