Աշակերտների այց, քիմիայի փորձեր և գրքերի ներկայացում

IMG_1855

 2019թ. ապրիլի 5-ին և 6-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցելեցին Հովքի միջնակարգ և Իջևանի ավագ դպրոցների աշակերտները:

Հյուրերին դիմավորեց ԵՊՀ ԻՄ-ի մասնագիտական կողմնորոշման և պրակտիկայի բաժնի տեսուչ Սլավիկ Ալավերդյանը, ներկայացրեց մասնաճյուղի պատմությունը, նրանց ծանոթացրեց ֆակուլտետներին, լսարաններին, արվեստանոցներին և լաբորատորիաներին:

Հովքի միջնակարգ դպրոցի աշակերտները մասնակցեցին Կիրառական արվեստի և Հումանիտար գիտությունների ֆակուլտետներում ընթացող որոշ դասերի:

Իջևանի ավագ դպրոցի աշակերները ներկա եղան քիմիայի դիտարժան փորձերի, որոնք իրականացրին ԵՊՀ անօրգանական և անալիտիկ քիմիայի ամբիոնի դոցենտ, ք.գ.թ. Ռոբերտ Ադամյանը, ԵՊՀ ԻՄ-ի ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, ք.գ.թ., դոցենտ Գևորգ Սիմոնյանը և նույն ամբոնի դոցենտ, ք.գ.թ. Հմայակ Իսախանյանը:

Փորձերից հետո ԵՊՀ ԻՄ-ի գրադարանում տեղի ունեցավ Ռոբերտ Խաչիկի Ադամյանի «Անօրգանական քիմիա: Անցումային շարքի տարրեր» գրքի առաջին հատորի (2 գրքով) ներկայացումը: Գիրքը ներկայացրին և ելույթ ունեցան ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար, ֆ.մ.գ.թ., դոցենտ Ա.Ցուցուլյանը, Գ.Սիմոնյանը, Հ.Իսախանյանը և ուրիշներ:

Բոլոր լուսանկարները տե՛ս  Պատկերասրահում:

«Հայաստանի տեսարժան վայրերը» թեմայով անգլերեն զեկուցումներ ներկայացրին հեռակա ուսուցման «Զբոսաշրջություն» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողները

IMG_3177-06-04-19-22-28

 2019թ. ապրիլի 5-ին ԵՊՀ ԻՄ-ի հեռակա ուսուցման համակարգի  «Զբոսաշրջություն» մասնագիտության առաջին կուրսի ուսանողները անգլերենով ներկայացրին «Հայաստանի տեսարժան վայրերը» թեմայով զեկուցումներ:

Դաս-միջոցառումը նախաձեռնել և կազմակերպել էր Անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի  ասիստենտ,  բ.գ.թ. Աննա Կարապետյանը:

Ուսանողները շնորհանդեսների ուղեկցությամբ ներկայացրին  Հայաստանի մի քանի տեսարժան վայրեր, որոնք մեծ հետաքրքրություն են ներկայացնում  Հայաստան այցելող զբոսաշրջիկների շրջանում:

Մասնավորապես խոսվեց Տավուշի մարզի Գոշ գյուղի մոտ գտնվող հրաշալի  Գոշ լճի մասին, որի երկարությունը 100 մետր է, լայնությունը` 80մ, առավելագույն խորությունը՝ 8մ, ամռանը ջրի ջերմաստիճանը հասնում է ընդամենը 14°C-ի: Հատկանշվեց, որ այդ տարածքում կարելի է հանդիպել անձեռակերտ տարատեսակ հուշարձանների` ժայռային տարբեր գոյացությունների, հանքային աղբյուրների և այլն: 

Ներկայացվեց Լաստիվերը, որը  դրախտային մի վայր է՝ խիտ անտառներով, քարանձավներով, գեղեցիկ ջրվեժներով և գետով: Զբոսաշրջիկների  հատուկ ուշադրությանն են արժանանում ձորում գտնվող քարանձավները, որտեղ  հասնելու համար մարդիկ կառուցել են սանդուղք: Եվ քանի որ այդ աստիճանն ավելի շատ նման է լաստի, այս վայրը ստացել է Լաստիվեր անունը:

Ուսանողները նաև խոսեցին Գեղարքունիքի մարզում՝ Սևանի թերակղզու  վրա գտնվող Սևանավանք հայկական վանական համալիրի մասին, որը հիմնադրվել է 305թ. Գրիգոր Ա Լուսավորչի կողմից: Կղզին բերդապարիսպով ամրացված է եղել դեռևս բրոնզի դարում:

«Զբոսաշրջություն» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողները ներկայացրին նաև Սևանա լիճը  և մի քանի այլ ուշագրավ վայրեր:

Նրանք շատ ոգևորված և հուզված էին, քանի որ առաջին անգամ էին զեկուցումներ ներկայացնում անգլերենով, և ցանկություն հայտնեցին հաճախակի մասնակցել նման դաս-միջոցառումերի:

ԵՊՀ ԻՄ-ի դասախոսների համար իրականացվում է «Աշխատանք վիրտուալ  կրթական  միջավայրում» որակավորման բարձրացման դասընթացը

DSCN6857 2018-2019 ուստարվա երկրորդ կիսամյակում ԵՊՀ ԻՄ-ում իրականացվում է մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական կազմի որակավորման բարձրացման կրթագիտական ծրագրի «Տեղեկատվական  և  հաղորդակցական  տեխնոլոգիաներ» մոդուլում ներառված «Աշխատանք վիրտուալ  կրթական  միջավայրում»  դասընթացը, որը վարում  է բուհի աշխատակից Աննա Մանուչարյանը:

Դասընթացում ընդգրկված  են  մասնաճյուղի  14  դասախոսներ:

«Աշխատանք վիրտուալ  կրթական  միջավայրում» դասընթացի  նպատակն  է ունկնդիր դասախոսներին ծանոթացնել առցանց ուսուցման Մուդլ (Moodle) համակարգին, գիտելիքները  էլեկտրոնային  տիրույթում  ներկայացնելու  եղանակներին  և  վիրտուալ  տիրույթում  ուսանող-ուսանող և դասախոս-ուսանող  փոխգործակցության կանոններին:

Համակարգ մուտք գործող ուսանողը կարող  է ամբողջական  տեղեկատվություն  ստանալ դասընթացի  ընդհանուր  նկարագրի, անհրաժեշտ  գրականության մասին, տրված առաջադրանքների և դրանց կատարման համար սահմանված ժամկետների վերաբերյալ:

Moodle համակարգը  հեշտացնում  է  ուսանողների  հետ  աշխատանքը, քանի  որ այդտեղ հստակ երևում է յուրաքանչյուրի անհատական  աշխատանքը: Բացի  այդ,  հարթակում ուսանողները հնարավորություն են ունենում հարցեր առաջադրելու  դասախոսին  և  ստանալու  դրանց  պատասխանները, կազմակերպելու  քննարկումներ իրար միջև:

Դասընթացի ավարտին ունկնդիր դասախոսները կկարողանան առցանց ուսուցման համակարգում ստեղծել տարբեր տիպի ուսումնական ռեսուրսներ, վերահսկել ուսանողների աշխատանքը համակարգում,  ունենալ առցանց ուսուցման համակարգում աշխատելու  կարողություն, նախագծել ամբողջական էլեկտրոնային դասընթաց:

ԵՊՀ ԻՄ-ում կայացավ Խաչիկ Մանուկյանի ստեղծագործությունների քննարկումը

DSCN6894

 2019թ. ապրիլի 4-ին ԵՊՀ ԻՄ-ի գրադարանում տեղի ունեցավ գրող,  հրապարակախոս Խաչիկ Մանուկյանի ստեղծագործությունների քննարկումը, որը վարեց գրադարանի վարիչ Վլադիմիր Պողոսյանը: Նա իր ելույթում ներկայացրեց Խաչիկ Մանուկյանի գրական ավանդը, նրա ձեռքբերումները գրական ասպարեզում:

Վ.Պողոսյանը մասնավորապես նշեց. «Խաչիկ Մանուկյան գրող-հրապարակախոսը ծնվել, ապրել և ապրում է Էջմիածնում, իր աշխարհի կենտրոնը համարում է Էջմիածինը: 1991 թվականից ՀԽՍՀ գրողների միության անդամ է, 1992 թվականից՝ ՀՀ գրողների միության անդամ: Իր բազմամյա գրական գործունեության ընթացքում ստացել է բազմաթիվ մրցանակներ, որոնցից կարելի է նշել «Ոսկե եղեգ» 1999, ՀԳՄ Ավ. Իսահակյանի անվան գրական մրցանակի կրկնակի դափնեկիր լինելը և այլն: Բազմաթիվ գրքերի և ծողովածուների հեղինակ է: 2016 թվականին «Զանգակ» հրատարակչությունը լույս ընծայեց Խ.Մանուկյանի ստեղծագործությունների քառահատորյակը: Գրողի ստեղծագործությունները թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն, պարսկերեն, վրացերեն, լերեհերեն և այլ լեզուներով: Հիրավի, մեծ է Խաչիկ Մանուկյանի ավանդը հայ ժամանակակից պոեզիայի ձևավորման և զարգացման ասպարեզում»:

Այնուհետև Խաչիկ Մանուկյանի ստեղծագործությունները գրականագիտական վերլուծության ենթարկեցին Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտներ Աիդա Սահրատյանը, Ալիսա Հասանյանը: Քառահատորյակի առաջին հատորը վերլուծեց «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող Գոհար Մխիթարյանը, առանձին բանաստեղծություններ ընթերցեցին Տաթևիկ Այվազյանը, Արփինե Բեգինյանը, Արմիդա Բաղյանը, աշակերտ Արթուր Աբազյանը:

Ներկաները հնարավորություն ունեցան նաև հարցեր ուղղելու Խաչիկ Մանուկյանին:

Ելույթ ունեցավ Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը՝ մասնավորապես նշելով. «Խաչիկ Մանուկյանի արյունն ու գրիչը նույն գույնն ունեն. նրա կյանքը և ապրումները, զգացումներն ու մտածումները մշտապես արտացոլվել են ստեղծագործությունների մեջ»:

Քննարկման վերջում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Ա. Վ. Ցուցուլյանը շնորհակալություն հայտնեց Խաչիկ Մանուկյանին և հույս հայտնեց հաջորդիվ ևս կազմակերպել նման հանդիպումներ: