Կայացավ «Փոխներգործուն մեթոդները որպես մասնագիտական համոզմունքների ձևավորման միջոց» թեմայով դաս-քննարկումը

DSCN5270

 2018թ. դեկտեմբերի 21-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ «Փոխներգործուն մեթոդները որպես մասնագիտական համոզմունքների ձևավորման միջոց» թեմայով դաս-քննարկումը, որը կազմակերպել էր Դասավանդման առաջավոր փորձի փոխանցման և երիտասարդ դասախոսների աջակցման կենտրոնը:

Ս.թ. դեկտեմբերից ԵՊՀ ԻՄ-ում անցկացվում են կենտրոնի կողմից մասնաճյուղի երիտասարդ դասախոսների (մինչև 35 տարեկան) համար նախատեսված հերթական դասընթացները, որոնք միտված են մասնաճյուղում  առաջավոր փորձի  վերհանման  ու տարածման  միջոցով  դասախոսական  կազմի  որակավորման բարձրացմանը, դասավանդման և գնահատման մեթոդների կատարելագործմանը, ուսումնական  գործընթացում  կրթական նորագույն  տեխնոլոգիաների  ներդրմանը:

«Փոխներգործուն մեթոդները որպես մասնագիտական համոզմունքների ձևավորման միջոց» թեմայով դաս-քննարկումը վարում  էր ԵՊՀ ԻՄ-ի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոս, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ջուլիետտա Գյուլամիրյանը:

Դաս-քննարկմանը մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի ոչ միայն երիտասարդ, այլև հմուտ և փորձառու դասախոսներ:

Մ.գ.դ., պրոֆեսոր Ջ.Գյուլամիրյանը տարբեր վարժանքներով, գործնական օրինակներով ներկայացրեց փոխներգործուն մեթոդները որպես մասնագիտական համոզմունքների ձևավորման միջոց, խոսեց ուսանողակենտրոն ուսուցման մոտեցումների մասին, փոխանցեց իր առաջավոր փորձը:

Դասընթացն անցավ հետաքրքիր և շահեկան քննարկումներով հագեցած մթնոլորտում:   

Տնտեսագիտական ինտելեկտուալ խաղում հաղթեց «Էկոնոմիստ» թիմը

 IMG_6960-20-12-18-06-44

  2018թ. դեկտեմբերի 20-ին ԵՊՀ ԻՄ-ի տնտեսագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ կողմից արդեն 3-րդ անգամ մասնաճյուղում անցկացվեց ավանդույթ դարձած տնտեսագիտական ինտելեկտուալ խաղը, որին մասնակցում էին «Ֆինանսներ» և «Տնտեսագիտություն» մասնագիտությունների I-III կուրսերի ուսանողները:

Ժյուրիի անդամներն էին «Տնտեսագիտություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Տիգրանուհի Թիրաբյանը և «Ֆինանսներ» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Լուիզա Մադաթյանը:

Խաղը բաղկացած էր 4 փուլից: Առաջին փուլում տրվեց ուսանողների գիտելիքները ստուգող, ընտրովի պատասխանով մասնագիտական 10 հարց:

Երկրորդ՝ «Թաքնված բառեր» փուլում մասնակիցները խառը տառերից բաղկացած աղյուսակից պիտի գտնեին մասնագիտական տերմիններ:

Երրորդ փուլում տրվեցին մասնագիտական թեքումով տրամաբանական հարցեր:

Վերջին՝ չորրորդ փուլում մասնակիցները պիտի լուծեին տնտեսագիտական խաչբառը:

Թեժ պայքարից հետո 36 միավորով հաղթող ճանաչվեց «Էկոնոմիստ» թիմը (Ղազարյան Սևադա, Խաչատրյան Սոսե, Օհանյան Արշակ), որը պարգևատրվեց պատվոգրով:

 

Կայացավ «Հայկական մշակույթ» թեմայով բաց դաս

DSC_0046

 2018թ. դեկտեմբերի 18-ին ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Օտար լեզու և գրականություն», «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտությունների 2-րդ կուրսերում կայացավ «Հայկական մշակույթ» թեմայով բաց դաս, որը վարում էր Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի դասախոս Անի Կոստանդյանը:

Բաց դասին ներկա էին Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Կ.Պողոսյանը, Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ Ա.Ուլիխանյանը, բուհի վարչական աշխատակիցներ, ուսանողներ:

Դասի ընթացքում ներկայացվեցին հայկական մշակույթի շրջանները՝ հայ մշակույթը Արարատյան թագավորության (Ուրարտու) շրջանում, հելլենիզմի ժամանակաշրջանում, հայկական միջնադարյան մշակույթը (5-14-րդ դդ.), 15-18-րդ դդ. հայկական մշակույթը, նոր շրջանի հայկական մշակույթը (19-20-րդ դարասկիզբ), հայկական մշակույթը 20-րդ դարում և անկախացումից հետո: Քննարկվեց նաև Հայկական Վերածնունդ թեման:

Ուսանողները հանդես եկան գրական-երաժշտական կատարումներով՝ ներկայացնելով հայ դասականների (Նարեկացի, Քուչակ, Սայաթ-Նովա, Կոմիտաս, Մեծարենց, Սահյան, Սևակ և ուրիշներ) բանաստեղծություններից և դրանց հիման վրա գրված երգերից:

Վերջում բաց դասի մասնակիցները դիտեցին ընտանիքի վերաբերյալ ֆիլմ:   

Դիլիջանի կենտրոնական դպրոցում մանկավարժական պրակտիկա անցնելու հրավեր

big_1443097123_8131185

ԵՊՀ ԻՄ-ի «Անգլերեն լեզու և գրա­կանութ­յուն», «Հայոց լեզու և գրականություն», «Պատմություն», «Ինֆորմատիկա և կիրա­ռական մաթեմատիկա» և «Հոգեբանություն» մասնագիտությունների 4-րդ կուրսի ուսանողներին սիրով հայտնում ենք, որ իրենց մանկա­վար­ժական պրակտիկան կարող են իրականացնել Դիլիջանի կենտրոնական դպրոցում:

Պրակտիկանտի ընտրությունը կկատարվի դպրոցում` հարցման մասնակիցների հետ հանդիպում-հարցազրույցի միջոցով:

Ցանկա­ցողները մինչև 2019թ. հունվարի 20-ը պետք է լրացնեն հետևյալ առցանց հարցումը (http://www.dcs.am/index.php?page=vacancies):

ՀՀ կենտրոնական բանկի ներկայացուցիչները ԵՊՀ ԻՄ-ում իրականացրին ՀՀ դրամավարկային քաղաքականության վերաբերյալ սեմինար-քննարկում

IMG_1184-19-12-18-10-15 2018թ. դեկտեմբերի 18-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնտեսագիտության ֆակուլտետում կայացավ ՀՀ դրամավարկային քաղաքականության վերաբերյալ սեմինար-քննարկում, որը վարում էին ՀՀ կենտրոնական բանկի ներկայացուցիչները՝ Դրամավարկային քաղաքականության վարչության պետ Վահագն Գրիգորյանը, Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի տնօրեն Արմեն Նուրբենկյանը, Տնտեսական հետազոտությունների վարչության տնտեսագետ Արթուր Ղալթախչյանը:

Այն կազմակերպվել էր Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի տնօրեն Արմեն Նուրբենկյանի և ԵՊՀ ԻՄ-ի տնտեսագիտության ֆակուլտետի, Ուսանողական գիտական ընկերութան, Ուսանողական խորհրդի համագործակցությամբ:

Բովանդակալից սեմինար-քննարկման ընթացքում ներկայացվեց ՀՀ կենտրոնական բանկի վարած քաղաքականության էությունը, հանգամանորեն քննարկվեցին քաղաքականության լծակները։ Նշվեց, որ մինչև 2006 թվականը ԿԲ-ն նպատակադրում էր փողի ագրեգատները։ Հետագա հետազոտությունները ցույց տվեցին, որ այդ եղանակն ունի բազում խնդիրներ և ցածր արդյունավետություն, ուստի 2006 թվականին անցում կատարվեց գնաճի նպատակադրմանը:

Անդրադարձ կատարվեց նաև Հայաստանում գործազրկության խնդրին, հաստատված տոկոսադրույքի հավելաճի (ռիսկ պրեմիում) մակարդակին, ինչպես նաև գնաճի վերաբերյալ հասարակության սպասումներին: Յուրաքանչյուր եռամսյակը մեկ կատարվող հարցումների ամփոփ նկարագրում հստակ տեսանելի էր, որ 2001-2016 թվականներին հասարակության սպասումները գնաճի վերաբերյալ բավականաչափ բարձր են (հարցվածների շուրջ 65 տոկոսն ուներ գնաճի սպասումներ), իսկ 2016-2018 թվականներին գնաճի սպասումները որոշ տատանումներով ընդհուպ մոտենում են 10 տոկոսին:

Ներկաները մեծ հետաքրքրությամբ մասնակցեցին սեմինարին՝ ակտիվորեն ուղղելով իրենց հետաքրքրող հարցերը, որոնք կապված էին ոչ միայն դրամավարկային քաղաքականության, այլև տնտեսության այլ բնագավառների հետ: