«Ամենախելացին» ուսանողական ինտելեկտուալ խաղում հաղթեց «Սերվիս» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Տիգրան Ղուշչյանը

DSCN8161

 

2019թ. մայիսի 14-ին ԵՊՀ ԻՄ ՈՒԳԸ նախաձեռնությամբ մասնաճյուղում առաջին անգամ կայացավ «Ամենախելացին» ուսանողական ինտելեկտուալ խաղը, որին մասնակցում էին 10 ուսանող՝ մասնաճյուղի բոլոր ֆակուլտետներից։

Խաղը վարեց «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Լիանա Ներսիսյանը։

Խաղի առաջին փուլն անցկացվեց բջջային հատուկ հավելվածի՝ Quizizz-ի օգնությամբ, տրվեց ընդհանուր զարգացվածությունն ստուգող 10 հարց, ընդ որում՝ մասնակիցները լրացուցիչ միավորներ էին վաստակում նաև հարցերին արագ պաասխանելու համար։ Առավելագույն միավոր հավաքած 5 ուսանողները հնարավորություն ստացան խաղը շարունակել երկրորդ փուլում։

Երկրորդ և երրորդ փուլերի համար «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող Արայիկ Շահնազարյանը HTML, CSS և JavaScript լեզուների միջոցով ստեղծել էր համակարգչային հատուկ ծրագիր, որն էլ խաղի 2-րդ և 3-րդ փուլերը հնարավորինս մոտեցնում էր հեռուստախաղի ձևաչափին։

Երկրորդ փուլում մասնակիցները 10 թեմայից ընտրեցին երկուական թեմա, այնուհետև փորձեցին պատասխանել թեմայի հարցերին 1 րոպեի ընթացքում։ Լարված մրցակցության պայմաններում 2-րդ փուլը հաղթահարեցին «Պատմություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Մհեր Ղալումյանը (3-րդ փուլի համար ընտրված թեման՝ Միխայիլ Տալ), «Պատմություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող Մարգարիտ Թամրազյանը (3-րդ փուլի համար ընտրված թեման՝ կինոռեժիսոր Մհեր Մկրտչյան) և «Սերվիս» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Տիգրան Ղուշչյանը (3-րդ փուլի համար ընտրված թեման՝ Ջեյմս Քեմերոն)։

Թեժ պայքար ծավալվեց նաև 3-րդ փուլում։ Մասնակիցները պետք է պատասխանեին իրենց կողմից նախօրոք ընտրված թեմային վերաբերող հարցերին։

Առավելագույն միավորներ վաստակելով՝ «Ամենախելացին» խաղի հաղթող ճանաչվեց Տիգրան Ղուշչյանը:

 

ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա. Վ. Ցուցուլյանը, ողջունելով և խրախուսելով ուսանողների նախաձեռնությունը, շնորհավորեց ուսանողական ինտելեկտուալ խաղի բոլոր հաղթողներին և նրանց անձամբ հանձնեց պատվոգրերը: 

Խաղի հաղթող Տիգրան Ղուշչյանը տնօրենության կողմից պարգևատրվեց մեդալով, պատվոգրով և հուշանվերով:

Պատվոգրերով պարգևատրվեցին Մհեր Ղալումյանը և Մարգարիտ Թամրազյանը, ովքեր զբաղեցրել էին համապատասխանաբար 2-րդ և 3-րդ հորիզոնականները։

Ինտելեկտուալ խաղի մյուս 7 մասնակիցներին հանձնվեցին հավաստագրեր, իսկ խաղում մեծ օգնություն ցուցաբերելու համար շնորհակալագրեր տրվեցին  դասախոսներ Նաթելլա Գրիգորյանին, Արա Ազատյանին, Վլադիմիր Պողոսյանին, Ալիսա Հասանյանին, Ռոբերտ Յոլչյանին և ուսանողներ Լիանա Ներսիսյանին, Արգիշտի Մարգարյանին։ Արայիկ Շահնազարյանը խաղում անգնահատելի ներդրում ունենալու համար պարգևատրվեց խրախուսական հուշանվերով և պատվոգրով։

Բոլոր լուսանկարները տե՛ս Պատկերասրահում

«Ներկան և ապագան Տավուշի մարզի հնագիտության հետաքրքրությունների համատեքստում» թեմայով դաս-քննարկմանը մասնակցելու հրավեր

                             Իրեն - 1

2019թ. մայիսի 17-ին՝ ժամը 14:00-ին, ԵՊՀ ԻՄ-ի խորհրդակցությունների սենյակում տեղի կունենա «Ներկան և ապագան Տավուշի մարզի հնագիտության հետաքրքրությունների համատեքստում» թեմայով դաս-քննարկում, որը կվարի ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի Հայաստանի վաղ հնագիտության բաժնի գիտաշխատող Իրեն Քալանթարյանը:

 

Տեղի կունենա Տնտեսագիտության ֆակուլտետի գիտական խորհրդի  նիստ

Տնտ. նկ.

 2019թ. մայիսի 18-ին՝ ժամը 14:00-ին, №39 լսարանում տեղի կունենա Տնտեսագիտության ֆակուլտետի գիտական խորհրդի  նիստ՝ հետևյալ օրակարգով.

  1. Ավարտական կուրսերի քննաշրջանի և երկրորդ կիսամյակի առաջին ընթացիկ քննությունների ու ստուգումների արդյունքների ամփոփում (զեկուցող՝ Գ.Ավետիսյան):
  2. Ֆակուլտետի ավարտական աշխատանքների նախապաշտպանության արդյունքների ամփոփում (զեկուցողներ՝ Մ.Միքայելյան, Գ.Հովհաննիսյան):
  3. Ֆակուլտետի մասնագիտությունների ուսումնական պլանների քննարկում և հաստատում (2019-2023) (զեկուցողներ՝ Ա.Սարիբեկյան, Ա.Ուլիխանյան):
  4. Ընթացիկ հարցեր:

Կայացավ «Նախագծերի կառավարում կայուն զարգացման նպատակով» սեմինար-քննարկումը

   53597426_1285389924941840_3758260279952015360_n

 2018-19 ուստարվա II կիսամյակում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ նախագծերի կառավարման վերաբերյալ սեմինար-քննարկում, որը վարեց Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ, պ.գ.թ. Համլետ   Մելքումյանը:

Սեմինար-քննարկմանը մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի տուրիզմի   կառավարման և մշակութաբանության ամբիոնի դասախոսներ, Տավուշի    տուրիզմի   զարգացման  և  հետազոտության կենտրոնի  աշխատակիցներ:

Հ.Մելքումյանը քննարկման մասնակիցներին ներկայացրեց իր փորձը, որ ձեռք էր բերել 2018թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Տավուշի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնի ու ԵՊՀ ԻՄ-ի համագործակցության շրջանակներում կայացած՝ «Ծրագրերի   կառավարում՝ կայուն զբոսաշրջության  զարգացման  նպատակով» (Project  Management  for  Sustainable  Tourism   Training   Aid PM4SD  UNDP   Armenia) դասընթացի ժամանակ:

Վերջինս մշակվել  է  JLAG-ի (PM4SD  հավատարմագրված   ուսուցողական կազմակերպություն)  և  Training Aid-ի կողմից, իրականացվում է «Ինտեգրված   գյուղական  զբոսաշրջության  զարգացում» ծրագրի  շրջանակներում: Դասընթացը ֆինանսավորվում  է Ռուսաստանի Դաշնության և իրականացվում ՄԱԶԾ   հայաստանյան  գրասենյակի  կողմից` Տարածքային   կառավարման  և   զարգացման   նախարարության  հետ  համագործակցությամբ: Մասնակիցներին դասընթացը հնարավորություն է տալիս  ծանոթանալ և օգտագործել  ծրագրերի   նախագծման  լավագույն  փորձը:

Հ.Մելքումյանը սեմինար-քննարկման մասնակիցներին սովորեցրեց  նախագծերի կառավարում՝ կայուն  զարգացման  համատեքստում: Շեշտը դրվեց կայուն  զբոսաշրջության ոլորտի  զարգացման և  դրա  կառավարման  առանձնահատկությունների վրա:

«Կայուն զարգացման նախագծերի  կառավարումը տեղական ինքնակառավարման մարմիններին և ընկերություններին օգնում  է  աշխատել   թափանցիկ: Սովորեցնում է ծրագրերն իրականացնել այնպես, որ  դրանք ունենան համապարփակ օգտակարություն թե՛ համայնքի, թե՛ տնտեսվարողի, թե՛ տեղական ինքնակառավարման մարմինների  համար: Միաժամանակ կայուն  զբոսաշրջության զարգացման  հիմքում  դրվում  է  բնապահպանական, տնտեսական և սոցիալ-մշակութային հավասարակշիռ զարգացման մոտեցումը, որոնք երկարաժամկետ կայունության  հասնելու  համար  անհրաժեշտ  երեք առանցքներն  են», – ընդգծեց Հ.Մելքումյանը:

Սեմինարի ընթացքում ծավալվեց հետաքրքիր քննարկում: