ԵՊՀ ԻՄ-ում կայացավ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հանրապետական գիտաժողով

DSCN7873

 2019թ. մայիսի 11-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հանրապետական գիտաժողովը, որը կազմակերպել էր Հայոց լեզվի և գրականության ամբիոնը:

Նախ՝ հյուրերը դիտեցին ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի նախասրահում ցուցադրված աշխատանքները, ապա տեղի ունեցավ գիտաժողովի հանդիսավոր բացումը:

Հանդիսավոր բացմանը ներկա էին մարզի տարբեր ոլորտների, հոգևոր, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, Տավուշի թեմի հոգևոր առաջնորդ գերաշնորհ տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Տավուշի փոխմարզպետ Թաթուլ Ստեփանյանը, Իջևան քաղաքի ավագանու անդամներ, Մեծ Բրիտանիայից ժամանած հյուրեր, ԵՊՀ ԻՄ-ի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ և ուսանողներ, դպրոցների տնօրեններ և ուսուցիչներ, արվեստի, բանկային ոլորտի, ՀԿ-ների, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, քաղաքացիներ: 

Գիտաժողովին մասնակցում էին գիտաշխատողներ, պրոֆեսորներ, դոցենտներ Մայր բուհից և Իջևանի մասնաճյուղից, ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտներից, ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնից, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից, Վանաձորի պետական համալսարանից:

Ողջույնի խոսքով հանդես եկան ԵՊՀ ԻՄ հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, բ.գ.թ., դոցենտ Վաչագան Ավագյանը, Տավուշի թեմի հոգևոր առաջնորդ գերաշնորհ տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար, ֆ.մ.գ.թ., դոցենտ Արտակ Ցուցուլյանը, ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, բ.գ.դ. Վարդան Դևրիկյանը: Նրանք ողջունեցին գիտաժողովի մասնակիցներին և բոլոր ներկաներին, կարևորեցին հոբելյանական նման միջոցառումների կազմակերպումը՝ գրողների կյանքի և ստեղծագործության նորանոր կողմերի բացահայտման և դրանք հանրությանը ճանաչելի դարձնելու իմաստով, բարի ընթացք մաղթեցին գիտաժողովի աշխատանքներին:

Այնուհետև Կիրառական արվեստի ֆակուլտետի դահլիճում զեկուցումներով հանդես եկան՝

  1. ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի Հովհ. Թումանյանի կյանքի և գործի տարեգրության խմբի բաժնի վարիչ, բ.գ.դ. Վլադիմիր Կիրակոսյանը («Թուման­յանա­գի­տութ­յան արդի խնդիրները»),
  2. ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ակադ. Հր. Թամրազյանի անվան հայ գրակ. պատմ. ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Սամվել Մուրադյանը («Ժողովրդական մի նյութի թումանյանական մշակման առթիվ»),
  3. Բ.գ.թ., դոցենտ Խաչատուր Վարդանյանը («Ընկերական նվիրվածության անհուն գեղեցկություն (Լևոն Շանթ-Հովհաննես Թումանյան)»),
  4. «Տավուշ» հայրենակցական միության նախագահ, մ.գ.թ., պրոֆեսոր Լավրենտի Միրզոյանը (Գիտական հաղորդում):

Վ.Դևրիկյանը և Լ.Միրզոյանը նաև ԵՊՀ ԻՄ-ի գրադարանին նվիրեցին իրենց գրքերից:

Ապա գիտաժողովի աշխատանքները շարունակվեցին լսարաններում՝ երեք բաժանմունքներում:

Առաջին բաժանմունքում (նիստի նախագահ` Վաչագան Ավագյան) ներկայացվեցին հետևյալ զեկուցումները.

  1. «Ոչ մի շաբաթ առանց Թումանյանի. Հովհ. Թումանյանի կյանքի ու ստեղծագործության ներ­կա­յաց­ման նոր ձևաչափը» (ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ակադ. Հր. Թամրազյանի անվան հայ գրակ. պատմ. ամբիոնի դոցենտ, բ. գ. թ. Հայկ Համբարձումյան),
  2. «Հովհաննես Թումանյանի խաղերը ժամանակի հոլովույթում» (ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող, բ.գ.թ. Եվա Մնացականյան),
  3. «Թումանյանի «Եդեմական ծաղիկը»` հեքիաթի ազգային և միջազգային տարբերակների համապատկերում» (ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ակադ. Հր. Թամրազյանի անվան հայ գրակ. պատմ. ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Նվարդ Վարդանյան),
  4. «Անխելք մարդու թեման Հովհաննես Թումանյանի հեքիաթներում» (ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատողներ բ.գ.թ. Էսթեր Խեմչյան, բ.գ.թ. Մարինե Խեմչյան),
  5. «Ռուսական հեքիաթների թումանյանական թարգմանությունը» (ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետի անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի ասիստենտ, բ.գ.թ. Քրիստինե Դադյան),
  6. «Հովհ. Թումանյանի քնամուտի ստեղծագործությունները որպես բանահյուսական բացառիկ ժանյակ» (ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Հասմիկ Մատիկյան),
  7. «Հովհաննես Թումանյանի և Արշակ Չոպանյանի առնչություններից» (ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ակադ. Հր. Թամրազյանի անվան հայ գրակ. պատմ. ամբիոնի դոցենտ, ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, բ.գ.թ. Վաչագան Ավագյան):

Երկրորդ բաժանմունքում (նիստի նախագահ՝ Վահան Աղաբաբյան)  զեկուցումներով հանդես եկան՝

  1. ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ակադ. Հր. Թամրազյանի անվան հայ գրակ. պատմ. ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Արշալույս Գալստյանը («Թումանյանը «Մշակ» լրագրի գնահատականներում (1870-1890 թթ.)»),
  2. ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող, բ.գ.թ. Նունե Մկրտչյանը («Հովհաննես Թումանյանը հասարակական գործիչ»),
  3. «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտաշխատող, կրթական ծրագրերի բաժնի վարիչ Քրիստինե Նաջարյանը («Հովհաննես Թումանյանի որբախնամ գործունեությունը»),
  4. ԵՊՀ ԻՄ հումանիտար գիտությունների ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Վահան Աղաբաբյանը («Մեծերը Ամենամեծի մասին»),
  5. ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության ամբիոնի ասիստենտ, բ.գ.թ. Ալիսա Հասանյանը («Անդրադարձ Հ.Թումանյանի «Սասունցի Դավիթ» պոեմի գեղարվեստական առանձնահատկություն­ներին»),
  6. ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության ամբիոնի ասիստենտ, բ.գ.թ. Մուշեղ Սարուխանյանը («1915 և Հ.Թումանյան»):

Երրորդ բաժանմունքում (նիստի նախագահ՝ Լուսինե Թումանյան)  զեկուցումներ ներկայացրին՝

  1. Վանաձորի պետական համալսարանի հայոց լեզվի ամբիոնի դասախոս Լիլիթ Պետրոսյանը («Գրիգոր Նարեկացու նորաբանությունների արտահայտությունը Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններում»),
  2. ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար, բ.գ.թ. Կարինե Պողոսյանը («Հարադրությունները Հ.Թումանյանի ստեղծա­գոր­ծության մեջ»),
  3. ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Աիդա Սարհատյանը («Շարահյուսական կառույցները Հ.Թումանյանի ստեղծագործության մեջ»),
  4. ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի տպագիր և հեռարձակվող լրատվամիջոցների ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Անահիտ Բրուտյանը («Ամենայն հայոց բանաստեղծը՝ հայոց համալսարանի ստեղծման հարցի շուրջ»),
  5. Իջևանի թիվ 3 հիմնական դպրոցի ուսուցչուհի Հասմիկ Գրիգորյանը («Քաջ Նազար» հեքիաթի թումանյանական մշակումները»),
  6. Իջևանի Մ.Մարտիրոսյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Սիրանուշ Ղուշչյանը («Թումանյան անհատը իր նամակներում»),
  7. ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետի օտար լեզվի և գրականության ամբիոնի ամբիոնի դոցենտ Էմմա Թեմրազյանը Թումանյանական մի փոխադրության մասին»):

Բաժանմունքներում անցկացված քննարկումներից հետո մասնակիցները տեղափոխվեցին ԵՊՀ ԻՄ-ի խորհրդակցությունների սենյակ, որտեղ նախատեսված էր իրականացնել հավաստագրերի հանձնումը և գիտաժողովի փակումը:

Ամփոփելով գիտաժողովի արդյունքները՝ պարոն Ցուցուլյանը գոհունակություն ու շնորհակալություն հայտնեց գիտաժողովի կազմակերպիչներին, բոլոր մասնակիցներին և հատկապես Երևանից ժամանած գիտաշխատողներին ու պրոֆեսորներին, ովքեր իրենց մասնակցությամբ ոչ միայն խոշոր ներդրում ունեցան գիտաժողովի կայացման գործում, այլև իրենց ներկայությամբ իսկ մեծապես ոգևորեցին սահմանամերձ մարզի ուսանողներին՝ նրանց զգացնել տալով, որ կենտրոնից (մայրաքաղաք Երևանից) հեռու գտնվելով՝ իրենք ուշադրության կենտրոնում են:

Հավաստագրերի հանձնումից հետո տեղի ունեցավ հյուրասիրություն:

Գիտաժողովի ծրագիրը տե՛ս այստեղ:

Գիտաժողովի բոլոր լուսանկարները տե՛ս Պատկերասրահում:  

 

 

ԵՊՀ ԻՄ-ում կայացավ Շեքսպիրի ծննդյան 455-ամյակին նվիրված միջոցառում

IMG-20190510-WA0003

 2019թ. մայիսի 10-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Վիլյամ (Ուիլյամ) Շեքսպիրի ծննդյան 455-ամյակին նվիրված միջոցառում, որը կազմակեպվել էր Անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի կողմից:

Միջոցառմանը մասնակցում էին «Օտար լեզուներ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները, ներկա էին նույն մասնագիտության մյուս կուրսերի ուսանողները և ամբիոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները:

Ուսանողներն անգլերենով ներկայացրին Շեքսպիրի կենսագրությունը, նրա հիմնական ստեղծագործությունները, արտասանեցին հատվածներ հայտնի ողբերգություններից, ինչպես նաև սոնետներ:

Մասնավորապես նշվեց, որ  Ուիլյամ Շեքսպիրը (William Shakespeare, 1564-1616 թթ.), ում հաճախ անվանում են Անգլիայի ժողովրդական բանաստեղծ, ծնվել է Մեծ Բրիտանիայի Ստրատֆորդ ըփոն Էյվոն քաղաքում: Շեքսպիրի գրական ժառանգությունն ընդգրկում է 154 սոնետ, 2 պոեմ և 36 պիես: Շեքսպիր-դրամատուրգի ստեղծագործությունը բաժանվում է 3 շրջանի (1-ին՝ 1590-1600 թթ., 2-րդ՝ 1601-1608 թթ., 3-րդ՝ 1609-1612 թթ.), որոնցից ամենաարդյունավետը համարվում է երկրորդը, երբ գրվել են «Համլետ», «Օթելլո», «Լիր արքա», «Մակբեթ», «Անտոնիուս և Կլեոպատրա» հայտնի ողբերգությունները և այլն: Շեքսպիրի պիեսները թարգմանվել են ժամանակակից բոլոր հիմնական լեզուներով և բեմադրվել են ավելի հաճախ, քան որևէ այլ դրամատուրգի ստեղծագործություններ:

Միջոցառման մասնակիցները նաև պատրաստել էին Շեքսպիրի ստեղծագործությունների հիման վրա նկարահանված ֆիլմերի թրեյլերների թարգմանությունները, որոնք ձայնագրվել էին:

Շեքսպիրի ծննդյան 455-ամյակին նվիրված միջոցառումն անցավ ուրախ և հաճելի մթնոլորտում:

Թիմային ինտելեկտուալ խաղի մասնաճյուղային առաջնություն

viber image 2019-05-10 , 17.34.34․․․

 2019թ. մայիսի 10-ին ԵՊՀ ԻՄ-ում տեղի ունեցավ թիմային ինտելեկտուալ խաղի մասնաճյուղային առաջնություն, որին մասնակեցին 8 թիմեր, ներառյալ՝ ՈՒԳԸ 1 և ՈՒԽ 2 թիմերը։ Ուսանողներին հնարավորություն էր տրված թիմում ներառել ոչ միայն նույն կուրսի ուսանողներին, այլև տարբեր կուրսերի, մասնագիտությունների և ֆակուլտետների ուսանողների։ Այս ձևաչափի նպատակը թիմերի արդյունավետության բարձրացումն է։

Ժյուրիի անդամներն էին «Պատմություն» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողուհի Մարգարիտ Թամրազյանը, նույն մասնագիտության առաջին կուրսի ուսանողուհի Արփինե Մարտիրոսյանը, «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողուհի Դիանա Սարդարյանը։

Առաջնությունն անցկացվեց 1 փուլով, որի ընթացքում տրվեց տրամաբանական և ընդհանուր զարգացվածության բնույթի 20 հարց։

Հետաքրքիր և լարված պայքարից հետո առաջնության հաղթող ճանաչվեց “SPARTA” թիմը (Ղազումյան Լարիդա, Ղալումյան Մհեր, Բալդրյան Ալիխան, Քոչարյան Նունե, Մելիքբեկյան Սուրեն):

Երկրորդ տեղը գրավեց ՈՒԳԸ թիմը, իսկ երրորդ տեղը՝ «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտության առաջին կուրսի թիմը։

Հաղթող թիմը պարգևատրվեց պատվոգրով և հուշանվերով, երկրորդ և երրորդ տեղերն զբաղեցրած թիմերը՝ պատվոգրերով, մյուս թիմերը՝ հավաստագրերով։

Բոլոր լուսանկարները տե՛ս Պատկերասրահում:

«ՔԿԳ» 2-րդ և 3-րդ կուրսի ուսանողների այցը օդերևութաբանական և հիդրոլոգիական կայաններ

IMG-264be50e9c9cf37e4757f51593a2fb14-V

 2019թ. մայիսի 9-ին «Բնական ռեսուրսների կադաստր և մոնիթորինգ» դասընթացի շրջանակներում «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտության 2-րդ և 3-րդ կուրսի ուսանողները Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ Պ.Ասիլբեկյանի ուղեկցությամբ այցելեցին Իջևանի օդերևութաբանական և Աղստևի գետավազանի հիդրոլոգիական կայաններ:

Կայանի աշխատակազմի անդամները (տնօրեն Ե.Սայադյանի գլխավորությամբ) մեծ պատրաստակամությամբ ու սիրով ուսանողներին ծանոթացրին կատարվող աշխատանքներին:

Ուսանողները մասնակցեցին իրականացվող մոնիթորինգին, ծանոթացան առկա սարքավորումներին և նրանց աշխատանքի սկզբունքներին: Նրանք մասնակցեցին օդի ջերմաստիճանի, քամու ուղղության և արագության (հողմացույց) որոշման աշխատանքներին: «ՔԿԳ» 2-րդ և 3-րդ կուրսի ուսանողները նաև ծանոթացան արևագրիչի (հելիոգրաֆ) աշխատանքի սկզբունքներին և կայանում առկա մյուս սարքավորումներին (տեղումնաչափ, հողի ջերմաչափեր, խոնավությունը որոշող ավտոմատ սարք և այլն):

Օդերևութաբանական կայանի մոնիթորինգի աշխատանքներից հետո ուսանողները ծանոթացան հիդրոլոգիական կայանի աշխատանքային գործունեությանը: Կայանի պետ Օ.Իսկանդարյանը ներկայացրեց կայանում իրականացվող մոնիթորինգի աշխատանքները (ջրի ելքի չափումներ, նիվիլիրացում՝ գետի մաշվածությունը որոշելու համար, արդյունքների գրանցամատյանում գրանցման սկզբունքներ և այլն):

Վերջում ուսանողները շնորհակալություն հայտնեցին կայանների պետերին և ամբողջ աշխատակազմին՝ ջերմ ընդունելության և իրենց ստացած գիտելիքները գործնականորեն ամրապնդելու համար:

Բոլոր լուսանկարները տե՛ս Պատկերասրահում: