Ուսումնական պրակտիկայի շրջանակներում հեռակա ուսուցման «Պատմություն» մասնագիտության IV կուրսի ուսանողները կատարեցին ճանաչողական այցեր

1. գլխավոր

 2019թ. դեկտեմբերի 10-13-ին 2019-2020 ուստարվա ուսումնական պլանով նախատեսված ուսումնական պրակտիկայի շրջանակներում ԵՊՀ ԻՄի հեռակա ուսուցման «Պատմություն» մասնագիտության IV կուրսի ուսանողները պրակտիկայի ղեկավար, Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դասախոս Ն.Ճաղարյանի ուղեկցությամբ ճանաչողական այցեր կատարեցին Տավուշի մարզի պատմամշակութային հուշարձաններ:

Այցերի նպատակն էր գործնականորեն ամրապնդել տեսական գիտելիքները:

Ճանաչողական այցերն իրականացվեցին երկու փուլով: Առաջին փուլում ուսանողները կատարեցին այցելություններ Իջևան քաղաքի  պատմաերկրագիտական թանգարան, Ս. Ամենափրկիչ և Ս. Ներսես Շնորհալի եկեղեցիներ: Նրանք նախ ծանոթացան մարզկենտրոն Իջևանի կարևոր պատմամշակութային հուշարձանների, մասնավորապես՝ քաղաքի երկու եկեղեցիների կառուցման և վերակառուցման պատմությանը, ձեռք բերեցին գիտելիքներ եկեղեցական հագուստի, հանդերձանքի, եկեղեցական տոների, ծիսակարգերի` պատարագի, ժամերգության վերաբերյալ, հասկացան ավանադական և եկեղեցական տոների միահյուսման կարևորությունը:

Այցելելով Իջևանի պատմաերկրագիտական թան­գա­րան` ուսանողները ծանոթացան թանգարանի պատմությանը, գործունեությանը, նմուշների հավաքագրմանը և առկա ցուցանմուշներին: Ուսանողների հետաքրքրությունը բավականին մեծ էր հատկապես ցուցադրված  ազգագրական նյութերի նկատմամբ, որոնք գյուղական առօրյա միջավայրում մինչև օրս գործածելի են: Ուսանողներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին գիտաշխատողին և իրենց հերթին պատասխանեցին վերջինիս հարցերին:

Երկրորդ փուլում ճանաչողական այցեր իրականացվեցին Գոշավանք և  Հաղարծին եկեղեցական համալիրներ, Դիլիջան քաղաքի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարան, Դիլիջանի երկրագիտական թանգարան, որտեղ ուսանողները ազգագրական բնույթի ցուցանմուշների վերաբերյալ իրենց գիտելիքներով մեծ տպավորություն գործեցին աշխատակիցների վրա:

 

Կայացավ միջոցառում՝ «ՕԼԳ» առաջին կուրսի ուսանողների մասնակցությամբ

1. գլխավոր

 2019թ. դեկտեմբերի 13-ին «Օտար լեզու և գրականություն» մասնագիտության առաջին կուրսի ուսանողների մասնակցությամբ կայացավ «Անգլերեն լեզվի դատավարությունը» խորագրով ինտերակտիվ միջոցառում, որը կազմակերպել էր Անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի դասախոս Շ.Գրիգորյանը:

Ներկա էին Հումանիտար գիտությունների ֆակուլտետի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, Անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի անդամները:

Միջոցառման նպատակն էր ընդգծել և հիմնավորել անգլերենի՝ որպես հաղորդակցման համընդհանուր միջոցի կարևորությունը:

Մեղադրող կողմերն էին ֆրանսերենը, գերմաներենը, ռուսերենը, չինարենը և իսպաներենը:

Դիմելով վերոնշյալ լեզուների մասնագետների օգնությանը՝ ուսանողները կարճ ժամանակում սովորել էին տվյալ լեզվի գեղեցկությունն ընդգծող բանաստեղծություններ, գրական-գեղարվեստական երկերից հատվածներ,   ասույթներ, երգեր, որոնք ներկայացրին միջոցառման ընթացքում:

Մեղադրող յուրաքանչյուր կողմ փորձեց ապացուցել իր լեզվի՝ միջազգային դառնալու հնարավորությունները:

Գնահատվեց յուրաքանչյուր լեզվի գեղեցկությունը, ինքնատիպությունը, կարևորությունը, յուրաքանչյուրին շնորհվեց բնութագրող տիտղոս:

Դատավարության արդյունքում անգլերենի միջազգային լեզու լինելն արդարացվեց:

Բոլոր լուսանկարեները տե´ս Պատկերասրահում:

Կայացավ «Հայ քնարերգության երաժշտական գույները» խորագրով գրական-երաժշտական ցերեկույթ՝ նվիրված ԵՊՀ ԻՄ-ի 25-ամյակին

1. գլխավոր

 2019թ. դեկտեմբերի 12-ին ԵՊՀ ԻՄ-ի 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում մասնաճյուղում կայացավ «Հայ  քնարերգության  երաժշտական գույները» խորագրով գրական-երաժշտական ցերեկույթ, որը կազմակերպել էր Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Ա.Սարհատյանը:

Միջոցառման  նպատակն  էր ներկայացնել հայ քնարերգության անվանի դեմքերի՝ Սայաթ-Նովայի, Կոմիտասի, Տերյանի ու Իսահակյանի, Ս.Կապուտիկյանի ու Հովհ. Շիրազի, Հ.Սահյանի, Սևակի ու Սարյանի, նաև արևմտահայ անվանի բանաստեղծ Դևի քնարերգության ու նրանց՝ երգի վերածված հանրահայտ մի քանի ստեղծագործություններ:

Գեղարվեստական հնչեղություն ու ժամանակագրական հաջորդականություն ունեցող սցենարի հիման վրա իրար էին հաջորդում ու մեկընդմիջվում պոեզիան ու երաժշտությունը՝ սկսած Գողթան երգերից մինչև Սայաթ-Նովա ու Սահյան:

Միջոցառմանը մասնակցում էին «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության առաջին, երրորդ ու չորրորդ կուրսի ուսանողուհիները, որոնց կատարմամբ քնարական հուզիչ բանաստեղծությունները, մեներգերն ու խմբերգերը մեծ տպավորություն գործեցին հանդիսատես-ունկնդիրների վրա:

Առանձնապես տպավորիչ էին Աստղիկ Ղազարյանի «Նավզիկե», Անուշ Խաչատրյանի «Կգամ», Նունե Վարդումյանի  «Ղողանջ հարցման», Գոհար Մկրտումյանի «Թե աչքերս քեզ որոնեն» բանաստեղծությունների հուզիչ կատարումները:

Ունկնդիրներին մեծ բավականություն պատճառեցին Մանե Մատինյանի, Լիանա Յարալյանի, Նինա Հարությունյանի երաժշտական կատարումները, Գուրգեն Դալյանի ձայնակցությամբ և կիթառի նվագակցությամբ՝ «Բինգյոլը», «Մարտիկի երգը», «Դու նորից եկել ես» երգերն ու այլ  խմբերգեր:

Մեծ քնարերգուների կողքին չէր մոռացվել ամենամեծ երգահանը՝ ժողովուրդը, որի ստեղծած երգերի մի գողտրիկ  փունջ ևս  ներկայացվեց մեծ ոգևորությամբ: Գրական-երաժշտական կատարումները եզրափակվեցին «Հայաստան» երգով, որին ձայնակցեց ողջ դահլիճը:

Միջոցառման մասնակիցներն իրենց ազդեցիկ կատարումներով ևս մեկ անգամ ընդգծեցին այն գաղափարը, որ հայ քնարերգությունը մեր ժողովրդի անցած ճանապարհի, նրա խիզախումների ու հերոսական պայքարի, դաժան տառապանքների ու լուսավոր երազանքների էպիկական ու քնարական   արտացոլանքն է: Հույզերի բոլոր գույներն ու երանգները կան հայ գրականության մեջ, որոնք դարձել են չմոռացվող բանաստեղծություններ, հուզաթաթավ մեղեդիներ, երգ ու  երաժշտական բազմաժանր անգնահատելի արժեքներ:

Վերջում ելույթ ունեցան Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Ա.Հասանյանը, Տավուշի թեմի Սբ. Մակարավանքի հոգևոր հովիվ ’Տեր Արշավիր քահանա Ասատրյանը՝ արտահայտելով իրենց հիացմունքն ու գոհունակությունը բարձր մակարդակով կազմակերպված միջոցառման վերաբերյալ, շնորհակալություն հայտնելով մասնակիցներին ու կազմակերպչին՝ տիկին Աիդա Սարհատյանին:

«Հայ քնարերգության երաժշտական գույները» խորագրով գրական-երաժշտական ցերեկույթն ավարտվեց Արշավիր քահանա Ասատրյանի օրհնության խոսքով ու աղոթքով:

Բոլոր լուսանկարները տե‘ս Պատկերասրահում: