«Հայ-ֆրանսիական բարեկամություն և փոխանակում» կազմակերպության անդամները մասնաճյուղում հանդես եկան ակնարկային դասախոսությամբ

DSCN8533

 2019թ. մայիսի 22-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ «Հայ-ֆրանսիական բարեկամություն և փոխանակում» կազմակերպության անդամների՝ Ջոս Միլինեղի,  Ֆիլիպ Դրոմզենի, Լորանս Դրոմզենի հետ հանդիպում, որը նախաձեռնել էր Ֆրանսերեն լեզվի և գրականության ամբիոնը:

Հանդիպման նպատակն էր Ֆրանսիայում վերջերս տեղի ունեցած իրադարձությունների (Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհի համաշխարհային արձագանքների, Ֆրանսիայում դեղին ժիլետավորների ցույցերի և այլնի) մասին ԵՊՀ ԻՄ-ի ուսանողների համար ակնարկային դասախոսություն կարդալը:

Ներկա էին Տավուշի մարզպետի խորհրդական Նվարդ Անդրեասյանը, Ֆրանսերեն լեզվի և գրականության ամբիոնի դասախոսները, համապատասխան մասնագիտության ուսանողներ:

Նախ Ֆրանսերեն լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Աիդա Մարդանյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց հյուրերին, ովքեր ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ էին ժամանել «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողների հետ հաղորդակցվելու, տվյալ մասնագիտության վճարովի ուսուցման համակարգում սովորող ուսանողներին 2-րդ կիսամյակի կրթաթոշակները հանձնելու և ընդհանրապես ԵՊՀ ԻՄ-ի հետ հետագա համագործակցության խնդիրները քննարկելու նպատակով:

Դասախոսությունն ուղեկցվեց ակտիվ և անկաշկանդ քննարկմամբ:

Ուսանողներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին Ֆրանսիայից ժամանած հյուրերին՝ ստանալով սպառիչ պատասխաններ:

Հանդիպումից հետո հյուրերը նշեցին, որ հաճելիորեն զարմացած են ԵՊՀ ԻՄ-ի ուսանողների գեղեցիկ ֆրանսերեն խոսքից:

Ուսումնական պրակտիկայի շրջանակներում ԵՊՀ ԻՄ-ի «Պատմություն» մասնագիտության II և III կուրսի ուսանողները կատարեցին ճանաչողական այցեր

SAM_2021a

 2019թ. մայիսի 20-ին 2018-2019 ուստարվա ուսումնական պլանով նախատեսված ուսումնական պրակտիկայի շրջանակներում ԵՊՀ ԻՄ-ի «Պատմություն» մասնագիտության առկա ուսուցման II և III կուրսի ուսանողները կատարեցին ճանաչողական այցեր:

Ուսանողներին ուղեկցում էին պրակտիկայի ղեկավար, Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դասախոս Ա.Մկրտումյանը, «Պատմություն» կրթական ծրագրի ղեկավար, պ.գ.թ., դոցենտ Ն.Գրիգորյանը, ասիստենտ Ա.Ազատյանը, ՄԿՊԿ բաժնի վարիչ Լ.Բեգինյանը:

Նրանք այցելեցին Վայոց Ձորի մարզ՝ Սելիմի լեռնանցքում գտնվող Օրբելյանների իջևանատուն, Նորավանք վանական համալիր, Արարատի մարզ՝ Խոր Վիրապ եկեղեցական համալիր:

Ուսանողներին առանձնապես գրավեց Նորավանքը՝ իր գեղատեսիլ բնությամբ և եկեղեցով, Խոր Վիրապի փոսը, ուր տարիներ շարունակ բանտարկված է եղել Գրիգոր Լուսավորիչը:

Ճանաչողական այցերի ընթացքում ուսանողները ծանոթացան վերոնշյալ պատմամշակութային վայրերին, դրանց կառուցման և գործունեության պատմություններին, ճարտարապետական յուրահատկություններին:

 

Կայացավ տնօրենության հերթական նիստը

DSCN8402

 

 2019թ. մայիսի 21-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրենության հերթական նիստը, որը նախագահում էր Ա. Վ. Ցուցուլյանը:

Տնօրենության նիստում քննարկվեցին 2018-19 ուստարվա II կիսամյակի քննաշրջանի նախապատրաստական աշխատանքներին, 2018-19 ուստարվա  I կիսամյակի ուսանողական հարցումների արդյունքներին, 2019թ. հեռակա ուսուցման ընդունելության մասնագիտությունների ցանկին վերաբերող և մի շարք ընթացիկ հարցեր:

2018-19 ուստարվա II կիսամյակի քննաշրջանի նախապատրաստական աշխատանքների մասին զեկուցեցին ֆակուլտետների դեկանները՝ մասնավորապես նշելով, որ կազմվել են ընթացիկ ստուգումների, ընթացիկ քննությունների և ամառային քննաշրջանի ժամանակացույցները, դրանք քննարկվել են դասախոսների և ուսանողների հետ, սահմանված ժամկետներում ներկայացվել ՈՒՄՎ, ծրարավորվել և կնքվել են ընթացիկ քննությունների տոմսերը, թեստերը և տարբերակները:

Նույն ուստարվա I կիսամյակի ուսանողական հարցումների արդյունքների վերաբերյալ դեկանները նշեցին, որ վերհանվել են խնդիրները, և ձեռնարկվել են համապատասխան քայլեր:

2019թ. հեռակա ուսուցման ընդունելության մասնագիտությունների ցանկը (ընդունելության քննությունները, տեղերը և վարձավճարների չափը) տնօրենության անդամների քննարկմանը ներկայացրեց Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը: Այս հարցի կապակցությամբ նշվեց, որ շուրջ 5 տարի է «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտությամբ հեռակա ուսուցման համակարգում չի իրականացվել ընդունելություն: Աշխատաշուկայի պահանջների ուսումնասիրության հիման վրա առաջարկվեց 2019թ. մասնագիտությունների ցանկում ներառել «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտությունը, որը տնօրենության անդամների կողմից արժանացավ հավանության:  

 

«Քո շրթունքները ես կստեղծեմ լճային ջրաշուշանների լայն թերթիկներից, իսկ նրանց նուրբ շյուղերը կգծագրեն քո դեմքի կորագիծը, քիթն ու մազերը…». Լեոնիդ Ենգիբարյան

Leonid-Engibaryan-1132x670

 Քեզ նկարելու համար ես կընտրեմ կանաչ եղեգնյա շրջանակով հանդարտ անտառային լճակը և կսպասեմ, թե երբ կգա պայծառ սեպտեմբերյան առավոտը, և որ անպայման հաճելի բուրմունք արձակեն դաղձն ու սոճու փշերը։ Այդ ժամանակ էլ ես գործի կանցնեմ։

Սկզբում ես կնկարեմ աչքերդ, դրա համար ես հուլիսյան տաք երկնքի կապույտ պատառիկներ եմ պահել։

Կաղամախու արմատների կողքից կհավաքեմ մամուռի սև-կանաչավուն ճյուղիկներն ու զգուշությամբ կընկղմեմ ջրի մեջ. դրանք կլինեն քո թարթիչներն ու հոնքերը:

Քո շրթունքները ես կստեղծեմ լճային ջրաշուշանների լայն թերթիկներից, իսկ նրանց նուրբ շյուղերը կգծագրեն քո դեմքի կորագիծը, քիթն ու մազերը: Քիչ մնաց մոռանայի. դեմքդ աշխուժացնելու համար ինչ-որ տաք նրբերանգ է հարկավոր… Ջրի վրայով ես մասուրի նուրբ-ծիրանագույն սերմեր կսահեցնեմ: Այդպես ավելի լավ է:

Այնուհետև ես կվերցնեմ մաքուր փոքրիկ մի քար և զգուշորեն կգցեմ շրջանակի վերին անկյունը, ջրի վրա հազիվ նկատելի ալիքներ կառաջանան. դա կլինի քո ժպիտը:

Դիմանկարը գրեթե պատրաստ է:

Նաև անտառային թռչունների ծլվլոց կավելացնեմ մի քիչ, իսկ անկյուններում կքաշեմ աշնանային անտառի սարդոստայնի մի քանի թել. դա դիմանկարին հին տեսք կտա…

Լճակը կլքեմ միայն ուշ աշնանը, երբ դիմանկարդ կպատվի սառցե նուրբ ապակիով. այդ ժամանակ հանգիստ շունչ կքաշեմ:

Գարնանը անտառ կգաս ձնծաղիկ հավաքելու և քեզ կտեսնես լճում: Չզարմանաս ու չասես. «Ո՞վ է սա արել»:

Այդ ես եմ արել: Հիմա քեզ համար ամեն ինչ հասկանալի՞ է:

 

Լեոնիդ Ենգիբարյան «Քո դեմքը»

 

Կայացավ «Նորաձևության զարգացման արդի միտումները» թեմայով դաս-քննարկումը

DSCN8372

   2019թ. մայիսի 18-ին ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի հագուստի մոդելավորման արվեստանոցում տեղի ունեցավ «Նորաձևության զարգացման արդի միտումները» թեմայով դաս-քննարկումը, որը վարեց ՀՀ դիզայներների միության անդամ, անվանի դիզայներ Ֆաինա Հարությունյանը:

Քննարկմանը ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի և մասնավորապես Կիրառական արվեստի ֆակուլտետի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամներ, ուսանողներ, հյուրեր:

Դաս-քննարկման ընթացքում Ֆաինա Հարությունյանն իր առաջավոր փորձը փոխանցեց, հաջողության իր բանաձևը ներկայացրեց ԵՊՀ ԻՄ-ի «Դիզայն» և «Կիրառական արվեստ» մասնագիտությունների ուսանողներին:  

Հայտնի դիզայներն անդրադարձավ հագուստի վաճառքի ուղիներին, ներկայացրեց, թե որտեղից կարելի է սկսել, և ինչպիսի ճանապարհ է անցել հենց ինքը:

Նա խոսեց գովազդի միջոցների մասին և խորհուրդ տվեց հասկանալ անգամ ամենաքմահաճ հաճախորդի պահանջը, բացատրեց, թե ինչ է թրենդը, որոնք են գալիք տարվա նորաձևության միտումները:

Ընդգծվեց, որ հագուստի դիզայնի մեջ հարկավոր է ճանաչել բոլոր դիզայներներին ոճով, հագուստի շարքով:

Այն հարցին, թե ինչպես է գին որոշվում, Ֆաինան պատասխանեց, որ բոլոր դիզայներներն ունեն իրենց գաղտնիքը. ինքը հագուստի գինը որոշում է այնպես, որ զեղչի ժամանակ չունենա կորուստ:

Ուսանողներին տրված նրա գլխավոր խորհուրդն այն էր, որ բաց չթողնեն առիթը սովորելու (որքան հնարավոր է շատ), աշխատեն, գծեն, ձևեն ու կարեն:

Խանդավառությամբ լեցուն Ֆաինա Հարությունյանը ոգեշնչող, վարակիչ ազդեցություն ունեցավ ուսանողների վրա, նրանց մղեց ստեղծագործելու և աշխատելու: