ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ղեկավարության և ամբողջ անձնակազմի անունից սիրով շնորհավորում ենք ԵՊՀ ԻՄ-ի բազմամյա նվիրված, բարեխիղճ և պատասխանատու աշխատակցուհի, գրադարանավար Ալվինա Վաղարշակի Առուստամյանին՝ ծննդյան հոբելյանի առթիվ, մաղթում քաջառողջություն, երջանկություն, աշխատանքային և անձնական հաջողություններ, ամենալավն ու բարին:
Author Archives: admin
2018-2019 ՈՒՍՏԱՐՎԱ I ԿԻՍԱՄՅԱԿԻ ՔՆՆԱՇՐՋԱՆՆ ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ Է
2019թ. հունվարի 8-26-ին «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղում ընթանում է առկա ուսուցման համակարգի՝ 2018-2019 ուստարվա I կիսամյակի քննաշրջանը՝ եզրափակիչ գնահատմամբ և հանրագումարային քննությունները:
Հեռակա ուսուցման համակարգում 2018-2019 ուստարվա I կիսամյակի 2-րդ ընթացիկ քննությունները կտևեն 2019թ. հունվարի 8-20-ը, քննաշրջանը կտևի հունվարի 25-ից մինչև փետրվարի 20-ը:
Քննաշրջանը, ԵՊՀ ԻՄ-ի ուսումնամեթոդական վարչության պետ Արկադի Դավթյանի խոսքով, անցկացվում է սահմանված կարգով, հաստատված ժամանակացույցների համաձայն: Նա ընդգծեց, որ դասախոսները և ուսանողները քննություններին մոտենում են ամենայն պատասխանատվությամբ:
Պարոն Դավթյանը հավելեց, որ առկա ուսուցման համակարգում քննությունների դրական շեմը չապահոված ուսանողները կկարողանան դրանք հանձնել լուծարքային շրջանում, որը կանցկացվի երկու փուլով և կտևի փետրվարի 6-28-ը:
Հեռակա ուսուցման համակարգում 2018-2019 ուստարվա I կիսամյակի քննաշրջանի լուծարքային շրջանը կտևի մարտի 4-29-ը:
ԿՐԹԱԹՈՇԱԿ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՀՐԱՎԻՐՅԱԼ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԱՄՆ Միչիգանի Էնն Արբոր համալսարանի հայագիտության հետազոտական կենտրոնը (ASP) տրամադրում է կրթաթոշակ (Manoogian Fellowship) երիտասարդ գիտնականների և հրավիրյալ դասախոսների համար, ովքեր մասնագիտացած են հայագիտությանն առնչվող ոլորտներում (պատմություն, լեզու, գրականություն, մշակույթ, քաղաքականություն):
Կրթաթոշակին դիմելու վերջնաժամկետը 2019թ. հունվարի 15-ն է:
Հավելյալ տեղեկությունների և ծրագրին դիմելու համար խնդրում ենք դիմել հետևյալ հասցեին՝ armenianstudies@umich.edu
ԱՐԻ՜, ՆՈ՛Ր ՏԱՐԻ, ԳԱԼՈՒՍՏԴ ԲԱՐԻ՜
Ահա մի քանի օրից մուտք կգործենք 2019 թվական, կդիմավորենք Նոր տարին…
Ամանոր, Նոր տարի… անակնկալներով և հրաշքներով լեցուն մի տոն, որով ամփոփում ենք հին տարվա ընթացքում մեր ունեցած ձեռքբերումներն ու բացթողումները և նոր հույսերով, երազանքներով ու նպատակներով թևակոխում նոր տարի…
Սիրելի՛ համալսարանականներ, տավուշցիներ, հայրենակիցներ, ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղի ղեկավարության և ամբողջ անձնակազմի անունից սրտանց շնորհավորում ենք բոլորիս Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթում, որ այս Նոր տարին լինի անխաթար խաղաղության, ծով բարության, նվիրական իղձերի և մեծ նպատակների իրականացման տարի՝ ի շահ մեր երկրի բարօրության, զարգացման և առաջընթացի:
Թո՛ղ այս տարի մեր հոգիներում իշխեն լույսն ու ներդաշնակությունը, բոլորիս ընտանիքներում հաստատվեն, տանտեր դառնան սերն ու փոխըմբռնումը, ջերմությունն ու առատությունը, զնգուն հնչի մանկան ճիչը, կարկաչի մեծի լիաթոք ծիծաղը…
Ուրախ սրտով, մաքուր հոգով դիմավորենք Նոր տարին…
…Արի՜, Նո՛ր Տարի,
Գալուստդ բարի՜:
Եվ արթնացրո՛ւ քո թնդուն քայլքով
Ուշ մնացածին,
Քնով տարվածին.
Տո՛ւր ապաքինում հոգով ցավածին,
Հիասթափվածին՝ նոր մի հիացում,
Սիրասթափվածին՝ մի նոր միացում.
Ձեռքից հավատը փախուստ տվածին,
Իբրև Նոր Տարվա բաղձալի նվեր,
Տո՛ւր նոր հավատի կապակուռ թևեր,
Մանկանը՝ մեծի մտքի լիացում,
Մեծին՝ մանուկի անարատություն,
Տափարակներին՝ Արարատություն,
Իսկ Երկրագնդին՝ մի առատություն,
Որ նրա վրա Քաղցը այսուհետ
Չունենա ո՛չ մի կայսրություն ու գահ,
Ու Սարսափն իրեն թագակիր չզգա.
Որ Ազատությունն իր բառե գունեղ շապիկը ճեղքած
Տրվի ճախրանքի,
Ու Մարդն ազատվի իր հին գերության նոր հաճախանքից,
Ու Մարդն այսուհետ ո՛չ մի տեղ երբեք չգունավորվի.
Եվ որ այլևըս ո՛չ մի ժողովուրդ,
Ո՛չ մի ազգ ու ցեղ
Պատմության քափից ու սև մրուրից չթունավորվի,
Դառնա լիազո՛ր, դառնա լիիրա՛վ,-
Ու մենք, վերջապե՜ս, հասկանա՛նք իրար.
Ամենքըս, բա՜վ է, հասկանա՛նք իրար:
Նաև հասկանա՛նք,
Որ մեր իսկ արյան գնդիկը մանըր
Այս Երկիր կոչված գնդից ավելի մեծ է ու ծանըր…
________________________________________________________
Փոքրիկ ակնարկ՝ դեղին հողե խոզի տարվա մասին
2019 թվականը, արևելյան օրացույցի համաձայն, դեղին հողե խոզի տարի է: Ըստ առասպելի՝ խոզը վերջինն էր, որ եկել էր Նոր տարվա տոնակատարությանը: Խոզն ավարտում է Արևելյան աստղագուշակի 12-ամյա բոլորաշրջանը:
Այս կենդանակերպի առանձնահատկություններից են քաջությունը, ազնվությունը, առատաձեռնությունը, հպարտությունը և հանդուրժողականությունը:
Դեղին հողե խոզը բնութագրվում է նյութականի հետ կապվածությամբ, գյուղատնտեսության և հողագործության վրա բարենպաստ ազդեցությամբ: Համարվում է, որ 2019 թվականը բարեհաջող կլինի ինքնադրսևորվելու, կարևոր խնդիրներ լուծելու, ընտանիք կազմելու, բիզնեսը զարգացնելու, նոր գործընկերներ գտնելու հարցերում:
Տարվա գլխավոր գույնը դեղինն է, որը խորհրդանշում է ֆինանսական հաջողություն, բերրիություն և կայունություն:
Դեղին վարազին հաճոյանալու համար խորհուրդ է տրվում ոսկե գնդակներով զարդարել տոնածառը, սենյակներում դնել նարինջներ, ընկույզներ և կաղամբներ, տարվա խորհրդանիշի կերպարով արձանիկներ: Նախընտրելի է համարվում կրել ոսկեգույն, դարչնագույն կամ մոխրագույն, արծաթագույն զգեստներ, ճոխ զարդեր, քանզի տարվա խորհրդանիշը ճոխության սիրահար է:
ԵՊՀ ԻՄ-ում կայացավ Գիտական խորհրդի տարեվերջյան ընդլայնված նիստը
2018թ. դեկտեմբերի 27-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Գիտական խորհրդի տարեվերջյան ընդլայնված նիստ` բուհի աշխատակիցների և ուսանողական կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Նիստի ընթացքում քննարկվեցին օրակարգով նախատեսված հետևյալ հարցերը.
- «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի՝ 2018թ. եկամուտների և ծախսերի նախահաշվի (բյուջե) հունվար-դեկտեմբեր կատարողականի մասին (զեկուցող՝ Ա. Վ. Ցուցուլյան):
- ԵՊՀ ԻՄ-ի՝ 2019թ. եկամուտների և ծախսերի նախահաշվի (բյուջե) մասին (զեկուցող՝ Ա. Վ. Ցուցուլյան):
- Ընթացիկ հարցեր:
ԵՊՀ ԻՄ-ի՝ 2018թ. եկամուտների և ծախսերի նախահաշվի (բյուջե) հունվար-դեկտեմբեր կատարողականի վերաբերյալ մասնավորապես նշվեց, որ 2018թ. հունվարից մինչև դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում դրամական միջոցների մուտքերը կազմել են 426 մլն 408 հազար ՀՀ դրամ, որի 71%-ը գոյացել է ուսման վարձավճարներից, 21%-ը՝ պետական ֆինանսավորումից:
Ընթացիկ ծախսերի 84%-ն ուղղվել է աշխատանքի վարձատրությանը և դրան հավասարեցված վճարումներին: Ուսանողներին տրամադրվող կրթաթոշակների ընդհանուր գումարը կազմել է մասնաճյուղի ծախսերի 2%-ը, կոմունալ վճարումները՝ 3%-ը:
Մասնաճյուղի՝ 2019թ. եկամուտների և ծախսերի նախահաշվի (բյուջեի) հետ կապված՝ նշվեց, որ 2019թ. նախահաշվի հոդվածների ցուցանիշները կազմվել են նախորդ տարվա նախահաշվի կատարողականի, ինչպես նաև կանխատեսումների և պլանավորման հիման վրա:
2019թ. բյուջեն հավասարակշռված է. եկամուտները և ծախսերը իրար հավասար են: Նախատեսվում է, որ 2019թ. դրամական միջոցների հոսքերը կկազմեն.
- եկամուտների գծով՝ 515 մլն 400 հազար ՀՀ դրամ,
- ծախսերի գծով՝ 515 մլն 400 հազար ՀՀ դրամ:
Մուտքերի 64%-ը (330 մլն ՀՀ դրամ) կկազմեն վճարովի ուսուցումից, իսկ 28%-ը պետական ֆինանսավորումից ստացվող եկամուտները:
Նախատեսվում է, որ 2019թ. դրամական միջոցների ելքերի 81%-ը (415 մլն ՀՀ դրամ) կկազմեն աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների ծախսերը: Կրթաթոշակին ուղղված ծախսերը կկազմեն ընդհանուր ծախսերի 1.7%-ը, կոմունալ վճարումները՝ 3%-ը:
Այնուհետև ԵՊՀ ԻՄ-ի գիտխորհրդի նիստում ելույթ ունեցավ մասնաճյուղի արհբյուրոյի նախագահ Ա. Շ. Մարգարյանը՝ ներկայացնելով 2018թ. ընթացքում արհբյուրոյի կողմից իրականացված աշխատանքները, գործունեության հիմնական ուղղությունները և նախատեսվող փոփոխությունները:
Նիստի վերջում պարոն Ա. Վ. Ցուցուլյանը շնորհավորեց բոլորին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդի առթիվ և հղեց բարեմաղթանքներ: