«ՀԼԳ» մասնագիտության 2-րդ և 3-րդ կուրսերի ուսանողների այցը Ազատամուտ համայնք

2

 2019թ.  մարտի  15-ին  ԵՊՀ  ԻՄ-ի  հումանիտար   գիտությունների   ֆակուլտետի «ՀԼԳ» մասնագիտության   2-րդ  և  3-րդ   կուրսերի  ուսանողները Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչի պաշտոնակատար բ.գ.թ., դոցենտ Վ.Ավագյանի  գլխավորությամբ այցելեցին Ազատամուտ համայնքի մշակույթի տուն:

Այցելության նպատակն  էր Ազատամուտում անցկացնել միջոցառում՝ նվիրված  նույն համայնքում բնակվող Բալասյանների տոհմի ծագման պատմությանը, նշանավոր  դեմքերին` հանձին   Գառնիկ   Բալասյանի:

Զեկուցումով հանդես եկավ «ՀԼԳ» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Լիլիթ Բալասյանը, ում զեկուցումը հագեցած էր հետաքրքիր զրույցներով, իրենց տոհմին վերաբերող ուշագրավ տեղեկություններով:

Լիլիթի պապիկը` Գառնիկ  Բալասյանը, մասնագիտությամբ եղել է բանասեր, լրագրող, գրել է բանաստեղծություններ, որոնցից մի  քանիսը  ուսանողներն  արտասանեցին միջոցառման ընթացքում:

Ներկայացվեցին նաև երգեր՝ դաշնամուրի նվագակցությամբ:

Հետաքրքիր պատմություններով հանդես եկան Գառնիկ Բալասյանի ընկերներ Աշոտ Մարդանյանը և Ֆեդյա Ղուկասյանը, ովքեր նույնպես մասնագիտությամբ  բանասեր են:

Իր տոհմի պատմությունը ներկայացրեց նույն մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Քրիստինե Քոչարյանը:

Միջոցառումը եզրափակեց Ազատամուտի համայնքապետի պաշտոնակատար Վահագն Ալավերդյանը՝ շնորհակալություն հայտնելով համալսարանականներին նման նախաձեռնության համար, որի շնորհիվ ընդլայնվում է նաև բուհ-համայնք   համագործակցությունը:

Վերջում տեղի ունեցավ հյուրասիրություն:

ԵՊՀ ԻՄ-ի ուսանողների մասնակցությամբ ամփոփվեց «Երիտասարդը ՏԻՄ-ի գործընկեր» 4-ամսյա ծրագիրը

IMG_3397

 2019թ. մարտի 15-ին Իջևանի քաղաքապետարանում տեղի ունեցավ «Երիտասարդը ՏԻՄ-ի գործընկեր» 4-ամսյա ծրագրի ամփոփումը:

Ծրագրում ընդգրկված էին 18-20 տարեկան 17  երիտասարդներ, ովքեր ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողներ են:

Նրանք հնարավորություն ստացան զարգացնելու և հզորացնելու իրենց գիտելիքներն ու կարողությունները քաղաքացիական-հասարակական ոլորտում, նոր մակարդակի հասցնելու ՏԻՄ-երիտասարդություն կապը և տեղական որոշումների մակարդակում լսելի դարձնելու երիտասարդության ձայնն ու առաջարկները:

Ծրագրի շրջանակներում  կազմակերպվել  են դասընթացներ, խմբի անդամների  կարողությունների և գիտելիքների հզորացում՝ շահերի պաշտպանության, կարիքների վերհանման ու հարցումների անցկացման, համայնքային ծրագրերի նախագծման ու իրականացման, որոշումների կայացման գործընթացում դերակատարների համագործակցության կայացման մեխանիզմների վերաբերյալ:

Մասնակիցները սովորել են, թե ինչպես պլանավորել շահերի պաշտպանության քայլերը, բացահայտել հիմնախնդիրը, քարտեզագրել առկա ներքին ու արտաքին ռեսուրսները, գնահատել կարիքները և այլն:  Նրանք երիտասարդների շրջանում իրականացրել են նաև հանրային հարցումներ, որոնց արդյունքների հիման վրա կազմել են առաջարկությունների փաթեթ՝ ՏԻՄ-երին ներկայացնելու համար:  

Իջևանի համայնքապետի և ավագանու անդամների հետ կայացած հանդիպմանը, որին մասնակցում էին նաև գործընկեր կազմակերպությունների՝ «ՕքսԵՋեն» հիմնադրամի և «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային կազմակերպության, ԵՊՀ ԻՄ-ի ներկայացուցիչներ, խումբը ներկայացրեց առաջարկություններ՝ համայնքում երիտասարդների ու ՏԻՄ-երի միջև համագործակցության խորացման նպատակով:  Առաջարկվում էր, օրինակ, Իջևան համայնքի բյուջեով  երիտասարդական  փոքր նախաձեռնությունների ֆինանսավորում հատկացնել՝ տեղական  դրամաշնորհների հայտարարման կարգով:

Իջևան համայնքի ղեկավար Վարդան Ղալումյանը, ողջունելով ծրագրի մասնակիցներին, կարևորեց  երիտասարդների նախաձեռնությունը, պատրաստակամություն հայտնեց համագործակցելու և համատեղ ծրագրեր իրականացնելու: Նա նշեց, որ ավագանու հետ անպայման կքննարկեն առաջարկները և երիտասարդների հետ շփումները կդարձնեն ավելի հաճախակի:

Բոլոր մասնակիցները ստացան հավաստագրեր:

Ծրագրի ամենագլխավոր արդյունքն այն է, որ հիմք դրվեց երիտասարդների ու ՏԻՄ-երի միջև նոր համագործակցության, որը հնարավորություն կտա երկխոսության ծավալման, նոր գաղափարների քննարկման ու համայնքում երիտասարդների քաղաքացիական ակտիվության խթանման համար: Հավելենք, որ երիտասարդական աշխատանքի խթանմանն ուղղված «Երիտասարդը ՏԻՄ-ի գործընկեր» ծրագիրն իրականացվում է  «ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ հմտություններ ապագայի համար» տարածաշրջանային ծրագրի (2018-2020 թթ.) շրջանակներում՝ Իջևանի համայնքապետարանի  և «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային  բարեգործական կազմակերպության հետ համագործակցությամբ:

Հագուստի մոդելավորման, հելյունագործության և կարպետագործության անվճար դասընթացի հրավեր

 53305565_699930700439309_7705886664417083392_n

 Տավուշի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնը, համագործակցելով ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հետ, հրավիրում է Տավուշի մարզի գյուղական համայնքների 16-30 տարեկան երիտասարդներին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ՝ անվճար սովորելու հագուստի մոդելավորում, հելյունագործություն և կարպետագործություն։

Ուսուցումը կտևի 2 ամիս, առաջին երկամսյակի համար կընտրվի 15 մասնակից։

Գրանցման և մանրամասների համար խնդրում ենք զանգահարել 099 16 28 66 կամ 093 66 62 42 հեռախոսահամարներով կամ այցելել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ (Ուսանողական 1, Տավուշի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոն)։

Դիմելու վերջնաժամկետը 2019թ. մարտի 20-ն է:

Կայացավ կանանց տոնին նվիրված միջոցառում

6 2019թ. մարտի 16-ին ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետում կայացավ կանանց տոնին նվիրված միջոցառում, որը կազմակերպել էր Անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի վարիչի պաշտոնակատար բ.գ.թ., դոցենտ Քրիստինե Հարությունյանը:

Ներկա էին ֆակուլտետի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ամբիոնի անդամները, տարբեր մասնագիտությունների ուսանողներ, մասնակցում էին «Օտար լեզուներ» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողները:

Կանանց տոնին նվիրված միջոցառման լեզուն ոչ միայն անգլերենն էր, այլև ֆրանսերենը, ռուսերենը և մայրենին:

Միջոցառման ընթացքում ներկայացվեցին կանանց տոնի նախապատմությունը և տարբեր երկրներում այն նշելու ավանդույթները:

Ներկաներն ունկնդրեցին երգեր և բանաստեղծություններ անգլերենով, ֆրանսերենով, ռուսերենով, հայերենով և ուկրաիներենով, ականատես եղան նաև պարային գեղեցիկ կատարման:

Միջոցառման վերջում ուսանողները բարեմաղթանքներով բացիկներ և ծաղիկներ նվիրեցին միջոցառմանը ներկա դասախոսներին:

Ապա ելույթ ունեցան Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Կ.Պողոսյանը, Անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Ք.Հարությունյանը՝ գեղեցիկ միջոցառման համար իրենց գոհունակությունը հայտնելով ուսանողներին և նրանց մաղթելով միշտ լինել նույնքան ստեղծագործ ու եռանդուն, ուսման մեջ ցուցաբերել բարձր առաջադիմություն: